Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով
Սկիզբը
Բայց շատ հաջողակ մարդիկ, այնուամենայնիվ, սիրել են դպրոցը, և բոլորը չէ, որ վատ են սովորել: Փոլը դեռ ավագ դպրոցի սովորող էր և լավ գնահատականներ էր ստանում, երբ առաջին անգամ հայտնվեց Չիկագոյի համալսարանի դասախոսության սրահում:
Այդ ժամանակ նա չէր էլ պատկերացնում, որ այդ համալսարանը տնտեսության հետազոտման բնագավառում աշխարհի առաջատար ուսումնական կազմակերպություններից մեկն է: Գալով այստեղ` նա միայն գիտեր, որ համալսարանն իր տան կողքին է, բայց մի քանի րոպե անց Փոլը կարծես «վերածնվեց». այսպես էր նա արտահայտվել իր հոդվածի մեջ:
«Այդ օրը դասախոսությունը նվիրված էր Մալթուսի այն տեսությանը, որտեղ ասվում է, որ մարդկությունը կբազմանա ճագարների նման այնքան ժամանակ, մինչև որ երկրագնդի մեկ ակր հողի վրա բնակչության խտությունը չիջնի կենսապահովման մակարդակի նվազագույնին: Եվ այս ամենի հետ մահացության գործակցի աճը կհավասարվի ծնելիության գործակցին: Այս դիֆերենցիալ հավասարումն այնքան հեշտ էր հասկանալու համար, որ ես սխալմամբ կարծում էի, որ տեսադաշտից բաց եմ թողել ինչ-որ հնարք»: Այդ պահից սկսվեց Փոլ Սամուելսոնի ուղին` որպես գիտնական-տնտեսագետի: Հենց այդ ուղին, որ Փոլը նկարագրում է որպես «իսկական հաճույք», նրան դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և միջազգային տնտեսագիտության ասոցիացիայի նախագահ: Փոլը գրել է հարյուրավոր հոդվածներ և մի շարք գրքեր, այդ թվում` տնտեսագիտության թեորեմներին վերաբերող բոլոր ժամանակների հայտնի դասագիրքը: Նա էական ազդեցություն ունեցավ պետական քաղաքականության վրա և 1970 թվին դարձավ առաջին ամերիկացին, որ տնտեսագիտության գծով ստացավ Նոբելյան մրցանակ:
Հիմա Փոլը հիշում է. «Ես տարիքիս համեմատ զարգացած էի և միշտ հեշտորեն լուծում էի տրամաբանական խնդիրներն ու ինտելեկտուալ թեստերը: Դրա համար էլ, եթե տնտեսագիտությունը ստեղծված էր ինձ համար, ապա կարելի է ասել, որ ես էլ ստեղծվածէի տնտեսագիտության համար: Երբեք չի կարելի կյանքում չգնահատել երեխայի այն աշխատանքը, որն ինքն ընդունում է որպես հաճելի խաղ: Հենց այդ կենսականորեն կարևոր բացահայտումներն են փոխում սովորական մարդկանց, ովքեր կարող էին երբեք չիրականացնել իրենց ներուժը»:
Երեք պատմություն, մեկ գաղափար
Ջիլիան Լինը, Մեթ Գրոունինգը և Փոլ Սամուելսոնը երեք տարբեր մարդիկ են, երեք տարբեր պատմություններով: Բայց նրանց միավորում է մեկ, անկասկած կարևոր գաղափար. նրանցից յուրաքանչյուրը հասել է բարձունքների և անձնական ինքնաբավարարման ռեկորդային ցուցանիշի՝ բացահայտելով իր բնածին տաղանդը, որը կյանքում համընկնում է իր գլխավոր հետաքրքրության հետ: Ես նմանատիպ դեպքերն անվանում եմ «ինքնաճանաչման պատմություններ», որովհետև նրանցում սովորաբար բացահայտում կա, որը բաժանում է աշխարհը «սկզբի» և «հետոյի»: Հենց նման բացահայտումներն են արմատապես փոխել այդ մարդկանց կյանքը, ցույց տվել նրանց ուղին և նպատակը, օգնել են հասնելու հաջողության այնպես, ինչպես չի կարողացել օգնել ոչ մի այլ բանի: Այս և ուրիշ մարդիկ, ում մասին պատմում եմ իմ գրքում, գտել են իրենց գործը: Նրանք գտել են իրենց տարերքը` բնագավառ, որտեղ սիրում ենք գործել, և գործ, որը մեզ հաջողվում է: Տարերքը մեր ներուժի այլ նշանակությունն է: Այն յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր կերպ է արտահայտվում, բայց տարերքի հիմնական բաղադրիչները համընդհանուր են:
Լինը, Գրունինգը և Սամուլսոնը կյանքում շատ բաների են հասել: Եվ նրանք միակը չեն, որոնց հաջողվել է անել դա: Նրանք ժամանակին են հասկացել, թե իրենց ինչ է դուր գալիս, և իսկապես զբաղվում են այդ գործով: Նրանք գտել են իրենց կոչումը: Բայց, ցավոք սրտի, իմ կենսափորձը հուշում է, որ մարդկանց մեծամասնությանը դա չի հաջողվում:
Մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ է գտնել իր կոչումը ինչպես իր անձնական բարօրության և հաջողության, այնպես էլ իր երկրի զարգացման, կրթական համակարգի արդյունավետության համար:
Ես սրտանց հավատում եմ, որ այն հնարավորություն է տալիս հասնելու տպավորիչ արդյունքների և բավարարում ստանալու: Ես չեմ պնդում, որ որ մեզնից յուրաքանչյուրի մեջ ապրում է պարող, նկարիչ-մուլտիպլիկատոր կամ տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակակիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր տաղանդն ու հետաքրքրությունները, բայց դրանց իրականացման արդյունքը նույնն է՝ ուրախություն, կոչում, ներդաշնակություն և բավարարում: Այդ մտքի ըմբռնումը փոխում է ամեն ինչ: Մեր կոչման ընկալումը հանդիսանում է լավագույն, հնարավոր է միակ գրավականը մեր ստաբիլ հաջողության համար:
Տարերքի մեջ լինելը կախված է մեր անհատական տաղանդի արտահայտումից: Ինչո՞ւ մարդիկ դա չեն հասկանում և չեն տեսնում: Գուցե այդ «կուրության» հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդկանց մեծամասնությունը իր բնածին ընդունակություների վերաբերյալ բոլորովին էլ բարձր կարծիքի չի: Դա արտահայտվում է մի քանի սահմանափակումներով:
Առաջին սահմանափակումը պայմանավորված է մեր ընդունակություների վերաբերյալ մեր պատկերացումներով: Ծննդյան օրից մենք օժտված ենք երևակայության, ինտելեկտի, զգացմունքների, հոգևորի, նաև ֆիզիկական և զգայական ընկալման հսկայական ուժերով: Որպես օրենք մենք օգտագործում ենք այդ առատ շնորհների ընդամենը մի փոքր մասը, իսկ շատերը չեն էլ օգտագործում: Շատ մարդիկ չեն գտել իրենց կոչումը, որովհետև չեն գիտակցում իրենց հնարավորությունները:
Երկրորդ սահմանափակումը կապված է մեր այն ենթադրությունների հետ, թե ինչպես են այս բոլոր հնարավորություները կապված իրար հետ մեկ միասնության մեջ: Որպես օրենք` մենք ենթադրում ենք, որ մեր միտքը, մարմինը, զգացմունքները և այլ մարդկանց հետ հարաբերությունները անկախ են մեկը մյուսից, որպես առանձին համակարգեր: Շատ մարդիկ չեն գտել իրենց կոչումը, որովհետև չեն հասկացել ներդաշանակության էությունը:
Երրորդ սահմանափակումը կապված է մեր պատկերացումների հետ այնքանով, թե մենք որքանով ենք օգտագործում մեր պոտենցիալը մեր աճի և զարգացման համար: Մարդիկ, որպես օրենք, մտածում են, որ կյանքը գնում է իր հունով, մեր ընդունակությունները նվազում են մեր տարիքի հետ, և բաց թողած հնարավորությունը երբեք չի կրկնվի: Շատ մարդիկ չեն գտել իրենց կոչումը, որովհետև չեն զգում բնությունից իրենց տրված պոտենցիալի թարմացումները:
Նման սահմանափակ պատկերացումները մեր ընդունակությունների վերաբերյալ ժամանակի ընթացքում կարող են խորանալ շրջապատի, կուլտուրայի կամ սեփական ներքին սպասումների ազդեցությունից:
Ոչ «համընդհանուր» մոտեցմանը
Որոշ փայլուն ստեղծագործ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, դպրոցում վատ են սովորել: Նրանցից շատերը իսկապես չեն հասկացել, թե ինչ կարող են անել և ովքեր են իրենք իրականում, քանի դեռ չեն ավարտել դպրոցը և չեն «ապաքինվել, վերականգնվել» ստացած կրթությունից հետո:
Ես ծնվել եմ Անգլիայում՝ Լիվերպուլում, 1960-ական թվականներին սովորել եմ Լիվերպուլի քոլեջում: Քաղաքի մյուս ծայրին էր գտնվում Լիվերպուլի ինստիտուտը, որի ուսանողներից է եղել Փոլ Մաքարտնին:
Լիվերպուլի ինստիտուտում ուսման ընթացքում Փոլը գրեթե ամբողջ ժամանակն անգործ էր: Տնային աշխատանքները նա փոխարինել էր ռոք երաժշտությամբ և կիթառի դասերով: Դա էր նրա գիտակից ընտրությունը: Հետո, երբ քաղաքի մյուս ծայրին դպրոցական տոնի ժամանակ նա հանդիպեց Ջոն Լենոնին, այդ ընտրությունը նրա համար դարձավ ճակատագրական: Շուտով նրանց միացան Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը: Ծնվեց նրանց խումբը՝ The Beatles: Բոլորս էլ գիտենք, որ դա փայլուն գաղափար էր:
1980-ական թվականների կեսերին և´ Լիվերպուլի քոլեջը, և´ Լիվերպուլի ինստիտուտը փակվեցին: Երկար ժամանակ դրանք չէին գործում, բայց, ի վերջո, վերականգնվեցին: Շինարարներն իմ նախկին դպրոցը վերածեցին շքեղ ապարանքի, որը մեծ փոփոխություն էր, որովհետև քոլեջը շատ հեռու էր շքեղությունից այն ժամանակ, երբ ես էի այնտեղ սովորում:
Լիվերպուլի ինստիտուտն այսօր Լիվերպուլի արվեստի ինստիտուտն է (Liverpool Institute for Performing Arts, LIPA)՝ արվեստի բնագավառում առաջատարը՝ եվրոպական պրոֆեսիոնալ կրթության կենտրոններից մեկը: Նրա գլխավոր հովանավորը Փոլ Մաքարտնին է: Հին, փոշոտ դասասենյակները, որտեղ նա անցկացրել էր իր պատանությունը՝ սավառնելով երկնքում, այսօր լի է աշխարհի տարբեր ծայրերից եկած ուսանողներով, որ զբաղվում են հենց նրանով, ինչի մասին նա երազում էր: Այսօր այստեղ հորինում են երաժշտություն և մտածում բեմի մասին:
Ես նույնպես իմ ներդրումն եմ ունեցել LIPA-ի զարգացման գործում նրա վաղ շրջանում, իսկ ինստիտուտի տասնամյակին ինձ շնորհեցին դպրոցի ասպետի կոչում: Ես վերադարձա Լիվերպուլ, որ դիպլոմների հանձնման ամենամյա ցերեկույթին ստանամ իմ պարգևը Փոլ Մաքարտնիի ձեռքից: Ուսանողների առջև իմ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի որոշ մտքեր այս գրքից՝ խոսելով տաղանդի բացահայտման անհրաժեշտությունից, որ կրթությունը կարող է չօգնել այդ հարցում, հակառակը՝ հաճախ հակառակ ազդեցություն է ունենում:
Փոլ Մաքարտնին նույնպես այդ օրը ելույթ ունեցավ և իմ խոսքը ուղղակի հաստատեց: Նա պատմեց, որ միշտ սիրել է երաժշտությունը, բայց նրան երբեք դուր չեն եկել երաժշտության դասերը դպրոցում: Ուսուցիչները կարծում են, թե կարող են երեխաներին սիրել տալ երաժշտությունը՝ ստիպելով նրանց դասական երաժշտության նմուշներ լսել: Բայց Փոլը գտնում էր, որ այդ պարապմունքները ձանձրալի էին իր դպրոցում, ինչպես և մյուս դասերը: Նա պատմեց, որ ուսման ողջ ընթացքում ոչ ոք չի նկատել իր երաժշտական տաղանդը: Փոլը ցանկացել է ընդունվել Լիվերպուլի երգչախումբ, բայց նրան չեն ընդունել՝ ասելով, որ լավ չի երգում: Մի՞թե, ինչքա˜ն լավն է եղել ուրեմն այդ երգչախումբը:
Ճակատագրի հեգնանքով հենց այդ երգչախումբը, որ մերժել էր պատանի Մաքարտնիին, կատարեց նրա դասական կոմպոզիցիաներից երկուսը:
Փոլ Մաքարտնին միակը չէ, ում տաղանդը չեն նկատել դպրոցում: Էլվիս Փրեսլիին, օրինակ, չեն ընդունել դպրոցական երգչախումբ: Տղային ասել են, թե նրա ձայնը խանգարում է ողջ երգչախմբի ընդհանուր հնչողությանը:
Մի քանի տարի առաջ ես Ջոն Քլիզի հետ ելույթ էի ունենում բազմաթիվ միջոցառումների, որոնք նվիրված էին ստեղծական ընդունակություններին: Այն ժամանակ նրան հարցրի իր կրթության մասին և զարմանքով իմացա, որ նա շատ լավ է սովորել դպրոցում, բայց առանձնապես չի փայլել կատակերգական տաղանդով, որ հետո իր կյանքում առանցքային է դարձել: Նա պնդում էր, որ մանկապարտեզից մինչև Քեմբրիջ ոչ ոք անգամ չի մտածել, որ ինքը հումորի զգացում ունի: Բայց այդ ժամանակվանից շատերն ընդունեցին, որ Ջոնն օժտված է փայլուն կատակերգական տաղանդով:
Եթե սրանք լինեին առանձին օրինակներ, անիմաստ կլիներ հիշելը: Բայց դա այդպես չէ: Հայտնի են բազում դեպքեր, երբ «երկուս» ստացողները դարձել են համաշխարհային մակարդակի աստղեր:Դրա հետ մեկտեղ շատերին գիտենք, որ դպրոցում լավ են սովորել, հաջողել կյանքում և բարձր են գնահատում ներկայիս կրթական համակարգը: Բայց քանի ու քանի երեխա է լքել դպրոցը անհույս, հիասթափված ինքն իրենից, վստահ, որ ինքը միջակություն է: Չեն իմացել՝ ուր գնան: Չէ՞ որ ինչ կարողանում և սիրում են անել, դպրոցում չի գնահատվել և ընդունվել է խղճահարությամբ:
Իմ կյանքի մեծ մասը ես աշխատել եմ կրթական համակարգում և չեմ հավատում, որ նման իրավիճակում մեղավոր են առանձին ուսուցիչներ: Իհարկե, նրանցից ոմանք պետք է զբաղվեն այլ գործով և մանկական ուղեղներից հեռու մնան: Բայց տաղանդավոր և նրբազգաց ուսուցիչներն, այնուամենայնիվ, ավելի շատ են:
Մեզնից շատերը կարող են հիշել ուսուցիչների, ովքեր ներշնչել ու փոխել են մեր կյանքը: Այդ ուսուցիչները բացահայտել են մեր տաղանդը, բայց դրան հասել են փաստորեն ի հեճուկս պետական կրթական համակարգի, որն ունի բազում լուրջ խնդիրներ` առանց փոխվելու ինչ-որ հեռանկարի: Դա այդպես է կրթական գրեթե բոլոր համակարգերում:
Երբ ընտանիքով Անգլիայից տեղափոխվեցինք Ամերիկա, մեր երեխաներից երկուսը՝ Ջեյմսը և Քեյթը, սկսեցին սովորել արդեն Լոս-Անջելեսի ավագ դպրոցում: Որոշ առումներով ամերիկյան կրթական համակարգը տարբերվում էր մեզ ծանոթ բրիտանականից: Օրինակ, երեխաները պետք է անցնեին մի քանի բոլորովին նոր առարկաներ: Մասնավորապես Բրիտանիայում չէին անցնում ԱՄՆ-ի պատմությունը: Մեր քաղաքականությունն ուղղված է այդ նվաստացուցիչ էպիզոդից հեռու մնալուն: ԱՄՆ եկանք Անկախության օրվանից չորս օր առաջ և տեսանք, թե ամերիկացիներն ինչ բուռն են նշում երկրից բրիտանացիներին քշելը: Հիմա արդեն մի քանի տարի Ամերիկայում ապրում և գիտենք, թե ինչ պետք է սպասել, դրա համար էլ աշխատում ենք Անկախության օրն անցկացնել տանը՝ փակ դռների և պատուհանների ետևում նայելով թագուհու նկարները:
Շատ առումներով ամերիկյան կրթական համակարգը մոտ է Մեծ Բրիտանիայի համակարգին, նաև աշխարհի շատ երկրների կրթական համակարգերին: Հատկապես առանձնանում են երեք բնորոշ գծեր: Նախ և առաջ՝ շեշտը դրվում է ակադեմիական հմտությունների զարգացման վրա: Ես հասկանում եմ, որ այդ հմտությունները շատ կարևոր են: Բայց կրթական համակարգի խնդիրն ավելի շատ քննարդատական վերլուծության և դատողողության զարգացումն է` որպես օրենք կապված բառերի և թվերի հետ: Ինչքան էլ կարևոր լինեն դրանք, մարդկային մտածողությունն ավելին է և բազմակողմանի է: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ հաջորդ գլխում:
Երկրորդ տարբերակիչ գիծը առարկաների դասակարգումն է: Ավանդաբար առաջնությունը տրվել է մաթեմատիկային և լեզվաիմացությանը: Հումանիտար առարկաները հավանաբար հաշվի չեն առնում: Ավելի ցածր տեղում է արվեստը: Այստեղ էլ իր հիերախիան է. երաժշտությունն ու նկարչությունն ավելի բարձր դիրքում են, քան թատրոնն ու պարարվեստը: Իրականում ավելի ու ավելի շատ դպրոցներ ազատվում են արվեստի հետ կապված առարկաներից: Միջին դպրոցում կարող է լինել արվեստի ընդամենը մեկ ուսուցիչ, իսկ կրտսեր դպրոցում անգամ նկարչությանը շատ քիչ ժամանակ է տրամադրվում:
Երրորդ բնորոշ գիծը սովորողների աճող կախվածությունն է գնահատման խիստ մեթոդներից: Ամենուր երեխաները ենթարկվում են ինտենսիվ ճնշման. նրանց ստիպում են լավ արդյունքներ ցուցաբերել ստանդարտ թեստերից:
Ինչո՞ւ են դպրոցական կրթական համակարգերն այսպիսին: Դա բացատրվում է մշակութային և պատմական պատճառներով: Այդ մասին կցանկանայի ավելի հանգամանալից խոսել հաջորդ գլուխներից մեկում: Այստեղ ես ցանկանում եմ ուշադրություն դարձնել նրան, որ մասսայական կրթության շատ համակարգեր իրենց գործունեությունն սկսել են 18-19-րդ դարերից: Եվրոպայում և Ամերիկայում հեղափոխության ծաղկման ժամանակաշրջանում այդ համակարգերը պատասխանատու էին տնտեսական հարցերի համար: Մաթեմատիկան, բնական գիտությունները և լեզվաիմացությունը շատ կարևոր էին զարգացող երկրներում աշխատանքի ընդունվելու համար: Մյուս կարևոր գործոնները, որոնք ազդում էին կրթության վրա, ակադեմիական ինստիտուտների ակադեմիական մշակույթն էր, որոնք որպես օրենք, մերժում էին ցանկացած գործունեություն, որը կապված էր սրտի, մարմնի և զարգացած ինտելետի հետ: Արդյունքում դպրոցական կրթական համակարգը մեզ ներշնչում է շատ նեղ հայացքով նայել մարդկային ներուժին և գերագնահատում է որոշակի սպեցիֆիկ տաղանդներ և ընդունակություններ՝ անտեսելով մեր հասարակության կենսապահոման համար ոչ պակաս կարևոր անհատականության սահմանները: Նման մոտեցումը հանգեցնում է մեկուսացման և մերժման այնպիսի երեխաների, ում նման համակարգով կրթությունը դժվար է տրվում:
Պարի դասերը, ինչպես մաթեմատիկան, ծրագրի ամենօրյա պարտադիր մասը դարձնելու մասին սովորական դպրոցները և կրթական համակարգերը շատ հազվադեպ և դժկամ են մտածում:
Բայց հայտնի է, որ շատ սովորղներ ընդգրկվում են կրթական գործընթացի մեջ միայն այն ժամանակ, երբ գործում է նրանց մոտորիկան, շարժումները: Օրինակ՝ Ջիլիան Լինը ինձ պատմել է, որ բոլոր առարկաներից էականորեն առաջադիմել է, երբ սկսել է զբաղվել պարով: Նա պատկանում է այն մարդկանց թվին, ում պետք է շարժվել, որպեսզի մտածի: Ցավոք, ամեն երեխայի չէ, հատկապես այսօր, հնարավորություն տրվում հանդիպել նման հոգեբանի, ով գուշակել է փոքրիկ Ջիլիանի տաղանդը: Հաճախ, հակառակն է լինում՝ երբ երեխաները չափազանց շատ են շարժվում, տալիս են դեղեր և պահանջում հանգստանալ:
Գոյություն ունեցող համակարգերը դպրոցական նյութերում նույնպես դնում են լուրջ սահմանափակումներ այն բանի վրա, թե ինպես են ուսուցիչները սովորեցնում, իսկ աշակերտները՝ սովորում: Ակադեմիական հմտությունները շատ կարևոր են, բայց ոչ պակաս կարևոր են մտածողության մյուս եղանակները: Օրինակ, մարդկանց, ովքեր տեսողական հիշողությամբ են օժտված, այսպես կոչված վիզուալներին, կարող է դուր գալ այս կամ այն առարկան կամ էլ թեման, բայց նրանք չեն հասկանա, եթե ուսուցիչն այն ներկայացնի միայն ոչ տեսողական եղանակով:
Բայց և այնպես մեր կրթական համակարգը ավելի ու ավելի շատ է ուսուցիչներին մղում դասավանդման համընդհանուր մեթոդներին: Այստեղ պատմվող պատմությունների իմաստը հասկանալու և մեր սեփականը ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է արմատապես վերանայել մեր հայացքները անհատի ինտելեկտի և բազմակողմանիության մասին:
Կրթության հանդեպ նման մոտեցումները պարունակում են առավել կարևոր ընդունակությունների զարգացման ամբողջական շարք, որն այսօր անհրաժեշտ է երիտասարդ մարդկանց, որպեսզի գտնեն իրենց տեղը 21-րդ դարի աշխարհում, ուր պահանջները բարձր են, իսկ ռիթմը՝ ավելի արագ:
Այդ ընդունակություններն ուղղված են ստեղծական մտածողությանը: Մեր կրթական համակարգում բարձր է գնահատվում հարցին տրված միակ ճիշտ պատասխանի իմացությունը: Գոյություն ունեցող կրթական ծրագրերն աջակցում են նման մեթոդներին: Օրինակ, ԱՄՆ-ում գործում է ամերիկյան հանրակրթական դպրոցի արդյունավետությանն ուղղված մանրամասն մշակված ծրագիր, որն անվանում են «Ոչ մի հետ մնացող երեխա»:
Թվում է՝ նպատակը բարի է: Բայց ծրագիրն ունի դաժան պայման. երկրի տարբեր շրջանների երեխաների գիտելիքները պետք է համապատասխանեն տրված ստանդարտներին: Միատեսակ պատասխաններն ու ստանդարտ ճշտությունը զրկում են ստեղծագործ երեխաներին իրենց ընդունակությունները հասկանալու և զարգացնելու հնարավորությունից, մերժում են ստեղծական մոտեցումը, երեխային գցում են փակուղու և մենակության մեջ:
Բոլոր երեխաներն սկսում են դպրոցում սովորել՝ ունենալով կենդանի երևակայություն, հետազոտող միտք, իրենց գաղափարների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն: Երբ տղաս չորս տարեկան էր, նախապատրաստական խմբում կազմակերպեցին ծննդյան տոների ներկայացում:
Շոուի ժամանակ մի հրաշալի պահ կար, երբ երեք փոքր տղա դուրս էր գալիս բեմ երեք մոգերի դերով՝ բերելով իրենց շնորհները՝ ոսկի, խունկ և զմուռս: Երկրորդ տղան, հավանաբար շփոթվել էր և խառնել բառերը: Երրորդ տղան պետք է իմպրովիզ աներ, որը չէր սովորել և շատ էլ ուշադրություն չէր դարձրել փորձերին: Վերջ ի վերջո նա ընդամենը չորս տարեկան էր: Առաջին տղան ասաց. «Ես քեզ համար ոսկի եմ բերել», երկրորդ տղան ասաց. «Ես քեզ համար զմուռս եմ բերել»: Երրորդ տղան ասաց. «Դա ուղարկել է Ֆրենկը»: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Ֆրենկը: Տասներեքերորդ առաքյալը, թե նկատի ուներ Ֆրենկի կորցրած գիրքը:
Նման դեպքերում ինձ դուր է գալիս, որ փոքրերը չեն վախենում սխալվելուց: Եթե նրանք վստահ չեն՝ ինչպես վարվել այս կամ այն դեպքում, ուղղակի համարձակորեն փորձում են ինչ-որ տարբերակ ու նայում, թե ինչ կլինի հետո: Սրանով ես չեմ ուզում հավասարման նշան դնել սխալի ու ստեղծական մտքի միջև: Երբեմն սխալը ընդամենը սխալ է: Ճիշտ է միայն այն, որ եթե դու պատրաստ չես սխալվելու, ապա երբեք չես ստեղծի ոչ մի օրիգինալ բան:
Բայց հենց այստեղ են որոշ քաղաքական գործիչներ վրիպում` ներկայացնելով «վերադարձ հիմքերին» կրթական մակարդակը բարձրացնելուն ուղղված գաղափարը:.Նրանք «վերադարձ արմատներին» համարում են արտադրական հեղափոխության արդյունքներն ամրապնդելու միջոց: Նրանք հավանաբար, հավատում են, որ եթե «սնեն» մեր երեխաներին պաշտոնապես գրված «մենյուով», որը կազմված է լեզվից, գրականությունից և թվաբանությունից, ապա մենք կլինենք առավել մրցունակ համաշխարհային արենայում և առավել պատրաստ ապագայի համար:
Նման մտածողության ճակատագրական սխալն այն է, որ նման դեպքում լրջորեն չեն գնահատվում մարդու ընդունակությունները: Մենք նշանակություն ենք տալիս ստանդարտ թեստերին, կրճատում ենք ստեղծական ծրագրերի ֆինանսավորումը, որոնք անկարևոր ենք համարում, իսկ հետո զարմանում ենք, թե ինչու է երևակայության և ներշնչանքի պակաս նկատվում մեր երեխաների մեջ: Գոյություն ունեցող կրթական համակարգն այսպես է արմատախիլ անում մեր երեխաների ստեղծական ընդունակությունները: Երեխաների մեծամասնությունը երբեք լիարժեք չի կիրառում իր ընդունակություններն ու հետաքրքրությունները: Նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, խոսքը երևի թե դպրոցականների ճնշող մեծամասնության մասին է, կարող են ընդհանրապես մշակույթից և կրթական համակարգից օտարվել: Հենց դրա համար էլ հաջողակ մարդկանցից շատերը շատ լավ չեն սովորել դպրոցում:
Ենթադրվում է, որ կրթական համակարգի նպատակը բնածին ունակությունների զարգացումն է և աշխարհում մեր տեղը գտնելու հնարավորություն տալը: Դրա փոխարեն այն զսպում է չափազանց շատ սովորողների անհատական տաղանդի և ընդունակությունների աճը և սպանում է կրթության հանդեպ նրանց մոտիվացիան: Դա գուցե ծիծաղելի թվար, եթե այդքան տխուր և վտանգավոր չլիներ:
Կրթական նման մեթոդների ընտրության պատճառն այն է, որ քաղաքագետները հավանաբար կարծում են, որ այն միակ ճիշտ ճանապարհն է ինչպես տնտեսական աճի և իրենց երկրի մրցունակության կարողությունների զարգացման, այնպես էլ նրա համար, որ սովորողներն արդյունքում կարողանան աշխատանք գտնել:
Բայց 21-րդ դարի իրականության մեջ աշխատանք գտնելը և մրցունակ լինելը լիովին կախված է հենց այնպիսի արժեքներից, որոնք կրթական համակարգը խիստ զսպում է, իսկ այս գիրքը ողջունում է և աջակցում: Ամբողջ աշխարհում կազմակերպությունները հավաստում են, որ իրենց պետք են մարդիկ՝ ընդունակ, անկախ և ստեղծական մտածողությամբ: Բայց բիզնես համակարգի կարծիքը միակ չափանիշը չէ: Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ մարդը կարողանա ապրել լիարժեք ստեղծական կյանքով, տեսնի իմաստ ու նպատակ, ինչպես աշխատանքում, այնպես էլ դրա շրջանակներից դուրս:
Հիմքերին վերադառնալու միտքն ինքնին սխալ չէ: Ես նույնպես հավատում եմ մեր երեխաներին հիմքերին վերադարձնելու անհրաժեշտությանը: Բայց դրա համար պետք է ողջ ուղին հետ դառնալ, վերանայել մեր հայացքները մարդկության ընդունակությունների բնույթին և կրթության բազային նպատակներին:
Մեր պատմության մեջ կար ժամանակաշրջան, երբ գերիշխող էր գոլորշիով շարժիչը՝ հզոր, էֆեկտիվ ու մինչև օրս էլ ունի աննախադեպ արտադրողականություն: Ժամանակի ընթացքում այն դադարեց բավարարել մարդկանց աճող պահանջները, և նրա փոխարեն եկավ ներքին այրման շարժիչը: Գոյություն ունեցող համակարգը շատ առումներով նման է գոլորշային շարժիչի, և նրանում բավականին արագ վերջանում է գոլորշին:
Այս խնդիրը մեզ ուղեկցում է նաև ավարտելուց հետո: Հնացած գնահատման կարծրատիպներին նորից բախվում ենք պետական հիմնարկներում, մասնավոր կազմակերպություններում, և այդ ցիկլը կրկնվում է նորից ու նորից:
Կորպորատիվ աշխարհում բոլորն էլ գիտեն, որ կարիերայի վաղ էտապում շատ հեշտ է տրվում պիտակը: Երբ դա լինում է, շատ դժվար է դառնում ցույց տալ այլ, գուցե ավելի խորը տաղանդը: Եթե կորպորատիվ աշխարհում ձեզ վերաբերել են որպես «ֆինանսիստ» մարդու տեսակ, ձեզ դժվար կլինի մասնակցել բիզնեսի ստեղծական մասին: Այս խնդիրը հնարավոր է լուծել՝ ցույց տալով այլ մտածողություն ու վարք թե´ աշխատանքում, թե´ կյանքում: Դա շատ կարևոր է առաջին հերթին հենց մարդու համար:
Փոփոխությունների ռիթմը
Այն երեխաները, ովքեր այս տարի են գնացել դպրոց, թոշակի կանցնեն հեռավոր 2060-ականներին: Մեզնից ոչ ոք փոքր-ինչ պատկերացում չունի այն մասին, թե ինչպիսին կլինի աշխարհը 10 տարի անց, էլ չեմ ասում 21-րդ դարի 60-ականների մասին: Գիտնականները փոփոխությունների գնահատման և կանխատեսումների մեջ առանձնացնում են երկու գլխավոր գործոն՝ տեխնոլոգիական և ժողովրդագրական:
Տեխնոլոգիան, հատկապես թվայինը, զարգանում է ռիթմով՝ անհասանելի շատ մարդկանց համար: Դա նույնպես ներդրումն ունի այդ գործընթացում, ըստ որոշ փորձագետների սահմանումների՝ այն ռոք-ն-ռոլի ժամանակաշրջանից սկսած դարձավ սերունդների պատմության ամենախոշոր հակամարտությունը:
Մենք՝ այսօրվա երեսուն տարեկաններս, ծնվել ենք թվային հեղափոխության սկզբին: Մենք սովորել ենք օգտագործել բոլոր այդ թվային գործիքները՝ նոթբուքը, տեսախցիկը, գրպանի համակարգիչները, ինտերնետը, որը դարձել է օտար լեզուներ սովորելու միջոց: Մեզնից շատերը վատ չեն գլուխ հանում դրանցից, իսկ ոմանց կարելի է համարել փորձագետներ: Մենք ուղարկում ենք էլ. նամակներ, աշխատում PowerPoint-ով, շրջում ինտերնետում և զգում, որ գտնվում ենք ամենազարգացած տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: Բայց երեսունից ցածր շատ մարդկանց հետ համեմատած` մենք ընդամենը անկարող նորեկ ենք: Նրանք ծնվել են թվային հեղափոխության դարաշրջանում: Թվային տեխնոլոգիայի լեզուն նրանց հարազատ լեզուն է:
Երբ իմ տղան՝ Ջեյմսը, տնային աշխատանք էր անում, նրա էկրանի վրա միշտ բաց էր հինգ կամ վեց պատուհան, InstantMessenger-ն անընդհատ հիշեցնում էր իր մասին, հեռախոսն անընդհատ զանգում էր, իսկ ինքը հերթական երաժշտական ֆայլն էր ներբեռնում և աչքի պոչով հեռուստացույց նայում: Ես չէի իմանում՝ նա կատարում էր տնային աշխատանքը թե չէ, բայց տեսնելով, թե ինչպես է ղեկավարում մի ամբողջ տեխնիկական կայսրություն, այդքան էլ չէի անհանգստանում:
Իսկ այսօրվա փոքրերը, որ մեծանում են, ավելի բարդ տեխնիկական միջոցների շրջապատում, քան իմ որդու հասակակիցները, արդեն ավելի լավ են տիրապետում այդ ամենին: Եվ այդ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, իրականում այն նոր է սկսվել:
Ոմանք ենթադրում են, որ մոտ ապագայում համակարգչային հնարավորությունները հավասար կդառնան մարդկային ուղեղի ընդունակություններին: Ոչ այնքան հեռու ապագայում մենք հնարավոր է տեսնենք ինֆորմացիոն համակարգերի միաձուլումը մարդկային գիտակցության հետ: Եթե դուք արդեն մտածել եք այն հսկայական ազդեցության մասին, որ վերջին քսան տարում հասարակ թվային միջոցները թողել են մեր աշխատանքի վրա, կյանքում, համաշխարհային տնտեսության վրա, կարող եք պատկերացնել, թե կյանքն ինչպես կփոխվի հետո: Մի անհանգստացեք, որ չեք կարողանում կանխատեսել. դա չի կարող ոչ ոք: Դրան ավելացրեք աճող բնակչության ազդեցությունը: Վերջին տասներեք տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը կրկնապատկվել է` երեքից դարձել վեց միլիարդ: Դարակեսին այն մոտավորապես կհասնի ինը միլիարդի: Մարդկանց այդ հսկայական բանակը կօգտագործի տեխնոլոգիա, որը դեռ պիտի հայտնագործեն: Կօգտագործեն այնպես, որ մենք դեռ չենք էլ պատկերացնում, և չկա նույնիսկ մեր երևակայության մեջ:
Արդեն այսօր այդ տեխնոլոգիաներն խորը փոփոխության են ենթարկում համաշխարհային էկոնոմիկան և մեր կյանքը դարձնում են առավել բարդ ու բազմազան: Մենք ապրում ենք գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: Մենք կարող ենք ապագա զարգացման որոշակի միտումներն ասել, բայց հստակ տեսություն տալն անհնար է:
1970-ականներին ծանոթացա Էլվին Թոֆլերի «Ապագայի շոկը» գրքին, որտեղ հեղինակը վերլուծում էր սոցիալական և տեխնիկական փոփոխությունների հեղափոխական ազդեցությունը: Իմ ու կնոջս՝ Թերիի համար անակնկալ և հաճելի էր, երբ Լոս-Անջելեսում ընկերացանք Էլվինի և նրա կնոջ՝ Հայդեի հետ: Մի անգամ ընթրիքին նրանց հարցրինք` արդյոք համամիտ են, որ այսօր աշխարհը ցնցող այս փոփոխությունները չունեն պատմական նախադեպը, Էլվինն ու Հայդեն համաիտ էին, որ պատմության ոչ մի փուլ իր մասշտաբով, փոփոխությունների բարդությամբ և մարտահրավերներով չի կարող համեմատվել այսօրվա հետ:
Կարող էր արդյոք 1990-ականներին մեկնումեկը հստակորեն ասել, թե տասը տարի անց աշխարհում քաղաքական կլիման ինչպիսին կլիներ, ինչ հսկայական նշանակություն կունենար ինտերնետը, ինչ լրիվ նոր մեթոդներով մեր երեխաները կշփվեին միմյանց հետ: Մեզնից ոմանք վերևում թվարկվածների մասին ենթադրել են, այն էլ շատ ընդհանուր գծերով: Քչերն էին ընդունակ նման կանխատեսման, բայց այդ փոփոխություններն արմատապես փոխեցին մեր կյանքը: Փոփոխությունների ռիթմը շարունակում է արագանալ, և հայտնի չէ, թե ինչ կլինի հետո:
Այո, մենք հասկանում ենք, որ կան որոշակի տենդենցներ և միտումներ, որ աշխարհը տանում են նրան, որ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան մոտ ապագայում տիրապետող դեր խաղան համաշխարհային տնտեսության վրա: Գիտենք, որ բնակչությունը շարունակում է աճել աննախադեպ ռիթմով: Գիտենք, որ զարգացող տեխնոլոգիաները քանդում են մեր բոլոր պատկերացումները իրականության մասին և շատ արագ տեղ են գտնում մեր տներում և գրասենյակներում: Մեզ հայտնի գործոնների այս կոմբինացիաները տանում են պարադոքսալ եզրակացության՝ մենք չգիտենք մեր ապագան ինչ տեսք կունենա:
Ապագան արժանավայել դիմավորելու միակ միջոցն այն է, որ օգտագործենք մեր բոլոր հնարավորություններն ու մեր ամբողջ պոտենցիալը, ինչը մեզ կօգնի հասնել մաքսիմալ արդյունավետության:
Այս գրքում ներկայացվող մարդկանցից շատերը զբաղվել են իրենց հետաքրքրող բաներով ոչ թե հնարավոր շահույթի համար, այլ իրենց չեն պատկերացրել այլ տարերքի մեջ: Նրանք վաղ են հասկացել, թե ինչ գործի համար են ստեղծված և շատ բան են ներդրել իրենց մասնագիտության մեջ պրոֆեսիոնալիզմի հասնելու համար: Եթե վաղն աշխարհը գլխիվայր շուռ գա, նրանք կգտնեն այդ փոփոխություններին հարմարվելու միջոցը: Նրանք ձև կգտնեն շարունակելու զբաղվել գործով, որը թույլ կտա ապրել իրենց տարերքում, քանի որ հասկանում են իրենց տաղանդի արժեքը ցանկացած պայմաններում:
Շատ մարդիկ իրենց սիրած գործով չեն զբաղվում ֆինանսի պատճառով, դիտմամբ ընտրում են չսիրած, բայց գործունեության շահութաբեր ոլորտը: Բայց աշխատանքը, որն այսօր թույլ է տալիս վճարել հարկերը, հեշտությամբ կարող է կորցնել իր արժեքը հաջորդ տասնամյակում:Եթե դուք երբեք չեք սովորել ստեղծական մտածել և բացահայտել ձեր իսկական ընդունակությունները, ապա ի՞նչ պիտի անեք հետո:
Եթե կոնկրետ խոսենք, ի՞նչ պիտի անեն մեր երեխաները, եթե մենք շարունակում ենք նախապատրաստել նրանց կյանքի համար՝ կիրառելով կրթության հին մոդելը, որը դժվարացնում է ստեղծականությունը: Շատ հնարավոր է, որ մեր երեխաները փորձեն իրենց ուժերը տարբեր ոլորտներում: Նրանցից շատերը, անկասկած, կզբաղվեն այնպիսի գործով, ինչը մենք հիմա չենք էլ պատկերացնում: Հետևաբար, մենք պարտավոր ենք մեր երեխաներին ոգևորել և աջակցել, որ նրանք կարողանան գտնել իրենց տաղանդը և ընտրեն իրենց միակ ճիշտ ուղին:
Եթե ուզում ենք արժանի դիմավորել փոփոխությունները, որ մեզ սպասվում են ապագայում, մենք արդեն այսօր պետք է փոխենք մեր հայացքները մարդկային ներուժի վերաբերյալ: Մի խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի իր կոչումը, որ ապրի իր տարերքով:
Ի՞նչ է կոչումը….
Կոչումը բնածին ընդունակությունների և անձնական նախասիրությունների հատման կետն է: Ինտելեկտի և տաղանդի ներդաշնակության գիծն է: Դուք կտեսնեք, որ մարդիկ, որոնց մասին խոսվում է այս գրքում, զբաղվում են նրանով, ինչն իրենց դուր է գալիս, նրանք հասկացել են, որ իրենց տարերքում ժամանակն էլ է այլ կերպ հոսում:
Կոչման ընկալումը այդ մարդկանց թույլ է տվել դուրս գալ երջանկության մասին ծեծված պատկերացումների շրջանականերից: Մենք խոսում ենք ոչ թե ժամանակի ուղղակի հաճելի անցկացման մասին, այլ երբ մարդն իր տարերքում է, նա գիտակցում է իր արժեքը, ունի արժեքներ և նպատակներ: Իր տարերքում մարդը զարմանալիորեն հստակ պատկերացնում է, թե ով է իրականում: Ահա թե ինչու շատ մարդիկ, ում մասին խոսում ենք այս գրքում, իրենց տարերքի մասին խոսում են որպես աչքերը բացելու մասին:
Ինչպես գտնել կոչումը. չկա հստակ բանաձև, յուրաքանչյուրի տարերքն իրենն է: Ավելին, մենք չենք սահմանափակվում մեկով: Մարդկային պոտենցիալի առատության շնորհիվ մենք հարուստ ենք, դրա համար էլ շատ մարդիկ միանգամից մի քանի բնագավառներում կարող են տաղանդավոր լինել, միաժամանակ մի քանի գործի հանդեպ զգալ միանման կիրք:
Կոչումն ունի երկու գլխավոր նշան՝ ինչ-որ գործի հանդեպ ընդունակություն և կիրք: Երբ դրանք գիտակցվում են, առաջին պլան են մղվում պայմանները, որոնք դարձնում են մարդու կյանքը ներդաշնակ. հարաբերություն և հնարավորություն: Այդ դեպքում տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ ես սա ունեմ — ես սա սիրում եմ — ես սա եմ ուզում – որտե՞ղ գտնեմ:
Ես դա ունեմ
Ընդունակությունը ինչ-որ բան անելու բնական պայմանն է: Դա ինտուիտիվ բնական զգացում է, գիտելիք, հասկացողություն: Ջիլիան Լինը պարի հանդեպ ուներ բնազդային ընդունակություն, Մեթ Գրոունինգը՝ պատմություններ պատմելու, Փոլ Սամուելսոնը՝ էկոնոմիկայի և մաթեմատիկայի: Մեր ընդունակությունները խիստ անհատական են: Մարդը կարող է տաղանդավոր լինել ինչ-որ բնագավառում ամբողջովին, օրինակ՝ մաթեմատիկայի, սպորտի, պոեզիայի կամ քաղաքական տեսությունների: Բայց կարող է օժտված լինել առանձնահատուկ, ավելի նեղ տաղանդով: Օրինակ՝ ոչ թե ընդհանրապես երաժշտության առումով, այլ միայն ջազի կամ ռեփի: Եվ այսպես շարունակ….
Այս գրքում դուք կկարդաք մարդկանց մասին, ովքեր օժտված են խորը բնական ընդունակություններով: Նրանց մոտ ամեն ինչ չէ լավ ստացվում, այլ ինչ-որ կոնկրետ բան: Փոլ Սամուելսոնը, օրինակ, բնությունից օժտված էր մաթեմատիկական ընդունակություններով, իսկ մյուսները՝ ոչ:
Ես վերաբերում եմ դրան այլ կերպ: Դպրոցում մաթեմատիկայից կաղում էի, և շատ ուրախ էի, որ դպրոցն ավարտեցի, ու այն մնաց անցյալում: Բայց ունեցա երեխաներ, և մաթեմատիկան նորից հայտնվեց իմ կյանքում, կինոֆիլմի հրեշին նման, որին դուք համարում էիք վերացած: Ծնողների համար վտանգներից մեկն այն է, որ պետք է օգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում: Դուք կարող եք որոշ ժամանակ ձևեր թափել, բայց հոգու խորքում գիտեք, որ հատուցման օրը մոտ է:
Մինչ տասներեկու տարեկանը իմ աղջիկ Քեյթը մտածում էր, որ ես ամեն ինչ գիտեմ: Ինձ դուր էր գալիս նման տպավորությունը: Աղջիկս երբեմն խնդրում էր օգնել անգլերենից կամ մաթեմատիկայից: Ես վստահ ժպիտով գրկում էի նրան ու ասում. «Արի տեսնենք»՝ ձևացնելով, թե ես էլ եմ դժվարանում, որ նա շատ չնեղվի, որ իր մոտ չի ստացվում: Քեյթը հիացմունքով նայում էր ինձ, երբ ես հեշտությամբ լուծում էի հեշտ վարժությունները:
Մի անգամ, երբ նա արդեն տասնչորս տարեկան էր, տուն վերադարձավ քառակուսի հավասարումներով թերթիկը ձեռքին, ես զգացի, որ ծանոթ սառը քրտինքով պատվեցի: Այդ փուլում ես փորձեցի կիրառել բացահայտման ճանապարհով սովորելու մեթոդը և ասացի. «Քեյթ, իմաստ չունի, որ ես պատասխաններն ասեմ քեզ, դու այդպես ոչինչ չես սովորի, դու պետք է ինքնուրույն լուծես: Մինչ այդ ես տոնիկով ջին կխմեմ և իմիջիայլոց, երբ ավարտես, իմաստ չունի ցույց տալ ինձ, հենց դրա համար էլ պետք են ուսուցիչները»:
Հաջորդ շաբաթ նա ինձ հանդիսավոր հանձնեց մի կոմիքս, որը գտել էր ամսագրում: Կոմիքսը պատմում էր մի հոր մասին, որն օգնում էր աղջկան տնային աշխատանքն անելիս: Առաջին նկարի մեջ հայրը աղջկա ուսի վրայից նայում էր տետրին և հարցնում. «Ի՞նչ պետք է անես»: Աղջիկը պատասխանում է. «Պետք է գտնեմ ամենափոքր ընդհանուր բազմապատիկը»: Հայրն ասում է. «Դա դեռ փնտրո՞ւմ են, այն փորձում էին գտնել դեռ այն ժամանակ, երբ ես սովորում էի դպրոցում»: Ինչպե˜ս էի ես նրան հասկանում, բայց ավաղ, դրանից գիտելիք ու ընդունակություն չէր ավելանում:
Բայց որոշ մարդկանց համար մաթեմատիկան նույնքան հրաշալի և գրավիչ է, որքան մյուսների համար երաժշտությունն ու պոեզիան: Դրա համար էլ մեր ընդունակությունների զարգացումն ու բացահայտումը կարևոր դեր են խաղում իրական եսի գիտակցման հարցում: Մենք չգիտենք` ինչ կարող ենք դառնալ, քանի դեռ չգիտենք, թե ինչ կարող ենք անել:
Ես դա սիրում եմ
Կոչման ընկալումը ոչ միայն իրական ընդունակությունների հարցն է: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր բնությունից օժտված են լավ ընդունակություններով ինչ-որ հարցում, բայց նրանք այդ գործում չեն զգում իրենց կոչումը: Պետք է լինի կիրքը գործի հանդեպ, որը դառնում է իրական կոչման ցուցանիշը և մարդուն տալիս խորը ինքնաբավարարում և անսպառ ուրախություն:
Իմ եղբայր Իենը երաժիշտ է, նվագում է թմբուկ, դաշամուր և բաս-կիթառ: Մի քանի տարի առաջ ելույթ ունեցավ Լիվերպուլի խմբում, այդ խմբում էր նաև Չարլզ անունով չափազանց տաղանդավոր մի տղա, նա ստեղնահարն էր: Մի անգամ երեկոյից հետո ես Չարլզին ասացի, որ շատ եմ հավանում նրա նվագը: Հետո ավելացրի, որ ես էլ կուզեի այդպես լավ նվագել: «Ոչ, դուք դա չէիք ուզի»,-պատասխանեց նա: Պնդեցի, որ շատ եմ ուզում: «Ոչ, նկատի ունեք, որ ձեզ դուր է գալիս այդ գործիքը նվագելը: Եթե դուք ցանկանայիք նվագել, հիմա վաղուց էիք նվագել»: Չարլզը պատմեց, որ ինքը ամեն օր պարապում է երեքից չորս ժամ, որ հասնի նման վարպետության, և դրանով զբաղվել է յոթ տարեկանից:
Հանկարծ նվագել իմանալը դադարեց լավը լինելուց, ես հարցրի, թե ինչպես է նա հասել այդպիսի կարգապահության, նա պատասխանեց՝ ես դա սիրում եմ: Չարլզը ուղղակի չէր պատկերացնում իրեն այլ գործով զբաղվելիս:
Ես դա ուզում եմ
Հարաբերությունները՝ ինքներս մեր ընկալումն է, մեր հայացքը իրերին, մեր զգայական աշխարհը: Այս սուբյեկտիվ հարաբերությունների վրա ազդում են շատ գործոններ՝ ներառյալ մեր բնավորության հիմնական գծերը, անձնական, սեփական արժեքի զգացումը, շրջապատող մարդկանց ընդունումը և նրանց սպասելիքները մեր հանդեպ: Հետաքրքիր ցուցանիշ է, թե ինչպես ենք մենք ընդունում կյանքում մեր հաջողությունը:
Մարդիկ, որոնց դուր է գալիս իրենց զբաղմունքը, հաճախ իրենց անվանում են հաջողակներ: Մարդիկ, ովքեր ենթադրում են, որ կյանքում չեն հասել ոչնչի, իրենց անվանում են անհաջողակներ: Պատահականությունը մեզնից յուրաքանչյուրի կյանքում որոշակի դեր է խաղում: Բայց հաջողությունը պատահականություն չէ: Մարդիկ, ովքեր հասել են լուրջ բարձունքների, երբեք հույսը չեն դրել երջանիկ պատահականությունների վրա. նրանք առանձնացել են համառությամբ, իրենց ուժերի հանդեպ հավատով, լավատեսությամբ: Իսկ թե ինչպես ենք ընկալում մեր կյանքը, ինչպես ենք ստեղծում և օգտագործում մեզ տրված հնարավորությունները, հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք սպասում ինքներս մեզնից:
Որտե՞ղ գտնեմ
Չունենալով անհրաժեշտ հնարավորություններ՝ մենք կարող է երբեք էլ չիմանանք մեր իրական ընդունակությունների մասին, կամ թե որքան հեռուն դրանք կարող են մեզ տանել: Ընդունակությունները կարող են և ի հայտ չգալ, քանի դեռ չեն ստեղծվել համապատասխան պայմաններ դրանք իրականացնելու համար:
Իհարկե, նման իրավիճակներում հնարավոր է երբեք չփնտրել իրական կոչումը: Շատ բան կախված է մեզ տրված հնարավորություններից կամ այն հնարավորություներից, որոնք ինքներս ենք ստեղծում, և նրանից, թե ինչպես ենք օգտագործում մեզ տրված հնարավորությունները:
Իր տարերքում լինելը հաճախ նշանակում է կապը ուրիշների հետ, ովքեր ունեն նույն հետաքրքրությունը այդ գործի հանդեպ: Գործնականում դա նշանակում է ակտիվ փնտրտուք հնարավորությունների և համախոհների:
Հաճախ մեզ անհրաժեշտ են այլ մարդիկ մեր տաղանդի բացահայտման համար: Եվ մենք ինքներս էլ կարող ենք օգնել շրջապատին գտնելու իրենց կոչումը:
Այս գրքի հետագա մասերում հետազոտում ենք կոչման հիմնական տարրերը: Մենք քննարկելու ենք մարդկային ընդհանուր գծեր, ովքեր գտել են իրենց տարերքը, նայելու ենք պայմանները, որոնք օգնել են մոտենալ այդ կատարելությանը և ներկայացնելու ենք փաստեր, որոնք դժվարացնում են կոչումը գտնելու փնտրումը: Դուք կճանաչեք մարդկանց, ովքեր գտել են իրենց ուղին, և մարդկանց, ովքեր ճիշտ ճանապարհին են:
Գրքի ստեղծման ժամանակ ես նպատակ եմ դրել գրել այն, ինչը դուք, հնարավոր է, բնազդորեն զգում եք: Ներշնչել ձեզ` գտնելու սեփական կոչումը: Հուսով եմ, որ գիրքը կօգնի նորովի նայելու սեփական ներուժին և շրջապատող մարդկանց ընդունակություններին:
Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան