«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օրը ներառում է դպրոցի ընդհանուր պարապմունք, որի տևողությունը 15 րոպե է: Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողներ: Այն միասնական ուսումնական նախագիծ է, որի նպատակը օրը միասին սկսելը, իրար ողջունելը, միմյանց դրական լիցքեր հաղորդելը, միասին երգելն ու պարելը, միմյանց հաջողություններով ուրախանալն ու միմյանց շնորհավորելն է:
Ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմելը, վարելը ուսումնական աշխատանք է: Յուրաքանչյուր ամիս, էլեկտրոնային փոստով դպրոցի կազմակերպիչն ուղարկում է օրվա պարապմունքի պատասխանատուների ցուցակը և դասավանդողը նախապես տեղեկանում է, թե իր ղեկավարած դասարանը երբ է վարելու ընդհանուր պարապմունքը: Ստացվում է այնպես, որ դասարանը ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ պատասխանատու է լինում ընդհանուր պարապմունքի կազմակերպման համար: Դասվարը սովորողների հետ կազմում է պարապմունքի ծրագիրը՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Պարապմունքի ծրագրում ներառվում են կրթահամալիրի հիմնը, հոգևոր երգեր, ծիսական երգեր, պարեր, օտար լեզուներով կարաոկեներ, մարմնամարզություն, կայքի նյութերի դիտում, միասնական արտասանություն, շնորհավորանքներ, հայտարարություններ, ընթացող կամ ամփոփվող ստուգատեսների նյութերը: Պարապմունքի ծրագիրը նախորդ օրը հրապարակվում է ենթակայքում:
Այս ուսումնական տարում մեր դասարանը ընդհանուր պարապմունքներին ներկայանում է յուրովի: Միապաղաղությունից խուսափելու համար ընդհանուր պարապմունքների անցկացման ձևերը անընդհատ պետք է նորացվեն ու թարմացվեն: Այն առավել ուշագրավ և հետաքրքիր դարձնելու համար մենք այս տարի ընտրեցինք մեդիանյութով ներկայանալու և վարելու տարբերակը, երբ պատասխանատու սովորողները պարապմունքը վարում են էկրանից: Հաղորդավարների խոսքը նախապես նկարահանվում և մոնտաժվում է: Մեդիահաղորդավարները նախ ողջունում են բոլորին, ապա ներկայացնում օրվա խորհուրդը (ամսի քանիսն է, ուսումնական օրացույցով ինչ օր է և այլն): Այնուհետև, ըստ ծրագրի, ներկայացնում են, թե ինչ հերթականությամբ ինչ են երգելու, պարելու, արտասանելու, անդրադառնում են օրվա հոբելյարներին, կայքի հաջողված նյութերին:
Ծրագրում ընդգրկված մարմնամարզությանը նույնպես նախապես ենք պատրաստվում: Դասարանում կամ մարմնամարզության սրահում նկարահանում ենք մարմնամարզական վարժությունները և տեսանյութ պատրաստում: Օրինակ, մեր անցկացրած ընդհանուր պարապմունքներից մեկը համընկել էր մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա հետ, և ամբողջ պարապմունքը հենց թումանյանական շնչով էինք կազմակերպել, նույնիսկ՝ մարմնամարզությունը:
Առավել մանրամասն ներկայացնեմ մեր վարած պարապմունքներից մեկը՝ զատկականը: Քանի որ պարապմունքի օրը՝ ապրիլի 2-ը, Ավագ շաբաթվա ընթացքում էր և մենք այդ ժամանակահատվածում իրականացնում էինք «Զատիկ» ուսումնական նախագիծը, պարապմունքի թեման էլ հենց Զատիկը դարձրեցինք: Որոշեցինք հակիրճ ներկայացնել զատկական ժողովրդական որոշ սովորույթներ և ծրագիրը կազմեցինք այդ սկզբունքով: Երաժշտության մասնագետի հետ ընտրեցինք երգերի ցանկը, նկարահանեցինք Ավագ շաբաթվա օրերի մասին պատմող փոքրիկ հոլովակներ, ծրագիրը տեղադրեցինք ենթակայքում: Աշխատեցինք Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի հետ համապատասխան ծիսական երգ ընտրել:
«Բարի լույսի զանգեր»-ով ազդարարեցինք, որ շուտով Զատիկ է: Հիշեցրեցինք և միասնական արտասանեցինք Զատկի բանավոր տոնացույցը: Դրանից հետո սովորողները ըստ հերթականության ներկայացնում էին Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվան բնորոշ ժողովրդական սովորույթները, որին հաջորդում էր զատկական երգ: Տեսանյութերի շարքը կարող եք դիտել մեր բլոգում: Մեր անցկացրած պարապմունքների ծրագրերից մի քանիսը ներկայացված են դասարանական բլոգի առանձին էջում:
Ներկայացման այս ձևը որոշակի թարմություն և աշխուժություն հաղորդեց ընդհանուր պարապմունքներին: Դասավանդողների խմբով որոշեցինք նույն տարբերակով կազմել նաև Ամանորի տոնական պարապմունքի ծրագիրը: Կարծում եմ, այն հաջողված էր և ջերմությամբ ընդունվեց բոլորի կողմից: Նույն տարբերակով Նոր դպրոցի դասավանդողներով կազմել ենք նաև Մեդիաուրբաթի ծրագիրը և ներկայացրել Մարմարյա սրահում:
Առավոտյան ընդհանուր պարապմունքները մեր ուսումնական օրվա անբաժանելի մասն են և միշտ պետք է նոր ուղիներ փնտրել՝ դրանք առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:
Հեղինակ՝ Աշխեն Գրիգորյան