«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում միշտ կարևորվել է հետազոտական աշխատանքը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ։
Նախ և առաջ կարևորվել է հետազոտող ուսուցիչը, որը պատրաստ է և ուզում է հետազոտել, նոր բացահայտումներ անել և վերլուծել-ներկայացնել իր բացահայտումները։ Կրթահամալիրում իրականացվող՝ մշակվող և կազմակերպվող, դասավանդողների Մուտքի ճամբարների, մասնագիտական վերապատրաստումների, դասավանդողների ակումբների, այլ խմբային վերապատրաստումների հիմքում ընկած է հենց ուսուցչի հետազոտական հմտությունների վերհանումը, բացահայտումը, խրախուսումը և զարգացումը։ Տարիներ շարունակ կրթահամալիրի «Դպիր» մանկավարժական ամսագիրը միավորել և միավորում է հարյուրավոր հետազոտող ուսուցիչների՝ տարածելով հետազոտող ուսուցիչների մշակումները, խրախոսելով նրանց գործունեությունը։ Հեղինակ ուսուցիչներին շնորհվող ամենամյա մրցանակների կարգում (հեղինակային կրթական ծրագրով որոշված, ուսումնական օրացույցով ամրագրված) կարևորվում է հենց հետազոտող ուսուցիչը, նրա հետազոտելու կարողության առանձնացումը, խրախուսումը։
2022-2023 թթ․ կրթահամալիրում մշակվեց և ամբողջովին ներդրվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը․ մեր մոտեցման հիմքում հենց ուսուցչի այդ որակների կարևորումն է՝ ուսուցչությունը որպես մասնագիտություն դիտարկելը և ուսուցչին ստեղծող ու հետազոտող «պատրաստելը», արդյունքում՝ այդպիսի ուսուցիչներին խրախուսելը։
Սա կարևոր է հասկանալ և կարևոր է ընդունել։ Այս մոտեցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում համակարգային է՝ ուղղակի բառեր չեն, որոնք որպես ձևակերպումներ, գուցե, լավ են հնչում, բայց բոլորովին այլ հմտություններ են կարևորվում։ Միայն թղթի վրա գրված լավագույն ձևակերպումներն ու ցանկություններն այդպես էլ թղթի վրա են մնում, եթե այլ հմտություններ են կարևորվում, գնահատվում։ Մեր մանկավարժության առանցքում հենց սա է․ չի կարող չհետազոտող ուսուցիչը հետազոտող աշակերտներ ունենալ։ Կստացվի փակ շրջան։ Արդյունքում կունենանք անգիր անող, պատասխանատվությունն ու մտավոր աշխատանքը, կարդալն ու ուսումնասիրելն իրենից օտարող ուսուցիչ, որին հարմար կլինի ունենալ անգիր անող, կրկնող, քառակուսու մեջ աշխարհը տեսնող ու միայն վերարտադրող (այն էլ միայն թույլատրվածի շրջանակում) աշակերտներ։
Մենք չենք կարող կրթության մեջ նորարարարություն ու զարգացում տեսնել, եթե այս պարզ թվացող բաները չտեսնենք ու չկարևորենք։ Ուսուցչի աշխատանքը պետք է դառնա հետաքրքիր, ստեղծագործ, այո՛, նաև լավ վարձատրվող, որ երիտասարդն ուզի դպրոց մտնել։ Տարիներ շարունակ ճնշված, փակ համակարգում աշխատող ու անընդհատ պիտակավորվող ուսուցչի կերպար ստեղծելով՝ հասանք այն իրականությանը, որ այսօր դպրոցները ուսուցչի՝ տեսանելի և հետզհետե ահագնացող պակաս ունեն։ Սովետական ուսուցչի կերպարը, այս պահին չեմ վիճարկում դրա լինել-չլինելը, վաղուց անցյալում է, նոր կերպար մենք չունենք։ Չգիտես ինչու, հասարակության մեջ ստեղծվել է մի կարծրատիպ, որ ուսուցիչը տգետ է, որ ամենաթույլ ուսանողն է միայն դպրոց մտնում (դա էլ հարց է, թե ինչու պիտի թույլ ուսանողը բուհ ավարտի, և ինչ ասել է թույլ․ դա չափելի չէ՞, չկա՞ գրանցում): Իսկ ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել այս վիճակը։ Այո՛, հետազոտող ուսուցչի հետ դժվար է աշխատելը, որովհետ այդ ուսուցիչն իր աշխատանքի համար արժանապատիվ աշխատավարձ կպահանջի, կունենա իր կարծիքը, իր մոտեցումները, բայց ընդունենք, որ մենք հենց այսպիսի ուսուցչի կարիք ունենք՝ ինքնուրույն, ինքնավստահ, ստեղծող և մտածող ուսուցչի կարիք, որը նոր մշակույթ կբերի․․․ Նոր և մտածող ուսուցչի կարիք ունենք, և հե՛նց այս ուսուցիչն էլ կկարողանա ուղղորդել-ղեկավարել ինքնուրույն ու ժամանակի հետ քայլող սերնդի կրթության գործը։
Սա հենց հետազոտող ուսուցիչն է՝ իր անընդհատ սովորելու, հետազոտելու ձգտմամբ, իր՝ նոր հմտությունների համար բաց տեսակով, նաև՝ ժամանակին համահունչ իր արտաքին կերպարով։ Այսպիսի ուսուցչի շուրջ են հավաքվում հենց հետազոտող սովորողները։
2022թ․ կրթահամալիրի Հետազոտական վարժարանում ամբողջապես ներդրվեց սովորողի կողմից հետազոտական աշխատանք իրականացնելու կարգը, որ մշակվեց կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայում, մի քանի փուլով փորձաքննվեց, լրամշակվեց և սկսեց իրականացվել։
Ի դեպ, հենց 2022 թ․ հետազոտական աշխատանքների հաղթարշավից հետո որոշում կայացվեց կրթահամալիրի Ավագ դպրոցը վերանվանել Հետազոտական վարժարան․ անվանումն առավել համահունչ է, հստակ է արտահայտում ներկայիս մեր որդեգրած ռազմավարությունը, բովանդակությունը։
Հետազոտական վարժարանի ղեկավարի և ուսուցիչների հետևողական ջանքերով հետազոտական աշխատանքը վարժարանում դարձավ կարևոր ու առանցքային զարգացումներից՝ իր շուրջը հավաքելով սովորողներին, ունենալով անսպասելի զարգացումներ։ Սովորողների մեծ մասին այս աշխատանքը ոգևորեց․ պարզվեց, որ շատ թեմաներ սովորողներն են ուզում առաջարկել, և այդ թեմաները բավականին հետաքրքիր էին։ Շատ թեմաների շուրջ դասավանդողը ևս կոնկրետ աշխատեց, որովհետև չես կարող հետազոտական աշխատանք ղեկավարել և չհետազոտել, չուսումնասիրել, շատ թեմաներ նոր էին դասավանդողների համար, ժամանակակից ու չուսումնասիրված, դրանք ուսումնասիրվեցին։ Այսպիսով, հետաքրքիր աշխատանք դարձավ։
Հետազոտական վարժարանն ամբողջ տարի ներկայացրեց հետազոտական աշխատանքների օրացույց և կազմակերպեց դրանց հանրային ներկայացում․ կարծում եմ՝ սա կարևոր ու կոնկրետ աշխատանք էր։
Արդեն նոր ուսումնական տարում ուսումնասիրվեցին արդյունքները, կարգում լրացումներ առաջարկվեցին․ արձանագրվեց, որ հետազոտական աշխատանքը կարևոր ներդրում էր Հետազոտական վարժարանի զարգացման, հետագա ընթացքի ու գործունեության համար՝ նոր շերտեր, հորիզոններ բացող։
Հեղինակային մանկավարժության առանցքային մոտեցումներից է հետազոտող մարդու լաբորատորիա լինելը, հետազոտող անհատ պատրաստելը, որը կունենա սեփական խոսք, ձեռագիր, մոտեցում և կկարողանա սովորել ու զարգանալ։
Հետազոտական աշխատանքի թեմաներն՝ իրենց նկարագրերով, հրապարակվում են ուսուցչի բլոգում, քննարկվում համապատասխան լաբորատորիաներում, հստակեցվում։ Հետազոտական վարժարանի ղեկավարը հնարավորություն է տալիս սովորողներին ծանոթանալ ներկայացված թեմաներին, առաջարկել իրենց թեման, ընտրել ղեկավարին։ Արդեն սեպտեմբեր ամսին ունենում ենք հստակ պատկեր․ յուրաքանչյուր սովորող ընտրում է իր թեման, ղեկավարին ու սկսում աշխատել։
Ըստ կարգի՝ ղեկավարի բլոգում հրապարակվում է աշխատակարգը, թեմաները, սովորողների անունները, աշխատանքին վերաբերող այլ մանրամասներ։
Առաջին ամիսներն աշխատանքային են․ սովորողները որոշում են իրենց աշխատանքի ընդհանուր բովանդակությունը, սկսում գտնել, ուսումնասիրել նյութը․ ընթացքում հարցեր են առաջանում, ինչ-ինչ փոփոխություններ լինում։ Բուն աշխատանքը կարող է տևել մինչև տարեվերջ։ Արդեն նոյեմբեր-դեկտեմբերից սկսում են առաջին պաշտպանությունները․ սովորողների մի խումբ միշտ էլ առավել համակարգված է աշխատում, խիզախում։
Հանրային ներկայացումները կարևոր են սովորողների և դասավանդողների համար․ դրանք բաց հարթակներ են, որտեղ դրսևորվում են սովորողների՝ հանրային ներկայացման, բանավոր խոսքի, աշխատած նյութի բովանդակությունը ներկայացնելու, հարցերին պատասխանելու և այլ հմտություններ։ Սրանք կարևոր են նաև սովորողի աշխատանքը այլոց ներկայացնելու, պաշտպանելու տեսակետից։ Կարևոր է նաև գրախոսի դերը, որը կարդում, ուսումնասիրում է աշխատանքը, շատ դեպքերում նաև աջակցում սովորողին։
Հետազոտական աշխատանքն ուսումնական աշխատանքի նոր մշակույթ և նոր հետաքրքրություններ բերեց։
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան