Պատիվ ունեմ հայտարարելու, որ վերջին տարիների համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում կրթահամալիրում թիմային ինտելեկտուալ խաղերը դարձել են ամենասպասված, իսկ շատ սովորողների համար՝ ամենասիրելի իրադարձություններից մեկը։ Ինքս դեռ շատ վաղուց տարված եմ եղել այսպիսի խաղերով ու միշտ էլ բարձր եմ գնահատել դրանց դերը անհատի զարգացման գործում։  

Խաղերը կազմակերպվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Փաստաշար» ձևաչափերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները ։  

Այսպիսի խաղերի ճիշտ կազմակերպումն ուսուցչի ձեռքին բավականին լուրջ ու ազդեցիկ գործիք է, որը հնարավորություն է ստեղծում սովորողներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել։ Ստացվող հմտությունների շարքում առաջին հերթին կցանկանայի առանձնացնել թիմային աշխատանքի փորձը։ Ինչպես ցույց է տալիս արդյունքների վերլուծությունը՝ սովորաբար միշտ հաջողության են հասնում այն թիմերը, որոնք ունեն միմյանց հետ խաղալու ամենաերկար փորձը։ Մասնավորապես վերջին երեք տարիներին ամենալավ արդյունքը գրանցել է 2022-2023թթ շրջանավարտներից կազմված խումբը ( թիմը կոչվում էր «Արմենոիդներ»), որը գրեթե միշտ հանդես է եկել անփոփոխ կազմով։ Մեկ այլ օրինակ է 2023թ-ի գարնանային մրցաշարը, որի արդյունքում հաղթեցին մասնակիցներից ամենափոքրերը, որոնք այդ պահին լինելով 9-րդ դասարանում՝ ունեին երկու տարվա համատեղ խաղալու փորձ։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպված 7 խաղերին մասնակցելու հայտ են ներկայացել մինչև 6 հոգանոց ավելի քան 70 թիմեր, որոնցից շատերը անփոփոխ կազմով։ 

 Թիմային աշխատանքը սովորողից պահանջում է կարճ ժամանակում սեփական տեսակետի լիարժեք ու համոզիչ ներկայացում, որպեսզի ստանա թիմի հավանությունը և գրանցվի որպես վերջնական պատասխան։ Երկար խաղալով սովորողը հղկում է իր բանավոր խոսքը՝ այն դարձնելով ավելի համոզիչ ու փաստարկված։ Հաջողության հասնելու համար սովորողը հասկանում է, որ միայն հարցի պատասխանն իմանալը քիչ է, պետք է այդ պահին նաև կարողանա այն դարձնել թիմային պատասխան։ Թիմային աշխատանքի հաջորդ աստիճանը ձևավորվող թիմային մտածողությունն է։ Այս դեպքում արդեն կարևորվում է թիմին լավ ճանաչելը և պահանջվում է հասկանալ յուրաքանչյուր մասնակցի ուժեղ և թույլ կողմերը, ձևավորել միմյանց միտքը շարունակելու կարողությունը։  

Ամփոփելով թիմային աշխատանքի վրա թիմային խաղերի ազդեցությունը՝ կարելի է արձանագրել, որ դրանց շնորհիվ սովորողները  ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու զարգացնում են թիմային մտածելակերպ։  

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը բարդ խաղ է, որտեղ դուք չեք կարող պարզապես իմանալ հարցի պատասխանը կամ հաշվարկել այն: Խաղը պահանջում է զարգացած տրամաբանություն, էրուդիցիա և ընդլայնված մտահորիզոն, որոնք պետք է անընդհատ զարգացնել, քանի որ շրջապատող աշխարհը փոխվում է, և դրա հետ մեկտեղ՝ խաղի հարցերի տրամաբանությունը։ Որպես սովորողների զարգացմանն ուղղված խթան՝ միանշանակ կարևոր  է ավելի լավ արդյունքների ձգտելու մղումը։  

Քանի որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափի խաղերի հարցերը հիմնված են նվազագույն գիտելիքի ու հիմնականում տրամաբանության վրա, այն զարգացնում է սովորողների տրամաբանությունն ու վերլուծելու կարողությունը։  

Թիմային ինտելեկտուալ խաղերը նաև հնարավորություն են տալիս սովորողներին նոր գիտելիքներ փոխանցելու, որը դսևորվում է հենց խաղի ընթացքում և կախված է հարցերի բնույթից։  Հարցերի բնույթը շատ բազմազան է, ու դժվար է դրանք դասակարգել որոշակի խմբերի, սակայն փորձեմ մի քանիսը առանձնացնել։  

 Ուսուցման կազմակերպման պրոցեսը շատ լավ արտահայտվում է բուն խաղերի ժամանակ։ Այս ընթացքում կազմվել ու հնչեցվել է ավելի քան 150 հարց։ Անգամ եթե սովորողները չեն կարողանում հանգել վերջնական ճիշտ պատասխանի, ապա, լսելով պատասխանը ու ընկալելով հնչեցրած հարցի տրամաբանությունը, սովորողը ընթացքում ձեռք է բերում և՛ գիտելիք, և՛ երևույթը հասկանալու հմտություն։ Չնայած խաղերին մասնակցում են հիմնականում ավագ դպրոցի սովորողներ՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում սովորողները ապրում են իմացումի հրճվանք, իրենց համար նորանոր բացահայտումներ անելով։  

Այսպիսի նախագիծ իրականցնելու համար կազմակերպչից պահանջվում է յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել արդյունքները, հասկանալ սովորողների տրամաբանության ուղղությունները, դիտարկել արդյունքների դինամիկան։ Խաղերի կազմակերպման համար կարևոր է հասկանալ նաև սովորողների մտածելու աստիճանն ու աշխարհընկալումը, որը հնավորություն կտա առավելագույնս նպաստել սովորողների զարգացմանը։ Վերջին տարիներին իրենց թիմի հաջողությունների ու զարգացումների մասին են պատմուն հենց սովորողները:  
Դիտարկելով վերջին երկու տարիների արդյունքները՝ կարող եմ ասել, որ նշված յուրաքանչյուր ուղղությունում կան շոշափելի արդյունքներ։ 
Այսպիսի նախագծերի հաջողության գաղտնիքներից մեկը նաև նորանոր խաղերի կազմակերպման ձևերի մշակումն է, որը բարեհաջող իրականացվում է 2023 թվականի ձմեռային ճամբարից։ «Փաստաշար» ձևաչափով կազմակերպվող թիմային խաղերը իրենց բնույթով բավականին տարբերվում են նախորդ ձևաչափից․ այս պարագայում սովորողներից ավելի շատ պահանջվում է եղած փաստերը համադրելու կարողություն, որտեղ բավականին մեծ դեր է խաղում սովորողի տեղեկացվածության բարձր մակարդակը։ «Փաստաշար» ձևաչափով կազմակերպված խաղերը նաև հնարավորություն են տալիս ընտրել խաղի կոնկրետ թեմատիկա, որի շուրջ տեղի է ունենում հարցաշարերի կազմումը։ Թեմատիկ ինտելեկտուալ խաղի օրինակ կարելի է համարել ֆուտբոլային ինտելեկտուալ մրցաշարը, որը կազմակերպվեց հենց սովորողների առաջարկով։  

Առջևում սպասվում է ևս մեկ այսպիսի թեմատիկ մրցաշարը, որը նվիրված կլինի կրթահամալիրում անցկացվող «Սեբաստացու օրեր» նախագծին։   
Որպես գոհանցնող արդյունք կարելի է նշել կրթահամալիրում ինտելեկտուալ խաղերի մշակույթի տարածումը, որի արդյունքում կրթահամալիրի սովորողներից կազմված թիմերը նաև մասնակցել են նմանատիպ այլ մրցույթների։ Ներկայացնում եմ դրանցից մեկի օրինակը:  

 
 Հղումներ՝ 

Աշնանային մրցաշարի ամփոփում

Ամառային ճամբարային մրցաշար:  

Ինտելեկտուալ խաղերը ձմեռային ճամբարի բաղկացուցիչ:  

 Հաղթանակի տպավորություններով կիսվում են սովորողները:  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով