Կրթահամալիրի տնօրենի բլոգի օրագրից

Վահրամ Թոքմաջյանը, ում ղեկավարած «Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետ» ուսումնական նախագծի արշավախումբն առաջին գիշերն էր անցկացնում Դավիթ Բեկ գյուղում, պատմեց, որ ճանապարհին Զորաց քարերում հանդիպել են Ստեփանակերտից վերադարձող Մարթա Ասատրյանի էկոհայրենագիտական խմբին… Օրեր առաջ Տավուշի Բլդան գետի մոտ, Ջուխտակ վանքի ճանապարհին գրկախառնվել էին Գեղարվեստի ավագ դպրոցի՝ մեկնող ու Նոր դպրոցի՝ վերադարձող բազմօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության խմբերը… Ափսոս, որ մենք մեզ ենք հանդիպում, ուրիշները պարզապես ուսումնական այս արձակուրդին չեն ճամփորդում…

Հիմա, երբ մեր ճամփորդող խմբերը Երևանում են, երբ արցախյան հաջող մեկնարկից ոգևորված՝ Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչ էկո-հայրենագիտական ակումբը Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Արցախի, Վրաստանի իր գործընկերների հետ պատրաստվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Կողբի Զիկատարում իրենց աշխատանքային հավաքին,  հիմա, երբ հայրենիքի ու աշնան տպավորություններով, ուսումնական նախագծերի հաշվետվություններով լցված են մեր mskh.am-ը, սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգները, ասենք, որ մեր շատ նախագծեր չէին լինի կամ կլինեին ոչ մատչելի շատ սովորողների, եթե չլիներ ՀՀ պաշտանության նախարարության աջակցությունը։ Այ, որ Հայաստանում քիչ են անցկացվում կամ չեն անցկացվում այսպիսի հավաքներ-ճամփորդություններ, դրա պատճառը նաև այն է, որ տրանսպորտային փոխադրության հարցը լուծված չէ։ Հանրակրթական ծրագրերում հայրենագիտությունը, կրթական փոխանակումները աջակցության կարիք ունեն, և պաշտպանության նախարարը այդպիսի աջակցության կոնկրետ ու տպավորիչ օրինակ է ցույց տալիս։

Մենք էլ, ո´չ Հին Խնձորեսկում, ո´չ Զորաց քարերում, ողջ Ստեփանակերտ-Գանձասար-Շուշի-Երևան 750 կմ-ոց ճանապարհին, բոլոր հնարավոր գեղատեսիլ դադարներով՝ ճամփորդող խմբերի՝ ավտոբուսով, միկրոավտոբուսով չհանդիպեցինք… մեկ-երկու մարդատար մեքենա ճամփորդ ու վերջ… Այսպիսի աշուն, այսպիսի երկիր (երկրներ), այսպիսի հնարավորություն՝ ուսումնական արձակուրդի տեսքով, ու այսպիսի վերաբերմունք՝ անվայելք-անհաղորդ իր բնությանը, իր հողին, իր մշակութային նյութական ու ոչ նյութական արժեքներին, ինքն իրեն…

Նոյեմբեր ամիսը, գիտեք, իմ ամիսն է։ Տրամադրությունը, որ ունենում եմ այս ամսին, Հ. Թումանյանի «Պատրանք»-ով և Կոմիտասի «Չինար ես» երգով է արտահայտվում… Բակունցի «Միրհավ»-ով… Ուզում ես առանձնանալ ամենահարազատներից անգամ ու քայլել. ոտքով՝ անծանոթ ճանապարհ, անտառ, բարձունք հասնել… Տաք-հարմար հագնվես ու քայլես երկա՜ր, անշտապ, քո ականջում մնացած էն զիլ ձայներով միայն:

Անցյալ տարի այս ժամանակ էր կարծես, Արմինե Թոփչյանը թող ճշտի, ես առաջարկեցի մի ուսումնական նախագիծ… երևանյան այգիներում, պուրակներում, անտառային գոտիներում (հա´, հա´ անտառային գոտինե՜ր) լինել խմբով, դասարանով… ու պատմել: Իջնենք, սարերից, դաշտերից, մեր տուն ու բույն, բայց չկտրվենք բնությունից:

Առաջարկում եմ տարատարիք խմբերին, ակումբներին (բոլորն անելիք ունեն՝ զինված մեդիամիջոցներով, նկարակալներով) այսպիսի մի երթուղի՝ հետիոտն, քայլարշավ, թափառում՝ անշտապ, շուրջը զննելով, գրանցելով ձայներ, գույներ, տեսարաններ… Սկսում ենք Լունապարկից (Լուսնայգուց) Խանջյան փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող հատվածից, գրանցում ենք ժամանակն ու քայլում այգով մինչև Վ. Մամիկոնյանի արձան, անցնում նշագծած կամ ստորգետնյա անցումով Մամիկոնյան փողոցը, մտնում նորից Օղակաձև այգի՝ մինչև Սայաթ-Նովա փողոց, հետո, Եղիշե Չարենցի արձանի մոտ դադար առնում, նստում խոտերին, մի քիչ կարդում-զրուցում, շարունակում ճանապարհը Ալեք Մանուկյան և Խանջյան փողոցների միջև ընկած այգով (ուսանողականով), Կամերային երաժշտության տան այգով, Իսահակյանի արձանով (տեսեք, կա՞ հարմար միջավայր՝ «Ավետիք Իսահակյան» գյոզալ նախագծի ներկայացման համար), անցեք Օղակաձևի Առագաստանավային հատվածը մինչև Թամանյանի արձան, շուռ եկեք, նայեք Օպերայի շենքին, կարդացեք Չարենցի բանաստեղծությունը՝ «Նա տեսել է երևի արևային մի քաղաք…», հետո՝ Կասկադով վեր… մինչ «Խորհրդային Հայաստան» հուշարձան ու Հաղթանակի այգի… Նայեք ժամացույցին… Կարելի է նույն ճանապարհն անցնել հեծանվով, անիվներով, պատանիները, երիտասարդ մեր ուսուցիչները՝ զույգերով, թևանցուկ… Ես վստահ եմ, որ այս հետիոտն-քայլքային ճանապարհը չենք կարող չդարձնել ամենաբանուկը. բացենք հետիոտն երևանցու առաջ մի առանցք, մի ճառագայթ՝ ճանապարհին հաղթահարելով բազում խոչընդոտներ…

***

Ես հիմա պատրաստվում եմ դիլիջանյան ամենամյա 2-րդ բիզնես ինովացիոն ֆորումին՝ «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով անցկացվող դիլիջանյան բաց միջազգային հավաքին, որին կազմակերպիչ տնօրեն Հայկ Չոբանյանի՝ մեր միջին դպրոցի Արփիի և Հարությունի հայրիկի նախաձեռնությամբ այսօր ֆորումի 2-րդ օրվա՝ կրթությանը նվիրված աշխատանքներին կմասնակցեն Հերմինե Անտոնյանը, Նարե Տիգրանյանը, Առնոլդ Բլեյանը և Գնել Հարությունյանը: Ես, որ որոշել էի շաբաթ-կիրակի անկողնային ռեժիմում անցկացնել, ֆորումի ծրագրից տեղեկացա, ոչ միայն ֆորումի մասնակիցների թվում եմ, այլև ելույթ ունեցողների… Մոբիլ ու ստեղծական, տիար պապիկ Բլեյան (նորույթ. Դավիթի վերջին դիմելաձևն է), մենք քիչ ժամանակ ունենք հարգելի-մասնագիտական լսարանին պատշաճ մի բան ներկայացնելու համար:

Կրթահամալիրի  25-ամյա անվանը պատշաճ, մեր կրթական ծրագրերի ոչ միայն ներկայացում-տարածումը, այլև մեր գործի անընդհատ զարգացումը ենթադրում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ինքնակրթություն, անհատական ու փոքր խմբերով ստեղծական աշխատանքի կազմակերպման նոր աստիճան: Ես սրան եմ գնում. և վստահության, իրավահավասարության պակասը չի խոչընդոտը, ուրիշ տեղ մի՛ փնտրեք, փնտրեք ձեզանում. ինքնուրույնության և նախաձեռնողականության, ինքնավստահ ու թափով գործելու բոլոր կարողությունները դրսևորելու ժամանակում ենք։ Դուք պիտի ուզենաք, ձեզանից յուրաքանչյուրի շահերից է բխում, որ ես գործունեության առաջին պլանը զիջեմ ձեզ՝ ուսուցչին ու դպրոցի ղեկավարին, այլ մանկավարժական աշխատողին։

Ես սկսել եմ երկար ժամանակ անցկացնել դպրոցական կայքերում, դասարանական-խմբային բլոգներում, ուսուցիչների անհատական բլոգներում… Ինձ իմ դիրքում չի կարելի թերագնահատել, չգիտենալ, վրիպել։ Այ, ասենք, շնորհակալ եմ Նառա Նիկողոսյանին, նրա նախաձեռնությամբ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցելը ու կարճատև, կոնկրետ հանդիպումը, Տաթև Մելքոնյանի բլոգի բոլոր նյութերի ուսումնասիրումը,գեղարվեստի կրտսեր դպրոցի կայքի ամբողջականության հետազոտումը… Առաջ ես դրանք չէի անի, հիմա անում եմ ու գոհունակության զգացումով։ Շնորհակալ եմ։

Անգիրի (անշարժության կամ վերարտադրության) դպրոցից անցումը գործունեության դպրոցի՝ անցում է մի միջավայրից մի այլ միջավայրի, մի վիճակից՝ մի այլ վիճակի, ճիշտ է, բայց սա դինամիկ  ու անընդհատ ընթացք է։ Ահա Մարմարյա սրահի բաց սրճարանը այս դինամիկ փոփոխվող ընթացքի մեջ սկսում է գործել որպես ակումբ-խոհանոց, ուր կարելի է և՛ թեյ ու սուրճ խմել, ընթերցել, գրքային նորություններին ծանոթանալ, հանդիպումներ, անհատական ցուցադրություններ կազմակերպել, պարզապես հարմար տեղավորվել և հետևել Մայր դպրոցի հրապարակում ծավալվող իրադարձություններին…

***

Շաբաթ երեկոյան, Դիլիջան-ֆորումի ավարտին, ֆորումի կազմակերպիչներն առաջարկեցին լինել Դիլիջանի միջազգային դպրոցում… Լավ առիթ է, որքան էլ չեմ սիրում, երբ զարմացնում են: Զարմանալու ի՞նչ կա, կամ Բանգլադեշի կրթահամալիրի կամ կրթահամալիրի Բանգլադեշ աշխարհի տեր մարդուն ինչո՞վ կամ ինչպե՞ս կզարմացնես… բայց ծանոթանալ, իմանալ, իհարկե, սրանից էլ լավ առի՞թ… Մենք կարող էինք ու եղանք Դիլիջանի միջազգային դպրոցի շենքային-գույքային-նյութական միջավայրում… Շատ հետաքրքիր, գրավիչ նյութեր, հատկապես հատակի հիգիենիկ ծածկեր, սեղան-աթոռներ դարակներ… Ինձ զգում էի օդանավակայանում, երկաթուղային կայարանում՝ սպասասրահում, էքսպո մեծ տաղավարում, լա՜վ, հա՜, ժամանակակից տեխնոպարկում… Ես այն սիրով առաջարկեցի Վանաձորի կառուցվող տեխնոպարկի ընկերներին, ինչը ընդունվեց մեծ գոհունակությամբ: Սրտանց հաջողություն եմ ցանկանում այս մեծ բիզնես նախագծին: Սա ավարտուն-պատրաստի, ծավալուն մի կառույց է. ես, գոնե, այստեղ անելիք չունեմ…

Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն դարձնելն էայսինքն՝ ազատ կամքով էակ:   

Երեկվա գրում ես խոսում էի կրթահամալիրի աշխարհների մասին… Չգիտեմ՝ հաջո՞ղ հասկացություն է. բայց ի՜նչ լավ է, որ ես երեկ մտա Մայր դպրոց՝ եղած չափերով անտանելի դարձած ռոբոտաշինության մեր սրահը… Բովանդակությամբ, այո՛, աշխարհ, բայց, ախր, ֆիզիկապես ճնշող չափերով… Ուրախ եմ, որ այն այսօրվանից կրկնակի մեծ է. հանդիպեցի ոգևորված Գնելին Մեդիակենտրոնի մուտքի մոտ, ողջ Մայր դպրոցը, Մեդիակենտրոնն էլ հետը, տեխնիկայի, տեխնիկական ստեղծագործության տուն է՝ ոչ մի խոչընդոտ դրա ճանապարհին… գործի՜ր…

Գնել Հարությունյանը մեր պայծառանում է, հենց լեգո-ռոբոտներից ես խոսում: Մե՜ծ ուրախություն բոլոր սեբաստացիներիս տներում. բաժակ բարձրացրեք, ասեք՝ բարով եկար, մեր երկրորդ լեգո-ռոբոտին, որ երեկ ժամանեց ինքնաթիռով, հատուկ չվերթով, արդուզարդով, տուփով, հանդերձանքով…

Գործ է անում Գնելը` իսկական ստեղծականություն դարձնելով ուսուցումը տասնյակ 4-8-րդ դասարանցիների համար… Փնտրվում է ծրագրավորող-մասնագետ, ով կթափանցի այս աշխարհը, կկանգնի Գնելի կողքին, ու կրթահամալիրում կսկսեն իրական կյանքով ապրել տասնյակ լեգո-ռոբոտիկներ`  նկարել, տեսագրել, ահազանգել, ծիծաղեցնել…Շնորհակալ ենք «Սեբաստացիներ» արհմիութենական կազմակերպությանը և կրթական հիմնադրամին: Մի կողմից՝ այսպիսի նվերներ, մյուս կողմից՝ իրենց վերջին դրամներն են ծախսում… Է՜հ, հարստացե՛ք, փող աշխատեք, Հասմիկ Նալբանդյան, Առնոլդ Բլեյան ու ընկերներ. աղքատ սեբաստացի չի լինում, և աղքատը հոգեպես` ի՞նչ սեբաստացի: Երբեք ձևական չէ, էական է սեբաստացին…

***

Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի, չէ՞… 2014-ի մարտին, Հանրակրթական էկոտուր 2014-ի ապրիլյան շնչառությունն զգացվում էր, Դպրոց-պարտեզի՝ այսօր արդեն նախկին մուտքը շրջանցելով եկա ետնամուտք՝ այսօրվա գլխավոր մուտքը… Գյոզալ քարափը՝ Բ-4-ի, Բանգլադեշի, ալամ աշխարհի ամենագրավիչ բազալտե բնական թեքալանջը, որ օտարվել էր՝ աշխարհից ու կրթական ծրագրից, մեր պատասխանատվությունից դուրս մնացած, մետաղե անճոռնի-անիմաստ մեր ցանկապատով մեզնից մեկուսացած, ամեն օր ավելացող կեղտի մեջ կորած… Հիմա գնացեք, կանգնեք, զմայլվեք… չեք կշտանա՝ որքան կյանք, թովիչ, գրավիչ բան կա:

Մի այլ աշխարհ էլ՝  Գեղարվեստի գունաթերապիայի կամ արտթերապիա-աշխարհ՝ Արմինե Թոփչյանը, Արա Թարզյանը, իրենց ընկերներով՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզի ուսուցիչներով, դաստիարակներով, 2-ից 10-11 տարեկան սաներով են ստեղծել, ստեղծում… Տեսե՛ք… Սա մանկավարժություն է…

***

Այս տարի աշունն ուշ եկավ, տեսեք՝ ծառերին ինչքա՜ն կանաչ սաղարթ կա, աշունը կերկարի ու կերկարի… Նոր-նոր քաղաքում ծառերի աշնանային էտման ու այլ բարեկարգման աշխատանքներ են տարվում… Կրթահամազիրի միջդպրոցական պատշաճ անցումների, մեր նորաստեղծ այգու, գյուղացիական տնտեսությունների նախագծերի իրականացման լավ շրջան է նոյեմբերի կեսն էլ, դեկտեմբերի սկիզբն էլ…
— Արևը մայր մտավ, լուսինը դուրս եկավ, ի՜նչ պակաս լույս է… Սիմոն ջան…
— Բա պայմա՞նը…

Շատ քայլեք օրվա մեջ, սիրելիներս, դպրոցների բակերով, միջդպրոցական անցումներով՝ զննող հայացքով քայլեք… հա՛մ կուրախանաք՝ իրոք շատ գործ ենք արել այս տարում էլ, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ, համ էլ կիսատն ո՞ւմ թողնենք. նոր տարին իր հոգսերն ունի բազում, անցնող տարվա հոգսը թող նրան չմնա… Արտեմ Խաչատրյանը թող այս հինգշաբթի մեզ ուղեկցի… Դուրս գանք Արհեստներից ու թափառելով, անցենք Նոր դպրոցով դեպի Գեղարվեստ կամ Նոր դպրոցով Մայր դպրոց ճանապարհը… Կամ դուրս եկեք Դպրոց-պարտեզից ու այգով, անշտապ հասեք Մայր դպրոց… Թափառեք. մեր այս ճանապարհներին էլ արդեն նկատելի փոփոխություններ կան. դրանք կամուրջներ են, որ կապում են… ուսումնական դրսևորման ինչպիսի՜ միջավայրեր… Իսկ հաջորդ օրը, Մեդիաուրբաթ-համերգից հետո ես կրթահամալիրի վարչակազմին հաճույքով կուղեկցեմ մեր գյուղացիական տնտեսություն… Քայլենք միասին, միասին տեսնենք, ուրախանանք արածով, միասին որոշենք անելիքը: Այսպես է ստացվել. մենք Հարավարևմտյան զանգավածի տարբեր թաղամասերով՝ մի ուսումնական ցանց ենք ու պիտի ազդենք ողջ ցանցով մեր միջավայրի վրա… Սա անքննելի ու անդարձ է այլևս: Եղել է այդպիսի շրջան. մի տեղ՝ Մայր դպրոցի շուրջ հավաքվելու: Մերը ցանցային զարգացումն է՝ մեր անմիջական ու մեծ թաղային միջավայրներով, մեր Հարավարևմտյան զանգավածի ութ կրթական օբյեկտների շուրջ… Միջավայրի զարգացման մյուս ուղղությունը կապվում է ութ շինություն-բակերից յուրաքանչյուրի հնարավորությունների առավելագույն-ամբողջական օգտագործման հետ, որպես հետաքրքիր-զարգացող կրթական միջավայրեր. որպես կրթական պարտեզներ… Այո´, բոլոր նկուղները պիտի կապվեն իրենց անմիջական բակերի հետ, շենքերի տանիքները՝ բակային տարածքների հետ բազմահարթակ ու բազմակապ լուծումներ առաջարկեն-դառնան, իսկ սրանք միասին, որպես նոր-գրավիչ-խնամված-արդիական միջավայրեր ազդեն ուղղակի իրենց շրջակա տարածքների («Շրջակա աշխարհ» դպրոցական դասընթաց կա) վրա… Այս ամենը, իհարկե, կրթահամալիրի զարգացման ծրագրի ուղղություններ են 2015-16 թթ. համար, բայց էական անելիք կա 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերի համար… Ես ասացի, դուք լսեցիք, հիմա չգիտեմ՝ իմ երկուշաբթիի անելիքը որն է…

***

Մեր հոկտեմբերիկները՝ հինգ տարեկան սեբաստացիները, գույն և իմաստ են հաղորդում մեզ՝ ավանդական դարձած իրենց ամենամսյա հավաքներով, որպես մեկ ամսվա գործունեության հրապարակային ներկայացում… Հինգ խումբ, 122 սան, ամբողջական կրթական միջավայրում, տիկին Աիդայի ու իր «Պարտեզի» ուղղորդմամբ պատրաստված ոգևորված դաստիարակ ուսուցիչների և ուսուցիչների օգնականների, ուշադիր կոնկրետ ծնողների ներկայությամբ՝ տանը թե դպրոցում…

Հինգ տարեկանների ուսուցման ծրագիրն ինձ ավելի ու ավելի շատ է հետաքրքրում-զբաղեցնում, որպես մուտք կրտսեր դպրոց. 2-4 տարեկանների ընդհանուր զարգացման խմբերը մսուր-պարտեզային են… Տոլստոյն ասում էր. «Հինգ տարեկանից մեծահասակ՝ կես քայլ է»… Այս տարին, միևնույն է, լիարժեք ուսումնական է, անհրաժեշտ է, որ մանկավարժական միջավայրը համապատասխան լինի հինգ տարեկանի կայտառ, գլորվող, հոսող-թռչող մարմնին… Ու դառնում է… Ահա քեզ մեր հեղինակային մանկավարժության մշակման, իրականացման, ներկայացման մի կարևոր ծրագիր-նախագիծ…

Գեղարվեստի կրտսեր դպրոցում ինձ կրկին բռնեցին մեր հինգ տարեկանները. նրանք, Աիդա ջան, մեր Գնելի «ռոբոտիկների» նման շատանում-տարածվում են, ամենուր են, նրանք շատ հետաքրքրասեր են, զվարթ, շատակեր, Գնելի նման, մարդամոտ… Ահա խոհանոցում ինձ բռնեցին, կերան-խոսեցին-ծիծաղեցրին, աշխարհի բոլոր հարցերը տվեցին-ստացան-վերադարձրին… Ի՜նչ սիրելի-դաժան գործ է շաբաթը հինգ օր ժամը 8.30-17.00 այսպիսի աշխարհում ապրելը, Անուշիկ Աթայան ջան։ Ու ես հիշում եմ «Բզեզի դպրոցը»…

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռճանճբոռ,
Մըժեղմըրջյունմըլակմոծակ

— Գիտե՞քասավիմ փոքրիկներ,
Պիտի սովրեքսովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Իսկական բզեզի դպրոց՝ բը՜զզ հա բը՜զզ… Սա էլ քեզ Օրագրի 141-րդ գրի վերնագիրը՝

Ո՜ւհմարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Ահա հինգ տարեկանները՝ բոլոր 122-ը կթահամալիրի հինգ նախակրթարաններում իմացան, որ խոհարար ընկեր Նունեի, Վարդուհու, Մարիետի, Հիմնականի Նունեի,  Վարսիկի պատրաստած ճաշերի առաջին ամանները սիրելու համար չեն, այլ ուտելո՜ւ, ձեր ուսուցիչ ընկեր Անուշիկին, Լուսինեին, Հասմիկին, Աշխենին, Տաթևին, նրանց օգնականներին սիրեք, մայրիկ-հայրիկներին, տատիկ-պապիկներին քույրիկ-եղբայրներին …. սիրեք, իսկ ճաշերը՝ բոլոր տեսակի, կերեք մինչև վերջ ու դրանց փայլուն մաքրած ամանները՝ որպես շնորհակալություն հանձնեք հատ-հատ… Ի դեպհ, տիկին Աիդա, իսկ ե՞րբ ենք բացելու վեցերորդ խումբը։ Հակառակը չանեք, հետևելու եմ մեկիկ-մեկիկ, Գնելի ռոբոտներին կարգելու եմ ինձ օգնական՝ ամեն ինչ նկարեն-ձայնագրեն-տեսագրեն- պատմեն… Ես էլ ինձ համար պարտեզի ծառերից մեկի տակ քեֆ քաշեմ… Տեսաք՝ ռոբոտները ոնց էին իրենց նոր ընդարձակ սրահից դուրս եկել ու բռնել Մարմարյա սրահը, դարձել ընդհանուր պարապմունքի հերոսները… Կրթահամալիրի ռոբոտացումը այլևս անշրջելի մի ընթացք է, ուռա՜…

***

Երեկ ես խոսում էի ուսուցիչ-սովորողների համատեղ ստեղծած աշխարհների մասին, որոնցով ձևավորվում է կրթահամալիրի «Աշխարհացույցը»… Ամեն մեկի և՛ ստեղծման, և՛ օգտագործման, և՛ զարգացման համար. մենք պարտական ենք կոնկրետ ուսուցիչ-կազմակերպիչին… Մեր կյանքի լիարժեք կազմակերպումը կրթահամալիրում ենթադրում է նոր աշխարհների ստեղծում: Օրակարգում մարզաշխարհի, ռազմաշխարհի ստեղծումն է, որը պահանջում է ռազմագիտության իր ուսուցչին, սովորողների հետ ռազմական գործի կազմակեպիչին… Ու փնտրում ենք: Ովքե՞ր են մասնակցում այս որոնմանը… Թվում է` եթե ոչ յուրաքանչյուր սովորող, ասենք, սկսած 5-րդ, 6-րդ դասարանից, նրանց միջոցով շատ ընտանիքներ, գոնե յուրաքանչյուր մանկավարժական աշխատող… Կա՞ այսպիսի փնտրտուք` բաց ու շահագրգիռ, կոնկրետ… Ավա՜ղ, ես հիմքեր ունեմ պնդելու, որ այս փնտրտուքը սահմանափակվում է աշխատողին ներկայացվող պահանջների հրապարակմամբ, մեզ հասու ԶԼՄ-ով տարածման շրջանակներում… Ձևական մի տիրույթ, մի տեսակ փակ տարածք, որից դուրս է շարունակում ապրել, ու գուցե այսպիսի գործի (իր կյանքի գործի) մասին մտածել մեր կրթահամալիրի ժամանակի նոր հերոսը` տվյալ դեպքում զինվորական գործի ուսուցման կազմակերպիչը… Մեծահասակ, որ դեռահասների, պատանիների մեջ է ուզում լինել, նրանց դժվարություններ հաղթահարելու իր փորձն ու հմտությունները փոխանցել, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ հմտությունները՝ որպես գրավիչ ուսումնական աշխատանք կազմակերպել, դժվարություններից ոչ միայն չփախչել, այլև իր վրա հրամատարի պատասխանատվություն վերցնել, իր անձնական օրինակով զինապարտությունը՝ պատանու ազատ ընտրությամբ քաղաքացիական ծառայություն դարձնել… Միացե՛ք մեր փնտրտուքին` և´ այս, և´ սովորողի տեխնիկական ստեղծագործության կազմակերպման, ծրագրավորման ուսուցչի գործին… Ովքե՞ր են, որ իրենց կյանքով հանգել են, կարող էին մտածած լինել ու պատրաստ են այսպիսի խիզախ գործ սկսելու… Հիշում եմ` ինչպես ամիսներ առաջ զանգեց ինձ անիմացիայի հայտնի դարձող նկարիչ-մասնագետ Լևոն Աբրահամյանը… Այն աշխույժը, որ հասել է նաև մեր դասվար-դաստիարակներին, ոգևորիչ է… Ես գիտեմ, որ նման ուսումնական աշխարհներ ստեղծողների ճանապարհները տարբեր են լինում, մինչև վերջ անիմանալի… Բայց սեբաստացիներ բոլոր տարիքի, միացեք այս փնտրտուքին, արեք այս գործը կոնկրետ ու հետևողական, այլապես… սկսում ենք ծերանալ ձգտումներից. ես գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանից եմ լսել, ում, գիտեք, պարտական եմ Բանգլադեշի ուսումնական աշխարհի կազմակերպիչը դառնալու համար` տարիքից չեն ծերանում, այլ երբեմն հոգնում են ձգտումներից…

***

Աչքալուսա՜նք, Սվետա Ճաղարյանը, կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավարը, Կարեն Խաչատրյանը՝ նշանավոր Կայը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը, և Լիլիթ Առաքելյանը՝ իմ սիրելի Պիլոն դաշնակահար, հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին… Երեկ սպասված գնում իրականացրինք. մեր նշանավոր Մարմարյա սրահն էլեկտրոնային (թվային) ռոյալ ունի` տեղով մեկ կուկլա. ո՛չ կեր, ո՛չ խմի, մի գլուխ նվագի՜… Մենք մեզ պարգևատրեցինք մեր Տոնի առիթով. այ, էստեղ ու սրան են ասել` հալալ է… Ուսումնական գործիք է:

Ամենուր այնքան լավ գործիքներ, ուսուցման գրավիչ ու հարմար միջոցներ կան, որ ժամանակին կարող էինք երազել… Ուսումնակա՞ն են սրանք. ուսուցիչ-մասնագետը պիտի որոշի. մոբիլությունը, գրավչությունը, անվտանգությունը, հեշտությունը, բազմաֆունկցիոնալությունը և մատչելիությունը բավարար հատկանիշներ չե՞ն… Ի՞նչ ասել է՝ ափսո՜ս է. օր առաջ պիտի գործիքների և նյութերի առումով նորացվեն-ամբողջանան ուսուցման միջոցների մեր լաբորատորիաները, արհեստանոցները… Արագ-արագ պիտի մտնենք ֆիրմաներ, թերթենք կատալոգներ, այցելենք ցուցահանդեսներ, փնտրենք` մեդիայով մեկ նույն սարքի էժան անալոգները… Որտե՞ղ, եթե ոչ լավ դպրոցում, երեխան պիտի հաղթահարի չտեսությունը, հանդիպի իր կյանքը փոխող, այլ դարձնող տեխնոլոգիական ուսուցում, հմտությունների փոխանցում ապահովող միջոցների…

Ես ներողություն եմ խնդրում Մայր դպրոցում պարապմունքներ անցկացնող սովորողներից և ուսուցիչներից վերջին մի քանի շաբաթների անհարմարությունների համար, որ պատճառում է մեզ Ավագ դպրոց-վարժարանի «Երրորդ հարկ ուսուցման միջավայր» նախագծի ավարտական փուլը: Պիտի մինչև նոյեմբերի 10-ը` Տոնի մեկնարկը, ավարտել… Երկարեց… Յոթ ամիս սպասել ենք այս օրվան. մեր Ավագ դպրոց-վարժարանի կրթական միջավայրի արդիականացումն ամբողջական տեսք է ստանում… Չպատմեմ, կտեսնեք: Գեղարվեստի ավագ դպրոցն իր Արման Գրիգորյանով, Միջին դպրոցն իր Թամար Հարությունյանով, և Ավագ դպրոց-վարժարանի սովորող դիզայներների խումբը (Նարե Ղալամքարյան և ընկերներ, աո՜ւ) զուգահեռ պիտի արագացնեն գեղագիտական-գեղարվեստական նոր լուծում-նախագծերի իրականացումը… միջավայրի ստեղծումը: Եկեք գնահատենք. առանց պետական միջոցների, ուսումնառության պայմանագրով որոշված ամսական լրավճարները ներդրում դարձնելով, տեսեք, երեք տարում կրթահամալիրի Մայր դպրոցն (կրթահամալիր ստեղծած թիվ 183 դպրոցը, որը, եթե կենդանի լիներ, կլիներ 30 տարեկան) ամբողջովին դարձրինք ամենաէժան, ամենաինքնուրույն, ամենահետաքրքիր հանարակրթական միջավայրներից մեկն ալամ աշխարհի…

Այսօր ԱՄՆ-ից մեզ էր այցելել մեր 15 տարվա շրջանավարտ Մուշեղն ու զարմացել` դպրոցն անճանաչելի է դարձել… Այ, ինքնազարմանքի պարգևը (ոչ թե մեզ այլոց կողմից զարմացնելու անհեռանկար զբաղմունքը) մեր դինամիկ-ստեղծական-ինքնավար կրթահամալիրում ցուցանիշ է դառնում… Երեկ մի խումբ վարժարանի սաներ զարմացել էին Գեղարվեստի դպրոցի «Տանիք» ուսումնական նախագծից, այս ե՞րբ, այս ո՞նց… Նորամուտների ցանկը, որը, իհարկե, լրիվ չէ, կրթական աճը մեզ ու մեր շրջանավարտներին, բոլոր կարգի սեբաստացիներին ուսումնական նախագծերի ձևով ներկայացվող գործերի բաժինն է… Մեկ էլ տեսար՝ ամենահիշվողը… Ոչինչ չի կարելի թողնել վերջին կամ նախավերջին օրվան. Մարի Գաբանյան ու ընկերներ, Առնոլդ Բլեյան ու ընկերներ, Գրիգոր Խաչատրյան ու ընկերներ` կիսատությունը մերժելի ցուցանիշ է թե՛ Տոնի համար, թե՛ կրթական նոր միջավայրի գործածման առումով… Կարևորո՞ւմ է մեր պատվիրատուն` մեր սովորողի հայրիկը, մայրիկը, հենց սովորողը, այն ջանքերը, որ մենք դնում ենք կրթական միջավայրի նորացման-ամբողջականացման վրա… Մենք գործում ենք` հավատարիմ մեր կրեդոյին՝ կրթական միջավայրն է ամենագործուն ուսուցիչը… աներևույթ, բայց գործուն: Իսկ մեր մարզական ակումբներն առաջիկայում, պիտի, այ, կոնկրետ ու գործուն մասնակցեն «Սեբաստիա» մարզադաշտի ամբողջականացման աշխատանքներին… Տեսեք, նոր շինարարական եռուզեռ է մարզադաշտում, մարզահամալիրում, ջեռուցման համակարգի ամբողջացումը խոսում է այն ուշադիր վերաբերմունքի մասին, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմին պատիվ է բերում…

***

Երբ կա կասկած, որպես հիմնական չափանիշ ընդունում եմ իմ սեփական ուրախությունը… Սրանից իրական անխափան ցուցանիշ ու կողմնորոշի՞չ… Ավելին ասեմ, ես ուրիշի (այլոց) համար ոչինչ չեմ անում, և այլոց գնահատականն ավելի ու ավելի քիչ բան է նշանակում… Կանխեմ` ամեն մի աշխատանք պահանջում է մասնագիտական բարեխղճություն, նույն է թե` մասնագետի ներգրավում, խորհրդատվություն, գործից հասկացողի աչքեր ու ականջներ… Բայց սա` գործի կատարման փուլում… Իսկ գործը, ցանկացած գործ, ես անում եմ ինձ համար, լավ եմ անում, ես ինձ պարգևատրում եմ: Ես միշտ վարձատրված եմ, ու ինձ գործը պարտք չէ:

Պատրաստվեք «Սեբաստացիներ» երգչախմբի՝ Տոնի շրջանակում արվող բացառիկ համերգաշարի երկրորդ ելույթին` այս անգամ Դավիթաշենի Նահատակաց սրբոց եկեղեցում: Իմ ձեռքով տեղադրեմ այս տեղեկությունը. ես և՛ մասնակցեմ, և՛ տարածեմ: Լսեք առաջին համերգի տեսագրությունը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում. ինչ լավ է, որ ունենք այսպիսի TV` մոբիլ-հասանելի, մարդկային… Թե չէ` ժամը քանիսն է, պտտում եմ ալիքից ալիք… ինձ հարմար քիչ բան եմ գտնում, շարունակում եմ գրել ու գրել իմ օրվա գիրը…

***

Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր ավանգարդիստական կոմպոզիցիոն լուծումների մեջ անգամ չէր պատկերացնում-տեղավորում, Արհեստների դպրոց-քոլեջի կասկադային հարթակը… Գլխավորն իհարկե Մայր դպրոցի՝ Մայր հարթակի, դեռ կտեսնեք, տանիքից ճախրանքն է թումանյանական «Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…»

Ահա այսպես էլ՝ «Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ», թող լինի մեր կիրակնօրյա պատումի վերնագիրը: Իսկ Նունեի առաջարկը՝ համաձայնեցված Հեգելի հետ, ընդունենք ու մեր մանկավարժությունը հաջորդ զարգացման շրջանի համար անվանենք բռնությանբռիության բացասման մանկավարժություն… 

Հիմա, երբ Ավագ դպրոցը քաշվեց նորանորոգ երրորդ հարկ, ելք ունեցավ դեպի Մայր դպրոցի տանիքի ընդարձակ հարթակ, ազատվեց ամբողջ առաջին հարկը երաժշտության կենտրոնի համար, շունչ քաշելու և վարժարանի զարգացման մասին քննարկում սկսելու շրջան է: Կարծեմ, Գևորգ Հակոբյանն այդպիսի խորքային զրույց է պատրաստում: Երաժշտության ուսումնական կենտրոնի՝ մեզանում ճանաչված ու հարգանք վայելող Սվետա Ճաղարյանն ու իր ընդունակ երաժիշտ ընկերները ևս կենտրոնի ընդարձակմանը միայն ծավալային չափումով չեն կարող մոտենալ: Մեր սովորողը՝ տարատարիք, մեր ուսուցիչը, լրացուցիչ կրթության կազմակերպման մինչ այս չտեսնված միջավայր է ստացել:

***

Այս օրերին կրթահամալիրում նկարահանում-ուսումնասիրություններ էին իրականացնում «Շանթ» TV-ն՝ մանկավարժության մեջ մեր գունաթերապիայով, Հանրային հեռուստաընկերությունը՝ 4-7-րդ դասարանցիների տեխնիկական ստեղծագործությամբ՝ ռոբոտաշինության մեր առօրյայով, 1in.am-ի TV-ն՝ 5-10-րդ դասարանցիների հանրային խնդիրների արձագանքումներով… Այս օրերին երկու նշանավոր ու հաջողված համերգ կայացավ. Մեդիա կենտրոնում ելույթ ունեցավ նշանավոր, Հայաստանի լավագույն ջազ խումբ ճանաչված «Con Alma» խումբը, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում՝ «Սեբաստացիներ» երգչախումբը… Խնդրեմ, մեկնարկում է մեր կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարանների դասվարների շախմատի մրցաշարը, կրտսեր դպրոցները նոր աշխույժով ու կյանքով լցված թթուդրեքը, սկսվել ու իր իրավունքների մեջ է…

Այսօր թատրոնի օր է։ Այն մտքից, որ Գեղարվեստի ավագ դպրոցի Հայկն ու Սուրենը իրենց հմայիչ ուսուցչուհու հետ մասնակցելու են միջազգային փառատոնի, դեռ պիեսն էլ թարգմանել է իրենց կերպարվեստ-կոմպոզիցիայի ուսուցիչ Արման Գրիգորյանը, լավ եմ զգում՝ անհանգստանալու աստիճան, հատկապես որ փառատոնին մասնակցում են Գեղարվեստի դպրոցի շրջանավարտները՝ կինոյի-թատրոնի ինստիտուտի շրջանավարտներ Սոնա Արսենյանն ու Տիրուհի Հակոբյանը։

***

Ափսոսանքի և մեղավորության օրեր տևող զգացում եմ ունենում, երբ չեմ կարողանում մասնակցել կրթահամալիրյան որևէ նորամուտի, մեկնարկի, հավաքի… Դրանում միշտ մեղավոր է լինում կրթահամալիրի տնօրենի պաշտոնը… Ինչպես այս անգամ. ես թերի մասնակցեցի «mskh.am բազմալեզու կայք» նախագծի ներկայացմանը Մեդիա կենտրոնում, չմասնակցեցի Գեղարվեստի կրտսեր դպրոցի ցուցահանդես + դաշնամուրային համերգին` Արսեն Մինասյանի անհատական ցուցահանդեսի բացմանը, դրան հաջորդած` Հասմիկ Մաթևոսյանի և սաների դաշնամուրային համերգին: Ո՞րն է իմ արդարացում-«բժշկի թուղթը». օրեր առաջ ես գրավոր հաստատել էի, որ մասնակցելու եմ նույն օրը նույն ժամին Մատենադարանում սկսվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային ներկայացման մեկնարկին… Էլի անհետաձգելի գործեր՝ ու ես ուշացա երաժշտության ուսումնական կենտրոնի նորամուտ-համերգից… Հետո, չնայած իմ խիտ ու հետաքրքիր օրվան՝ է՛լ ընդունելություն ԱՄՆ դեսպանի առանձնատանը («ՆԱՏՕ-ի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում), է՛լ ընդունելություն իմ տանը («Աստղային օրեր կրթահամալիրում» տոնի շրջանակում), մնացի մեղավորի իմ չհաղթահարվող զգացմամբ… Ինչպես հիմա՝ առտու ժամը հինգին, երբ ես սկսում եմ իմ նոյեմբերի 13-ի գիրը: Գուցե գիրն օգնի նոր՝ այսպիսի մեղքից ազատ օր սկսելու…

«Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ու պետական ֆինանսավորում ունեցող ծրագրին ես հաջողություն եմ ցանկանում: Դեռ կունենանք առիթ ու հնարավորություն՝ ավելի մասնագիտական մասնակցություն ունենալու, եթե նախագծի պատասխանատուները դրա կարիքը զգան. ծրագրի անունը՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» ես, մեղմ ասած, չեմ հասկանում։ «Այբ»-ի խորհրդի նախագահ Տեր Մեսրոպի երկարաշունչ ելույթը ծայրից ծայր փրկչական գործունեության ավետում է մեզ. սրա հետ, մեղմ ասած, հաշտվել չեմ կարող: Գրիգոր Խաչատրյանի թևավոր խոսքերից երեկ ես շրջանառեցի. «Ես ավելի մեծ եմ, քան կարծում եմ, հետևաբար, ես համեստ եմ»…

20-րդ դարի հայտնի մաթեմատիկոս-մեթոդիստ Ջեյմ Փոյան, որ մաթեմատիկան սովորողի և սովորեցնողի մտածողության զարգացմանն ուղղված գործունեություն դարձնելու այնքա՜ն եռանդուն-հետևողական ջանքեր էր գործադրում, ով աշխարհում այդպիսի, ամենաշատ կարդացված «Ինչպես խնդիր լուծել», «Մաթեմատիկական հայտնագործություն» գրքերի հեղինակն է, մեզանում հայտնի ու տարածված ուսուցման պատվիրանների հետ թողել է մեկը, որի կարիքը հիմա զգում եմ` երբեք մի՛ պատասխանեք հարցերի, որոնք սովորողների մոտ չեն առաջացել։ Սուսան Մարկոսյանի հետ կարծեմ խոստացել էինք մեր հեղինակային մանկավարժության սկզբնաղբյուր աշխատությունների գրադարանում նորից անդրադառնալ Փոյայի ժառանգությանը, Փոյա թարգմանել…

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով