Ի՞նչ է հանձնարարվում առցանց դասին
Դասարանում սովորողներին հանձնարարվում է կարդալ օրվա հեքիաթը, ստեղծագործությունը, առակը: Հետո քննարկում է լինում, միասին կարդում ենք, լսում, վերլուծում: Սովորողները դասարանում այնքան են աշխատում տեքստով, որ տանը առանց ծնողների միջամտության ենթակայքի «Կարծիքներ» բաժնում գրում են իրենց ասելիքը: Սովորողները իրենց էլ. հասցեներին ստանում են ենթակայքում տեղադրված` օրվա առցանց դասի հղումը և քննարկման հարցերը: Ծնողների հետ նախօրոք պայմանավորվել ենք, որ իրենց երեխաների աշխատանքին չեն միջամտելու և չեն խմբագրելու նրանց աշխատանքը. լավ է, երբ սովորողները հիմնավորում են իրենց կարծիքները: Իհարկե, շատ կարևոր է ծնողների մասնակցությունը, բայց նրանք պիտի գրեն իրենց կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ:
Ինչո՞վ է առանձնանում սովորական դասից
Ուսումնական պարապմունքի ժամանակ բոլոր սովորողների կարծիքները չես կարող տեսնել- լսել ժամանակի սղության պատճառով, իսկ առցանց դասի ժամանակ բոլորն են արտահայտվում, ու դա տեսանելի է լինում: Եթե նույնիսկ ինչ-որ պատճառով սովորողը չի հասցրել մասնակցել առցանց դասին, օրվա ընթացքում նա դպրոցում էլ պարտավոր է լրացնել կարծիքը: Դասից բացակայելու դեպքում էլ նա մասնակցում է առցանց դասին, օրվա ընթացքում հետևում էջին։ Երբ արդեն իր կարծիքը խմբագրված է լինում, նա տեսնում է` ինչ է փոփոխված իր տեքստում:
Ինչպե՞ս ենք ստուգում առցանց դասին տեղադրված կարծիքները
Լեզվի ուսուցում խոսքի խմբագրման-սրբագրման միջոցով
Խմբագրման աշխատանքները սկսվում ենք դասարանում, մեր խելատախտակի (Smart գրատախատակի) վրա: Ես կայք մտնում եմ որպես ուսուցիչ (խմբագիր), որպեսզի կարողանանք սովորողների հետ խմբագրել կարծիքները (սովորողներն իրենց էջերից չեն կարող խմբագրել): Հետո էջը մեծացնում ենք (ստեղնաշարի ctrl և + կոճակներն ենք սեղմում), որպեսզի լավ տեսանելի լինի բոլորին: Այնուհետև մոտ է գալիս այն սովորողը, ում կարծիքը բացել ենք, ներկայացնում է իր աշխատանքը։ Սկսում է քննարկում՝ որն նախադասությունն է անհարթ, որն է վատ հասկացվում, քանի ուղղագրական սխալ կա, քանի՝ կետադրական: Սովորողներից մեկն էլ այդ ժամանակ նստած է լինում համակարգչի մոտ և արագ ուղղում է սխալները:
Ի՞նչ նկար է տեղադրվում առցանց դասի մեջ
Հանձնարարվում է Paint ծրագրով կամ ֆոտոխցիկով նկարել օրվա ստեղծագործության ամենաշատ դուր եկած, կարևոր, ասելիք ունեցող հատվածը: Երեկոյան սովորողներն ուղարկում են իմ էլ. հասցեին, իսկ հետո նկարները կցվում են առցանց դասի նյութին:
Առցանց դասն ինչո՞վ է տարբերվում սովորական դասից
Իրենց կարծիքներն են գրում 3-3 դասարանի սովորողները.
«Սովորական դասն ուղղակի քննարկում է մի դասարանում, ու աշխատանքները գրվում են տետրի մեջ, իսկ արդյունքում մենք մեր ընկերների աշխատանքները չենք տեսնում, իսկ առցանց դասին կարող են մասնակցել դպրոցի բոլոր սովորողները: Առցանց դասը արդյունավետ է, քանի որ հեշտացնում է բոլորիս աշխատանքը։ Կցանկանայի, որ տիար Բլեյանն էլ մասնակցեր առցանց դասերին»:
Վահան Գասպարյան
Նախ նշեմ, որ առցանց դասը online դասն է: Առցանց դասը սովորական դասից տարբերվում է նրանով, որ մեր ուշադրությունը արագ զարգանում է, կարծիքը ստուգելու ժամանակ տեսնում ենք մեր ընկերոջ սխալը:
Մենք մեր կարծիքները գրում ենք առանց ծնողների օգնությամբ: Կարող է վրիպումներ են լինում, բայց պետք չէ դրա վրա ուշադրություն դարձնել: Կարևորն ակտիվ մասնակցություննէ: Այպիսին են մեր դասերը:
Արդյունավե՞տ է, թե՞ ոչ:
Իհարկե արդյունավետ է, որովհետև սովորում ենք ստեղնաշարով գրել և մեր ուշադրությունն ենք կենտրոնացնում:
Արայիկ Մարգարյան
Այս կիսամյակ ունեցել ենք նաև աուդիո առցանց դաս: Դասի ընթացքում ձայնագրեցինք «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից հատված։ Այնուհետև սովորողներ նյութի վերաբերյակ հարցեր տվեցին, որը նույնպես ձայնագրվեց։ Հետո միասին մոնտաժ արեցինք, առանձնացրեցինք ամենաստացված հատվածները և տեղադրեցինք ենթակայքում:
Ինչպիսի՞ հարցեր են հորինում սովորողները առցանց դասին։
Հարցադրումներ անելը կարևոր աշխատանք է: Սովորողը պետք է լավ յուրացնի նյութը և կարողանա տարբեր տեսանկյուններից նայելով` հարցեր հորինել: Առավել հաջողված հարցերը տեղադրվում են առցանց դասի հարցաշարում:
Oրինակներ
- Ըստ քեզ ի՞նչ գույներ են ապրում «Փոքրիկ իշխանը» վիպակի մեջ:
- Երբևէ տեսել ես` ինչպե՞ս է արևը մայր մտնում:
- Վերջալույսին հարցեր տվե՞լ ես: Եթե մինչև հիմա չես տվել, ապա հիմա տուր:
- Նոր վերջաբան մտածի՛ր Փառամոլի մոլորակի մասին:
- «Փոքրիկ իշխանի» տասնմեկերորդ գլխից ընտրի՛ր այն նախադասությունը, առանց որի բնագրի իմաստը կկորչի:
Ամանորյա թատրոն + կարաոկե
- Ի՞նչ նոր մուլտֆիլմի կարաոկե կավելացնեիր մեր նախագծում:
- Գրի՛ր՝ ինչպիսի հագուստ ես պատկերացնում, որ կհագնես ամանորյա նախագծի ժամանակ:
- Հորինի՛ր ամանորյա շուտասելուկներ և լիմերիքներ: Ստացված շուտասելուկները կներկայացնենք նախագծի ժամանակ:
Այս կիսամյակում 3-2 դասարանում արված առցանց դասերը. արդյունքներ
Իրակնաացրել ենք 18 նախագիծ, որոնցից ամենաշատ կարծիք հավաքած առցանց դասը «Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»» նախագիծն է (138 կարծիք)։ Կարող եք ամբողջը տեսնել Դպրոց-պարտեզի ենթակայքի «Առցանց ուսուցման կազմակերպում» բաժնում։
Նախագծեր, որոնք ստեղծվել են առցանց դասի օգնությամբ
Այս տարի առցանց դասի օգնությամբ երկու նախագիծ ենք իրականացրել` Ամանորյա նախագիծ և «Կոմիտաս+Թումանյան+անտիվիրուս»։ Երրորդը Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է, որը ընթացքի մեջ է:
Հեղինակ՝ Կարինե Բաբուջյան