Աշնանային ամենամյա հեղինակային ստեղծագործական 18-րդ հավաք․ նոր ուսումնական տարվա սկիզբ և արդեն համագործակցային տարբեր հետաքրքիր նախագծերի մեկնարկ։
2023-2024 ուստարին սկսել եմ շատ ոգևորված՝ իրականացնելով համագործակցային տարբեր նախագծեր թե՛ կրթահամալիրում և թե՛ կրթահամալիրից դուրս։ 2021 թվականին մեր կրթահամալիրի ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանի հետ փորձեցինք առաջին անգամ կրթահամալիրից դուրս համագործակցային նախագիծ իրականացնել Արարատի մարզ, գ․ Արբաթի դպրոցի հետ։ Հանդիպման վերջում ակնկալվում էր, որ հաջորդ մեր բաց դաս-պարապմունքը արդեն կլինի մեր կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում։ Նպատակը նույնն էր՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները մեկ նախագծի շուրջ։ Մի փոքր նախագծի մասին․
Դեռ 2020 թվականին մեր 5-րդ դասարանի սովորողների հետ ստեղծեցինք My Info Planet ուսումնական բլոգը, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց թարգմանական աշխատանքները տարբեր թեմաների վերաբերյալ։ Ուսումնական բլոգն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է: Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:
Նախագծի շարժառիթն ու ստեղծվող նյութերը
Մեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 4-5-րդ դասարաններում են սովորողները սկսում ուսումնասիրել «Բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը: Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս ուսուցչի՝ գիտելիքի միակ աղբյուրը լինելու մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և ստանալ պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցն անգլերեն ձևակերպել:
Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝ «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:
Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն Բրեյք դանսը:
Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ», «Աշխարհի հետաքրքիր տեսարժան վայրեր»։
Այսպիսով Արբաթի դպրոցի հետ մեր հանդիպումը իրեն շատ սպասեցնել չտվեց, և հոկտեմբերի 18-ին համագործակցային նախագծի շրջանակներում հերթական կրթական փոխանակումն ունեցանք։ Այս անգամ մի ամբողջ դասարան իրենց անգլերենի ուսուցչի և դպրոցի տնօրենի հետ հյուրընկալվեցին մեզ և մի ամբողջ օր ապրեցին մեր ուսումնական կյանքով։ Հանդիպումը սկսեցինք Շամիրամ Պողոսյանի և Արբաթի դպրոցի տնօրենի ողջույնի խոսքով, որից հետո մեր 4-րդ դասարանի մի խումբ սովորողներ բեմադրեցին ստվերների թատրոն՝ «Կարմիր գլխարկը» անգլերեն։ Հետո սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողները ներկայացրին իրենց թարգմանական աշխատանքները, որոնք տեղ են գտել մեր մանկական մեդիահանարագիտարանում՝ My Info Planet ուսումնական բլոգում։
Սովորողները թարգմանել էին հետաքրքիր նյութեր բադերի և ծովային կրիաների մասին, իսկ տեքստը կարդաց և տեսանյութին կցեց մեր կրթահամալիրի 6-րդ դասարանի սովորող Անգելինա Մկրտումյանը։
Ուսումնական պարապմունքն ավարտեցինք՝ անգլերեն Do, Re Me երգը միասին երգելով։
Հյուրասիրությունից հետո Արբաթի դպրոցի սովորողներին ներկայացրինք մեր նոր ուսումնական առաջին հարկը, որտեղ իրենք կավով տարբեր հետաքրքիր պատկերներ ստեղծեցին։ Հանդիպումն ավարտեցինք երաժշտության դասավանդող Ջուլլի Ղազարյանի հետ միասին կոմիտասյան պարերգերով։
Արմինե Թոփչյանի՝ օրվա ֆոտոպատումները Facebook-յան էջից՝
Օրվա նկարագրությունը նաև տեսաֆիլմով՝
Համագործակցային մեր հանդիպումները Արբաթի դպրոցի հետ շարունակական են լինելու, որպեսզի էլ ավելի լավացնենք և հարստացնենք մեր մեդիահանրագիտարանը։ Մեր ուսումնական բլոգը հարստացնում ենք նաև կրթահամալիրի մեր կրտսեր դպրոց-պարտեզների՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների հետ համագործակցելով․
Այս տարի սկսել եմ մի ուրիշ նոր շուրջտարյա հետաքրքիր տեխնոլոգիական համագործակցային նախագիծ․ ստվերների թատրոն, որտեղ ներկայացնում ենք տարբեր հեքիաթներ անգլերեն։ Աշնանային ստեղծագործական հավաքի ընթացքում 3-րդ և 4-րդ դասարանների մի խումբ սովորողներ իրենց համադասարանցիների և կրտսեր ընկերների համար բեմադրեցին ստվերային ներկայացումներ՝ «The Baby Elephant»/Փղիկը և «Little Red Riding Hood»/Կարմիր գլխարկը։ Հեքիաթի հերոսներին սովորողները տեխնոլոգիայի ուսուցչուհու՝ Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին պատրաստեցին և հոկտեմբերի 20-ին Հարավային դպրոց-պարտեզի նոր ուսումնական 1-ին հարկում՝ երաժշտության սրահում, բեմադրեցին ստվերային ներկայացումներ՝ 3-րդ դասարնի սովորողները՝ «The Baby Elephant»/Փղիկը, իսկ 4-րդ դասարանի սովորողները՝ «Little Red Riding Hood»/Կարմիր գլխարկը։
Նախագիծը շուրջտարյա է, և շարունակելու ենք դեռ շատ հեքիաթներ բեմադրել և այդ ձևով սովորողներին ավելի մոտիվացնել օտար լեզու սովորելուն։
Անցյալ տարի հաջողված համագործակցային նախագիծ կարողացանք իրականացնել ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանի հետ՝ բեմադրելով «Պապն ու շաղգամը» հեքիաթը եռալեզու։ Նախատեսում եմ այս տարի ևս նմանատիպ համագործակցային նախագիծ իրականացնել՝ կրկին եռալեզու որևէ ներկայացում բեմադրելով, որտեղ կներառվեն բոլոր սովորողները։
Իսկ ի՞նչ օտար լեզու կրտսեր դպրոցում, եթե չկան երգ, ռիթմիկա, ուրախ տրամադրություն։
Այդպիսի տրամադրվածությամբ այս տարի սկսել եմ մի նոր շուրջտարյա երաժշտական համագործակցային նախագիծ․ դասարանական երգչախումբ՝ Do Re Mi․․․
Այդ նախագծի մեկնարկը կլինի նոյեմբերի 3-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայր դպրոցի մարմարյա սրահում, Հարավային դպրոց-պարտեզի մեդիաուրբաթին։
Տարվա ընթացքում երաժշտության դասավանդող Ջուլլի Ղազարյանի հետ տարբեր հայտնի անգլերեն երգեր ենք ընտրելու և ներկայացնելու ենք «Գեղարվեստը կրթահամալիրում» օտարալեզու համերգին։
Այսպիսով՝ շատացնենք, զարգացնենք համագործակցային տարբեր նախագծերը մեր հեղինակային մանկավարժության մեջ, քանի որ համագործակցային նախագիծը, ինչպես ասում են, այլընտրանքային մանկավարժություն է, որը մեզ՝ սեբաստացի ուսուցիչներիս, շատ բնորոշ է։ Եվ չմոռանանք՝ սիրենք այն, ինչ ունենք, նվիրվենք, հոգի դնենք նրա մեջ, ինչով զբաղվում ենք, իսկ արդյունքը մեզ երկար սպասեցնել չի տա։