Այն, ինչի մասին ուզում եմ խոսել, ուղղում եմ ընթերցողին, ով կկարդա, ում կհետաքրքրեն մտքերս։
Երբ 2000 թվականին դարձա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան, ամեն ինչ շատ հեքիաթային էր թվում, սիրեցի սովորող-տնօրեն փոխհարաբերությունները, դասավանդողների ու տնօրենի շփվելաձևը։ Սովորեցի կրթահամալիրում տասը տարի, կարողացա ստացածս գիտելքիների շնորհիվ, առանց լրացուցիչ պարապմունքների՝ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ԵՊՀ։ Շատ կարոտում էի դպրոցս, չնայած անընդհատ հյուր էի գալիս ուսուցիչներիս։ Նոյեմբեր ամսին կրթահամալիրի կայքում կարդացի դաստիարակ աշխատել ցանկացողների վերապատրաստման հայտարարությունը, որոշեցի փորձել։ Մասնակցեցի քառօրյա վերապատրաստմանը, ցանկացա կամավոր աշխատել: Ինձ կանչեցին Արևելյան դպրոց-պարտեզ, Նառա Նիկողոսյանն ուղեկցեց Նելի Արղությանի՝ 2-4 տարեկանների աշխարհ՝ փորձառության։ Զարմացած աչուկներ, թաքուն ժպիտներ, ծանոթություններ․․․
Շատ կարճ ժամանակահատվածում դարձա այդ խմբի մի մասնիկը, իհարկե, Նելիի աջակցությամբ։ Փորձառության հենց առաջին օրը կրթահամալիրն ուներ վերապատրաստվողներ Հայաստանի մի շարք մարզերից։ Դա, իհարկե, ինձ համար անսովոր էր։ Սկզբում չէի հասկանում՝ ինչու, ինչ նպատակով։ Հնգօրյա վերապատրաստում, տարբեր վերապատրաստվողներ՝ իրենց տարբեր բարբառներով: Այո, ամենաիսկական կրթական փոխանակում՝ սովորող-սովորեցնող ծրագրով: Առջևում Ամանորի տոնախմբությունն էր, կարողացա իմ մասնակցությունն ունենալ այդ ծեսին, տեսա, թե ինչպիսին են առհասարակ կրթահամալիրում փոխհարաբերությունները, ծնող-դաստիարակ-սան կապը, ծնողի ներառվածությունը ծրագրին:
Սկսեցինք Նելիի նախագծերն իրագործել. ամենն անում էինք փոխադարձ աջակցությամբ։ Իսկ երբ Նելին երկու շաբաթ բացակայեց խմբից, փորձեցի ինքս նոր նախագծեր մշակել ու իրականացնել 2-4 տարեկանների հետ՝ դառնալով ավելի պատասխանատու։ Երկու ամիս կամավոր աշխատեցի Նելի Արղությանի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբում (նշեմ, որ երկու շաբաթ էլ աշխատել եմ նաև երկարացված օրվա ճամբարի սովորողների հետ, միասին գործունեություն ենք ծավալել, ռոդարիական խաղեր խաղացել), այնուհետև աշխատանքի անցա։
Նախակրթարանում աշխատելը մի բազմաբնույթ, համակողմանի գործունեություն է, որի ընթացքում առնչվում ես տարատարիք երեխաների հետ, որտեղ չկան սահմանափակումներ, մեծի հետ մեծ ես, փոքրի հետ՝ փոքր, մեկը մյուսին օգնում է, մեկը մյուսի հետ քույր, եղբայր ու ընկեր է, տիրում է հավասարություն, համերաշխություն, խինդ ու ծիծաղ։ Մեծ և առաջնային դիրքում է ծնողը, բաց միջավայր, բաց գործունեություն, որտեղ ծնողը ցանկացած պահի կարող է գալ ու տեսնել՝ ինչ է անում իր երեխան, տեսնել, թե ինչպիսի փոխհարաբերություններ են, ակտիվ մասնակիցը դառնալ այդ ամենի։ Նախագծեր իրականացնելիս տեսնում ես, որ երբ խմբի ամենափոքրիկը չի մասնակցում, չես կարող և պետք էլ չի ստիպել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ապա հայտնաբերում ես, որ նա էլ բերանացի գիտի բոլոր երգերը, ոտանավորները, ու անգամ կարող է չորս կամ հինգ տարեկան երեխայից էլ լավ ասել կամ անել ամեն ինչ: Մի պահ զարմանում ես. սա է, փաստորեն իմացումի հրճվանքը, ինչի մասին այդքան խոսվում է։ Խմբում տարատարիք լինելը, կարծում եմ, ճիշտ է, քանի որ միշտ կա սովորող-սովորեցնողը, փոքրը մեծից կարող է սովորել, իսկ մեծը՝ փոքրից։ Ինքս էլ կարող եմ փոքրից շատ բան սովորել և սովորում եմ։
Երեխաներին, անշուշտ, շա՜տ եմ սիրում։ Նառա Նիկողոսյանի կողմից ստացա առաջարկ՝ փորձել աշխատանքս հինգ տարեկանների հետ։ Ընդունեցի սիրով ու մեծ պատրաստակամությամբ։ Մինչ նրանց հետ առանձին խումբ կազմելը՝ Նելի Արղությանի և Աննա Հայրոյանի հինգ տարեկանների հետ գրեթե ամեն օր մեկ ժամով առանձնանում էի և գործունեություն ծավալում։ Ապրիլ ամսին ունեցա հինգ տարեկանների՝ արդեն ամբողջական ձևավորված խումբը, իհարկե, ինձ հետ աշխատող Արմինե Խաչատրյանի հետ միասին։ Երկու խմբերի սաներ, սկզբում մի քիչ խորթություն կար, «իմ ու քո էին անում», բայց մեկ շաբաթը բավարար էր՝ իրար «ուսումնասիրելու», միանալու ու համախմբվելու համար։ Ամեն օր գործունեություն ենք ծավալում, խաղում ենք, սովորում: Քանի որ ապրիլ ամսին կրթահամալիրում միշտ աղայանական և ռոդարիական օրեր են, սովորեցինք Աղայանի ոտանավորներից և խաղացինք ռոդարիական բազմապիսի ուսումնական խաղեր։ Իտալացի գրող, մանկավարժ Ջանի Ռոդարին մեծ դեր ունի մեր ու երեխաների կյանքում։ Նրա ստեղծագործությունները լի են երևակայության տարրերով ու մասնիկներով։ Մեր կրթահամալիրում Ռոդարին ամենուր ու անընդհատ է։ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում կարևորում ենք ռոդարիական մարզախաղերը, ռադիո և աուդիոնյութերը և, ընդհանրապես, այն ամենը, ինչում երևում է Ռոդարիի «ձեռագիրը»: Արդյունքում ստեղծագործական երևակայությունը կիրառում ենք առօրյա գործունեության մեջ ՝ փորձելով խմբասենյակում ամեն տեսակի գործունեություն վերածել խաղ-ուսուցման: Այս կերպ կարողանում ենք ձևավորել որոշակի հմտություններ ու կարողություններ, որոնք էլ սկսում են աստիճանաբար զարգանալ: Կարևորում եմ կրթահամալիրում իրականացվող ծեսերը, որոնք ինձ համար շշմելու աստիճան հավես են։ Շատ կարևորում եմ երեխային փոքրուց ծանոթացնելը մեր ազգային տոներին, ծեսերին, խաղերին: Զանազան ծես-նախագծերի օգնությամբ երեխան կարողանում է ճանաչել իրեն, իր շրջական, սովորել, կրթվել, ապրել իմացումի անվերջանալի հրճվանք:
Վերապատրաստումները կրթահամալիրում լինում են ամեն ամիս: Գյումրուց եկած վերապատրաստվողները մարտին մեզ ուղարկեցին կրթական փոխանակման ծրագրի հրավեր՝ փոխայցելություն «Արձագանք» մանկապարտեզ։ Ունեցանք հրաշալի կրթական փոխանակում, իրականացրինք Ծառզարդարի ծեսը։ Փետրվար ամսին մեզ մոտ էին եկել Բյուրականի «Բյուրական մանկապարտեզ»-ում աշխատող դաստիարակները, օգնականները, երաժշտության դաստիարակը և տնօրենը։ Կրկին կրթական փոխանակման հրավեր ստացանք ու ապրիլի 17-ին ուղևորվեցինք Բյուրականի «Բյուրական մանկապարտեզ»։ Կրթական փոխանակում, որի ժամանակ կատարեցինք Զատկի, Կրկնազատկի ծեսերը։ Ապրիլ ամսվա վերապատրաստվողների հետ իրականացրինք Համբարձման տոնին ընդառաջ մեր սիրուն ծեսը. կրկին ունենք հրավեր՝ մայիսի 16-ին Սասունիկի «Արմինե Կարապետի անվան մանկապարտեզ»։
Մեծ պատրաստակամությամբ մասնակցեցի մանկավարժական աշխատողների «Մուտքի ճամբարին», որի ընթացքում շատ բան սովորեցի։ Անպայման նշեմ, որ ճամբարի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցա Արևմտյան դպրոց-պարտեզի պարտիզապուրակային աշխատանքներին։ Ինչ ասես որ չարեցի՝ էլ խոտ հնձեցի, էլ լանջերը ջրեցի, էլ փոր արեցի, էլ փոցխեցի, էլ վարդ տնկեցի, էլ, էլ․․․ այս ամենն ինձ շատ բան տվեց, չեմ կարող ասել՝ ոչինչ չգիտեի, բայց ավելի շատ բան սովորեցի, իհարկե, Էդմոն Փաշինյանի օգնությամբ ու խորհուրդներով։ Սկզբում ամենը փոքր-ինչ ծանր էր թվում, բայց հետո տարբեր աշխատանքներ կատարելով` հասկացա, որ բնության հետ ուղղակի չես կարող չզբաղվել, չխնամել՝ անկախ բոլոր դժվարություններից։ Կարողացա բացահայտել ինքս ինձ, բացահայտել, որ քիչ թե շատ «գլուխ եմ հանում» այգեգործունեությունից։ Ամենն արեցի սիրով, ու այդ ամենի շնորհիվ գլխումս շատ նախագծեր ծնվեցին, որոնք էլ շուտով կիրագործեմ փոքրիկ սաների հետ միասին։
Եվ այսպես՝ աշխատանքը կրթահամալիրում անցնում է չափազանց հետաքրքիր ու բազմաբովանդակ։ Կատարում եմ աշխատանքս մեծ պատասխանատվությամբ, քանի որ էությամբ շատ պատասխանատու մարդ եմ։ Երեխաներից ստանում եմ մեծ էներգիա, և ինքս կարողանում եմ փոխադարձ էներգիա ու վստահություն փոխանցել թե՛ երեխաներին, և թե՛ ծնողներին։ Շնորհակալ եմ իմ դպրոցին, որ վստահեց ինձ, հնարավորություն տվեց վերադառնալ կրթահամալիր, ամրապնդվել, գործել, և ինչու չէ, կարողացա բացահայտել ինքս ինձ այս աշխարհում։ Այսպիսին է կրթահամալիրի նախակրթարանը, որտեղ ազատ, բաց միջավայր է, ինքնուրույնություն դրսևորելու անսահման հնարավորություններ, ինչը միմիայն դրականորեն է ազդում, ավելին՝ նպաստում երեխայի առողջ ու ստեղծական մտքի ձևավորման և զարգացման համար։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան