Մանկավարժական մարտը Աշոտ Բլեյանի օրագրում
Անընդհատ գիր է իմը, ինչ վերջ ասես՝ կարող է ունենալ, մեկ է, շարունակություն ունի բացվող օրվա հետ… Էս մեկն էլ` էսպես, Ծառզարդարի կիրակիով, Իսահակյանի «Ուստա Կարոյով» թող լինի և՛ սկիզբը, և՛ ավարտը:
Խոհանոց-ակումբները՝ որպես հեղինակային մանկավարժության ուսումնական կենտրոններ… Ուսումնասիրությունն սկսված է, պահքային-ծիսական մարտը կրթահամալիրով մեկ կարող է դառնալ համի ուժի ցուցադրության հեղինակային հարթակ: Ողջ մարտ-ապրիլն է մեր ուսումնական տարվա օրացույցով տեխնոլոգիական հանրակրթության հարթակ. մեր ստեղծած կյանքն է, չես թողնի (ո՞ւմ) փախչես՝ ո՞ւր, ումի՞ց…
Այսպիսի հագեցած օրակարգով ամենամսյա՝ փետրվարի մանկավարժական ընդհանուր հավաքը մեր ավելի ու ավելի հավակնոտ տարածումի՝ հեղինակային մանկավարժության ցանցի ստեղծման հայտարարություն է: Կյանքի գործ է՝ իր տրամաբանական փուլով, հեռանկարով, միջնաժամկետ 2019-2021 տարիների համար, որ 2018-ի մեր ջանքերի կենտրոնացումը, որպես ներդրում-պատրաստություն, անցում լինի:
Արևմուտքում ինձ պակաս աղը կամ մաղը Արագածոտնի մարզի, այս անգամ Աշտարակ քաղաքի ու հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների դասընթացի կազմակերպումն էր՝ մեր հեղինակած կրթական ծրագրերով իրական հետաքրքրության հերթական դրսևորմամբ․․․ Գոհ մնացի․ փոխանակման միջավայրով, կոնկրետությամբ-բարեխղճությամբ․․․
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» Գյումրու ակումբը երեկ հասավ կրթահամալիր։ Ես չէի կարող սեբաստացի վրացախոսների ակումբի ընդունելության-դիմավորման մասնակիցը չլինել․․․ Ապրենք ջնջված սահմաններով, որպես թե Երևան-Գյումրի այս 120 կմ-ը անջրպետ չէ, այլ հայրենագիտական մի անցում, թափառում իրար կարոտած-սիրելի-հետաքրքիր մարդկանց, նոր ծանոթություն-ձեռքբերումներին ընդառաջի ճանապարհ․․․
Մարտի 8-ին Գյումրու Հայորդաց տան հայտնի երգչախումբը և կրթահամալիրի պատանի խազերը, «Կայծեր»-ը, Նելի Փիլոյանի երգեցիկ փունջը, որպես գարնան մանուշակներ, միասնական «Ձոն»-ով հանդես կգան կրթահամալիրի «Սեբաստիա» համերգային սրահում, Մարմարյա դահլիճում մեր․․․ Իբր «Հրայրք»-ը Գյումրիի ինչո՞ւ չի կարող միանալ, կամ երիտասարդ խազերը Գյումրիի․․․ կամ Արիկ Գրիգորյանի սեբաստացիական «ֆոլք-ռոքը»․․․ Իսկական Ձոն, «Ուսումնական Գյումրի» կենսունակության ցուցադրություն․․․
Ուսումնական-արձակուրդային գարնանային ճամբարները սեբաստացիական Մուտք կրթահամալիր՝ սովորել ցանկացող երեխաների ու մեծահասակների, թե արձակուրդային մարտի 26-ից միասին ապրելու, չի կարող չտարբերվել-ուրիշ չլինել մինչ այս եղածներից․․․ Լուսինե Պետրոսյանն ու Արմինե Գյոնջյանը՝ Արևմուտքում, Լուսինե Գասպարյանն ու Թամար Մարիմյանը՝ Հարավում, Կարինե Խառատյանն ու ֆիզարձակուրդից վերադարձած Դիանա Գևորգյանը՝ Հյուսիսում, Տաթև Սահակյանը, Տաթև Թամազյանն ու Մերի Գրիգորյանը՝ Արևելքում․․․ Այս մեծահասակները ճամբարային հայտեր են ներկայացրել 2018-2019 ուսումնական տարում նոր 5-6 տարեկանների հետ աշխատելու, նոր պահանջներով, իհարկե։ Տեսնենք-տեսնենք… Երկարօրյա ուսուցման կազմակերպիչներն ու պարզապես կազմակերպիչ ուսուցիչները, դպրոցների ղեկավարները գարնան հավես են խոստանում․․․ Ի՞նչ արձագանք է ստանում ճամբարը մեր մյուս ուսուցիչների կողմից. հիշեցնեմ, որ ճամբարով են անցնելու բոլորը, և ուսումնական ճամբարն է ընտրություն կատարելու՝ թե՛ սովորող մեծահասակի, թե՛ սովորող-սովորեցնողի… Ի՞նչ պիտի անեմ ես, բացի վճռական ձեզ հետ լինելուց, որպես ձեր կամավոր-հավեսով գործելու աջակից՝ և՛ ճամբարի համար, և՛ ճամբարում․ իսկական ուսումնական ճամբար (ճամբարներ) կրթահամալիրի Բանգլադեշում, ողջ հմայքով ու հնարավորություններով․․․
Մեր Սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանի Փարաքարը ոչ թե կարող է դառնալ, այլ դարձել-գործում է որպես մեր բնապահպանական-ուսումնական նախագծերի 2018-ի ստուգատեսի բնակավայր-հարթակ։ Եվ դա է զարգացումը մեր համայնքային կրթության, հո միայն համայնքում ծեսով չէ՞, որ կրթության միջոցով բնակավայրի խնդիրների՝ նախ և առաջ կենցաղային-հիգիենիկ, նոր լուծումը-կազմակերպումը փոխի բնակավայրը և բոլոր մասնակիցների վարքն ու հարաբերությունները․․․ Սենսե՛յ սիրելի, քայլ առաջ․ ես առաջարկում եմ «Բնապահպան-2018» ստուգատեսի համակարգումը։
Այս օրերին «Բարեկամություն» մանկավարժության նորարարության ճամբարի 2018-ի համակարգողի որոշումը դարձել է մեր բոլոր հանդիպում-հավաքների հարց․․․ Եվ ոչ թե որ չգիտեմ ինչ մի գործ է, որքան էլ կարևոր-պահանջներով հայտնի, որ չկա արժանի թեկնածու, այլ որ արժանիները հերթո՛վ առաջադրվեն, չէ՞ որ այս գործը ամենամյա է։ Այսպիսով, իմ գրով կիրակնօրյա ես հայտնում եմ «Բարեկամություն 2018-ի» համակարգողի անունը այս հղումով․․․ Ուռա՜․․․ Ես էլ, Հերմինե Անտոնյանն էլ քո կողքին ենք, աշխարհահռչակման ուղին բռնած սքանչելի Գոհար Բալջյան․․․
Մի բոլ ծիծաղեցի… Հեղինակային խաղեր ու խաղալիքներ 2-5 տարեկանների համար… Աննա Հայրոյան ու Նելի Արղության… արագ լվանալ գուլպաները, որպես էստաֆետ մրցույթ ճարպիկության, փռել պարանին, որ չորանան, հետո մաքուր հատերը խառնել իրար, էլի որպես խաղ՝ արագ-ճարպիկ դրանք զույգել, հետո, իհարկե, որպես պարգևատրում՝ մաքուր-փափուկ, որպես ձնագնդի… խաղալ… այսքա՜ն կյանք-ուրախություն-ճարպկություն… Հալալ է: Եվ տեսեք՝ նախակրթարանի հեղինակային միջավայրը դրսևորում է սրա համար ողջ առավելությունները… Իսկական մանկավարժական լաբորատորիա… Լաբորատորիա է և խոհանոցից խոհանոց-խմբասենյակ ճանապարհը, իր նոր գործիքով՝ սայլակով, ինքնասպասարկման այս ծեսով, էլի բաց միջավայր, այֆոնով-աչքով ուշադիր՝ երեխան-դաստիարակը…
Կեցցենք բոլորով, որ աշխատում-ապրում-գործում ենք Կրթական պարտեզի Սարալանջին: Վաղուց սպասված նախագիծ… ասում եք դուք, հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ, նստել, կարդալ, զրուցել, ժամադրվել, վայր, որը բոլորին կհավաքի, շարունակում եք դուք: Եվ ֆիլմ եք նկարում-պատմում: Ես մի ուղղում ունեմ, գիտեք, ըղձական եղանակը չեմ գործածում՝ իր ենթադրականով, «կարող է», «կհավաքի»-ով, խուսափում եմ… Գալիս է, ժամադրվում է, իր նախագծերն է ուսումնական-անձնային իրագործում, ինչպես դուք, Տաթև Աթոյան, Ռիմա Երեմյան, Գոհար Եղոյան, Լուսինե Սարգսյան ու ընկերներ… Վահրամ Մարտիրոսյան ու ընկերներ, Խորեն Հազարումյան՝ քո Ագարակով…
Մայր դպրոցի շեմին երեկ հանդիպեց ինձ Վարդան հասարակագետը, իր ծրագրով… որ խաղողի այգի ստեղծի նոր, սովորողների հետ… Ուրիշ որտե՞ղ… Իրար հետ բարձրացանք Սարալանջ. հարավ նայող մի մեծ տարածք հենց սրան է տարիներ սպասել… Չեմ չափազանցնում… Ի՞նչ է եղել մինչև 1970-ականները Բանգլադեշը մեր, հենց Սարալանջի տեղում… Սարալանջն այսպիսին առաջացել է 20-ամյա, չվերջացող կառուցապատման արդյունքով… Թող Վարդանն էլ իր սաների հետ մարտի 19-23-ի նախագծային շաբաթում պարզի, իսկ ուսումնական արձակուրդի օրերին ստեղծի իր աշխատանքային ջոկատն ու գործի-արարի խաղողի այգին Սարալանջի…
Իսկ կեսգիշերից շատ չանցած, իմ քունն արդեն առած, mskh-ի մարտի 14-ի օրացույցով անցա, ժամերգության-պատարագի սովորույթի ուժով սկսեցի․․․ երգել, Չարենցի «Ռեքվիեմը» Կոմիտասի հիշատակին․․․ Այո, սա ասերգել-վիպերգել է պետք Հարություն Թոփիկյանի, Արթուր Շահնազարյանի զարմանալի նախագծով «Զարկի» տասնյակ տղամարդու հետ․․․ Չեմ կարծում, որ Դավիթը, Արմինեն, Մարիամ Մարտիրոսյանը այնքան խորն էին քնած, որ ես առանց ունկնդիր էի․․․ Իմ այֆոնի հետ նորից ինչ-որ բան այն չէ, ձեռքիս տակ չէր. ոչինչ, դուք իմ կատարմամբ կլսեք «Ռեքվիեմը» Կոմիտասի մասին․․․ Ինչպես կլսենք, կպատվենք «Զարկ» նախագծի արական երգչախմբին՝ ողջ կազմով, առաջիկայում․․․
Ժողովրդական տունը, որպես քաղաքաշինական-կենցաղային-մշակույթ, որ Երևանում գոնե 100-150 տարեկան նմուշներ, փողոցներ, գոտիներ կարող էր ունենալ, կարող է չքվել Երևանում… Ո՞վ է ապրում այսպիսի տանը. մեկը՝ ես, չեմ հիշում՝ երբ եմ այդպիսի տուն մտել, հյուրընկալվել… Մարդու կենցաղային մշակույթը՝ նյութական-ոչ նյութական մշակութային արժեքներով, պահպանվում՝ մշակվում-փոխանցվում է հենց ժողովրդական տան, նրա ստեղծած կենցաղային միջավայրի-մշակույթի միջոցով… Տուն՝ իր փողոցով, առվով, բակով, բոլոր դետալներով, դուռ-լուսամուտով, լուծումներով, կահ-կարասիով… Հեռու որ չգնանք՝ 1820-ական թվականների ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից, 1915-1918 թթ ցեղասպանությամբ ուղեկցվող գաղթից-փախեփախներից հետո Արևելյան Հայաստանն իր Խորհրդային սահմաններում պիտի՞ ամբարեր հայոց ժողովրդական տան ողջ բազմազանությունը, կառուցապատման յուրօրինակ հարթակ դառնար… Նոր բնավորված հայ մարդը, 1918-1920-ի պետականության շրջանից սկսած, ի՞նչ տուն է կառուցել, իր նոր տան նախագծային մշակումների հիմքում իր նախկին տո՞ւնն է դրել։ Հետո ի՞նչ եղավ իր այդ կառուցած ժողովրդական տան նկատմամբ նրա վերաբերմունքը… Որտեղի՞ց այս հրեշավոր-անփույթ վերաբերմունքը բոլոր մակարդակներում` անհատական, թաղային, համայնքային, պետական-իշխանական մակարդակներով… Ճարտարապետ-ընկեր Համլետ Խաչատրյան, ականջդ կանչի… Ինչպե՞ս առաջացավ այս հասարակական անճաշակությունը, որի ցցուն դրսևորումը նաև այսօրվա բնակարանաշինությունն է, գործածվող երաժշտությունը, գերեզմանոցը, հարսանիքը… Հե՜յ գիտի, Սեյրան Ավագյան…
Հասարակագիտական նախագծերի ստուգատեսը օրացույցով մեր ներառում է «Տիգրան Հայրապետյան օրերը»մարտի 21-23-ի, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների որոշմամբ-հանձնմամբ, Տիգրանին մեր մշակութային ձոնով: Հասկանալի դարձա՞վ: Մեր Մարիի գրադարանը, իր նոր ղեկավար Լուսինե Ալեքսանյանով, մեր Տիգրան Հայրապետյանը՝ իր անունով փոխանցվող ուսումնական լիցքով-բովանդակությամբ:
Մարինե Մխիթարյանը գիտի դեպի Տիարի սիրտը տանող ամենակարճ, հուսալի, հետաքրքիր ճանապարհը՝ հեծանիվ-հայրենագիտություն-հարսանիք, այս անգամ Արագածոտն-Աշտարակում, մարզային երիտասարդական կենտրոնի մասնակիցներին հունիսյան ազգագրական փառատոնում ներգրավմամբ… Խելքը էսպիսի բան է՝ ամիս-ամիս շնորհ է ավելացնում. տեսեք 2017-ի սեպտեմբերից է սեբաստացի, բայց տիրապետում է ամենակարևոր գաղտնիքին՝ այնպիսի առաջարկ անեմ, որ ոչ միայն հավանես, ա՛յ հայտնի գործատու, որ գովես ինձ, բազմաշնորհիս, մանկավարժության անընդհատ պատումի գինեսիգրքի թվով 1330-րդ գիր բերես…
Ըհը, գիշերվա ժամը 3-4-ի արանքում, Սեբաստիո աղջիկներս հավաքվեցին, ընդարձակ-պարզ սենյակում իմ՝ հայտնի հասցեով բնակարանի, իմ էլ. հասցեով-mskh.am ցանցով, երեկվա թարմ հանդիպում-անմոռուկներով՝ արմանք-զարմանքով։ Լավ, էսքա՜ն հմայիլ… ու կրթահամալիրի մի ափաչափ Բանգլադեշը իրական-ամբողջական աշխարհ է բացվում-ներկայանում, ու բոլորը գալիս են, ու տեղ կգտնվի մանկավարժությամբ զբաղվողի, փորձի, հավեսի, իմացումի հրճվանքի ետևից եկողի համար… Դուք չգաք, մենք ենք գալու. անունն էլ հո Լևոն Մկրտչյան նախարարն է կնքել «Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար»… Սա էլ ձեզ-մեզ գարնանային հավաքի կանչը. տարածենք, երգենք-պատմենք… փոխանցենք…
Մեկ է. և՛ առաջիկա օրերի, և՛ երեկվա իրադարձությունների, իմ պատումի-գրի թիրախում մեր մեծ Սարալանջն է՝ իր բացահայտումներով, նոր մարդկային կապերով, նախաձեռնություններով-դրսևորումներով… Մարիետ Սիմոնյանը իր չաչանակների՝ 6-րդցիների -10-րդցիների գրական թատրոնի խմբերով երկար աշխատանք արեց, հայտնագործեց-անցավ Սարալանջի քարափով, հիացավ-զարմացավ խաղողի դարավանդով, թմբային ու ու թարմայի խաղողներով՝ աղբի միջից հանկարծ դուրս տնկած… Քոլեջի տղաները՝ անբաժան Անահիտ Մելքոնյանից ու Էլյայից, լանջերից-քարափից, երեկ մի մեծ բեռնատար աղբ հանեցին լանջերից-քարափից, այսօր՝ էլի… Աշտարակից էլ հատուկ Սարալանջի համար տնկիներ են ուղարկել բալենու ու սալորի։ Նելի Փիլոյանն իր առաջին համերգը-պարապմունքն անցկացրեց Սարալանջի աստիճաններին։ Գոհարի, Վարդի, Մարալի սիրտը չի կտրվում Սարալանջից, անձրև լինի, թե արև…
Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է… Կարդացեք Եվա Սարգսյանի բլոգում. «Վերջին շրջանում դադարել եմ զարմանալուց՝ մարդն ու աղբը կողք կողքի, իրար հետ հաշտ ու համերաշխ», կամ Ֆելիքս Եղիազարյանին՝ «Իսկ այս ջրանցքի մոտ կյանքն ավարտվել է», հրապարակումը նրա բլոգում… Սրանք նախագծային ուսուցման թարմ արձագանքներն են պատանու…
Իվետա Ջանազյան և Անահիտ Գևորգյան անբաժան ճամփորդական զույգի, Սոնա Փափազյանի, Շուշան Ալեքսանյանի, Նարինե Դավթյանի նախաձեռնությամբ կրթահամալիրի Արևելքից ու Արևմուտքից 40-ի չափ սովորողներ կթափառեն Գյումրիով՝ գիշերկացով… Այսպիսի մի թափառում՝ Գյումրու սիրահարների պատրաստում է Լուսինե Փաշայանի լաբորատորիան… Առավելագույնս պիտի մարդկայնացվի մեր «Ուսումնական Գյումրի» նախագիծը, Գյումրին տարատարիք մարդկային նոր կապերով՝ մարդու բացահայտումների, Գյումրու այսօրվա ստեղծական ներուժի դրսևորման կարիք ունի, որպես ուսումնական աշխատանք… Ինչպիսի՜ զարգացումներ… ի՜նչ թափ… կունենա նախագիծը, ճակատագիրը մի կողմ՝ դուք եք որոշում, բոլոր կարգի սեբաստացիներ՝ արմատներով գյումրեցի, առաջին անգամ Գյումրի ոտք դնողներ… Ե՞րբ եք հրավիրելու նշանավոր «Գորկու սադում» համատեղ գեղարվեստի պլեների, պարտիզապուրակային ստուգատեսի, տոնախմբության, ընթերցումի…
Իսկ ահա քոլեջ-ավագ դպրոցի միացյալ ճամփորդները, մեծաքանակ, առանց գիշերումի «Ուսումնական Արագածոտն» նախագծով լինելու են Ապարանում, նրա Վարդենուտում, որտեղ ես չեմ եղել… Թերզյան Գայանեն, Անահիտ Մելքոնյանը, Վարդուհի Պետրոսյանն ու Վարդան Կարապետյանը հմուտ ճամփորդներ են… Խիտ, մեկ օրում այնքան պատմելու նյութ կհավաքեն՝ այսօր ապրողների ազգագրության…
Մարթա Ասատրյանը, Ռինա Շահգինյանն ու Անի Սարգսյանը, ավագ-միջին դպրոցներից փորձառու ճամփորդ-բնապահպանների-վրացախոսների մի խումբ ամենամյա քառօրյա ճամփորդությամբ կլինեն Թբիլիսիում… Մինչև ո՞ւր կհասնեն… Վրաստանի Բոլնիսն իր շրջակայքով թողեք Լուսինե Բուշին, ով հիմնավոր պատրաստվում է դրան…
Ե՛վ նախագծային ուսուցման այս շաբաթը, և՛ ուսումնական արձակուրդի օրերը լավ մեկնարկ են ինչպես ճամփորդությամբ ուսուցման մեկնումների, այնպես և մարտի 25-ից սկսվող «Բարեկամություն» ճամբարիշրջանակում ընդունումների համար… նոր կապերի, պայմանավորվածությունների, զարգացումների, ինչպես Վարդենիկի՝ Հայաստանի ամենամեծ գյուղի պատանիների բանակումը կրթահամալիրում…
Սարալանջը հատուկ մաքրվեց նաև իր մոտեցումներով արևելքի, արևմուտքի, հարավի… Այսպես մաքուր չէր եղել, ու մշտական-ամենօրյա մաքրության հաստատումը, տնկած ծառերի խնամքը փոքր խմբերով աշխատանքի համար են: Սարալանջը պիտի ներառվի ամբողջական իր միջավայրին թաղամասի, որ բացի թաղամասը իր նոր հեռանկարով-զարգացումով՝ հաղորդակցությամբ, նոր գեղագիտությամբ, նոր լուծումներով՝ կենցաղի, պարտիզապուրակայինի, ուսումնական-բացօթյա գործունեության… Այսպիսի բաներն առանց նախագծային հիմնավոր պատրաստության ու երևակայության չեն արվում…
Լավ է, որ չարենցյան ընթերցումները մեզանում շարունակվում են և՛ Արևմուտքում՝ Արմինե Աբրահամյանի ուրախությամբ պսակված նախագծի՝ ակումբ-ընթերցարանի ներկայացմանը, և՛ «Գրական ակումբում» Մարիետ Սիմոնյանի, և՛ որպես ուսումնական անհատական նախագծային աշխատանք՝ մոնոներկայացումներ․․․ Բոլորն էլ սիրելի-ողջունելի։ Վատ է երևի, որ դրանց մասնակից եմ լինում գիշերվա իմ կյանքի-աշխատանքի հաջորդ ժամին՝ 4-ից շարունակված․․․ երբ բարեխիղճ անցել եմ բոլոր ճամփորդություններով, նախագծերով այս օրերի սեբաստացիական․․․
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, շրջանի կոմունալ-տնտեսության, բարեկարգման-կանաչապատման ծառայությունների պատասխանատուներ Գարիկ Գրիգորյանի և Վովա Արզումանյանի հետ նախատեսված շրջայցը չի կարող իր նկատելի հետևանքները ու շարունակությունը չունենալ․․․ Շինարարական անունով Բանգլադեշի՝ հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի կենցաղային այս վիճակն ու նախադպրոցական կրթությունը, չեմ ուզում վիրավորել, որքա՜ն կարող են իրար քարկապ ու մեջքով դեպի մեզ լինել, երբ հանրապետությունից-Վրաստանից-Արցախից գալիս են ու գալիս մեր ստեղծած բաց երեխավայել-զարգացնող-տոն ստեղծող միջավայրը՝ իր ներսով-դրսով տեսնելու, մեր ստեղծած այս զարմանալի պարզ-էժան-հետաքրքիր-բնական մանկավարժությունը ինչ-որ հրաշքով իրենց բնակավայրեր տեղափոխելու․․․ Ինչպե՞ս կարելի է «Կրթական պարտեզ» նախագիծը 2018-ին ամիսների մեջ ամբողջական տեսքի չբերել․․․ Կօգնեն, իհարկե․ չնայած, տեղերը փոխվել են, մենք է, որ պիտի օգնեինք մեր գոյությամբ-բարի կամքով ու հասնելով, բայց… Օգնեն-չօգնեն. ինձ զբաղեցնողը բնակիչներն են, շենքերից յուրաքանչյուրը՝ որպես համայնք, մեր մանկավարժական աջակցությամբ տեղից շարժելը, որ իրենց պատշգամբներից-պատուհաններից, որպես դիտարանից, մեր սեբաստացիական աշխարհի ազդակներով փոխված, ամեն օր իջնեն շենքերի դիմաց ու օգնեն մեզ՝ իրենց բակերը փոքրիկ պուրակներ, մարդկային հավաքատեղի դարձնելու, որպես միջավայր համայնքի ձևավորման, որ նստել-զրուցել լինի, համայնքային ուրախություն, հավես առաջանա․․․
Սիրով արձանագրում եմ՝
- մանկավարժական նորարարության 2018թ. «Բարեկամություն» ճամբարը փաստ է՝ իր ծրագրով, մասնակիցներով՝ հանրապետության մարզերից, Երևանից, Արցախից ու Վրաստանից,
- հայտնի են տարատարիք սովորողների ճամբարները՝ մասնակիցներով, խնդրեմ՝ 1-5-րդ դասարանցիների մուտքի-լրացուցիչ կրթության ճամբարը Արևմուտքում, 6-12-րդ դասարանցիներ ՏՏ ճամբարը մեր 2018-ի ձեռքբերում ՏՏ հոլդինգում, Ջրափիի-կրթահամալիրի պատանեկան ճամբարը Մայր դպրոցում-Քոլեջում,
- հրարարակված են մանկավարժական հատուկ խմբերի՝ երկարացված օրվա կազմակերպիչների ու 2018-2019-ի 5-6 տարեկանների դասվարության հայտ ներկայացրածների ճամբարները,
- սեբաստացիական օրը՝ իր անելիքով, նախագծերով, հայտնի է։
Մեր մանկավարժության 2019-2021 թթ՝ հեռանկարներ-տարածում հայտարարված բարձունք է 2018-ը, որտեղից ուզում ես՝ նայի… Մեր բոլոր գործողությունները, ասենք՝ մանկավարժության նորարարության «Բարեկամություն» ճանաչումով ճամբարի, հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբների, նախակրթարանների և դպրոց-պարտեզների ցանցի, տեխնոլոգիական հանրակրթության գործիքների-համակարգերի՝ ֆիզիկական, թե ուսուցողական մեդիա միջավայրում բաց-անսահման տարածքների հետ կապված, գնահատեք այս միջնաժամկետ հեռանկարով… 2018-ը բարձունք է, ինչպես շաբաթ օրվա «Փարոսը», տեսանելի ժամկետում-որոշակի մարդկանց հետ բարձունքից-բարձունք ճանապարհը որոշած անցնելու, նոր բարձունք նվաճելու հարթակ… ոտքով, հեծանվով, մեքենայով… Ահա, ինչու՝ ուրախացնող-ոգևորող էին արևմուտքի-արևելքի 4-5-րդ դասարանցիների ճամփորդական-հայրենագիտական խմբերի թափառումները Գյումրիով… «Ուսումնական Գյումրին» մանկացավ, հետաքրքիր-մազալու դարձավ, և պատահական չեն անմիջական զանգերը-արձագանքները Գյումրիի իմ ընկերների…
Մենք մեր մանկավարժությամբ ստեղծում ենք այդպիսի Հայաստան… Երեկ՝ «Բարեկամություն» ճամբարի առաջին օրը, ես նայում էի Վրաստանից, Արցախից, հայաստանյան մարզերից մեր գործընկերների գոհունակ դեմքերին… Իրենց լավ են զգում մեր մանկավարժական աշխարհում. ուրիշ է,- ասում են,- լրիվ ուրիշ է… Իսկ իմ հայացքն ուղղված է սեբաստացիներին՝ ուսուցիչ-սովորող… Կրթահամալիրի կայքի՝ mskh.am-ի առաջին էջի ակտիվությունը, բազմազանությունը իրականացվող նախագծերի, իմ էլ. փոստի ծանրաբեռնվածությունը հայտերով-առաջարկներով-տեղեկություններով, արձակուրդային անհոգության տեղ չի թողնում…
«Դժվար թե գտնվի ավելի հարմար հարթակ՝ գիտելիքներն ու փորձը միմյանց, այլոց փոխանցելու, քան են մանկավարժական ճամբարները, որոնք դարձել են շփման նոր մշակույթ ձևավորող հարթակներ»… Առանձնացրի այս ձևակերպումը կրթահամալիրի միջին դպրոցի լրագրական ակումբի երեկվա լուսաբանմանմեջ… Հեշտ չեն կայանա շուրջտարյա, սովորողների արձակուրդային օրերի «Մուտքի ճամբարները» մեր, որ գարնանային մեկնարկով սկսվեցին երեկ Արևմուտքում՝ 1-5-րդ դասարանցիների համար, և Մայր դպրոցում, ՏՏ հոլդիգում Հերմինե Անտոնյանի…
Իմ ուշադրությունը շարունակում են գրավել մանկավարժական նախաձեռնությունները, որ ենթադրում են իմ աջակցությունը՝ ուսումնական նախագիծ դառնալու համար: Միանգամից երկու այդպիսի առաջարկ ստացա Ոսկեհատի Մարինե Մխիթարյանից… Ի՜նչ թեթև-լրիվ օգտագործում է իր կապերի, կամավորական աշխատանքի ներուժը… Արմինե Թոփչյան համհարզը տեղում էր, ու հենց Մայր դպրոցի պարկի քարի վրա նստած՝ եկանք համաձայնության… Հերթով՝ իհարկե: Նախ՝ Օշականի «Հացեկաց» ակումբից ստացված առաջարկը՝ ինչպես զարգացնել «Իսկական հարսանիքը»՝ հեղինակային ուսուցման ծառայության նախագծով…
Ֆրանսիայում նախադպրոցական կրթությունը 2019-ից դառնում է պարտադիր 3 տարեկանից սկսած… Իրար կողք կողքի դրեք էս Ֆրանսիայից լուրը ու մեր Մուտքի ճամբարով, սեբաստացիական հանրության նոր 5-6 տարեկանների հետ աշխատանքի հայտով, իր հավաքած, իր շուրջ բոլորած երեխաներով, հեղինակային մանկավարժության իր ճամփան անցնող Տաթև Սահակյանի էս պատմությունը… կրթահամալիրի Բանգլադեշի Արևմուտքից, դպրոց-պարտեզ ճամբարից… Տաթև ջան, հուզեցիր քո անմիջականությամբ–զուլալությամբ…
Սյուզի Մարգարյանի ու Մարինե Մկրտչյանի՝ կրթահամալիրի Քոլեջի նախադպրոցական դաստիարակություն մասնագիտության 2018-ի շրջանավարտների դիպլոմային աշխատանքի՝ նախօրոք որոշված «Ծես Աշտարակում» նախագծի «Ծառզարդար» հանրային ներկայացումը Աշտարակի նորաստեղծ այգում, քաղաքապետի նախաձեռնությամբ, Մարինե Մխիթարյանի նախաձեռնած հեծանվային շրջայցը Աշտարակով, Արագածոտնի մարզային կենտրոնի երիտասարդների հետ հունիսյան ազգագրական բաց հանրակրթական փառատոնին Աշտարակ-հարթակի քննարկումը, ապրիլի չորսից սկսվող Արագածոտնի մարզի դասվարների հերթական խմբի կրթահամալիրում բազմօրյա վերապատրաստման դասընթացը հաստատում են, որ «Աշտարակը բաց համայնքային լաբորատորիա» ուսումնական նախագիծը, «Ուսումնական Գյումրի»-ից ոչ պակաս դինամիկ զարգացման մեջ է։
Մեր կրթահամալիրն այս ֆենոմենով է բացառիկ. այն յուրաքանչյուրինն է դառնում, ով որևէ գործով, առիթով, ծրագրով, նախագծով առնչվում-հայտնվում է այստեղ։ Սա Անահիտ Մելքոնյանի «Բալենի» ուսումնական նախագծով, մեր Հարավային դպրոց-պարտեզի նախկին աշխատողներ Ռուզան-Լյովա ամուսինները հաստատեցին կրկին։ Տեսե՜ք՝ քանի՞ տարի է անցել, առիթ է ներկայացել․․․ Որքա՜ն սեր-հիշողություն են փոխանցում «ԱրտԲզզան» ռադիոյի միջոցով և իրենց հավատարմությունը կրթահամալիրին՝ նորոգում, ինչպես իրենց նորաստեղծ այգին՝ բալենիների, սալորենիների տասնյակ ու տասնյակ տնկիներ նվիրելով։ Այս միտքը այլ ձևակերպումով հաստատեց օրերս Վրաստանի Բակուրիանիի դաստիարակ Բելլան, որ իր ընկերների հետ առաջին անգամ հայտնվել-ապրում էր կրթահամալիրում։ «Բարեկամություն» ճամբարի վրաց մասնակցի խոսքով ավարտեմ գիրը։ «Ես հայտնագործեցի ինձ համար մի սիրելի աշխարհ, որից չեմ ուզում բաժանվել։ Կգամ որևէ ձևով»։ Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ «Բարեկամություն» ճամբարի 2018-ի գարնանային հավաքը այսպիսի միջազգային գնահատում ունի։
Թվում է՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներով» ամենամյա միասնական, Թիֆլիսիում մարտի այս օրերին, սեբաստացի ու գործընկեր Թբիլիսիի թիվ 98 դպրոցի պատանի բնապահպանների համատեղ էկո-պարապմունքներից չէր կարելի ակնկալել ավելին, այլ արդյունք, քան պայմանավորվածությունը, որի մասնակիցը մենք դարձանք շնորհիվ «Մարթա և ընկերներ»՝ կրթահամալիրի ավագ դպրոցի նախագծային խմբի օպերատիվ-խոսուն մեդիայի… Ապրիլի օրացույցով մեկնարկող բնապահպանական հանրակրթական մեր ստուգատեսի շրջանակում Թբիլիսիի՝ Գիորգի Մոմցելիձեի դպրոցի սաները մեր կրթահամալիրի բնապահպանների հետ միասնական կանցնեն Հայաստանի հանքարդյունաբերության թեժ կետերով՝ Ամուլսարից մինչև Թեղուտ… Հիացած եմ: Իսկ մինչ այդ՝ այս օրերին, ես ունեմ ժամանակ Թբիլիսիում ձեր ներկայացրած ամբողջական-ուսումնական-ինքնաստեղծ (հեղինակային) բնապահպանական մեդիա-փաթեթը մեկիկ-մեկիկ նայելու, որքան էլ, թվում է, ծանոթ եմ… Հո բան բաց չե՞մ թողել… ասենք՝ Գիսանեի «Ամուլսար, նոր ձեռագիր ֆիլմի» վերլուծություն աշխատանքը… Հետո կանցնեմ ձեր Թբիլիսիում ստեղծած տեսանյութերին, ձեր նոր թափառումներին Վրաստանում…
Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի
Խմբագիր՝ Մարգարիտ Սարգսյան