«Դպրոցական տխրություն» վեպի համար Պեննակը 2007թ. ստացել է Théophraste-Renaudot գրական մրցանակը։
Ուրեմն՝ ես վատ սովորող աշակերտ էի: Մանկությանս տարիներին ամեն երեկո վերադառնում էի տուն այն զգացումով, թե դպրոցն ինձ հետապնդում է: Իմ դասագրքերը խոսում էին ուսուցիչներիս նախատինքի մասին: Եթե ես իմ դասարանի վերջին աշակերտը չէի, ապա նախավերջինն էի (կեցցեմ)։
Սկզբում թվաբանությունից, հետո մաթեմատիկայից էի թույլ, ուղղագրությունից շատ վատ էի, աշխարհագրական տարածքները տեղայնացնելիս և տարեթվեր մտապահելիս ուղեղս համառում էր, օտար լեզուներ սովորել չկարողացա. մի խոսքով, բացարձակ ծույլիկ էի (չսովորած դասեր, չկատարած տնային…)։ Ես տուն էի գալիս ողորմելի արդյունքներով, որոնք ո՛չ երաժտությունը, ո՛չ սպորտը, ոչ էլ ուրիշ մի արտադպրոցական գործունեություն չէին կարող շտկել:
— Դու հասկանո՞ւմ ես: Արդյո՞ք հասկանում ես՝ ինչ քեզ բացատրում եմ:
Չէի հասկանում: Հասկանալու անկարողությունս սկսվել էր հեռավոր մանկությանս տարիներից, այնպես էր, ընտանիքումս նույնիսկ առասպել էր հյուսվել այբուբեն սովորելուս ակունքների մասին: Ես միշտ լսել եմ, որ ինձանից մի ամբողջ տարի է պահանջվել a տառը սովորելու համար. a տառը՝ մեկ տարում: Տգիտությանս անապատը սկսում էր անհաղթահարելի b-ից անդին։
— Մի՛ անհանգստացեք, քսանվեց տարուց նա կատարելապես կտիրապետի այբուբենին:
Ես զարմանքի առարկա էի, քանի որ տարիներն անցնում էին՝ առանց դպրոցական բութ վիճակս բարելավելու: «Հավատս չի գալիս»-ը, «Դեռ ուշքի չեմ գալիս»-ը սովորական բացականչություններ են՝ զուգորդված չափահասների հայացքներով, որոնցում շատ լավ տեսնում էի, որ յուրացման անկարողությունս անսահման հիասթափություն է առաջացնում: Ըստ երևույթին, բոլորն ամեն ինչ ինձանից ավելի արագ էին ըմբռնում:
— Դու կատարյալ բութ ես:
Բեռնարին տեղեկացնում եմ, որ մտադիր եմ դպրոցին վերաբերող մի գիրք գրել: Ոչ այն դպրոցի, որ գետի պես հարափոփ այս հասարակության մեջ փոխվում է, այլ այն ամենի մասին, որ չի փոխվում այս չդադարող կործանման կենտրոնում, հենց այն անփոփոխության մասին, որի մասին երբեք չեմ լսել, որ խոսեն. ծույլիկի, ծնողների և ուսուցիչների ընդհանուր ցավի, դպրոցական այս տառապանքների փոխազդեցության մասին:
— Ծավալուն նախագիծ է … Եվ ինչպե՞ս ես մտադիր սկսելու:
— Օրինակ՝ քեզ հարցախեղդ անելով։ Ի՞նչ հիշողություններ ես պահպանել, ասենք, օրինակ, մաթեմատիկայից իմ դմբոյության մասին։
Իմ եղբայր Բեռնարը ընտանիքի միակ անդամն էր, որ կարող էր ինձ օգնել դաս սովորելիս, եթե անգամ ես ոստրեի պես փակվեի սենյակումս: Մենք նույն սենյակում էինք քնում մինչև գիշերօթիկ դպրոցի հինգերորդ դասարան ընդունվելս:
— Դու պնդում էիր, որ ատում ես մեծատառերը:
— Ախ, այդ սարսափելի ժամապահ մեծատառերը: Ինձ թվում էր, թե մեծատառերը խոյանում են իմ և հատուկ անունների միջև, որպեսզի ինձ արգելեն դրանց գործածումը: Մեծատառով գրված ամեն մի բառ անմիջապես մոռացության էր մատնվում. քաղաքներ, գետեր, պատերազմներ, հերոսներ, պայմանագրեր, բանաստեղծներ, գալակտիկաներ, թեորեմներ… հիշողության արգելք՝ պրկախտ առաջացնող մեծատառերի պատճառով:
— Հերիք է,- բացականչում էր մեծատառը,- մուտքն արգելվում է, սա հատուկ անուն է, դու սրան արժանի չես, դու բութ ես:
— Բութը փոքրատառով է,- ուղղեց Բեռնարը ճանապարհին՝ կողք կողքի քայլելիս: Երկու եղբայր ծիծաղեցինք:
Ավելի ուշ նույն բանը օտար լեզուների հետ եղավ: Չէի կարողանում մտքիցս հանել, որ այն ամենը, ինչ ասվում էր այդ լեզուներով, իմ խելքի բանը չէ:
— Ի՞նչն էր քեզ խանգարում սովորել նոր բառերի ցանկը։
— Անգլերենի բառերը հատուկ անունների նման անըմբռնելի էին …
— Վերջին հաշվով դու հեքիաթ ես հորինում:
Այո, դա ծույլիկներին բնորոշ է։ Նրանք մի շարք պատմություններ են հորինում իրենց ծուլության մասին՝ ես ոչինչ եմ, երբեք ոչինչ չեմ կարողանա, նույնիսկ հարկ չկա փորձելու, ես ձեզ հենց սկզբից ասել եմ, որ դպրոցն ինձ համար չէ: Դպրոցը ծույլերի համար փակ ակումբ է՝ մուտքն արգելվում է: Երբեմն ուսուցիչներից մեկն էր օգնում:
Իհարկե, հարց է առաջանում, թե որն է ուսման մեջ իմ չառաջադիմելու պատճառը:
Հայրս՝ ճարտարագետ, մայրս՝ տնային տնտեսուհի, ոչ մի ապահարզան, ոչ մի ալկոհոլային խմիչք, ոչ մի հոգեկան խանգարում ունեցող մարդ, ոչ մի ժառանգական արատ, բակալավրի աստիճան ունեցող երեք եղբայր (մաթեմաթիկայի ֆակուլտետի ուսանողներ, ապագա երկու ինժեներ և մեկ սպա), կանոնավոր ընտանեկան ռիթմ, թարմ սնունդ, գրադարանը՝ տանը, միջավայրին և դարաշրջանին համապատասխան մշակույթ (հայրս ու մայրս ծնվել են 1914-ի սկզբին): Նկարչությունը՝ մինչև իմպրեսիոնիզմ, պոեզիան՝ մինչև Մալարմե, երաժշտությունը՝ մինչև Դեբյուսի, ռուսական վեպեր և այլն… Սեղանի շուրջ ծավալված խաղեր, կիրթ և հումորային զրույցներ:
Բայց և այնպես՝ մի ծույլիկ։
Թարգմանություն ֆրանսերենից
Թարգմանիչ՝ Կարինե Թևոսյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան
Լուսանկարը՝ genova.ogginotizie.it կայքից