«Բնությունը բոլոր գեղեցկությունների, բարությունների և չարությունների մայրն է: Նա գիտի ամեն ինչ ժամանակին և անհրաժեշտ տեղում, բնությունը անսխալական է»:
Դավիթ Անհաղթ
Բնությունը սիրելու, բնության անհրաժեշտությունն ու անսխալականությունը գիտակցելու համար հարկավոր է համակողմանի ճանաչել այն, ինչում իր զգալի դերն ունի էկոկրթությունը։
Էկոկրթությունը այսուհետ կրթության անբաժան և անընդհատ մասն է կազմում և սովորողներին մղում է ինքնակրթության,փորձի կուտակման, անձնային նոր արժեքների ձևավորման, բնական միջավայրի պահպանությանն ուղղված գիտելիքների ստացման:
Էկոկրթությունը զարգացման երկար ճանապարհ է անցել ՝ սկսած անորոշ տեղական խնդիրներից մինչև գլոբալ հիմնախնդիրները: Կրթության այս ուղղությունը առաջացել է ինտեգրված գիտությունների սահմանագլխին՝ միևնույն ժամանակ դառնալով մեկ ամբողջական գործընթաց: Էկոլոգիական կրթության միջոցով ուշադրություն է դարձվում մարդ -բնություն փոխհարաբերությանը, և այդ փոխահարաբերությունը դառնում է փոխազդեցություն: Եվ ի վերջո, ուսումնասիրում է բնական միջավայրը՝ որպես ամբողջական համակարգ՝ ընդգրկելով այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սոցիալական, քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, էսթետիկական էկոլոգիաները:
Էկոկրթությունն ուղղված է մի քանի խնդիրներ լուծելուն.
- սովորողների մեջ տնտեսական, սոցիալական, քաղաքական և էկոլոգիական խնդիրների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը քաղաքներում և գյուղերում բացահայտելու և համեմատականներ տանելու կարողությունների ձևավորում
- հնարավորության ընձեռում յուրաքանչյուր սովորողի՝ ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ կպաշտպանեն բնությունը, կբարելավեն շրջակա միջավայրը, դուրս կգան սպառողի կեցվածքից:
- այնպիսի գործնական հմտությունների սերմանում, որոնք կիրառելով՝ միջավայրը ավելի մաքուր, խնամված ու բարեկարգ կդարձնեն:
Էկոկրթության բովանդակության մեջ կարելի է ներառել առողջ ապրելակերպը, մարդու իրավունքները, արդարությունը, բնության պահպանությունը,անկախությունը, անվտանգությունը, տարբեր քաղաքական, կրոնական հայացքների նկատմամբ հանդուրժողականությունը:
Այսպիսով՝ էկոլոգիական կրթությունը ոչ միայն ներկայումս գոյություն ունեցող աշխարհին է ուղղված, այլև մոլորակի վաղվա բնականոն շարժընթացին:
Էկոլոգիական կրթությունը ավագ դպրոցում իրականացվում է երեք ուղղությամբ՝
1. «Էկոլոգիա» դասընթաց 10,11-րդ դասարաններում
- Հաստատված ծրագիր
- Նախագծային ուսուցում
- Անհատական վերլուծական աշխատանքներ 1, 2
- Ուսումնական ճամփորդություններ և հայրենագիտություն
- Ոչ ֆորմալ կրթություն
- Համագործակցություն Բնապահպանության նախարարության և ոլորտի կազմակերպությունների, ՀԿ-ների, հետ 1, 2
- Էկոկրթության տարածում
- Էկոլոգիական խնդիրների հանրայնացում
- Առցանց քննարկումներ
- Մեդիագրադարանային նյութերի ստեղծում
3. Էկոտուր միջազգային բաց ստուգատես
- Էկոտուր միջազգային ստուգատես
- Էկոլոգիական գործնական նախագծերի ներկայացում
- Դպրոցական բակը՝պարտեզ նախագծեր
- Միասնական ծառատունկ, վարդատունկ՝միավորող այլ ակցիաներ
- Էկոտուրի ճամբար
Էկոհայրենագիտական ակումբի գործունեությունն ուղղված է էկոկրթությանը, էկոլոգիական գործնական նախագծերի մշակմանն ու իրականացմանը, հանրության իրազեկմանն ու ներգրավմանը:
Ավագ դպրոցներում ակումբային գործունեությունը կրթական նոր հարթակ է, ուսումնական նոր միջավայր, որի շնորհիվ սովորողների խմբերը իրագործում են տարբեր նախագծեր, կարողանում են ինքնուրույն կազմակերպել ակումբային աշխատանքները: Օրինակ՝ «Հայտնիները բանապահպանական խնդիրների մասին» նախագիծը նպատակ ունի հանրապետությունում ճանաչված մարդկանց միջոցով բարձրաձայնելու էկոլոգիական խնդիրների մասին։Սովորողների համար հետաքրքիր է այդ մարդկանց հետ շփումը (սովորաբար նրանք այցելում են կրթահամալիր), իսկ հասարակության համար տեսանելի է էկոկրթության հրատապությունն ու դրա բարձրացրած խնդիրների լրջությունը։
Ակումբի սովորողները աշխատանքները բաշխել են իրենց միջև՝ գտնել հայտնի և ճանաչված մարդկանց, ովքեր կցանկանան խոսել բնապահպանական խնդիրներից, կազմել հարցերի շարք և առցանց քննարկել հյուրընկալվող մասնակցի հետ, համագործակցել Սեբաստացի TV-ի հետ: Յուրաքանչյուր հաղորդման նկարահանումից հետո սովորողները հանդես են եկել հրապարակմամբ: Որպես ուսումնական աշխատանքի շարունակություն հաղորդումները տարածվել են սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցներում՝ Yerevantimes.am , Bestinfo.am լրատվական կայքերում, քննարկում է ծավալվել Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:
Այսպիսով՝ «Հայտնիները բանապահպանական խնդիրների մասին» նախագիծը դարձավ բնապահպանական ուսումնական հաղորդումների շարք։ Հանրության կողմից սիրված մարդիկ խոսում էին իրենց դիտարկած էկոլոգիական խնդիրներից, ներկայացնում հնարավոր լուծումներ, պրոպագանդում բնության նկատմամբ լինել ավելի խնայող, շրջակա միջավայրը սիրող: Սա էկոկրթության մի ձև է։ Չէ՞ որ սովորողը ինքն է ուսումնասիրում տվյալ ոլորտը, մշակում հարցերը, ուղղում հյուրին, քննարկում, կատարում եզրահանգումներ: Ստեղծված ուսումնական նյութը հայտնվում է համացանցում, տարածվում է մի շարք լրատվամիջոցների կողմից, ու հարյուրավոր մարդիկ լսում են իրենց սիրած մարդկանց շուրթերից. «Եղե՛ք խնայող, պահպանե՛ք միջավայրը, աղբը մի՛ թափեք որտեղ պատահի…»:
Էներգախնայողության նախագիծը նաև համագործակցություն է SPARE Նորվեգական կազմակերպության «Տապան» էկոակումբի հետ:
Նախապատրաստական փուլում սովորողները ուսումնասիրել են Էներգախնայողության օրենսդրությունը, տարբեր երկրներում էներգախնայողությանն ուղղված միջոցառումները: Նախագծի շրջանակներում .
- նկարահանվել են մի քանի հոլովակներ՝ «Էներգախնայողությունը կենցաղում» , «Խնայել էներգիան»,- հնչում է աշխարհի չորս ծագերից
- Ֆլեշմոբ Երևանի փողոցներում՝ «Խնայե՛ք էներգիան» կոչով և պաստառով
- ուսումնական պարապմունք կրտսեր ընկերների հետ՝ Ինչ սովորեցինք էլեկտրաէներգիայի մասին , Մեր ավագ ընկերներին հյուրընկալեցինք
- թողարկել ենք Աֆորիզմների գրքույկ
Էկոլոգիական կրթությանը նպաստող մի քանի գովազդային հոլովակների ստեղծման միջոցով կրկին հանրությանը իրազեկում ենք, որ բնությունը բումերանգի օրենքով է գործում:
Էկոկիրթ անհատը պետք է գիտակցի, որ աղբը թափոն է՝ երկրորդային հումք, որից կարելի է ստանալ էներգիա, սինթետիկ թելեր և այլն:
Ակումբային գործունեության աշխատանքներից մեկն էլ Կրթահամալիրում աղբի տեսակավորման կոչն էր: Կոչին արձագանքներն անմիջապես եղան, կրթահամալիրում հայտնվեցին ամաններ՝ հատուկ տեսակի աղբի համար։ Արդյունքում բոլոր 8 դպրոցներում սկսվեց աղբի տեսակավորում։ Սննդի մնացորդները տալիս ենք դպրոցի կենդանաբանական անկյունների ծովախոզուկներին ու կրաներին, իսկ պլաստիկ շշերը, թուղթը, ստվարաթուղթը՝ հանձնում։ Այսպես նույնիսկ աղբամանի կարիք չի մնում։ Մեր կրթահամալիրի միջանցքներում աղբամաններ չկան։
Կարևորում եմ սովորողների վերլուծություններն ու էսսեները էկոլոգիական թեմաներով («Մարդ- բնություն կոնֆլիկտը», «Եթե չլիներ ջուրը»), ցանկացած գրված բառ խոսում է էկոկիրթ սովորողի մասին, մի սովորողի, ով գիտակցում է խնդիրները, ով ցավում է բնության համար, ով արժևորում է բնության պահպանության ջանքը:
Այսպիսով՝ էկոհայրենագիտական ակումբը իր գործունեությունն ուղղում է էկոկրթությանը ոչ ֆորմալ ձևաչափով: Դասագրքային բառերի կույտը փոխարինվում է իրական գործունեությամբ, իրական լուծումներով:
Էկոլոգիական կրթությունն ամբողջանում է «Էկոտուր» միջազգային ստուգատեսի ժամանակ: Գործնական նախագծերը, կոնկրետ քայլերը՝ ի շահ բնության ներկայացվում են մասնագետներին մրցութային փուլում լայն աշխարհագրությամբ՝ Հայաստան, Արցախ, Վրաստան…
Էկոկրթությունը տարածվում է, ամբողջանում է, իսկ լոկալ մակարդակով (ինչպես մեր կրթահամալիրում) զգացվում են նաև ցանկալի արդյունքները:
Վերջապես այս ամենն ամփոփվում է Էկոլոգիայի մեդիափաթեթում, որը ամբողջացվում է թե՛ հանրակրթական դասընթացի ժամանակ, թե՛ ակումբային գործունեության և թե՛ էկոտուրի գրադարանի միջոցով:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան