Ուզում եմ խոսել Միջին դպրոցի միջավայրի մասին: Շատ ենք խոսում միջավայրի կրթական ազդեցությունից: Մարիա Մոնթեսորին ասում է. «Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը»: Տարիքին համապատասխան և զարգացնող միջավայրի ձևավորում-ամբողջացումը տեսել եմ կրթահամալիրի կրտսեր դպրոցումներում՝ բույսեր, կենդանիներ, սովորողին հարմար սեղան-աթոռներ, մեծ ու ընդարձակ դասասենյակ-լաբորատորիաներ, սովորողի ինքնուրույն գործունեությունն ապահովող պայմաններ… Տարիների ջանք էր դրված կրտսեր դպրոցականների համար մանկապարտեզային ստանդարտ, սովետական շենքները մանկան իրական գործունեության աշխարհ դարձնելու համար: Մի տեսակ մեղքի զգացում էի ունենում, երբ կրտսեր դպրոցի ծրագիրն ավարտելուց հետո 6-րդ դասարանցիները տեղափոխվում էին Միջին դպրոց: Խնամված, իրենց գունեղ, յուրօրինակ միջավայրից կրտսեր դպրոցականները հայտնվում էին Միջին դպրոցի շատ սովորական, ոչ մի բանով չառանձնացող տարածքում: Միջին դպրոցի շենքը, իր մասնակի նորոգումներով հանդերձ, մնում էր սովորական, ասել է թե՝ սովետական դպրոցական շենք: Իսկ ինչպիսի՞ միջավայր ունենա Միջին դպրոցը, որ լինի և՛ հետաքրքիր, և՛ բավարարի այդ տարիքի սովորողի կրթական պահանջմունքներին, և՛ հնարավորություն տա գործունեություն իրականցնելու, լինի զարգացնող:
Նորոգումը սկսվելու էր 2013թ. մայիսին` ամառային ճամբարի նախօրյակին: Ինչպիսի՞ միջավայր են ուզում սովորողներն ու ուսուցիչները: Միջին դպրոցը ենթակայքում վերանորոգման վերակառուցման մրցույթ-քննարկում հայտարարեց-կազմակերպեց: Առաջարկում էին սովորողները, ուսուցիչները. ամենատարբեր առաջարկներ՝ պատերի ամենատարբեր նկարազարդումներից սկսած մինչև առաստաղների հայելապատում: Հետաքրքի՞ր է, գուցե, իսկ զարգացնո՞ղ է: Լուծումն անսպասելի տրվեց: Նախ՝ քանդվեցին բոլոր պատերը. ո՛չ պատ, ո՛չ պատանկար: Սա մեր գլխավոր շինարարի՝ տիար Բլեյանի նախագիծ-նախաքանդումն էր: Երկրորդ հարկը դարձավ մի հսկա-բաց-լայն-լուսավոր ասպարեզ: Դժվար էր պատկերացնել, որ պատերն այդքան լույս են կլանում: Հավատացեք, անիմաստ ու անտեղի թվաց յուրաքանչյուր միջնորմ, պատբաժան: Ներխուժած լույսն ու արևը այլ հմայք ու ջերմություն հաղորդեցին տարածքին: Մենք պատկերացնում էինք աշխատանքային ազատ տարածք` գործունեություն իրականացնող սովորողներով ու դասավանդողներով: Սեպտեմբերի մեկն այդպես էլ սկսեցինք. հսկա լաբորատորիա՝ առանց պատերի, որտեղ աշխատում էր մոտ 120 սովորող: Չե՞ք պատկերացնում: Տեսնելու բան էր: Երբեք այդ տարածքը այդքան խաղաղ ու աշխատանքային չէր եղել: Երբեմն տարածքով անցնող ուսուցիչները զարմանում էին աշխատանքային մեղմ, հանգիստ բզզոցից, որը երբեք աղմուկի չվերածվեց: Տիար Գևորգ Հակոբյանն ասում էր` նկատե՞լ եք, որ աղմուկ չկա: Դա ակնհայտ էր: Բայց պարզվեց, որ բաց տարածության մեջ տարրալուծվող ձայնի լսելիությունը թուլանում է և, ավելորդ լարում ստեղծելով, հոգնություն է առաջացնում: Սա դասավանդողների բողոքն էր: Ինչքան էլ զարմանալի էր, սովորողներից բողոքներ չեղան, գոնե ինձ չհասան: Բայց ուսուցիչների անհանգստանությունն էլ բավական էր. առաջացել էր խնդիր, լուծել էր պետք: Լուծումը և կատարումը չուշացան: Ապակյա միջնորմներով բաժանվեցին տարածքները: Երկրորդ հարկում ստացվեցին 6 ուսումնական տարածքներ: Ձայները հավաքվեցին ապակեպատ կաբինետներում: Խնդիրը լուծվեց:
Ամենահետաքրքիրը թափանցիկության արդյունքն էր: Կարգապահության աստիճանը կտրուկ բարձրացավ: Պարզվեց՝ բացությունը նաև կարգավորող հատկություն ունի: Փակ պատերի դեպքում կարող էին կատարվել կարգուկանոնի տարբեր խախտումներ: Հանրության համար ոչ տեսանելի լինելը դրա հնարավորությունը տալիս է` դու ես, քո ուսուցիչը, քո ընկերները, մի քիչ էլ քեզ վատ կպահես, ի՞նչ է եղել որ… Իսկ այսպես դու բաց ես հասարակության առաջ: Ե՛վ ուսուցիչ, և՛ սովորող բոլորի աչքի առաջ են. ձայնդ բարձրացնում ես, լսելի ես, չորս կողմից մարդիկ նայում են: Քեզ նկատողություն են անում, կանգնեցնում են, մյուս կաբինետներից նայում են սովորողներ, ուսուցիչներ: Սկսում են գործել հասարակական հսկողությունը և պատասխանատվությունը հանրության առաջ: Այլևս դու փակ համակարգ չես, և չորս պատերի հետևում չես թաքնվի: Եղել են դեպքեր, որ սովորողներն առանց ուսուցչի խաղաղ աշխատել են իրենց տարածքում: Իսկ պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ փակ դասասենյակում… Իրեն արդարացրած այս մոտեցումն իրականացվեց նաև Միջին դպրոցի երրորդ հարկում: Ամբողջ Միջին դպրոցը դարձավ թափանցիկ, տեսանելի և բաց: Մենք այլևս չունենք հյուսիսահայաց մութ ու ցուրտ դասասենյակներ, որոնք հատկապես աշնան, ձմռան ամիսներին խնդիր էին առաջացնում: Արևը և լույսը ամբողջ տարածքինն է, ջերմությունը՝ ընդհանուր:
Թափանցիկությունը հնարավորություն տվեց միջանցք հասկացողությունը դարձնել պայմանական։ Դրանք դարձան ուսումնական տարածքներ, որտեղ աշխատում են առանձին հանձնարարություն ստացած սովորողների խմբերը՝ առանց ուսուցչի հսկողությունից դուրս մնալու: Միջին դպրոցում պակասեց վազքն ու դասամիջոցային հրմշտոցը. ապակեպատ միջավայրը պարտավորեցնող է և թելադրում է համապատասխան վարքուբարք: Խոստովանեմ նաև, որ ինքս այսպիսի արդյունք չէի ակնկալում:
Խոսեմ նաև ուսումնական տարածքի մեծության մասին. կաբինետներից յուրաքանչյուրը մոտ 70 քմ մակերես ունի: Երբ բոլորը նույն գործն են անում, իսկ մեջտեղում ուսուցիչն է` անընդհատ խոսող, անընդհատ ինչ-որ բան բացատրող, փոքր տարածքներն իրոք հարմար են՝ իրար ետևից դասավորված սեղաններով: Փոքրությունը ծառայում է իր նպատակին: Իսկ գործունեություն իրականացնելու համար, երբ մի խումբը կարող է քննարկում անել, մյուսը՝ լուռ աշխատել, անհատ սովորողներ՝ առանձին ուսումնական աշխատանք անել, մեծ, ազատ տարածքը դառնում է կենսական անհրաժեշտություն: Եվ պատահական չէի նշում նաև միջանցք-ուսումնական տարածքների մասին: Համապատասխան կազմակերպման դեպքում նույն դասաժամին ուսումնական տարածք է դառնում նաև ակումբ-ընթերցասրահը, որտեղ ակումբավար-ընթերցավարի կազմակերպմամբ կարող են սովորողների խմբեր աշխատել: Այսօր Միջին դպրոցում դժվար է նշել տարածք, որն ուսումնական չէ: Եռահարկ մասնաշենքը մի հսկայական բաց, թափանցիկ, լուսավոր ուսումնական տարածք է: Եվ դա լավ է:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան