Ուսուցման կազմակերպման կրթահամալիրային փորձը միանգամայն հնարավոր է դարձնում 2014-2015 ուսումնական տարում անցում կատարելու առարկայական նախագծի՝ որակական առումով բոլորովին նոր փուլի:
Ներկայացնում եմ Միջին դպրոցում փորձարկում անցած ուսուցման կազմակերպման նոր ձևը, այն է՝ ուսուցման կազմակերպումը առանց տնային պարտադիր աշխատանքի:
Սովորողներն առաջադրանքներն ստանում են ոչ թե ամեն օր, այլ միանգամից՝ ասենք մեկ ամսվա կամ մեկ կիսամյակի համար: Առաջադրանքների մատուցման այս ձևը նպատակահարմար է մի շարք առումներով՝
- հստակ են սովորողի աշխատանքի կատարման ժամկետները, նշված է վերջնաժակետը.
- դասավանդողի և ծնողի կողմից տեսանելի է սովորողի աշխատանքի կատարման տիրույթը.
- գործատուի համար տեսանելի է դասավանդողի աշխատանքի կատարման տիրույթը։
Առաջադրանքների փաթեթը դասավանդողը տեղադրում է բլոգում կամ Google տարածքում՝ հղումը ուղարկելով սովորողներին: Սա հնարավորություն է տալիս ծնողին տեսնելու իր երեխայի անելիքը: Սովորողը առաջարկվող աշխատանքը կատարում է դպրոցում եղած ժամանակ:
Դասավանդողին ևս հարմար է այսպես աշխատելը, որովհետև.
- ժամանակ է ունենում նախապես կազմելու առաջադրանքները.
- աշխատանքից հետո ստիպված չի լինում ամեն օր առաջադրանք կազմել-ուղարկել.
- դասավանդողը իր գործի գերակշիռ մասը կատարում է դպրոցում՝ ինքնակրթության համար ավելի շատ ժամանակ ունենալով։
Իսկ, որպեսզի մեր դասավանդողները պատրաստ լինեն առանց ավելորդ լարվածության սկսել նոր ուսումնական տարին, նախ պետք է ունենան՝
- առարկայական ծրագրեր
- առաջադրանքների փաթեթներ
- առաջարկվող մեդիափաթեթներ
Այս ամենը տարվա ընթացքում լրացնում են սովորողները, ունենալով՝
- կատարված աշխատանք՝ հարցերի և առաջադրանքների պատասխանների տեսքով
- կատարված աշխատանքի գնահատում-վերլուծություն
- գնահատականի հիմնավորում-վերանայում
Աշխատանքային փուլերը (մեթոդական նկարագրություն)
Առաջին փուլ
Սովորողը մեկ ամսվա (ժամկետը մոտավոր է՝ կապված տվյալ թեմայի տևողությունից, նյութի աշխատատարությունից, սովորողների մոտիվացիայից և այլն) համար ստանում է.
- այս կամ այն թեմայով՝ հիմնականում ստեղծագործական բնույթի հարցեր և առաջադրանքներ.
- առաջադրանքների կատարման համար նախատեսված կոնկրետ մեդիափաթեթ։
Աշխատանքը սկսելուց առաջ դասավանդողը սովորողին անպայման ծանոթացնում է աշխատանքին ներկայացվող պահանջներն ու գնահատման համակարգը:
Երկրորդ փուլ
Աշխատանքը ավարտելուց հետո սովորողը ինքնուրույն կամ դասավանդողի, ծնողի օգնությամբ կատարում է աշխատանքի գնահատում-վերլուծություն, այսինքն՝ որքանով է իր կատարած աշխատանքը համապատասխանում դասավանդողի՝ նախապես ներկայացրած պահանջներին:
Ինչ բացթողումներ, ձախողումներ կամ թերություններ ունի կատարված աշխատանքը, աշխատանքի որ հատվածում են ակնհայտ հաջողությունները, որ մասում է քիչ թե շատ երևում հետազոտական միտքը:
Փորձը և ժամանակը ցույց են տալիս՝ առավել հաջողում են հենց նրանք, ովքեր կատարում են նման վերլուծություններ: Սա հնարավորություն է տալիս հետագայում հնարավորինս զերծ մնալու նկատված թերություններից և հակառակը՝ նկատելու և զարգացնելու հաջողոթյուններն ու ձեռքբերումները:
Ի դեպ, ոչ միայն սովորողն է վերանայում իր աշխատանքը, այլև՝ դասավանդողը: Այդ վերանայման արդյունքում նկատելի են դառնում թերությունները, իսկ ստացված դիտողությունների ու առաջարկությունների հենքի վրա քննարկվում և համապատասխան փոփոխություններ են կատարվում:
Երրորդ փուլ
Սովորողը գնահատում է իր կատարած աշխատանքը՝ հիմնավորելով այն: Գնահատականը դնելիս հաշվի է առնվում ոչ միայն և ոչ այնքան կատարած աշխատանքի ծավալը, որքան՝ որակը: Ընդ որում, շեշտը դրվում է սովորողի կատարած դիտարկելի գործունեության, ինքնագնահատման, սեփական արդյունքների վերանայման վրա՝ ի սկզբանե ենթադրելով արդյունքների հրապարակում-գնահատում: Նման մոտեցման դեպքում դասավանդողի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ: Բացի դա, սա հնարավորություն է տալիս նաև մեկ անգամ ևս վերանայելու բլոգը՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ:
Որպես վերջնական աշխատանքի արդյունք սովորողը դասավանդողի բլոգի համապատասխան նյութի տակ դնում է ընդամենը մեկ հղում՝ միանգամայն տեսանելի դարձնելով իր՝ մեկ ամսվա կամ մեկ կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքը:
Եվ վերջում՝ այս կերպ ուսուցման ամենամեծ առավելությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ
- ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումը.
- դիտարկելի գործունեությունն ու ինքնակազմակերպվածությունը.
- ինքնագնահատումն ու սեփական արդյունքների վերանայումը։
Իմ կարծիքով, հենց այս որակներն են ապահովում այսօրվա սովորողի, վաղվա քաղաքացու, ընդհանրապես՝ մարդու կատարելագործումն ու զարգացումը:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան