«Ըստ իմ հաշվարկների՝ երկու տարուց ես բավականին լավ ու հիմքային գիտելիք եմ ունենալու էն բոլոր ոլորտներից, որոնք ես սիրում եմ ու ուսումնասիրում եմ թրեյնինգների, դասընթացների, մաստեր կլասների օգնությամբ: Մինչև հիմա համալսարանում հայտնվելուս իմաստը չեմ հասկանում (համալսարանը լավն ա, ես ուղղակի համալսարանի ապրանք չեմ), որ հիշում եմ՝ պիտի
գնամ երկու տարի էլ մագիստրատուրայում ժամ սպանեմ, գժվում եմ»:
Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառումից
Ժամանակակից հանրակրթությունը նման է հոսքագծի. բոլորի համար միատեսակ ծրագիր, միասնական պահանջներ, ժամանակի հստակ հատված, որի ընթացքում այսքան սովորողներ պիտի այսքան բան իմանան ու կարողանան, դեռ պիտի իրենց համար էլ արժեքային հստակ համակարգ ձևավորեն։ Բայց մարդիկ իրենց հնարավորություններով տարբեր են։ Եվ դա խնդրի միայն մի մասն է։ Իրականում մարդիկ տարբեր են նաև իրենց պատկերացումներով, իրենց երազանքներով, իրենց պահանջմունքներով, այդ թվում` և կրթական պահանջմունքներով։
Դպրոցի համահարթեցնող, հավասարեցնող ծրագրերն առաջադեմ ու գործի մասնագետ-մտավորականների շրջանում դպրոցի նկատմամբ թերահավատություն են առաջացրել (Բիմ-Բադ և ուրիշներ), իսկ ոմանք (Իվան Իլլիչ) նույնիսկ մերժում են դպրոցն ընդհանրապես՝ որպես վտանգավոր կառույց։
Այդպես է։ Քանի որ հարկավոր է կարճ ու սահմանափակ ժամանակում որոշակի քանակի մարդկանց որոշակի գիտելիքների տեր դարձնել, հարկավոր է կայուն սխեմատիկ ծրագիր` այն նվազագույնը, որ ժամանակակից աշխարհի քաղաքացիներին պետք է` իրենց կյանքը արժանապատիվ ու հնարավորինս հաջողակ կազմակերպելու համար։ Սակայն ժամանակակից աշխարհն ինքը լայն ու փոփոխական հասկացություն է։ Ուրեմն՝ ինչպես վարվել, որ և՛ բավարարվեն տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց կրթական պահանջմունքները, և՛ հարափոփոխ աշխարհում ժամանակի զուր վատնում չլինի կրթությունը։
Սովորող չափահաս մարդն իր իրավունքն է համարում զանազան դասընթացների մասնակցելով՝ ոչ ֆորմալ կրթությամբ բավարարել իր կրթական պահանջմունքը։ Իսկ ի՞նչ կարող ենք առաջարկել դպրոցականին. թերևս՝ ակումբային գործունեություն։ Ոչ ֆորմալ կրթությունը մարդու նախասիրած, նրա ընտրած ոլորտում է։ Դպրոցականը, ընտրելով իրեն առաջարկված ակումբներից, անկասկած հարստացնելու է իր գիտելիքներն իր ընտրած ասպարեզում, ինքնակրթվելու է հաճույքով։ Դասավանդողին այս դեպքում մնում է սովորողի ընտրած ասպարեզը ծառայեցնել իր ծրագրած ու պետական չափորոշիչներով պահանջված հմտությունները մշակելուն։ Որպես ոչ ֆորմալ կրթություն՝ ակումբային գործունեությունը տարիքային, տարածական կամ ժամանակային սահմաններ չի ճանաչում։ Այստեղից՝ ակումբը հավակնում է դառնալու կյանքի դպրոց, եթե, իհարկե, կազմակերպվում է կեցության պայմաններին հնարավորինս մոտեցված։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ակումբային գործունեության՝ ավագ, և սովորողի ընտրությամբ առարկաների՝ միջին դասարաններում դասավանդման զգալի փորձ ունի։ Սովորողները ոչ միայն հետաքրքիր առօրյայով են ապրում հենց դպրոցին հատկացված ժամանակահատվածում, այլև որոշ դեպքերում (ինչպես այս տարվա շրջանավարտներ Ավետիսն ու Վիտալին) հետաքրքրությունը դարձնում են մասնագիտության ընտրություն։
Պատասխանատու սովորողի հետ իր ընտրած ասպարեզում ազատ հնարավոր է ամենահամարձակ ծրագրերն իրականացնել։ Այս տիպի գործունեությունն է առանց ավելորդ լարման հետազոտական մեթոդներին դիմում, նախագծային աշխատանքներ անում, պրոպագանդում իր ընտրած ասպարեզը, հանրօգուտ արդյունք տալիս հենց գործընթացի ժամանակ։ Ասպարեզ ընտրած սովորողն իր հայտնաբերած-սովորածը ցուցադրելու, ներկայացնելու անհրաժեշտություն է ունենում։ Շատ աշխատանքներ, որ նյութ են դառնում կրթահամալիրի և հանրային այլ կայքերի, հենց ակումբային գործունեության արդյունք են։ Սովորողի ոչ ֆորմալ գործունեության արդյունք են նաև արվեստն ընտրածների պլեներները, ցուցահանդեսները, ներկայացումները, համերգները և այլն։ Ամեն դեպքում, դպրոցական առօրյան աշխուժանում է հենց այս տեսակ գործունեությամբ, որը, սակայն, ծնողին ու հասարակությանը հասկանալի գնահատում չունի՝ թվերի չի վերածվում։
Իսկ ֆորմա՞լ կրթությունը։ Կրթության ֆորմալ մասը նույնքան անհրաժեշտ է հենց այն սովորողներին, ում համար, գոնե սկզբնական շրջանում, ստեղծագործական ու ազատ կյանքը երերուն ծովի է նման։ Բայց կրթության ֆորմալ մասը անհրաժեշտ է նաև նրանց, ովքեր, իրենց ակումբում լիարժեք դրսևորվելով, հանրակրթության մնացած բնագավառներից հետ չմնալու (չափորոշիչների պահանջները բավարարելու) խնդիր ունեն։ Դրա համար ֆորմալ կրթությունը հարկ է, որ ունենա հստակ նպատակ։ Հանրակրթական ֆորմալ դասընթացը պիտի մատչելի լինի բոլորին, հետևաբար՝ պարզ և հիմնավորված։
«Լավ, ես ի՞նչ անեմ, որ գոնե «7» ստանամ»։
Ֆորմալ դասընթացի իմ սովորողներից մեկի արտահայտությունը
Ոչ ֆորմալ կրթության նպատակները չեն կարող հակադիր լինել ֆորմալ կրթության նպատակներին։ Դրանք իրար ավելի շուտ լրացնում են։ Դրա համար այդ երկու մակարդակների (համարենք դրանք մակարդակներ) գնահատումը համատեղելը արդյունավետ կարող է լինել։ Ակումբային գործունեությունը կարող է ընդգրկել բնագավառի մի քանի առարկաներ։ Դա հնարավորություն է տալիս կուտակած հմտությունների համար գնահատելու հենց մի քանի առարկաներից։ Օրինակ՝ եթե սովորողն ընտրում է «Ընթերցանություն և թարգմանություն» ակումբը, բացի ակումբին հատուկ ակտիվությունից՝ ընթերցանություն և քննարկումների կազմակերպում, իր կարդացած նյութը հասկանալու համար ոչ միայն ստեղծագործության մասին տեղեկություններ է հավաքում-ընտրում (գրականագիտություն), այլև գրողի ապրած ու ստեղծագործության ներկայացրած ժամանակաշրջանն է ուսումնասիրում (պատմություն), հմտանում է հրապարակային ելույթ ունենալում (բանավոր խոսքի մշակույթ՝ հայոց լեզու), քննարկում է ստեղծագործության կերպարներին բարոյագիտության և հոգեբանության տեսանկյունից (հասարակագիտություն), անհրաժեշտության դեպքում թարգմանություն է կատարում (մայրենի գրավոր խոսքի մշակման հետ հղկում է նաև իր՝ օտար լեզվի իմացությունը)։ Այսինքն՝ այս սովորողը գնահատվում է հինգ առարկայից։ Հաջողությունները, որ կարտահայտվեն հանրակրթական մի շարք առարկաների գնահատականի ձևով, հասարակության համար հասկանալի և ընդունելի կլինեն։ Սա հասարակության հետ համագործակցության գնալու ամենահարմար ճանապարհն եմ համարում։ Բայց այսպես կարող ենք աշխատել իրոք հետաքրքրված և պատասխանատու սովորողի հետ։ Արդյո՞ք ակումբային գործունեությունն ընտրում են հենց հետաքրքրության սահմաններում։
Այն, որ ավանդական դպրոցների գերակա նպատակը բուհին նախապատրաստելն է, ենթադրվում է։ Հասարակության ու դպրոցի լուռ համաձայնությամբ մարդու կյանքի ամենաակտիվ տարիներն անցնում են՝ ըստ էության նրան սահմանափակելով։ Ավագ դպրոց եկած սովորողն անհամարձակ է, մի շարք բարդույթների տակ կքած, մեծ մասամբ՝ ընտրություն անելու անընդունակ։ Սովորաբար ընտրում են ծնողների խորհրդով (որոնք իրենց երազանքներն են մտադիր իրականացնել), շատերն էլ ընտրում են ընկերոջը՝ նրա հետ նույն խմբում լինելու նպատակով։ Պատահում է՝ դեր է խաղում ուսուցչի ագրեսիվ կեցվածքը (վախը, որ նրա խումբը չընտրելու դեպքում խնդիրներ կունենա), երբեմն պատահականության սկզբունքն է գործում, հենց տեղում գրանցողի ակնարկ-առաջարկն է անցնում։ Ակումբի անխափան գործունեությունն այսպիսի դեպքերում կախված է սովորողի հաստատակամությունից կամ ընտրության հիմնավոր լինելուց։ Բայց եթե ակումբն ընտրել է՝ շրջանցելով նախասիրությունը, ամենայն հավանականությամբ խնդիրները շատ շուտով զգալ են տալու իրենց։
Լինում են սովորողներ էլ, որ պարզապես չեն կողմնորոշվել, չունեն նախընտրություն, իրենց տրամադրությունը կամ ընդունակությունները առաջարկված ոչ մի ակումբի հետ չեն համատեղվում։ Պարտադրելով ակումբային գործունեությունը կամ խորհուրդ տալով մեր հեղինակության դիրքերից՝ սովորողին դնում ենք ենթակայի, կատարողի կրավորական վիճակի մեջ։ Հասկանալի է, որ սահմանված ժամաքանակը դպրոցականը պիտի սովորելուն տրամադրի։ Արդար եմ համարում, որ չկողմնորոշված սովորողին ոչ թե պարտադրվի ակումբային գործունեություն, այլ ակումբը դառնա այն խայծը, որին ինքնաարտահայտման կարիք ունեցող սովորողը կձգտի, կաշխատի արժանանալ, կհամարի իր արժանիքները դրսևորելու հարթակ։ Այդ դեպքում չկողմնորոշված սովորողը կողմնորոշվելու, գիտակցված ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ կկանգնի, այդպիսով կսովորի ընտրել։
Ոչ ֆորմալ կրթությունը, ինչպես ընդունված է, չի հանգեցնում պաշտոնապես ճանաչված արդյունքի, բայց շատ շուտով արդյունքը երևում է հենց սովորողի տրամադրության ու հակումների դրսևորման ինտենսիվության մեջ։ Եթե ակումբը ճիշտ է ընտրված, սովորողի վարքը փոխվում է, նա ազատվում է բարդույթների զգալի մասից, իրեն թույլ է տալիս փորձարկումներ անել՝ չվախենալով սխալվելուց։ Իսկ քանի դեռ չի ընտրել, ժամաքանակը, որ տրամադրվելու էր ակումբին, կարելի է օգտագործել մի շարք անհրաժեշտ հմտություններ, այդ թվում՝ ընտրելու հմտությունը զարգացնելու համար։ Ի վերջո՝ մի ակումբ էլ, մանավանդ 10-րդ դասարանցիների համար, կարող է «չկողմնորոշվածներինը» լինել։
Եթե ոչ ֆորմալ կրթությունը անհատին անկաշկանդ աճելու հնարավորություն է տալիս, ֆորմալ կրթությունն ապահովում է այն հաղորդակցումը, որ ցանկացած մարդ ունենում է հասարակության հետ։ Դա ընդհանուր տեղեկության հաշվին է (մենք դպրոցում սովորել ենք, որ…)։ Ակումբային գործունեության մասնակիցները «ընդհանուր լեզու» ունեն իրենց ընտրած բնագավառի մարդու հետ։ Ուրիշ մեկը, որ ուրիշ բնագավառում է դրսևորվել, նրանց խմբում գուցե և իրեն օտարված զգա։ Ֆորմալ կրթությունը կարող է այն հատման կետը դառնալ, որ ունենում են տարբեր բնագավառներում իրենց լիովին արտահայտած մարդիկ։ Որպես ավանդական ու հասարակության համար հասկանալի (կամ այդպիսին համարվող) երևույթ, ֆորմալ կրթությունը կարող է նաև հասարակության՝ կրթության իրական պատվիրատուի և կրթության գործի կազմակերպիչների մեջ երկխոսության հարթակ լինել։ Հեղափոխությունը կրթության գործում, որքան էլ բարի նպատակներով արվի, առճակատման է տանելու լայն զանգվածների հետ ու մերժման է հանդիպելու։ Ներկայացնելու և ընդունելի դարձնելու համար հարկավոր է նորարարությունը մատուցել մարդկանց «ծանոթ ափսեներում»։ Ասվածից հետևում է, որ անհրաժեշտություն կա ֆորմալ կրթությունն էլ հետաքրքիր, նորարարական մեթոդներով կազմակերպելու։ Ոչ դասասենյակային դասերը, սովորողի նկատմամբ դասավանդողի մոտեցումը, մեթոդները և իհարկե բովանդակությունը, որ պետական օրինակելի ծրագրից որոշ շեղումներ հանդուրժում է, հենց անցումն են ապահովում դպրոցի կազմակերպած կրթությունից դեպի ինքնակրթություն, որը շարունակվելու է ամբողջ կյանքում։ Եվ ո՞վ ասաց, թե ֆորմալ կրթության ծրագրերը, չափանիշներն ու հաստատված չափորոշիչները ենթակա չեն փոփոխման։ Ժամանակակից ու անընդհատ կատարելագործվող մեթոդները, կրթության համար ցանկացած մատչելի տարածք օգտագործելը, սովորողների արդեն մի քանի սերնդի՝ ծրագրային որոշ նյութեր իրենց ընկալունակությունից դուրս թողնելը քայլ առ քայլ ձուլում են կրթության ֆորմալ ու ոչ ֆորմալ ձևերը։ Ավելին, ֆորմալ կրթությունը հենց այն հաստատուն հարթակն է, որի վրա վստահորեն կարող է կառուցվել երևակայության ամենահամարձակ թռիչքների պատրաստ ոչ ֆորմալը։
Ամփոփենք. ինչպես համահարթեցնող ծրագիրը կարող է խրտնեցնել սովորողին, այնպես էլ կրթական ձևերից միայն մեկին միանշանակ նախապատվություն տալը։ Սովորողի անհատականությունից ելնելով՝ չի բացառվում նաև անհուսալիորեն հնացած մեթոդների կիրառումը. կրթության նպատակը կրթելն է՝ ինչպես որ դա յուրաքանչյուր առանձին անձի հետ կհաջողվի։ Կրթական կարիքները բավարարելու եկած ամեն մի սովորող կարող է ակնկալել, որ իր նկատմամբ հոգատարությունը ամեն մի սկզբունքից վեր կդասվի։ Այս առումով կրթության որևէ ձև մերժելի չէ, եթե կարող է գոնե մեկ սովորողի օգտակար լինել։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան