Հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերում կամ դրան ուղղված քայլ եմ համարում այս ամիս իրականացրած երկու նախագիծ`
Նախագծերը միավորել են տարբեր սովորողների, գործընկերային են, հեղինակային ծրագիր են ներկայացնում՝ հրապարակված արդյունք են ունեցել:
Կարծում եմ` նախագծերի արդյունավետությունը պայմանավորված էր նաև աշխատանքի ճիշտ բաժանումով: Ամեն մեկն ուներ և անում էր իր գործը: Անչափ կարևոր էր Լուսինե Սարգսյանի` որպես կազմակերպչի ունեցած դերակատարումը:
«Ուսումնական Արագածոտն. «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագիծն աննախադեպ էր մի քանի առումներով`
- նախագծի իրականացման վայրերը տարբեր են եղել.
- տարբեր են եղել ընթերցվելիք հեղինակները` Տերյան, Թումանյան, Չարենց.
- ներկայացվել են տարբեր ծեսեր (Բարեկենդան, Տրնդեզ) և ծիսական տարբեր պարերգեր.
- տարբեր աշխատանքային խմբեր են մասնակցել.
- համտեղվել-միավորվել են տարբեր նախագծեր. նախագծի ընթացքն ուղեկցվել է գործընկերային փոխադարձ այցելություններով։
Նախապատրաստական աշխատանքները միաժամանակ ընթացել են Երևանում` մեր Ավագ դպրոցում և, ըստ նախապես պայմանավորվածության, Աշտարակի որևէ դպրոցում: Ընդ որում, ամեն անգամ փոխվել են և՛ Ավագ դպրոցի նախագծային խմբերը, և՛ Աշտարակինը: Ամեն անգամ նախապես ընտրվել է մեկ հեղինակ և ազգային մեկ ծես: Նախապատրաստական փուլից հետո հանդիպել ենք, ներկայացել ենք և ներկայացրել, միասին քայլել ենք, արտասանել ենք, երգել ու պարել ենք:
«Արևելքի օրեր» նախագիծն իր սկզբանե բազմաշերտ էր և իրականացվել է մի քանի ուղղություններով`
- արևելյան գրականության ընթերցումներ. Արևելյան պոեզիա, Օրհան Վելի
- արևելյան գրականության նմուշների թարգմանություն. Նազիմ Հիքմեթ Ռան, Օլխան Վերի, Բեժան Մատուռ.
- տեղեկատվական անիմացիոն ֆիլմերի թարգմություն. Իրան, Թուրքիա, Վրաստան.
- արևելյան ֆիլմերի դիտում-ներկայացում. իրանական, թուրքական, վրացական.
- արևելյան երաժշտական խմբերի մասին նյութերի թարգմանություն. Mor ve Ötesi, O-Hum, Mgzabrebi.
- արևելյան արդի գրականության՝ կարդացած գրքերի մասին ուսումնասիրություն. Էլիֆ Շաֆակ, Զոյա Փիրզադ։
Նախագիծն իրականություն է դարձել երկարաժամկետ նախագծերի միավորման արդյունքում`
- Լապտեր TV նախագիծ
- «Լապտեր» պատանեկան հանդես
- «Ֆիլմադարան» տեսաբլոգ
- «Մանչուկ TV» թարգմանական տեսաբլոգ
- «Ռոքադարակ» թարգմանական բլոգ
- «Մտադարակ» պատանեկան ամսագիր
Ընդհանուր դիտարկումներ
- միավորված նախագծերն աշխատանքը գրավիչ են դարձնում.
- միավորված նախագծերը թարմություն ու նոր շունչ են հաղորդում երկարաժամկետ նախագծերին` ապահովելով երկարաժամկետ նախագծերի շարունակականությունը և զարգացումը.
- միավորված նախագծերը ինքնակրթության և հետաքրքրությունների նոր` ընդարձակ դաշտ են բացում.
- միավորված նախագծերը նախասիրությունների զարգացման հարթակ են դառնում.
- միավորում են մեծ թվով սովորողների, դասավանդողների և համագործակցային են։
Որպես մայրենիի ուսուցիչ, բնականաբար, նախագծերի իրականացման ընթացքում կարևորում եմ ընթերցանությունը: Մի դեպքում ընթերցանությունը կարող է դասարանում կամ գրադարանում հնչել, մյուս դեպքում` դպրոցի ներքին բակերից մեկում կամ բնության գրկում: Մի դեպքում սովորողը կարող է կարդալ մենակ, մյուս դեպքում՝ խմբով: Մի դեպքում կարող է բերանացի ասել, մյուս դեպքում` լուռ կամ ձայնով ընթերցել: Հաճախ ռադիոնյութերից և տեսանյութերից հնչող խոսքի որակը բավարար չի լինում: Երբեմն չի բավարարում նաև տեխնիկական որակը: Բայց քանի որ բոլոր դեպքերում նպատակը մեկն է` կարդալն ու գրքին կապվելը, ոչ թե բեմական խոսք ներկայացնելը, այդ պատճառով նպատակահարմար ենք գտնում կատարված աշխատանքը հանրայնացնել: Մանավանդ որ, դա «լավ» նյութ է դառնում՝ հետագայում նկատված թերություններից խուսափելու համար:
Եվ վերջում` նախագիծ ասվածը անփոփոխ չէ և չպետք է լինի: Այն, ինչպես ինքը` մարդը, անընդհատ վերափոխվելու և զարգանալու խնդիր ունի, հակառակ դեպքում կդեգրադացվի: Բայց ծայրահեղության էլ չպիտի հասնենք` անելով միայն այն, ինչ նախագծում գրված է:
Նախագիծը, իմ համոզմամբ, նախահաշվարկ չէ և չի էլ կարող լինել, որովհետև, ի տարբերություն, չոր հաշիվների ու հաշվարկների, մենք գործ ունենք Մարդու` երեխայի, դեռահասի հետ: Գործ ունենք նրանց նախասիրությունների, հետաքրքրությունների, բնավորության առանձնահատկությունների հետ, որոնք հաճախ կարող են ուսուցչի նախապես «գծած» նախագիծը «շեղել» և տանել իրենց նախընտրած ուղղությամբ: Եվ դա, ինչ խոսք, լավ է:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան