Բնությունը ընդհանուր է, և նրա օրենքներին ենթարկվում ենք բոլորս։
Բնագիտության նպատակը աշխարհաճանաչողությունն է։
Տարիներ առաջ, երբ ֆիզիկոսի և արվեստագետի բարձրագույն կրթությամբ անցա աշխատանքի «Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում՝ որպես դասվար, արագ հասկացա, որ եթե դասվարը չունի բնագիտական կրթություն կամ մտածողություն, նա չի կարող պատասխանել սովորողների անվերջ «ինչո՞ւ»-ներին. նա կամ պետք է սխալ պատասխանի, կամ անտեսի երեխայի հարցը: Երկուսն էլ անթույլատրելի են. այդպես երեխաների մոտ բացասական վերաբերմունք կստեղծվի իրեն անհասկանալի երևույթների հանդեպ:
Երեխան, որ սիրում է ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել , հաճախ էլ համտեսել, վերացական պատասխաններով դժվար թե բավարարվի։ Իմ շուրջ հավաքված երեխաների հետ փորձարկեցի մի քանի խաղ՝ հիմնված բնագիտական փորձերի վրա։ Երեխաները խանդավառվեցին։ Պարզ էր՝ հարկավոր էր արդյունքը գրանցել, և, որ ավելի կարևոր էր, բնագիտության դասընթացի ծրագիր կազմել կրտսեր դպրոցի համար: Այդ ծրագիրն այսօր հետաքրքիր պտուղներ է տալիս։
Որպեսզի մեր փորձը հիմնավոր լինի և չպայմանավորվի դասավանդողի անձով, մեր քոլեջի ուսումնական ծրագրում ներառեցինք նաև բնագիտական ուսուցումը և դրա մեթոդիկան։ Քոլեջի շրջանավարտները, համալրելով մեր գործընկերների շարքերը, կրտսեր դպրոցում բնագիտությունը դարձրին առանցքային գործունեություն, ինչը ակտիվացրեց սովորողների հետաքրքրությունը իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ։ Կրթության մեջ լայնորեն կիրառվող հաղորդակցական տեխնոլոգիաներն էլ դարձան ուսումնասիրությունները հետաքրքիր ձևով ներկայացնելու միջոց։
Իսկ երբ փորձերը կատարում են տանը՝ ծնողների ներկայությամբ և մասնակցությամբ, ուսումնական գործընթացին են ներգրավվում նաև ընտանիքի անդամները, ինչը նպաստում է բնագիտական հետաքրքրությունների տարածմանը։
Ժամանակին, երբ հիմնեցինք Պատանի բնագետի ակումբը՝ բաղկացած 5-6-րդ դասարանի սովորողներից, որպես ակումբի գործունեության արդյունք հրապարակեցինք նաև առաջին մանկական էլեկտրոնային ամսագիրը՝ «Բնագետիկը» ։ Ամսագիրը նախատեսված էր ավելի կրտսեր սովորողների համար, քան դրա «խմբագիրներն» էին։ 11-12 տարեկան երեխաները նախ կատարել էին հետաքրքիր փորձեր, հետո դրանք մանրամասն նկարագրել և համապատասխան նկարներով տեղադրել ամսագրում։ Առանձնահատկությունն այն էր, որ փորձերի համար օգտագործում էինք այն, ինչ շարունակ մեր աչքի առաջ է, մեր ձեռքի տակ՝ բաժակ, մատիտ, թուղթ, քանոն, ձագար, փուչիկ, մեխ, մուրճ, սանր, մետաղադրամ, մոմ, սոսինձ,թել, լուցկի, ափսե, փայլաթիթեղ շիշ, ջուր, աղ, լիմոնի աղ, կալիումի պերմանգանատ, քացախ և այլն:Այլ կերպ ասած՝ սովորողները իրենց շրջապատի իրերի միջոցով են ուսումնասիրում, դրանց հետ փորձեր անում, այդ միջոցով ճանաչում իրենց շրջապատող ֆիզիկական երևույթները։
Բնագիտության դասավանդումն իմաստ չէր ունենա, եթե զարգացում չապրեր։ Այսօրվա սովորողը դուրս է գալիս փակ սենյակից, շփվում է բնության հետ, իր ձեռքով միջավայր է ստեղծում ծառ ու ծաղիկ ցանել-աճեցնելով թաղարից մինչև բակ-պարտեզ, խնամում է դրանք, նաև ուսումնասիրում դրանց հատկությունները, որոշում է, թե ինչ օգուտ կտան դրանք շրջապատին։
Սովորողներն իրենց աշխատանքը նկարահանում են՝ հմտանալով տեսախցիկ գործածելում, իրենց նկարած ֆիլմերում պատմում են կատարած աշխատանքի մասին՝ այդ ընթացքում հմտանալով խոսելու, պատմելու, ներկայացնելու մեջ։
Բնությունը կրտսեր դպրոցում շոշափած, ճանաչած սովորողի համար բնության տարերքն ու այդ ֆոնի վրա ֆիզիկական երևույթներն ուսումնասիրելն այլևս դժվար չէ, ավելին, հետաքրքիր է և շատ դեպքերում դառնում է հետազոտական օգտակար աշխատանք կատարող սովորողի և ուսումնական նյութ՝ երևույթին նոր ծանոթացողների համար։
Բնագիտական ուղղությամբ հետաքրքրվածները բացահայտում են իրենց համար նաև տեխնիկական ստեղծագործական աշխարհը։ Հատուկ բլոգի միջոցով բարձրաձայնում են խնդրի մասին, հասարակության ուշադրությունը հրավիրում, առաջարկում կոնկրետ գործողություններ Ավագ դպրոցի՝ այս ճանապարհն անցած սովորողն արդեն պատրաստ է տեսադասեր կազմելու, ինչպես նաև Երկրի վրա օրեցօր աճող զանազան խնդիրների լուծումներ փնտրելու։
Ավագ դպրոցում բնագիտության ուսումնասիրությունը հենց էկոլոգիական խնդիրների շուրջ է կատարվում։ Սովորողներն իրենց ուսուցչի հետ նախագծային տարբեր աշխատանքներ կատարելով՝ իրենց համար պարզում են մարդու գործունեության աղետալի հետևանքները բնության վրա, փորձում են լուծումներ գտնել, իսկ իրենց ։
Մեր կրթահամալիրն ունի հագեցած բնագիտական լաբորատորիաներ, ինչը նպաստում է, որ սովորողներն իրենց բնագիտական հետաքրքրությունները լիովին բավարարեն։ Այստեղ իրականացվում է ակումբային գործունեություն՝ տարբեր բնագիտատեխնիկական մասնագիտացումներով, ինչպես «Պատանի քիմիկոսը», «Ռոբոտիքսը»։ Ակումբներում ընդգրկված են տարատարիք սովորողներ, ովքեր լրջորեն հետաքրքրվում են բնագիտությամբ:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան