«Միակ բանը, որն անհրաժեշտ է չարին իր հաղթանակը տոնելու համար, լավ մարդկանց անգործությունն է»:
Էդմունդ Բուրկե, իռլանդացի փիլիսոփա
ՀՀ կրթական համակարգում արմատական բարեփոխումները վկայում են, որ ուսուցման պահանջվող որակի ապահովման հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է ուսուցման նորագույն մեթոդների կիրառումով: Գաղտնիք չէ, որ ուսուցման ավանդական մեթոդները, ավելի ճիշտ` գիտելիքներ սերտել տալու մեթոդներն այսօր չեն կարող ապահովել ուսման որակ և ստեղծարար կարողությունների զարգացում: Դասավանդողներն այսօր ուսուցման մեթոդների ընտրության մեծ հնարավորություններ ունեն: Խնդիրն այն է, թե մենք որքանով ենք տիրապետում ուսուցման ժամանակակից մեթոդներին, ուսուցման նպատակով մեր կողմից ընտրված կամ արդեն կիրառվող մեթոդները որքանով են համապատասխանում մեր դասավանդած առարկաների ուսումնական նպատակներին:
Նախագծերի մեթոդը (Project methods) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք բերում աստիճանաբար բարդացող գործնական նախագծերի պլանավորման և իրագործման ընթացքում: Համաշխարհային մանկավարժության մեջ այս մեթոդը նոր երևույթ չէ. Այն առաջին անգամ նկարագրվել է 20-րդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում կրթական բարեփոխումների շրջանում, ինչի արդյունքում կրթությունը դարձավ աշակերտակենտրոն: Հետագայում այն լայն տարածում ստացավ եվրոպական երկրներում: Մեթոդի ի հայտ գալը կապվում է Ջոն Դյուիի անվան հետ, երբեմն անվանում են նաև հիմնախնդիրների մեթոդ:
Նախագծերի մեթոդն իր նշանակությամբ կարևոր տեղ է զբաղեցնում ուսուցման ժամանակակից մեթոդների շարքում, 21-րդ դարի նորագույն մանկավարժական տեխնոլոգիաներից է, որը թույլ է տալիս անհատականացնելու ուսումնական գործունեությունը, սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության պլանավորման հարցում, տեխնոլոգիա է, որը ներառում է բազմաթիվ այլ մեթոդներ: Նախագծային մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ուսուցումը կազմակերպվում է սովորողների նպատակային գործունեության միջոցով, ընդգծվում է կապը սովորողների կյանքի և առօրյայի հետ, ուսումնասիրության հիմնախնդիրները բխում են իրական կյանքից: Այս դեպքում անպայման կապահովվեն սովորողների հմտությունների, կարողությունների զարգացումը, տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, քննադատական մտածողության զարգացումը: Փորձն ապացուցում է, որ նախագիծ մշակող և իրագործող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ, կոնկրետ այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Ուսումնական նախագիծն ունի իր իրականացման փուլերը.
- հիմնահարցի ձևակերպում
- աշխատանքային խմբի (խմբերի) ձևավորում
- աշխատանքի բաժանում
- խմբերի, անհատների ինքնուրույն աշխատանք
- հետազոտություն
- ստացված արդյունքների ընթացիկ քննարկումներ
- կատարված աշխատանքների ներկայացում
— նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված - սովորողների և խմբի աշխատանքների գնահատում
— գնահատումը կատարվում է և՛ դասավանդողի, և՛ սովորողների կողմից
— գնահատվում է յուրաքանչյուր սովորող
— գնահատվում է ամբողջ խումբը - հետագա աշխատանքի ուղիների նախանշում
Յուրաքանչյուր մեթոդ, որը կարող է նպաստել սովորողի կողմից գիտելիքներ յուրացնելուն, հմտություններ ձևավորելուն, ինքնին արժեքավոր է: Այս առումով հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունները ևս կարևոր ու տպավորիչ նախագծեր են` որպես ուսուցման մեթոդ` իրենց փուլերով, օրինաչափություններով։
Այստեղ նախագծի բուն նպատակներից մեկը սովորողի մեջ ուսումնասիրվող նյութի վերաբերյալ հետաքրքրություն առաջ բերելը և դրան գնահատական տալն է: Ճամփորդությունը պետք լինի նպատակաուղղված, զարգացնի սովորողի ճանաչողական ունակությունները, նպաստի բարոյական հատկանիշների ձևավորմանը, առաջացնի սեր հայրենիքի, նրա մշակույթի, պատմության, ինչպես նաև հարգանք հարևան ժողովուրդների նկատմամբ:
Նախագծի իրականացման ժամանակ անպայման աշխատում ենք կիրառել սովորողների` տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները: Այս խնդիրը հեշտ է լուծվում, եթե աշխատանքի բաժանումը կատարելիս ուղղորդվում ենք տարբեր առարկաներից սովորողների պատրաստվածության հաշվառմամբ:
Իհարկե, միայն նախագծային աշխատանքներով չեն լուծվում մայրենի լեզվի ուսուցման հետ կապված խնդիրները, ուղղակի այն, ինչ չի կարելի անել այս մեթոդով, ըստ իս, հնարավոր չէ անել ուսուցման գործընթացում կիրառվող մյուս մեթոդների միջոցով:
Նախագիծ «Երևանն իմ տունն է»
Աշնանային արձակուրդն առավել հետաքրքիր, արդյունավետ կազմակերպելու նպատակով 12-րդ դասարանի սովորողների աշխատանքային խմբի հետ իրականացրինք ստեղծագործական- հետազոտական նախագիծ` նվիրված Երևան քաղաքին:
Նպատակը` ստեղծել ուսումնական փաթեթ «Հին ու նոր Երևանը»:
Ընթացքը
նյութերի ձեռքբերում, համակարգում
ուսումնական ճամփորդություն Երևան քաղաքի թանգարան
«Երևան» բառի ծագումը
Հայաստանի մայրաքաղաքները
20-րդ դարի Երևանը լուսանկարներում
վարչական բաժանումը, տարեգրությունը
տոները
հուշարձանները
մշակութային օջախները
Երևանն այսօր
աշխատանքի արդյունքների լուսաբանում
Նախագիծ «Գրական անկյուն»
Ուսումնական նախագիծը մշակել և իրականացնում ենք 12-րդ դասարանցիների հետ:
Հեղինակային կրթական ծրագրի աշնանային բաց հավաքի շրջանակում «Գրական անկյուն» ուսումնական նախագծով ստեղծեցինք ուսումնական էլեկտրոնային փաթեթ` նվիրված Պարույր Սևակին:
Ուսումնական փաթեթի ստեղծումը սովորողների և ուսուցչի ուսումնական-ստեղծագործական աշխատանքն է, որը ենթադրում է.
ա) նյութերի, հոդվածների, տեսանյութերի հայթայթում և ստեղծում
բ) խմբագրական աշխատանք
գ) ուսումնական և հայրենագիտական ճամփորդություններ
դ) համագործակցային աշխատանք օտար լեզուների խմբերի հետ
ե) քննարկումներ
զ) կատարված աշխատանքների լուսաբանում կայքում և «Լուսաստղ» էլեկտրոնային ամսագրում
է) ֆոտոշարքեր
Աշխատանքի ընթացքը այնքան գրավիչ և արդյունքը ոգևորող էր, որ համերաշխ-համատեղ աշխատանքով ստեղծվեցին նոր փաթեթներ` նվիրված`
- Ավետիք Իսահակյանին
- Համո Սահյանին
- Հովհաննես Թումանյանին
- Վահան Տերյանին
- Վիլյամ Սարոյանին
- Եղիշե Չարենցին
- Հրանտ Մաթևոսյանին
Պարույր Սևակի անկյունը վերածվեց գրադարակի։ Ստեղծված ուսումնական փաթեթները օգտակար կլինեն և՛ սովորողներին, և՛ դասավանդողներին, և՛ գրականություն սիրողներին: Դրանով շատ ոգևորված են պետական քննություններին պատրաստվող 12-րդ դասարանցիները: Աշխատանքը շարունակվում է:
Հեղինակ՝ Ելենա Սարգսյան