Սովորելը՝ նոր բան իմանալը, մանրամասներ պարզելն ու դրանցից հետևություններ անելը, հետաքրքիր ու հրճվալից է բոլորի համար։ Երբեմն զարմանում ես՝ ի՛նչը պիտի խանգարի դպրոցականին, որ իր ամենաընկալունակ տարիքում ավելի ու ավելի շատ բան սովորի. որտեղի՞ց են չսովորող երեխաները, սովորելու նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Անմիջապես էլ անդրադառնում ես, որ «չսովորողը» խիստ հարաբերական բան է. ամեն մարդ սովորում է և անընդմեջ է սովորում։ Պարզապես միշտ չէ, որ նա սովորում է հատկապես այն, ինչ որոշված է հենց իր համար, հատկապես այն ժամանակահատվածում և հատկապես այնքան, որքան որոշել են պատկան մարմինները։
Այստեղից՝ սովորելուն խանգարում է անընդհատ ստուգվելու, սահմանների ու ձևաչափերի մեջ տեղավորվելու, նույն «պատկան մարմիններին» գոհացնելու անհրաժեշտությունը։ Իսկ նման սահմանափակումները հատկապես դպրոցականի համար են։
Այնուամենայնիվ, այս անգամ խոսքը կրթության ձևաչափի արմատական փոփոխության մասին չէ։
Մայրենի լեզվի ու գրականության բնագավառի ուսումնական նպատակները, եթե հենակետ ընդունենք այսօրվա՝ հաղորդակցական հմտությունների պահանջը, մանրամասն ու ամբողջական են ներկայացված պետական չափորոշիչներում։ Դրա վկայությունն է, որ նախ՝ հայեցակարգում (գ. կետ) կարդում ենք. «Մայրենի լեզվի և գրականության ուսուցումը նպաստելու է սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների արտահայտմանը, բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտությանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու դրանց հետագա մշակմանը»[1]։ Քիչ ներքևում՝ դասավանդման խնդիրների մեջ նշվում է. «շարադրությունների, փոխադրությունների, ռեֆերատների, համառոտագրման և այլ ստեղծագործական աշխատանքների միջոցով կապակցված շարադրանք ստեղծելու կարողությունների մշակում»։
Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պարտադիր պահանջների միջին մակարդակի սյունակում հաղորդակցական կարողությունների շարքում հետևողականորեն կարևորվում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքի մի շարք հմտություններ, մասնավորապես՝ բառերի ճիշտ ընտրության կատարում, տեքստի դիտարկում որպես ամբողջական միավոր, միևնույն իրադրության՝ տարբեր բնույթի խոսքով ներկայացում (կետ 7-9)։ Կասկած չկա, որ մարդու համար արժեքավոր է մայրենի լեզվով աշխույժ, իմաստալից ու համակարգված խոսք կառուցելու, սեփական մտքերը, զգացմունքներն ու ապրումներն արտահայտելու կարողությունը։
Խնդիրը այդ կարողության ստուգումն է։ Թվում է՝ բանավոր կարողությունների ստուգումը վերապահելով բանավոր քննությանը՝ փոխադրությունը լավ միջոցն է գրավոր կարողություններն ստուգելու համար։ Եթե հաշվի առնենք, որ փոխադրությունը ստեղծագործական կարող է լինել, ապա վատ չէ նաև, փոխադրության տեսակներին ու պահանջներին հետևելով, սովորողների հետ հենց փոխադրելու հմտության վրա աշխատելը՝ դիտարկել տեքստը տարբեր տեսանկյուններից, կապել անձնական, ուսումնական, հանրային կյանքի հետ, գտնել ենթատեքստը և ակնառու դարձնելու համար ընդգծել նոր հանգամանքով, հանգամանքները այլ կերպ դասավորել ու այլ ենթատեքստ ստանալ, ներմուծել ուրիշ գործող անձ, վերապատմել կերպարներից մեկի անունից կամ պարզապես վերածել պատմությունը պիեսի՝ երկխոսություններ ավելացնելով ու գործողություններ հորինելով։ Գործնականում դա կարող է մարդուն օգտակար լինել բանավոր և գրավոր տեքստերը մեկնաբանելու և նույն տեքստը սեփական մեկնաբանությամբ ուրիշին հաղորդելու, ոչ պաշտոնական շփումներում թեթև ու հետաքրքիր զրույց ունենալու, երևակայությամբ իր շուրջը ծավալվող իրադարձությունների հնարավոր զարգացումները կռահելու համար։
Բայց ի՞նչ է պահանջում սովորողից փոխադրությամբ քննությունը։ Ուղեցույցում ասվում է.
«Տեքստը 2 անգամ ընթերցվում է ուսուցչի կողմից, որից հետո աշակերտները սևագրում, ապա մաքրագրում են նյութը»[2]: Սա հուշում է, որ քննություն հանձնողից պահանջվում է հիշել տեքստը։ Մանրամասները «բովանդակության վերարտադրումը» գնահատելու չափանիշների մեջ են. մութ է մնում՝ ինչ ասել է «բովանդակային սխալ» կամ «բովանդակային գծի ամբողջականության խախտում»։ Իսկ եթե դրանք սովորողի ստեղծագործական մտքի արտադրա՞նքն են։ Ի՞նչ է նշանակում նախաբանի կամ եզրափակիչ նախադասության բացակայություն (սովորողն իրե՞նը պիտի գրի, թե՞ պիտի հիշի՝ ինչպես է սկսվում և ավարտվում տեքստը)։ Հարցադրումները ճարտասանականի են վերածվում, երբ սովորողի ստեղծականությանը վերաբերող միայն մի կետ ենք գտնում, այն էլ՝ վերապահումով և ցուցումների մեջ՝ «Սեփական արժեքավոր մեկնաբանության, կարծիքի հայտնման կամ վերլուծական մտքի առկայության դեպքում տրվելիք միավորներին կարող է ավելացվել ևս 1 միավոր, եթե տրվելիք միավորների թիվը չի գերազանցում 20-ը»: Եվ բոլորովին անհասկանալի է, թե վերևի սահմանափակումներին ենթարկվող սովորողը որտեղ պիտի «սեփական արժեքավոր» որևէ բան գրի։
Բայց նույնիսկ այդ սահմանափակումների պայմաններում, ինչ-որ կերպ վերապատմելով, հնարավոր է քննություն կոչվող ճահճափոսը հաղթահարել, եթե գոնե ընտրված տեքստը վերապատմելու ենթակա լինի։ Մտավախությունս անհիմն չէ. փոխադրությունների ժողովածուներում բազմաթիվ են տեքստերը, որոնք անհնար է փոխադրել։ Իսկ 2017 թվի ավարտական փոխադրության տեքստը վկայում է, որ բացառված չէ հենց այդպիսի տեքստի ընտրությունը։ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը», որքան էլ հանճարեղ գործ է, ակտիվ գործողությունների պակաս ունի։ Ինքը՝ պատմվածքը բավականին ծավալուն է, փոխադրության տեքստ դարձնելու համար՝ կրճատված։ Իսկ կրճատված տեքստի ամբողջականության պահպանման կամ խախտման մասին խոսելը ծիծաղելի է։
Ու եթե քննությունները հարկավոր են կրթական ու դրանց վերահսկող հաստատություններին, ապա դա հարկավոր է անել գոնե առանց ավելորդ ու անիմաստ լարման, այնպես, որ սովորողն անգամ չկասկածի, թե իրեն ստուգում են։ Դրան հասնելու բազմաթիվ ձևեր կան, որ ոչ միայն կիրառվում են, այլև քննարկելու, զարգացնելու, փորձարկելու ու այդպիսով ամեն տարի կատարելագործելու կարիքն ունեն։
Կրթությունն անընդհատ գործընթաց է՝ պայմանավորված մարդու՝ սեփական կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու բնական ցանկությամբ։ Մարդն այսպես թե այնպես սովորում է այն, ինչ ուզում է և այնքան, որքան ինքը բավարար է համարում։ Լավ կլիներ՝ չխանգարեինք նրանց։
[1] Հիմնական կրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչներ. 2011թիվ
[2] Հայոց լեզվի և գրականության քննությունների ուղեցույց— 2017թ.
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան