Հենրի Միլերի՝ «Խեցգետնի արևադարձը» աղմկահարույց գիրքը կարդացել էի օտար լեզվով, բայց շատ սպասում էի հայերեն թարգմանությանը (Անտարես հրատարկչություն, թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան): Հետաքրքիր էր՝ նման լեզվաշերտով տեքստի հայերեն թարգմանությունն ինչ տեսք էր ունենալու ու ինչ մշակութային դաշտ էր տեղափոխելու ընթերցողին:
Լեզվական ապրումներ շարքից…
Հասկացա, տեսա, որ յուրաքանչյուր գեղարվեստական ստեղծագործություն մայրենի լեզվով ընթերցելու դեպքում լրիվ այլ ազդեցություն է թողնում՝ շարժում ազգային, լեզվազգայական, հոգեբանաբարոյական, կրոնընկալման, մշակութաբանական այնպիսի զգայարաններ, որոնց գոյության մասին մոռացել էլ էիր: Անսպասելի-հոգեբանական-լեզվական հեղեղ է. նույն տեքստն օտար լեզվով լրիվ այլ զգացողություններ ու մտորումներ է առաջացնում, մայրենիով՝ այլ: Մեր բառաշերտը՝ հարուստ ու գունեղ, նաև՝ սուր՝ չոր, չենթարկվող է. բառն ինքնին իր բարոյականությունն է թելադրում, բարոյականության էներգետիկ իր դաշտը բերում. մի զգացողողություն, որ միայն քո՝ մայրենի լեզուն է պարգևում: Բառը իր պատմական անցյալով մտնում է քո մեջ. չես կարողանում թոթափել բառը քեզնից, իր պատմությունից, էներգետիկայից:
Տեքստի ընկալման I շերտ` զգացմունքային-մակերեսային
«Խեցգետնի արևադարձը» հայերեն… Տեքստի ընկալման առաջին շերտում հորդում են, հոսում զգացողությունները (հա, Միլեր, ես էլ եմ սիրում հոսքն ու հոսող ամեն ինչ). այս մակարդակում ընդվզում ես՝ հա, բայց ի՞նչ, ասածդ ի՞նչ է որ, ինչո՞ւ պետք է կարդամ քո ինտիմ հարաբերությունների թվագրումը: Որ ի՞նչ. գոնե զգացմունքի «դասական» ներկայացում լիներ՝ լաց-կոծ, սեր, բայց չկա, է: Չոր ու ցամաք հոսք է՝ կասեի հոսք էլ չէ՝ հաճախ խցանում՝ էջերով խցանում է՝ նույն բառը, նույն տեսարանը: Բառաշերտը սպանում է՝ ընդվզում ես հայերենի համար, վերհիշում- վերապրում- վերհանում «նաիրյան բարդու» քնած բարդույթդ: Բառեր կան, որ մտնում են մեջդ ու դուրս չեն գալիս. ամբողջ օրը բառը միտքդ է գալիս, քեզ վիրավորված ու ստորացված ես զգում սեռիդ, լեզվիդ, կյանքիդ համար:
II փուլ՝ հարմարվողականություն, դիտարկումներ
Ընթերցանության հաջորդ փուլը, գոնե այս ստեղծագործության դեպքում, ինձ համար դարձան հարմարվողականությունն ու ինչ-ինչ լեզվական դիտարկումները: Սկսում ես հարմարվել լեզվաշերտին, ոճին, ասելիքի ձևին: Արդեն սովորում, հաշտվում ես որոշ բառերի հայերեն թարգմանության հետ, էլ հայրենասեր-բարոյական ականջդ չեն սղոցում-նվաստացում: Առաջ է գալիս մի կարևոր հարցադրում՝ լեզվաշերտի հայերեն թարգմանական բառերի, դրանց չիմացության, դրանցից խուսափման հարցը: Հասկանում ես, որ սա կարևոր բաց է, որը պետք է լրացնել: Անիմաստ է բարդույթավորել լեզուն կամ սեփական բարույթները փաթաթել ու կասեցնել լեզվի առաջընթացը:
Այս և նմանատիպ վեպերի թարգմանությամբ լեզվաընկալման ու լեզվազգացողությունների այլ դարաշրջան ենք մտնում: Դարաշրջան, որը բացահայտումների, տերմինների, փնտրտուքների հնարավորություն է տալիս: Կարելի է նաև համարել նոր լեզվաշերտի ձևավորման, հաղթահարման ու հարստացման շրջան: Լեզվաշերտի, որը հնարավորություն է տալիս մտնելու նոր դարաշրջանի մինչ այդ չթարգմանված, մշակութային դաշտ: Լեզվազգացողություն, որի անընդհատ զարգացմանը ու նորովի՝ նորից ընկալմանը կարող է նպաստել անընդհատ ու անկոտրում նորի որոնումն ու կաղապարների քանդումը:
III փուլ՝ տեքստային շերտեր
Գրքի առանցքային արժանիքը համարում եմ քաջությունը, ուղղամտությունը: Դժվար է խոսել ինքդ քո, ընկերներիդ, սերերիդ մասին, խոսել առանց թաքցնելու, բառերի ու վեհ ապրումների հետևում քողարկվելու: Հեշտ և բարոյական է ընկալվում անհույս կամ չստացված սիրո պատմությունը, դավաճանությունը, բայց անսեր հարաբերությունն ու անսեր մոտեցումը, կասեի՝ սպորտային մոտեցումը, իր մեջ նվաստացուցիչ տարր է պարունակում: 20-րդ դարի հերոս, որ իր մեջ կրում է դարաշրջանային վատի ու լավի, արագության ու կարոտի գաղափարը: Վեպի արժանիքը սեռական հարաբերությունների թվագրման հետևում թաքնված անվերջ փնտրտուքն է՝ սիրո, կնոջ՝ միակի: Վեպը նոր մարդու ինքնակենսագրական է (Միլերի ինքնակենսագրականը չէ)՝ մարդու, որն ապրում է գլոբալիզացիայի, սեռի, փողի ու բարոյականության նոր արժեհամակարգում ու չի վախենում հնի, գեղարվեստականության ու գեղեցիկի տակ չի քողարկում նորը՝ նորն այնպիսին, ինչպիսին կա՝ անպաստառ ու անգովազդ, հնարավորինս անածական, անսեր ու անփող: Ժամանակակից կյանքը, որտեղ դժվար է գտնել մարդուն՝ քո մարդուն: Վեպը կարդում ես ու հստակ տեսնում, թե ինչ է պակասում, խանգարում այսօրվա մարդուն, ինչ է փնտրում և ուր է գնում-չի գնում:
Կենտրոնում մարդն է. դարաշրջանի միայնակ մարդը, որն ունի ընկերներ, կանայք, բայց միայնակ է: Միայնության զգացումն ու մենակ մարդու գաղափարը մերօրյա գրականության առանցքային դրույթներից են. մարդը մենակ է հասարակության մեջ ու գիտակցական մակարդակում չի ցանկանում իր մենակությունը կիսել այլոց հետ: Ենթագիտակցության մեջ հերոսը սիրո ու կնոջ՝ ոչ որպես էգի, տեսլական ունի: Էգոկենտրոնացումը դառնում է մարդու բնորոշիչներից ամենացայտունը:
Վեպում հերոսը գումար է ծախսում, որ ուտի, կացարան գտնի և իր մարմնական ցանկությունները բավարարի: Առանցքում փողն է: Վճարեցիր, կունենաս սնունդ, տուն, կին, վայելք, ժամանց, չվճարեցիր, չես ունենա: Նոր դարաշրջանի մարդու համար սա բնական մի բան է, այնքան բնական, որ սիրո, բարոյականության, հավատարմության, ընտանիքի մասին մտորումները առաջ չեն էլ քաշվում: Գուցե նորի՝ նոր մոդելի ստեղծման պահանջն է նաև վերապրում: Կնոջը վճարել է, պիտի ստանա այն, ինչի համար վճարել է, նույնիսկ, եթե դրա ցանկությունն արդեն չկա: Ընտանիք կազմող ընկերը զարմանալի ու անհույս խելագար է թվում, խղճահարություն առաջացնում այն աստիճան, որ ընկերն ինքն էլ սկսում է խղճալ իրեն ու փախուստի ելքեր փնտորում: Սիրահարված կինը դառնում է ծանրություն. պահանջներ, ուշադրության անհասկանալի դրսևորումներ, էմոցիոնալ վատնում: Ու այս ամենի մեջ մտորելու, կանգնելու անհրաժեշտություն, որ ունի և հերոսը, և ընթերցողը: Սիրո կարոտախառը փնտրտուք, այդ սերն այլ կերպ լրացնելու մոլուցք ու կարոտ: Մարդու անընդհատ ու անհատնում կարոտ, մենակ մարդու կարոտ:
Վեպի աղը հենց կարոտն ու միայնակակ մարդու խնդիրն են. մարդու, ով փորձում է թաքնվել, կորչել աշխարհում՝ թաքնվելով ինքն իրենից ու թաքցնելով իր զգացմունքային շերտը: Վեպի թվացյալ թերությունը՝ չափազանց բաց տեսարաններն ու հերոսի անհամար սեքսուալ թվարկումները, հեղինակը կարողանում է ներկայացնել իբրև առավելություն, որովհետև դրանք ինքնանպատակ չեն՝ որքան էլ գրականության մեջ որոշ լեզվաշերտի ընկալումը կարող է խուճապ ու ընդվզում առաջացնել, որքան էլ այս բնույթի ստեղծագործությունը կարող է չընդունվել ու դատապարտվել, այն ազդեցիկ է ու թարմ, ասելիքը՝ խորը, սարսռացնող, սթափեցնող: Պետք է կանգ առնել:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան