Օգոստոսի 4, 1961
Լիզան մտապահում և սիրում է օգտագործել զգացմունքային լարվածություն պարունակող արտահայտություններ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես առաջին անգամ նրանից լսեցի. «Արդարացի չէ», «Ինչպես եմ այստեղ կեղտոտել», «Ինձ հունից մի’ հանիր» և «Վերջացրո’ւ»: Այս ամենն ասվում էր ստրեսի ու գրգռման պահին: Երբ նա հայտնվում է այսպիսի վիճակներում, արտահայտություններն ինքնաբերաբար դուրս են թռչում:
Նրա զրույցներն ու խաղերը փոխկապակցված են: Մի անգամ մենք մեքենայով քաղաք էինք գնում, ես առջևում էի նստած, նա՝ ետևում, և շրջվեցի, որ նայեմ նրան: Նա չարաճճիորեն ինձ նայեց ու ասաց. «Շրջվի’ր»: Նախկինում երբեք նրանից նման բան չէի լսել:
Որոշ ժամանակ անց նորից շրջվեցի, և նա նույնն ասաց, ու խաղը գնաց:
Երբեմն խաղը «հակառակ» է գնում: Մի առավոտ ինձ ասաց, որ իրեն նայեմ, և, ինձ նայելով, սկսեց պտտվել բազկաթոռի շուրջը: Մտածեցի, որ նա ուզում է, որպեսզի իրեն ասեմ, թե ինքը ինչ է անում, և այդպես էլ արեցի: Կա’մ ես ճիշտ կռահեցի, թե նա ինչ է ուզում, կա’մ էլ նրան դուր եկավ իր զբաղմունքը, ուստի նա շարունակեց մեկ այս, մեկ այն բանն անել՝ ինձ նայելով ու իմ բառերը լսելով: Իսկապես, հաճախ թվում է, թե նա երբեմն ինչ-որ բան է ասում, որ տեսնի, թե շրջապատողները ինչ կանեն, իսկ երբեմն էլ անում է ինչ-որ բան, որպեսզի տեսնի, թե նրանք ինչ կասեն:
Օգոստոսի 6, 1961
Վերջերս Լիզան ափով թեթև խփեց թշերիս, չեմ հիշում՝ ինչու: Ես ուռցրի թշերս: Այս նպատակը գայթակղիչ էր: Նա թեթևորեն խփեց, և ես բավական աղմուկով բաց թողեցի օդը: Նա ցնծության մեջ էր և պահանջեց, որ նորից այդպես անեմ: Շուտով ամբողջ ընտանիքը նրա հետ այդ խաղն էր խաղում: Հետո նա ուզեց դերերը փոխել: Նա ուռցնում էր թուշիկները, բայց նա բավարար օդ չուներ, որպեսզի ինչ-որ ձայն հաներ: Այնուամենայնիվ, դա նրան չէր տխրեցնում. խաղը նրան դուր էր եկել:
Մի որոշ ժամանակ նրան դուր էին գալիս այն խաղերը, որոնցում նա նմանակում էր մեծերին: Այժմ նա սկսում է հորինել այնպիսի խաղեր, որոնցում մենք պետք է իրեն նմանակենք: Ինչպես բոլոր լավ խաղերը, դա պատահաբար սկսվեց: Նա ծամածռություններ էր անում (նրա սիրելի զբաղմունքը), և հանկարծ մեր հայացքները հանդիպեցին: Ես, առանց երկար մտածելու, դեմքս ծռմռեցի՝ ընդունելով նման կեցվածք: Նա ուրիշ կերպարանք ընդունեց, ես կրկնեցի: Նա անմիջապես հասկացավ, որ կանեմ այն, ինչ նա է անում, և խաղը գնաց:
Մի ուրիշ անգամ նրա եղբայրները խաղում էին հյուրասենյակի հատակին. նրանք ոտքերով կռվում էին: Դա տեսնելով՝ նա պահանջեց, որ իրեն էլ ընդգրկեն խաղի մեջ: Մենք կատակով խաղում էինք նրա հետ՝ երբեմն նրան գցելով, երբեմն ձևացնելով, որ նա մեզ հաղթել է՝ այս ամենը տնքտնքոցով ու աղմուկով: Նա սկսեց տարբեր հնարքներ անել և խնդրում էր, որ դրանք կրկնենք: Նա ընկնում էր ծնկների վրա, ոտքերի ու ձեռքերի վրա պտտվում, ոտքերի արանքից ետ նայում (ինչ սիրում են անել երեխաները) և այդպես շարունակ: Մի անգամ նա ինձ տարավ տունը շրջապատող պուրակով զբոսանելու: Նա երբեմն վազում էր, երբեմն՝ քայլում, երբեմն էլ` ընթացքից ոտքը շարժում օդում: Ամբողջ ժամանակ նա նայում էր, թե ես կրկնո՞ւմ եմ արդյոք իր արարքները և ճի՞շտ եմ կրկնում:
Այդ ժամանակվանից հետո շատ է գրվել աուտիկ երեխաների մասին, երեխաներ, ովքեր մեկուսացել են իրենց ներքին աշխարհում և չեն ուզում գործ ունենալ արտաքին աշխարհի հետ: Շատ է խոսվել այն մասին, թե նրանց ինչպես վերաբերվել: Ընդունված իմաստնությունն այն է, որ ուժեղ աուտիկ երեխաների հետ ոչինչ չես կարող անել. նրանց կարելի է սովորեցնել հոգալ իրենց ֆիզիկական կարիքները և կատարել նվազագույն սոցիալական պահանջներ, ոչ ավելին: Բայց եղել են նաև ցնցող «ապաքինումներ»: Բարրի Կաուֆմանն իր «Արևային երեխայի այգաբացը» գրքում նկարագրում է, թե ինչպես ինքը կնոջ հետ դաստիարակել է աուտիզմով անհուսորեն հիվանդ իրենց երեխային: Ես նկատի ունեմ, որ նրանք սկզբից թույլ շփում են ապահովել ներանձնացած իրենց որդու համար՝ ընդօրինակելով այն ամենը, ինչ նա անում էր: Այս կերպ նրանք տղային վերադարձրել են իրական աշխարհ:
Ոչ ոք չգիտի, թե ինչու է այս մեթոդն աշխատել: Բայց այն ինձ ճիշտ է թվում: Եթե զգամ, որ աշխարհն իմ շուրջն այնպես անկանխատեսելի է ու վտանգավոր, իսկ ես՝ այնպես անօգնական, որ ռիսկ չեմ անի դուրս գալ այդ աշխարհ, ես հարկադրված կստեղծեմ իմ փոքրիկ աշխարհը, որում արտաքին աշխարհը կթվա պակաս վտանգավոր, իսկ ես ավելի ուժեղ, որպեսզի այնտեղ կարողանամ կառավարել իրադարձությունները: Բոլոր երեխաները ձգտում են նրան, որ ինչքան հնարավոր է` ավելի շատ բան կառավարեն շրջապատող աշխարհում, և նրանք ինչ-որ չափով նվաստացում, վտանգ ու վախ են զգում, երբ անընդհատ համոզվում են, որ դա իրենց չի հաջողվում: Հնարավոր է, որ աուտիկ երեխաները նման կառավարման կարիք ավելի շատ են զգում և ավելի շատ են վախենում, երբ դա նրանց չի հաջողվում, դրա համար էլ, ի տարբերություն շատ երեխաների, նրանք ընդունակ չեն համբերատար կերպով պայքարելու և դրա փոխարեն մեկուսանում են իրենց սեփական ներաշխարհում:
Օգոստոսի 9, 1961
Երեկ մենք գնացել էինք քաղաքային այգու ատրակցիոնների հրապարակ: Այնտեղ սատանայի փոքրիկ անիվ կար, ձվաձև ուղով վազող գնացք, մետաղական մեքենաներ, որոնք աղմուկով զարնվում են կլոր փայտե մրցուղում:
Առաջին իսկ օրվանից Լիզային զմայլեցին մեքենաները: Մենք նրան նստեցրինք դրանցից մեկը, և նա գնաց: Մենք մտածում էինք, որ աղմուկն ու բախումները կվախեցնեն նրան, և նա ակնհայտորեն վախի եզրին էր: Նա գնում էր շրջանով դեմքի լարված արտահայտությամբ և միայն երբեմն էր մեզ նայում: Շարժվելով շրջանով մեկ՝ նա անընդհատ պտտում էր փոքրիկ ղեկը: Նա շարժվում էր ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, ու թվում էր, որ ղեկի օգնությամբ նա շարունակ թեքվում էր դեպի ձախ: Դա պատահականությո՞ւն էր: Թ՞ե նա ինչ-որ բան հասկացել էր մեքենայի ու ղեկի շարժման հետ կապված:
Շուտով ճամփորդությունն ավարտվեց, և մենք սկսեցինք մի ուրիշ բան փնտրել: . Տարիքով մեծ երեխաները գնացքով գնում էին, սուլում սուլիչով և զնգացնում զանգը: Լիզային դա հետաքրքիր թվաց, բայց մի քիչ էլ վախենալու: Գուցե գնացքը չափից ավելի էր աղմկում, կամ չափից ավելի մեծ էր ու սև: Նա շարունակ կրկնում էր. «Ես գնացքով չեմ կարող, ես գնացքով չեմ կարող»: Մենք ասացինք, որ ամեն ինչ կարգին է, ոչ ոք նրան չի ստիպում: Նրա սիրելի զվարճանքը մնացին մեքենաները:
Որոշ ժամանակ անց դուրս եկանք այգուց, որ պաղպաղակ ուտենք: Մինչ ուտում էինք, նրա մտավոր պատկերացումները գնացքի մասին պակաս վախենալու դարձան: Ինչքան դրա մասին ավելի էր մտածում, այնքան քիչ ու անվտանգ էր թվում նրան գնացքը: Նա շատ համարձակորեն ասաց. «Ես պետք է հենց հիմա այդ գնացքը նստեմ»: Որոշեցինք, որ վախը հաղթահարելու համար նրան այդ շանսը պիտի տանք, ուստի վերադարձանք: Բայց, ավա՜ղ, երբ տեղ հասանք, գնացքը նրան նույնքան մեծ ու սև թվաց, և նա ասաց. «Գնացքով չեմ կարող, գնացքով չեմ կարող»:
Մեծ առումով դժվար չէ հասկանալ, թե մենք ինչու ենք ինչ-որ բանից վախենում: Բայց այնքան էլ հեշտ չէ ասել, թե որտեղից է ձևավորվում այդ վախերը հաղթահարելու ձգտումը, հատկապես, երբ խոսքը գնում է շատ փոքրահասակ երեխայի մասին: Համարձակության ինչ-որ տեսակներ կարելի է սովորել, բայց, անկասկած, գոյություն ունի նաև բնազդային համարձակություն, վախը հաղթահարելու ձգտում: Այդ ձգտումը կաճի, եթե մենք այն չափից ավելի չլարենք: Մենք այն պետք է բոլոր միջոցներով խրախուսենք:
Երբ Լիզան շատ է ուզում մի բան անել, ասում է. «Ինձ պետք է»: Եթե ինչ-որ բան չի ուզում անել, ասում է. «Չեմ կարող»: Դժվար չէ հասկանալ, թե որտեղից են գալիս այս արտահայտությունները: Երբ ուզում ենք, որ նա ինչ-որ բան անի, ասում ենք. «Պե’տք է»: Երբ չենք ուզում, որ անի, ասում ենք. «Չե’ս կարող»: Նա պարզապես նույն բառերով մեզ է դիմում: Նա հազիվ սկսում է գիտակցել կամքի այդ հակամարտությունը իր և հսկաների միջև, որոնք կառավարում են ամեն ինչ: Նրա ավագ եղբայրը հաճախ է նրա հետ խաղ խաղում. նա ասում է. «քեզ պե’տք է», իսկ նա շատ լուրջ պատասխանում է «չե’մ կարող»: Ապա եղբայրը շրջում է գաղափարը և ասում. «չես կարող», Լիզան վայրկենապես պատասխանում է. «ինձ պետք է»: Եվ այսպես շարունակ, մինչև եղբայրը հոգնում է:
Համարյա բոլոր հարցերին նա պատասխանում է «ոչ» կամ բացասական «չէ»: Դա չի նշանակում, թե նա մտածում է, իբր «ոչ»-ը միշտ ճիշտ պատասխան է. նա հաճախ է ասում «ոչ», չնայած գիտի, որ ճիշտ պատասխանը «այո»-ն է, ինչպես այն դեպքում, երբ ավագ քույրը, ում նա սիրում է, հարցնում է նրան. «Դու իմ քույրն ես, չէ՞»: Երկտարեկանի համար «ոչ» բառը անկախության Դեկլարացիայի և միաժամանակ Ազատության մեծ խարտիայի նման մի բան է:
(ԱՄՆ-ի անկախության Դեկլարացիան՝ անգլիական հյուսիսամերիկյան գաղութների՝ Անգլիայից անկախանալու դեկլարացիան, ընդունվել է 1776 թվականին: Ազատության մեծ խարտիան՝ անգլիական ֆեոդալների և ասպետների իրավունքների ու արտոնությունների մասին հռչակագիրը ստորագրվել է 1215 թվականին թագավորի կողմից, ծանոթ. թարգմանչի):
Դա ես չեմ առաջինը ասում: Սոված երկտարեկանը հաճախ է «ոչ» ասում անգամ այն ժամանակ, երբ նրան հարցնում են, թե չի ուզում արդյոք իր սիրած ուտելիքը: Իհարկե ուզում է: Բայց նա ուզում է նաև պատասխանել «ոչ»: Թող ասի «ոչ», բայց հետո կերակրե’ք նրան: Եթե նա իսկապես չի ուզում, նա անմիջապես ձեզ կհասկացնի:
Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները: Ժամանակակից ծնողները հաճախ են ասում. «Դա պարզապես աճի ստադիա է, նրանք դա կհաղթահարեն», կարծես թե դա հիվանդություն է, որից երեխաները պիտի ապաքինվեն: Ավելի հնաոճ ծնողները սկսում են ցույց տալ, թե ով է այստեղ գլխավորը, չնայած երեխան առանց այն էլ իրեն զգում է լիովին կախյալ վիճակում և նրա ձգտումը դեպի մեծ անկախություն պետք է բոլոր միջոցներով խրախուսել:
Լիզան, ինչպես բոլոր երեխաները, ուզում է անել այն, ինչ անում են մեծահասակները: Դա կարող է խնդիրներ առաջացնել: Ճաշի ժամանակ նա պնդում է, որ իր ուտելիքը, ինչպես մյուսներինը, ափսեի մեջ դրվի ընդհանուր ամանից, այլ ոչ թե նախապես մատուցվի: Մի քանի օր առաջ ճաշին խոզի ծեծած միս էր: Ես գիտեի, որ նա չի կարող իր կտոր միսը կտրատել և մի քանի կտոր հազիվ է ուտելու, այնպես որ փորձեցի մի քանի կտոր կտրել նրա համար: Նա ըմբոստացավ. «Մի՜ս եմ ուզում, մի՜ս եմ ուզում»: Ասացի. «Ես քեզ հենց միս եմ տալիս»: Անիմաստ էր. ես գիտեի, թե նրան ինչ է պետք, և նա էլ գիտեր, որ ես գիտեի: Նա ուզում էր, որ ափսեի մեջ ամբողջական կտոր դրվեր: Միայն այն բանից հետո, երբ նա ջանասիրաբար դանակի ու պատառաքաղի օգնությամբ կտրեց մսից, թույլ տվեց, որ ես նրա համար կտորներ կտրատեմ:
Նա տարբեր միջոցներով ցուցադրում է իր անկախությունը: Տան կողքին գտնվող այգում մի քանի ճոճանակ կա, որոնց բարձրությունը շղթաների միջոցով կարելի է փոփոխել: Տարիքով մեծ մի երեխա հանեց ճոճանակներից մեկը և թողեց գետնին: Լիզան ուզում էր ճոճվել, և նա բզբզում էր գետնին ընկած շղթան: Հարցրի. «Ուզում ես ճոճվե՞լ»: Պատասխանեց «ոչ», բայց նա միշտ այդպես է պատասխանում, ուստի ես սկսեցի շղթաներից մեկը ագուցել կեռիկին: Նա վճռականորեն ասաց. «Մի’ սարքի»: Մյուս շղթան վերցնելով և ծայրը բռնելով՝ նա ցատկոտելով սկսեց ձգվել դեպի վերնաձողը: Որոշ ժամանակ անց նա թողեց այդ զբաղմունքը և սկսեց այլ բանով զբաղվել: Ես նորից մոտեցա ճոճանակին: Նա անմիջապես ասաց. «Մի’ սարքի, Ջոն»: Աստիճանաբար այն վերածվեց խաղի: Ես դանդաղորեն մոտենում էի ճոճանակներին, նա ասում էր. «Մի’ սարքի»: Նա խաղուն էր ասում, բայց լուրջ էր: Միայն հետո, երբ նա գնաց իր գործերով, ես կարողացա կախել ճոճանակը:
Անգամ մի տարի առաջ նա շատ էր ուզում մասնակցել բոլոր այն խաղերին , որ խաղում էին մեծերը: Այն ժամանակ նրան հեշտ էր հիմարացնել: Եթե մեծերը շաշկի կամ շախմատ էին խաղում, նրանք կարող էին Լիզային տալ ազատ քարերը, որպեսզի դրանցով խաղա հատակին: Բայց դա երկար չտևեց: Շուտով նա նկատեց, որ քարտերն ու խաղաքարերն օգտագործվում են որոշակի սկզբունքով, և ինքն էլ է ուզում դրանք խաղատախտակի վրա օգտագործել: Դա շախմատ խաղացողների համար դժվարություններ էր ստեղծում: Եթե նա տեսնում է խաղը, անմիջապես մասնակցություն էր պահանջում: Խաղը նրան այնքան էլ չէր հետաքրքրում, նա պարզապես չէր ուզում անմասն մնալ այն ամենից, ինչով զբաղվում էին մեծերը: Երբեմն եղբայրները ջանում են նրանից թաքնվել՝ խաղալով իրենց սենյակի վերին մահճակալին: Բայց շուտով Լիզան գտնում է նրանց ու պահանջում. «Շախմատ խաղալ եմ ուզում»: Անիմաստ է նրան ազատ խաղաքարեր տալը. նա ուզում է խաղատախտակի վրա խաղալ: Մենք կարող ենք նրան համոզել միայն, որ թույլ տա եղբայրներին խաղալ՝ խոստանալով, որ ինքը կխաղա նրանցից հետո, ինչը նա սիրով անում է, ով էլ որ կհամաձայներ իր հետ «խաղալ»:
Նա ցնցող համբերություն և կենտրոնանալու աստիճան ունի: Մի անգամ նա գնդիկավոր մի կանաչ գրիչ գտավ և քանդեց այն: Այն չորս մաս ուներ՝ միջուկ, երկու պտուտակավոր պատյան և օղակ դրանց արանքում: Ես սկսեցի գրիչը հավաքել, բայց նա ինձ արգելեց դա անել: Անհմուտ կերպով, բայց համբերատարորեն նա բզբզում էր մասերը՝ համադրելով տարբեր ձևերով: Նա ճշգրիտ չգիտեր, թե հավաքելուց հետո ինչ տեսք պիտի ունենա գրիչը, բայց, այնուամենայնիվ, համարյա հավաքեց: Նա մի քանի անգամ ճիշտ համադրեց մասերը, բայց չէր կարողում գուշակել, թե ինչի համար է պարույրը: Նա չէր զայրանում ու ոչ էլ հիասթափվում, քսան րոպեից ավել աշխատեց, մինչև նրան կանչեցին ճաշի:
Նրան նայելով՝ հիշեցի շատ չորս տարեկանների, որ տեսել եմ մսուրում. նրանք փորձում էին գլուխկոտրուկներ հավաքել և հաճախ արցունքակալած ջղագրգռվում էին կամ զայրանում, երբ դա նրանց չէր հաջողվում: Ինչո՞ւ ավելի մեծ երեխաները պակաս ընդունակ են հիասթափությունը տանելու, ասենք ոչ թե անհաջողության պատճառով, այլ ուշացած հաղթանակի պատճառով: Ենթադրում եմ, որ դա նրանից է, որ նրանք անգամ մսուրում ծայրահեղ մրցակցային կեցվածքով պայքարում են նրա համար, որ ձեռք բերեն ուսուցչի կամ մեկը մյուսի խրախուսանքը: Երեխան, ով չի կարող գլուխկոտրուկը հավաքել, գիտի, որ մեծերն արդեն դա արել են, որ ուսուցիչը կամ մյուս երեխաները սպասում են, մինչ ինքը հավաքի, և նրանք կհիսթափվեն կամ իրեն ծաղրի կենթարկեն, եթե չկարողանա: Բայց Լիզային դեռ հետաքրքրում է միայն գրիչը և այն, թե կկարողանա՞ հավաքել դա. նա անտարբեր է, որ ուրիշները կարողանում են կամ ինչ կմտածեն իր ջանքերի մասին: Շատ չորս տարեկանների համար գլուխկոտրուկը հաճախ միայն միջոց է՝ ինչ-որ մեկի խրախուսանքի արժանանալու համար: Լիզայի համար գրիչը հավաքելը ինքնին նպատակ է:
Մարտի 7, 1963
Վերջերս Դեննին վարվեց ճիշտ այնպես, ինչպես վարվում են մյուս երեխաները: Նա երեք նկար ունի՝ հավաքովի գլուխկոտրուկներ: Եվ չնայած Դեննին ընդամենը քսանինը ամսական է, կարողանում է առանց ուրիշի օգնության դասավորել այդ գլուխկոտրուկները: Զարմանալի է, որ նա այդքան հմուտ ձեռքեր ունի և որ կարողանում է գլխում այդքան դժվար ուրվանկարներ մտապահել: Նա այդ գլուխկոտրուկները արդեն դասվորում է` առանց փորձելու և սխալվելու մեթոդի. նա գիտի, թե ինչպես պիտի տեղավորել նկարի ամեն մի կտորը: Նա որոշակի կարգ ունի, որով նախընտրում է դասավորել նկարները, բայց նաև այդ կարգի գերին չէ: Եթե նրա աչքով չի ընկնում այն կտորը, որը կնախընտրեր այդ պահին դասավորել, վերցնում է մի ուրիշը և ընդ որում՝ այն ճիշտ տեղադրում: Հետաքրքիր է նրան հետևել:
Մի անգամ նա աշխատում էր գլուխկոտրուկներից մեկի վրա. դա նավերով նկար էր: Ծայրում դրվող կտորներից մեկը իրենից ամպ էր ներկայացնում: Նա վերցրեց այն, մոտեցրեց անհրաժեշտ տեղին և փորձեց տեղադրել: Բայց մի քիչ ուրիշ դիրքով տեղադրեց, և այն չտեղավորվեց: Նա հրեց այն՝ այս ու այն կողմ շրջելով, բայց՝ անարդյունք: Նա ավելի անհանգիստ էր դառնում. գիտեր, որ կտորը պետք է այդտեղ լինի, բայց այն չէր տեղավորվում: Նրա շարժումներն ավելի արագ ու կտրուկ էին դառնում: Անսպասելիորեն նա շրջվեց խաղից, տեղափոխվեց իր ծածկոցի տակ, որ փռված էր իրենից մի քանի ֆունտ հեռավորության վրա, նստեց՝ մեծ մատը բերանում դրած, մեզ նայելով ու կարծես ասելով. «Ես գիտեմ ինչ անել նման դեպքերում»: Մենք բոլորս հիացմունքով քրքջացինք: Մի քանի ակնթարթ հետո վերականգնելով իր մարտկոցի լիցքավորումը՝ նա վերադարձավ գլուխկոտրուկին և առանց դժվարության ավարտին հասցրեց այն:
Ամեն որոշակի պահի մարդկանց ՝ շատ բան սովորել կարողանալը կախված է նրանից, թե նրանք ինչպես են այդ պահին վերաբերվում տվյալ խնդրին և այն կատարելու իրենց ընդունակությանը: Երբ մենք մեզ ուժեղ ու տեղեկացված ենք զգում, դժվար խնդիրների ենք ձեռք զարկում: Դժվարությունները մեզ չեն վախեցնում. մենք մտածում ենք. «Վաղ թե ուշ ես կհասնեմ իմ ուզածին»: Իսկ մի ուրիշ անգամ մենք կարող ենք միայն մտածել. «Ես երբեք չեմ կարողանա այդ անել, դա չափից ավելի բարդ է ինձ համար, ինձ երբեք դա չի հաջողվել, ես ինչու դա անեմ»,- և այլն: Ուսուցման արվեստը, մասնավորապես, կախված է զգալու ունակությունից, թե այս տրամադրություններից ո՞ր մեկի մեջ են գտնվում աշակերտները: Մարդիկ շատ արագ կարող են մի տրամադրությունից մյուսին անցնել: «Երբեք ուշ չէ» գրքում ես գրել եմ մի ութտարեկանցու մասին, ով շատ արագ մի տրամադրությունից կարող է անցնել մի ուրիշի՝ թավջութակի երեսուն րոպե տևող դասի ընթացքում մի քանի անգամ: Երբ մարդիկ վատ տրամադրություն են ունենում, անիմաստ է նրանց շտապեցնել կամ առաջ մղելը. դա նրանց միայն վախեցնում է ու ավելի հիասթափեցնում: Այդ ժամանակ պետք է վերադառնալ սկզբնական դիրքին, իջեցնել ճնշումը, քաջալերել նրանց, հանգստացնել, ժամանակ տալ էներգիայի և խիզախության պաշարները վերականգնելուն՝ խնդիրների իրագործման համար:
Լուսանկարը` Բուրաստան Հովսեփյանի
mskh.am-ի արխիվ
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան