«Դպրոցական տխրություն»
Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ ամեն ինչ բարդացնում:
Սկսենք վերջաբանից. մայրս՝ գրեթե հարյուր տարեկան, ֆիլմ է դիտում մի հեղինակի մասին, որին շատ լավ ճանաչում է: Հեղինակին ցույց են տալիս իր տանը՝ Փարիզում, իր իսկ գրքերի մոտ՝ գրադարանում, որը նաև նրա աշխատասենյակն է: Սենյակի պատուհանից երևում է դպրոցի բակը: Դասամիջոցի աղմուկ: Հեռուստադիտողը տեղեկանում է, որ հեղինակը մոտ կես դար ուսուցիչ է աշխատել, և որ նա ընտրել է դպրոցի բակին նայող այս բնակարանն այնպես, ինչպես երկաթուղայինը թոշակի անցնելուց հետո կտեղավորվեր վագոնների տեսակավորման կայանի մոտ: Հետո հեղինակին ցույց են տալիս Իսպանիայում, Իտալիայում իր թարգմանիչների հետ խոսելիս, վենետիկցի իր ընկերների հետ կատակելիս, Վերկորի լանջին՝ բարձունքների մշուշում միայնակ քայլելիս ու մտորելիս՝ մասնագիտության, լեզվի, ոճի, վեպի կառուցվածքի և հերոսների մասին:
Մի նոր գրասենյակ՝ այս անգամ արդեն դեպի ալպիական գեղեցկությունը բացվող պատուհաններով: Այս տեսարաններին հաջորդում են հեղինակի սիրած արվեստագետների՝ կինոռեժիսոր ու գրող Դայ Սիցզեի, նկարիչ Սամպեի, երգիչ Թոմաս Ֆերսենի և նկարիչ Ժուրգ Կրեենբուլի տված հարցազրույցները, որոնք խոսում էին նաև իրենց աշխատանքի մասին:
Նորից Փարիզ. իր համակարգչի դիմաց, այս անգամ արդեն իր բառարանների մոտ:
Նա ասում է, որ դա իր տարերքն է։ Տեսաֆիլմի ավարտին հայտնի է դառնում, որ «Ռոբեր» հանրագիտարանում նա հանդես է գալիս P տառի ներքո Պենակ անունով, իսկական անունը Դանիել է, իսկ ազգանունը՝ Պենակիոնի:
Մայրիկս նայում էր եղբորս՝ Բեռնարի հետ, ով ձայնագրել էր այս տեսաֆիլմը հատուկ նրա համար: Մայրս նայում էր սկզբից մինչև վերջ շատ ուշադիր, առանց որևէ բառ ասելու, իր բազմոցի մեջ անշարժ նստած։
Տեսաֆիլմն ավարտվում է։ Ֆիլմի վերնագիրն ու նկարահանման մասնակիցների անունները։ Լռություն։
Հետո, դանդաղ շրջվելով Բեռնարի կողմը, հարցնում է.
− Քո կարծիքով նա երբևէ դուրս կգա՞ այս ամենից։
Բան այն է, որ ես վատ սովորող աշակերտ էի, և նա դա երբեք չկարողացավ մոռանալ: Այսօր, երբ այս շատ ծեր կնոջ գիտակցությունը գնալով լքում է ներկայի ափերը, որպեսզի մեղմորեն հեղեղի հիշողության հեռավոր արշիպելագները, առաջին իսկ խութերը, որ հանդիպում են ճանապարհին, նրան հիշեցնում են այն անհանգստությունը, որ իմ դպրոցական տարիների ողջ ընթացքում նրան տանջել է:
Նա ինձ վրա մտահոգ հայացք է գցում և դանդաղ հարցնում է.
— Ինչո՞վ ես զբաղվում։
Իմ ապագան նրան այնքան կասկածելի է թվացել, որ մինչև օրս չի վստահում ներկայիս: Նա միշտ կարծել է, թե ինձնից բան դուրս չի գա, և որ ես այնքան էլ կենսունակ չեմ: Ես նրա թույլ երեխան էի: Միայն այն ժամանակ, երբ 1969թ. սեպտեմբերին դասարան մտա որպես ուսուցիչ, նա հասկացավ, որ ես որոշ չափով հաղթահարել եմ դժվար իրադրությունը: Բայց և այնպես, տասնյակ տարիներ շարունակ (այլ կերպ ասած՝ ողջ հասուն կյանքիս ընթացքում) նրա անհանգստությունը գաղտնի դիմադրում էր իմ «հաջողության ապացույցներին», որոնց նա տեղեկանում էր իմ հեռախոսազանգերից, նամակներից, այցելություններից, հրատարակած գրքերից ու հոդվածներից կամ էլ Բեռնար Պիվոյի հեռուստահաղորդմանը հյուրընկալվելուց: Ո՛չ մասնագիտական կյանքիս կայունությունը, ո՛չ գրական գործունեությանս ճանաչումը, իմ մասին լսած ու մամուլում կարդացած ոչ մի բան չէր կարող նրան վերջնականապես հանգստացնել: Հաստատ նա ուրախանում էր իմ հաջողություններով, դրանց մասին պատմում իր ընկերներին և խոստովանում, որ հայրս, որ մահացել էր մինչ հաջողություններս տեսնելը, նույնպես երջանիկ կլիներ, բայց սրտի խորքում կար մի անհանգստություն, որ ծնել էր ի սկզբանե վատ սովորող աշակերտը:
Այսպես էր արտահայտվում նրա մայրական սերը: Երբ ես նրա հոգու հետ խաղում էի մայրական անհանգստության քաղցրության վերաբերյալ, նա պատասխանում էր Վուդի Ալենի կատակներից մեկով.
— Ի՞նչ ես ուզում, բոլոր հրեաները մայր չեն, բայց բոլոր մայրերը հրեա են:
Եվ այսօր գրեթե ներկայով չապրող հրեա ծեր մորս աչքերը նորից նույն անհանգստությունն են արտահայտում: Մի անհանգստություն, որ կորցրել է իր սաստկությունը, տագնապ, որ դարձել է արդեն նրա սովորությունը, բայց որը դեռ կենդանի է այնքան, որ հեռանալիս մայրս ձեռքս բռներ ու հարցներ.
— Դու Փարիզում բնակարան ունե՞ս։
Թարգմանություն ֆրանսերենից
Լուսանկարի աղբյուրը՝ zimbio.com
Թարգմանիչ՝ Կարինե Թևոսյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան