Նախագծի նպատակը
- Հեղինակային էկոկրթական ծրագրի տարածում
- Էկոտուր 2015-ին գործընկեր դպրոցների, կազմակերպությունների ավելացում
- Էկոկրթական ցանցի ստեղծում
Նախագիծն իրականացվելու է երկու ուղղությամբ՝
- համագործակցություն ՀՀ բնապահպանության նախարարության, բնապահպանական կազմակերպությունների հետ.
- էկոկրթական փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանի մարզերի, Արցախի, Թբիլիսիի դպրոցների հետ։
Էկոտուր ամենամյա միջազգային ստուգատեսը միավորում է Հայաստանի մարզերի, Արցախի և Թբիլիսիի դպրոցականներին միևնույն խնդրի շուրջ, այն է՝ էկոլոգիական խնդիրներ, դրանց հնարավոր լուծումների առաջարկներ, խնդիրների մասին տեղեկատվության տարածում, հանրայնացում, էկոլոգիական խնդիրների լուծման անձնական և միասնական ջանքեր։
Արդեն տասնյակից ավելի խմբեր են ներգրավվել էկոլոգիական նախագծերի ստուգատեսին, սակայն նրանց հետ կապը կարծես ստուգատեսից ստուգատես է, խմբերը չեն դառնում էկոտուրի գաղափարի, էկոլոգիական նախագծերի տարածողը: Մյուս կողմից կրթահամալիրի սովորողներն էլ դեռ պիտի ջանքեր գործադրեն, որ էկոլոգիական աշխատանքը և շրջակա միջավայրի մաքրությունը դարձնեն իրենց ամենօրյա գործունեության մասը, առանց ուղղորդման-պարտադրանքի-ցուցումի, նկատեն անհրաժեշտ անելիքը, ինքնակամ աշխատեն:
Էկոկրթական փոխանակման ծրագրերի արդյունքում Հայաստանի մարզերում, Արցախում, Թբիլիսիում կունենանք գործընկեր դպրոցներ, որոնք իրենց քաղաքում, մարզում կդառնան Էկոտուրի կազմակերպիչներ, էկոկրթական ծրագրի տարածողներ: Կկազմակերպվեն կլոր սեղաններ, վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում Էկոլոգիական խնդիրների հանրայնացումից լուծում կլինի ավելի դյուրին: Գործնական էկոլոգիական աշխատանքներ կիրականացնենք տեղի խմբերի հետ համատեղ՝ ծառատունկ, շրջակա միջավայրի բարեկարգում, աղբի հավաքում-տեսակավորում և այլ:
Այդ նախագծի իրականացնողը էկոհայրենագիտական ակումբի սովորողներն են, որոնք էկոկրթական փոխանակման նախագծերի միջոցով ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ, արժեքներ։
- Գիտելիք։Ցանկացած հանդիպումից, էկո-դասից առաջ սովորողները կատարում են հետազոտական աշխատանք՝ փնտրում, ուսումնասիրում են տեքստեր, աուդիո-, տեսանյութեր, վերլուծում են, թարգմանում, համեմատում, ստեղծում են իրենց ճանապարհային քարտեզները, մշակում երթուղիները, պատմում երթուղիների մասին: Որպես նախագծի համակարգող՝ սովորողներին տալիս եմ ուղղություն մշակումներն իրականացնելիս, օգնում աշխատանքները վերջնական տեսքի բերելուն:
- Հմտություն։Էկոկրթական նախագծերին մասնակցելիս սովորողն իր կատարած հետազոտություններն ու մշակումները վերածում է ցուցադրական նյութի՝ հաղորդումների, գովազդների տեսքով՝ համագործակցելով Կրթահամալիրի ինտերնետ TV-ի հետ: Օրինակ Էկոդասեր Թբիլիսիում նախագծերի իրականացման ժամանակ ակումբի սովորողները հավաքած, թարգմանած, վերջնական բովանդակության բերած նյութը վերածել են երկլեզու ֆիլմի, ցուցադրական նյութի:
Կրթահամալիրում իրականացվող էկոկրթական նախագծերը հանրապետության, Թբիլիսիի դպրոցներում, բնապահպանական կազմակերպություններում ներկայացնելիս սովորողի մոտ զարգանում է խոսքի մշակույթը, թարգմանելու, վերլուծելու, հմտությունները: Ներկայացնելու, բացատրելու, նախագծին ներգրավելու հմտությունների շնորհիվ էկոհայրենագիտական ակումբի սովորողները Էկոտուր 2014-ին ներգրավեցին Բջնիի, Գավառի, Լոռվա մարզի, Բազմաղբյուրի, Արցախի, Թբիլիսիի էկոլոգ սովորողներին: Կապեր հաստատեցին ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
Էկոլոգների ակումբի վրացախոս Նարեկ Սահակյանը առցանց ուսումնասիրել էր Վրաստանի CENN էկո գրասենյակի գործունեությունը: Նամակագրության արդյունքում Թբիլիսիում հանդիպում ունեցանք գրասենյակի տնօրեն Նանայի հետ և ներկայացնելով կրթահամալիրում իրականացվող էկոլոգիական նախագծերը՝ հրավեր ստացանք մասնակցելու Բուլաչաուրիում կազմակերպվող միջազգային էկոճամբարին: - Արժեքներ։ Կարևոր եմ համարում այն, որ կրթահամալիրի սովորողներն իրենց փորձը սիրով են փոխանցում մարզերի դպրոցների սովորողներին, որ ընկերանում են նրանց հետ և շարունակում շփումը նաև համացանցի միջոցով: Ձեռք են բերում պատասխանատվություն իրենց առաքելության նկատմամբ, դառնում են նախագծի կրողը, իրականացնողը, տարածողը, նույնիսկ անձնային զրույցների ժամանակ: Ուզում ենք, որ նաև նախագծի միջոցով բնությունը պահպանելը, շրջակա միջավայրը խնամելն ու բարեկարգելը դառնան կենսակերպ:
Այսպիսով, էկոկրթական փոխանակման ծրագրերի մեկնարկն արդեն տրված է:
- Նախորդ շաբաթ ունեցանք հանդիպում-կլոր սեղան Գեղարքունիքի մարզի Մադինայի միջնակարգ դպրոցում: Հանդիպման արդյունքում որոշվեց, որ գյուղում կստեղծվի էկոլոգների խումբ, որը կհյուրընկալվի կրթահամալիրում, կմասնակցի ուսումնական պարապմունքների, կստանա գործնական տեղեկություններ Էկոտուր 2015-ի մասնակցության վերաբերյալ և ապրիլին կդառնա Էկոտուր 2015-ի մասնակից թիմերից մեկը:
- Համաձայնեցված «Էկոդասեր Արցախում» նախագծի շնորհիվ կամրապնդվեն էկոկրթական կապերը երեք հանրապետությունների՝ Հայաստան, Արցախ, Վրաստան, միջև:
- Կրթահամալիրում հանդիպեցինք Վայրի բնության պահպանության WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ, ձեռք բերվեց էկոկրթական ծրագրերի մշակման և իրականացման համար համագործակցության պայմանավորվածություն:
- Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային 9-րդ հավաքի շրջանակում 2014-2015-ի մեր նախագծերը քննակեցինք ՀՀ բնապահպանության նախարարության էկոկրթության բաժնի մասնագետների հետ:
Նախագծի արդյունքները կամփոփվեն հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա մայիսյան 10-րդ հավաքին՝ հոդվածով, ամռային հուլիսյան էկոճամբարներում, որոնք կլինեն նախագծի կայացման գրավականը:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան