Իհարկե, մեր կյանքի և ձեռքբերումների մասին պատմող հայերեն նյութերն այլ լեզուներով ներկայացնելը կարևոր ուսումնական աշխատանք է, բայց այսօր խոսում եմ օտար լեզուներից արվող թարգմանության մասին։
Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ, ծրագիր մշակող, փորձարկող, իրականացնող, արդյունքներ վերլուծող մանկավարժական աշխատողը շատ է կարդում. այլ կերպ չի լինի։ Հայերեն մանկավարժական գրականությունը, այդ թվում՝ հին ու նոր թարգմանությունները, չեն կարող բավարարել կրթության բովանդակությունն ու կազմակերպումը նորացնել կամ փոխել ցանկացողին։ Իսկ աշխարհը մեծ է, պետական կարգերը, լեզուները, հավատալիքները, արժեքային համակարգերը տարբեր են, բայց հանրային կրթության փակուղային վիճակն ամենուր հուզում է կրթության, գիտության, արտադրության ոլորտի առաջադեմ գործիչներին։ Քննարկման են դրվում և՛ կրթության բովանդակության, և՛ կազմակերպման հարցերը, և կրթության փիլիսոփայությունն ու կրթական (կրթության միջոցով վարվող) քաղաքականությունը։ Ըստ իր հետաքրքրությունների, իր գործունեության ծրագրման և կազմակերպման նպատակով համացանցում մանկավարժական և այլ մասնագիտական գրականություն «թերթող» մանկավարժական աշխատողը, որ ծրագիր է ստեղծում և իրականացնում հանդիպում է հոդվածների, գրքերի, ուսումնական նյութերի, որոնք նրա կարծիքով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, և ոչ միայն իր համար, որոնք կարող են օգտակար լինել հայերեն ընթերցող շատերին, հնարավորություն տալ ծանոթանալու կրթական ծրագրի, առարկայական դասընթացի, ուսուցման կազմակերպման նոր մոտեցումների, մեթոդական մշակումների, որոնք նոր ուսումնական նյութ կարող են լինել սովորողների համար, մի խոսքով՝ որոնց հայերեն թարգմանությունը կարող է հարստացնել հայալեզու համացանցը։ Այդպիսի նյութը նա սկսում է անձամբ կամ ընկերոջ (ընկերների) հետ թարգմանել իր բլոգի համար։ Բծախնդիր թարգմանիչը աշխատանքն սկսելուց առաջ հարցնում է նաև գործընկերների կարծիքը։
Հեղինակային կրթական ծրագրի սովորողն էլ թարգմանիչ է. նա սովորաբար թարգմանում է տարբեր դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական նյութեր՝ իր համար, ընկերների համար, իր ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով։ Սովորողի թարգմանական աշխատանքը՝ որպես լեզվական-խոսքային գործունեություն, գնահատվում է երեք առումով՝
- ինչ է թարգմանել, ում է դա պետք. գնահատում է ուսումնական բնագավառի, դասընթացի մասնագետը.
- որ լեզվից է թարգմանել, ինչ բառարաններ է գործածել, օտար լեզվի ինչ գիտելիք և հմտություններ է յուրացրել-զարգացրել. գնահատւմ է օտար լեզվի մասնագետը.
- ինչպես է թարգմանել, հայերենի ինչ խոսք է ստացել. գնահատում է հայոց լեզվի մասնագետը։
Եթե թարգմանության արդյունքը տեսանյութ է, աուդիոնյութ, աշխատանքը գնահատվում է նաև այդ առումով։
Կրթահամալիրում թարգմանությունները դեռ մեծ մասամբ ռուսերենից են, սակայն, մանավանդ սովորողները, սկսել են նաև անգլերեն կարդալ, թարգմանել… Թարգմանությունն ուսումնական աշխատանք է նաև սովորողների ընտրությամբ երրորդ օտար լեզվի՝ ֆրանսերենի, վրացերենի, գերմաներենի, թուրքերենի, իսպաներենի ուսուցիչների և նրանց սաների համար։ Արված թարգմանական աշխատանքի ծավալի մասին կապրելի է դատել մանկավարժական «Դպիր», պատանեկան «Լուսաստղ», «Հեռադիտակ», նախադպրոցական կրթության «Պարտեզ» հանդեսների թարգմանական էջերով, «Թարգմանիչ» հանդեսով։ Բայց դա, իհարկե, ամբողջը չէ։ Ամսագրերի խմբագրությունները գուցե արդեն չեն էլ հասցնում ուսուցիչների, սովորողների բլոգներում հետևել թարգմանական աշխատանքի ամբողջ ծավալին։ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող թարգմանական ամենամյա ստուգատեսը և՛ ամփոփում է ամբողջ արդյունքը, և՛ հնարավորություն տալիս համեմատելու դրանք նախորդ տարիների հետ։ Իսկ տարիների ընթացքում կուտակված մանկավարժական գրականությունը` Դյուի, Մոնտեսորի, Ֆրենե, Ֆրեյրե, Գատո…, արժեքավոր է որպես կրթահամալիրում մշակվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագրի հիմքեր։
Ինչպես է արվում թարգմանություն ուսումնական աշխատանքը։ Աշխատանքն սկսելու համար թարգմանիչը նյութը տեղադրում է իրեն հարմար էլեկտրոնային աշխատանքային էջում (ms word, rtf, web page և այլն), որը կարող է պարբերաբար պահպանել իր համակարգչի մեջ կամ համացանցային անհատական տարածքներում։ Թարգմանելուց առաջ արժե մի քանի անգամ կարդալ տեքստը՝ ոչ միայն այն լավ հասկանալու, ամբողջը պատկերացնելու համար, այլ նաև նրա կառուցվածքը, ռիթմը յուրացնելու, հեղինակի բառապաշարի վերաբերյալ դիտարկումներ անելու։ Լավ է թարգմանությունն անել՝ պահպանելով օտարալեզու նյութը, նախադասություն առ նախադասություն։ Սա և՛ թարգմանչին է հնարավորություն տալիս ՝ վերադառնալու իր աշխատանքին, վերանայելու իր ընտրած թարգմանությունը, և՛ նյութը խմբագրողի գործն է հեշտացնում։
Ի՞նչ բառեր է գործածում հեղինակը։ Ինչպիսի՞ նախադասություններով է խոսում։ Նախ՝ արժե ստուգել հեղինակի և տեքստում եղած անունների (մարդկանց, վայրերի), տերմինների հայերեն տառադարձությունը, ուղղագրությունը։ Իհարկե, կարդալիս և մանավանդ թարգմանելիս բառարան ենք գործածում. կեցցե, համացանցը, որ ամենատարբեր բառարաններ է առաջարկում՝ և՛ երկլեզու, և՛ հոմանիշների, և՛ բացատրական, և՛ արմատական, ստուգաբանական, և՛ուղղագրական, և՛ զրուցարաններ (ի դեպ, մի քանի օր առաջ տեսա, որ «Նայիրին»՝ nayiri.com-ը հրապարակել է նաև Գ. Ջահուկյանի ստուգաբանական բառարանը)։ Կասկածո՞ւմ ես գտածդ բառի վրա, յոթը բառարանով չափիր, մինչև որոշելը։ Բացատրվող բառի բազում իմաստներից, հոմանիշներից ամենատեղին տարբերակը գտնելը ոչ միայն հմտություն է պահանջում, որ աշխատանքի ընթացքում է ձևավորում, այլ նաև կարդացածություն, լեզվական «հոտառություն» և ճաշակ։ Խոսքը մարդու ստացած կրթությանը չի վերաբերում. թարգմանչին կարող են իր կրթությունն ու խոսքի մասին ընդունված կարծիքները թելադրել, որ, օրինակ, ավելի ճշգրիտ և դիպուկ արտահայտվելու համար պետք է հոմանիշներ գործածել։ Իսկ եթե հեղինակը գործածվող լեզվում հոմանիշների առկայության դեպքում անընդհատ նույն բառն է գործածո՞ւմ իր խոսքում… Արժե նկատել այդպիսի նրբությունները։
Հայերեն նախադասությունները ձևակերպելիս, բնականաբար, առաջին պլան են գալիս հայերենի ձևաբանական-շարահյուսական օրինաչափությունները։ Երբեմն բառացի թարգմանությունը հանգեցնում է ոչ հայերեն նախադասության՝ անհարթ, սխալ խնդրառությամբ կամ շարադասությամբ, այդ պատճառով՝ անհասկանալի, անբովանդակ կամ այլ բովանդակության տեքստի։ Բառերը թարգմանելուց ոչ մի օգուտ չկա, եթե ստացված նախադասությունը հայերեն չէ ու ճիշտ չէ։ Չարժե առաջ անցնել, եթե նախադասությունը չի ստացվել։ Շատ են վրիպում բայի ժամանակաձև ընտրելիս. հայերենը անցյալի մասին արտահայտվելու համար բացի կատարյալից նաև վաղակատար ու անկատար ձևեր ունի, գումարած ըղձական, ենթադրական ու հարկադրական անցյալները, բայց անցյալ ժամանակ տեսնելիս, չգիտես ինչու, անցյալ կատարյալով են թարգմանում. մտքի սխալ է առաջանում, տեքստն էլ միայն տուժում է։ Մի բան էլ. դիմավոր բայը գաղափար տալիս է գործողությունը կատարողի մասին. ամեն անգամ անձնական դերանուն գրելիս արժե կասկածել՝ պե՞տք է որ…
Մանավանդ բարդ ստորադասական, բազմաբարդ նախադասությունները, դերբայական դարձվածով կառույցները թարգմանելիս խառնվում են հարաբերությունները, լրացում-լրացյալները փոխում են տեղերը, լրացումները՝ տերերին, իրենց շարահյուսական պաշտոնը։ Բերեմ խոսքային այսպիսի վթարի օրինակներ. «Այսպիսով մարդկային էակի պասիվ կողմից երեխաների կյանքում զարգանում են էսթետիկական և մտավոր երանգներով զվարճանքներ, իսկ ակտիվ կողմից զարգանում են պարապունքներ, աշխատանքներ, խաղերի տարբեր տեսակներ», կամ «Հայտնի է, որ ոչ հաճախ են հարուստ ծնողների երեխաները հուսահատ կարոտում ու հոգնած խաղում՝ ունենալով խաղալիքների մի ամբողջ խանութ, իսկ աղքատների երեխաները մի քանի խաղալիքով ու տարբեր լաթերով շատ ուրախ և երջանիկ անցկացնում իրենց ժամանակը», կամ «Նկատելով կապը զարգացման անցանկալի հատկությունների և երեխայի խաղին կրքոտ տրվելուն՝ ծնողները անցնում են ժամանցի կողմը և փորձում թուլացնել իրենց որդու կամ դստեր խաղային կողմը» (մեջբերումները տարբեր մարդկանց աշխատանքներից են)։ Այսպես չի լինի. պետք է նորից համեմատել բնօրինակի և թարգմանության նախադասությունները՝ ստուգելով՝ նույն բա՞նն են ասում դրանք։ Երբեմն հայերեն նախադասությունը թեև ճիշտ, բայց արհեստական կամ խրթին է այն դեպքում, երբ բնօրինակում նույն նախադասությունը նորմալ է դիտվում, հեշտ ընկալվում։ Այդ դեպքում գուցե և նախադասության կառուցվածքին կարելի է «կպչել», բայց շա՜տ զգույշ։ Երբեմն զավեշտալի բան է ստացվում, երբ հայերեն բառացի թարգմանվում է դարձվածքը և հանդիսավոր տեղավորվում նախադասության մեջ։ Եթե դարձվածքին համարժեք հայերեն դարձվածք չի գտնվում, պետք է նրա իմաստը թարգմանել։
Եթե թարգմանվող տեքստում հանդիպում են ծանոթագրություն չունեցող մեջբերումներ, անուններ, արժե, որ թարգմանիչը ճշտի, թե ինչի կամ ում մասին է խոսքը։ Համացանցը այս դեպքում էլ իսկական «ընթերակա» է, փնտրվող բառով, արտահայտությամբ այնքան տարբերակ կհավաքի, որ թարգմանիչը հանգիստ լուսաբանի տեքստը թեկուզ միայն իր համար, մութ բաներ չմնան տեքստում։ Օրինակ՝ ռուսերեն տեքստի թարգմանիչը հանդիպել է «Егда был еси юн, поясался еси сам, и ходил еси, аможе хотел еси: егда же состареши-ся, воздежеши руце твои, и ин тя пояшет, и ведет, аможе не хощеши» նախադասությանը և ձեռքերը վեր բարձրացրել, թե հատվածը ռուսերեն չէ, երևի ուկրաներեն է, որն էլ ինքը չգիտե։ Այնինչ որոնելու դեպքում արագ պարզվում է, հատվածը Նոր Կտակարանից է (կարելի էր գլխի ընկնել), հին ռուսերեն, և կարելի է մեջբերել համարժեք գրաբար հատվածը. «Մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր՝ յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի եւ տարցին՝ ուր ոչ կամիցիս»: Լավ ստացվեց։
Ուրիշի ուղղակի խոսք թարգմանելիս պետք է ուշադրություն դարձնել այդ «ուրիշի» խոսքին՝ համարժեք թարգմանելու համար դա։ Թարգմանելիս վրիպում ենք հատկապես կոչականների ժամանակ։ Երբ հոր-մոր, տատ ու պապի, երեխայի, ուսուցչի խոսք եք թարգմանում, փորձեք հնչեցնել դա և համեմատել ձեր շրջապատում հնչող խոսքի հետ։ Երբեմն այնքան պարտադիր է դառնում, օրինակ, անվանը «ջան» ավելացնելը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հոդերին. թարգմանվող տեքստում կարող են հոդեր չլինել, որովհետև այդ լեզվում չկան (բացի որոշյալից. իսկ ռուսերենը դա էլ չունի), բայց հայերենում կան, չէ՞, և բանավոր խոսքում շատ էլ գործածվում են։
Թարգմանությունից հետո ամբողջական հայերեն տեքստը արժե հավաքել մի տեղ և ուղղակի կարդալ, ընկերներին կարդալ տալ. արդյո՞ք մարդիկ նույն բանն են կարդում, ինչ թարգմանիչը գրել է կամ ցանկացել է գրել։
Կարո՞ղ է թարգմանիչն իր ընտրած նյութից որոշ հատվածներ բաց թողնել։ Կարող է, բայց պիտի նշի կախման կետերով, ծանոթագրությամբ, իսկ թարգմանությունը հրապարակելիս պիտի «խոստովանի», որ ոչ թե ամբողջական տեքստ է ներկայացնում, այլ «ծաղկաքաղ» կամ ուղղակի «հատվածներ»։ Նույն պահանջը վերաբերում է տեքստի փոխադրությանը. չի կարելի ազատ փոխադրությունը ներկայացնել որպես թարգմանություն։ Իսկ փոխադրություն անելիս կարելի է նաև անձնանուններ և տեղանուններ փոխել, եթե պատմական անուններ չեն, թարգմանության փոխարեն վերապատմել՝ համառոտ կամ ընդարձակ, չպահպանելով նախադասությունների քանակը և կառուցվածքը։ Խոստովանեմ, որ փոխադրությունն ինձ ավելի լուրջ աշխատանք է թվում։
Վերջում հիշեցնեմ, որ պետք է նշել ընտրած նյութի աղբյուրը, հղում դնել այն էջի վրա, որտեղից վերցվել է։ Եվ խորհուրդ տամ կարդալ Մերուժան Հարությունյանի «Մեր գրական սխալ ոճերը» հոդվածը. այնուամենայնիվ կասկածելու, մտածելու, հաստատելու հնարավորություն է, որին արժե անդրադառնալ։