«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են տարբեր եղանակներով` բաց դասեր, բացօթյա պլեներներ, դաս-համերգներ, դասախոսություններ, քննարկումներ` թե’ ֆիզիկական, թե’ առցանց միջավայրում, և այլն:

Իմ մանկավարժական գործունեության ընթացքում, ավանդական պարապմունքներին զուգահեռ, պարբերաբար կազմակերպել եմ դաս-համերգներ, հանդիպումներ, դասախոսություններ հայտնի երաժիշտների մասնակցությամբ. դրանց արդեն անդրադարձել եմ իմ նախորդ հոդվածներում:

Տվյալ հոդվածում կփորձեմ ներկայացնել վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ավանդույթ դարձած «Կոմիտասյան երգերի ուսուցում» թեմայով ուսումնական բաց պարապմունքները:

Ի տարբերություն ավանդական բաց պարապմունքների, որոնք, սովորաբար, դասարանական են և ենթադրում են որոշակի թվով երաժշտասերների, հյուրերի ներգրավվում, ունեցած փորձի ցուցադրում-փոխանցում, երաժշտական բաց պարապմունքները դուրս են գալիս դասարանի շրջանակներից` ընդգրկելով մեծ թվով սովորողների, դասավանդողների, հաճախ նաև՝ երաժշտասեր հյուրերի: Նպատակը կոմիտասյան երգերի ուսուցումն է, յուրացումը և տարածումը:

Դեռևս անցյալ տարվա փետրվարի սկզբին, Դիջիթեք 2015-ի շրջանակում, իմ գործընկեր Սեյրան Ավագյանի հետ կազմակերպեցինք մեր առաջին բաց պարապմունքը` Միջին և Ավագ դպրոցների մի խումբ սովորողների մասնակցությամբ: Ուսանեցինք Կոմիտասի «Սև ա չոբանի շունը» և «Հինգ էծ ունեմ» երգերը:

Պարապմունքի ձևաչափը հետաքրքրեց սովորողներին, արժանացավ նրանց հավանությանը. երգեցողությանը մասնակցում էին բոլորը:

Որոշեցի պարապմունքները պարբերական դարձնել, շրջանակներն ընդլայնել, ավելի մեծ թվով սովորողների ընդգրկել:

Կրթահամալիրում իմ երաժիշտ գործընկերներ Մարինե Մկրտչյանը և Տաթև Ստեփանյանն իրականացնում են «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագիծը, որի արդյունքում Կոմիտասի գրչին պատկանող, սակայն չկատարված, չլուսաբանված մի շարք երգեր կարճ ժամանակահատվածում սեբաստացիների համար դարձան շատ սիրելի,անգամ` պահանջված: Քանի որ սովորողները դեռևս չէին տիրապետում այդ երգերին, գարնանը, Տաթև Ստեփանյանի հետ քննարկումից հետո, որոշեցինք նախագծի շրջանակներն ընդլայնել, երգերը սովորեցնել նաև սովորողներին, նրանց միջոցով ևս տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Մայիսյան հավաքի օրերին Տաթևի հետ սովորեցրեցինք Կոմիտասի «Սարեն կուգաս» և «Հեյ, գյուլ եմ» երգերը: Այս անգամ պարապմունքին մասնակցում էր շուրջ 4 դասարան:

Եկան Կոմիտասյան, ապա Սեբաստացուօրերը: Երեք օր «Սեբաստիա» համերգասրահում տոնական տրամադրություն էր: Նոր, առավել բարդ երգեր, նոր սովորողներ, նոր ձեռքբերումներ: Պարապմունքներին մասնակցում էին Նոր, Միջին և Ավագ դպրոցներից 100-ից ավելի սովորող և դասավանդող: «Հաբրբան», «Այն վերի գլխախնձոր», «Կաքավն եկավ» և «Թագվոր քո ձիուն» երգերը, որոնք իրականում այնքան էլ տարածված չեն, ավելին, բացառությամբ «Հաբրբանի»` չեն կատարվել և ձայնագրվել, կարճ  ժամանակահատվածում դարձան սեբաստացիներինը. նույնքան սիրելի, որքան, օրինակ` «Էն դիզան»-ն ու «Առնեմ էրթամ»-ը:
Երգերի ուսուցումը կատարվել է հետևյալ սկզբունքով. նախևառաջ՝ լսել ենք երգը` Տաթևի կենդանի կատարմամբ, ապա ներկայացրել եմ երգի բովանդակությունը, ծանոթացրել տեքստին, անծանոթ բառերին, դարձվածքներին, հետո միասին ռիթմիզացրել ենք տեքստը: Այնուհետև Տաթևը տող առ տող, ֆրազ առ ֆրազ, առանձին դեպքերում` մոտիվ առ մոտիվ, կատարել-ցուցադրել է երգը, որը նույնությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մի քանի անգամ կրկնել են սովորողները: Ընդ որում, կատարել են թե’ a capella (առանց նվագակցության), թե’ դաշնամուրի նվագակցությամբ:

Երգերը` որպես բեմական կատարում, հնչել են տոնական մեդիաուրբաթներին: Հուզիչ է ամեն անգամ Մարմարյա սրահում տեսնել տասնյակ խանդավառ պատանիների, որոնք միասնական, բարձր գիտակցությամբ ու սիրով  են կատարում Կոմիտասի երգերը: Չէ ՞ որ նրանք առաջին սովորողներն են, որ պատիվ ունեն հնչեցնելու հայ երաժշտության այդ բացառիկ նմուշները: Ի դեպ, նկատելով սովորողների սերը, կենտրոնացումը, աստիճանաբար ընդգրկեցինք առավել բարդ երգեր:

Այժմ անդրադառնամ կազմակերպման դժվարություններին, ընթացքում առաջացած խնդիրներին, դրանց հաղթահարմանը:

Առաջին հայացքից դժվարությամբ էի պատկերացնում համերգասրահում 100-ի հասնող տարատարիք սովորողների համատեղ դասը: Անխուսափելի աղմուկը, չզրուցելը, դասավանդողներին լսելը, դասին և ներկաներին հարգանքով վերաբերվելը կարգապահական լուրջ խնդիր է` անկախ ժամանակից և գտնվելու վայրից: Լավ առիթ է ինքնադրսևորվելու, դիմացինին լսելու, իրավիճակը ճիշտ գնահատելու, արագ կողմնորոշվելու, նաև կրտսեր, ավագ դասընկերներին ճանաչելու համար: Վստահաբար կարող եմ ասել, որ մենք գիտակցաբար, համերաշխ կերպով հաղթահարեցինք այդ խոչընդոտները:

Շնորհակալ եմ իմ սիրելի գործընկերներ Սեյրան Ավագյանին և Տաթև Ստեփանյանին: Այնքան տպավորիչ է նրանց կատարման ժամանակ առաջին հնչյուններից իսկ սովորողների հիացած հայացքներին հետևելը: Իրենց ձայնով, կատարողական բարձր արվեստով և անմիջականությամբ՝ Սեյրանն ու Տաթևը միանգամից գրավեցին սովորողներին: Շա՜տ տպավորիչ է մեր երգուսույցների մուտքը, որն ուղեկցվում է սովորողների շա՜տ բուռն ծափողջույններով, իսկ հետո` «Իսկ ե՞ րբ է ընկեր Սեյրանը գալու», կամ «Վաղն էլ է, չէ՞, ընկեր Տաթևը գալու» հարցադրումները:

Մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է 5 բաց պարապմունք, որի ընթացքում ուսուցանվել է կոմիտասյան 8-9 երգ: Այս երգերն ամեն օր հնչել են սովորողների շուրթերից, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, դասապրոցեսին:

«Կոմիտասյան երգերի ուսուցում» թեմայով ուսումնական բաց պարապմունքները շարունակական են: Առջևում «Դիջիթեք 2016»-ն է: Փետրվարին նախատեսվող բաց պարապմունքների շարքը կհամալրի ևս երկու երաժշտական պարապմունք: Արդյունքը` Կոմիտասի ժառանգությունից նոր երգերի ներկայացումն է տոնական մեդիաուրբաթին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով