Պարը լեզու է. ինչպես խոսելու լեզուն, երաժշտական լեզուն, ճարտարապետական լեզուն, կերպարվեստի լեզուն և այլն: Լեզուն մի բան փոխանցելու միջոց է, ուրեմն կարևոր է նախ և առաջ ոչ թե ընդհանրապես պարը, այլ այն բովանդակությունը, ոգին, զգացումը և այլն, որը փոխանցում է մեր ազգային բնավորության, ոգու, արյան լավագույն և ազնվագույն մասը: Այդ պարը քչերն են տեսել, բայց, ի վերջո, մի օր հասնելու է մեր երեխաներին:
Այդ պարը դպրոց հասցնելու ճանապարհները կարող են տարբեր լինել, սակայն մի բան պարզ է. հարկավոր են համապատասխան պարուսույցներ: Այսօր մեր պարուսույցների մեծագույն մասը ազգային բուն պարը չիմանալու պատճառով զբաղված են «ժողովրդական պար» հորինելով՝ «բեմադրելով»: Ուրեմն՝ նախ և առաջ պետք է «արտադրել» ճշմարիտ պարուսույցներ: Դրա համար հարկավոր են լուրջ միջոցներ և համապատասխան խումբ՝ գործը կազմակերպող: Ես հասկանում եմ, որ երկրում կան շատ խնդիրներ, և «միջոցներ չկան», նաև կան այլ «առաջնային խնդիրներ», սակայն փորձեմ հիմնավորել այս խնդրի հրատապությունն ու առաջնայնությունը «այլ խնդիրների» համեմատ: Հունգարիայի մեծագույն մարդկանցից մեկը՝ Զոլտան Կոդայը, նախորդ դարասկզբում հայտարարեց, որ իրենց համար շատ կարևոր է, թե ով է մանկապարտեզի դաստիարակը, քան օպերայի գլխավոր դիրիժորը, և գրեց «100-ամյա» իր ծրագիրը, որը Հունգարիայում իրագործվեց շատ ավելի շուտ: Կոմիտասը, որ անժխտելիորեն մեր ժողովրդի ոգու ամենահարազատ թարգմանն է, հայ մանկան դաստիարակության առաջնային պայմանը համարեց պարը: Նա բացատրում էր, որ մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում (չի ընդունում), և որ՝ մեկ հասկացված ձայնը (կամ ազգային շարժումը) հազար քարոզ արժե: Ընդհանրապես, մեր մշակույթը «մոնո» բնույթ ունի, եթե կարելի է ասել՝ «միաձայն է». մեր երգը միաձայն է (ոչ բազմաձայն), մեր բնավորությունը «միաձայն է»՝ անհատականությունների առմամբ, մենք դժվար ենք միավորվում և այլն, կարելի է ասել՝ մենք ընդհանրապես «միաձայն ենք», «միաձայն»՝ անհատական իմաստով, ոչ՝ միացյալ իմաստով: Միակ բանը, երբ հայերը միասին՝ ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի տված՝ նույն բանն են անում, դա մեր շուրջպարն է: Վրացիների մոտ հակառակն է՝ երգը բազմաձայն է, իսկ պարը՝ անհատական (թեկուզ քսան հոգով պարեն): Շատ ավելի դժվար է երեխային ուղղակի իմաստով սովորեցնել «ճիշտ» մտածել, քան սովորեցնել պարել, իսկ պարելը հենց ճիշտ մտածելն է: Մարդ ինչպես շարժվում է, այնպես էլ մտածում է, պարը ենթագիտակցորեն, առանց ճիգի տիրանում է երեխային և դաստիարակում համապատասխան հոգի, մտածողություն, վարք, բնավորություն, պարը դա անում է աննկատ ու հեշտ, հաճելի ձևով: Եվ այդ հզոր զենքը կարող է դառնալ և՛ բարիք, և՛ չարիք, նայած թե ինչ ես պարում: Երեխայի ենթագիտակցությունը բաց է, և մտքով չի անցնում, որ այսօր մեր ազգային բնավորության հիմնական պատճառը մի բան է, որն ամենավտանգավորն ու աննկատն է թվում, դա պարի «ժարգոնն» է, երբ մեր երեխաները կապկում են աֆրիկյան պարերը այն դեպքում, երբ այդ աֆրիկյան պարերը արդեն իսկ աղավաղված են ներկայացնում աշխարհի աստղերը, իսկ մերոնք այդ աղավաղվածն են աղավաղում: Այս աննկատ զենքն ի չարը գործածելով՝ կարելի է մի ազգի բոլորովին աննկատ կերպով դարձնել կապիկ, և հետո կփնտրեն հազար ու մի պատճառ, բայց մտքներով չի անցնի, որ դա արել է «պարը» (ի դեպ, այդ «հաղթարշավը» երևում է հեռուստաալիքներով):
Ես վստահ եմ, որ մեր հարազատ պարը, ի վերջո, մուտք կգործի դպրոց (հիմնովին) և կապրի իր հարազատ տանը՝ մեր մանուկների մտքում ու սրտում: Մեր ռազմական պարերը այնպիսի ոգի և ուժ են ներարկում, այնպիսի հզոր էներգիա են տալիս մամնին, մտքին, ոգուն, որ հազար անգամ արդյունավետ են, քան ապագա զինվորներին ուղղված հայրենասիրական ճառերը: Միասնական հուժկու շուջպարը, թմբուկի զարկերը, բացականչությունները, նվագը, ռիթմերը մարդու միջից դուրս են մղում սթրեսները, երևակայական վախի զգացումը, արյունն են մղում ամբողջ մարմնով և առավել արդյունավետ են ֆիզկուլտուրայի դասերից, քանզի այստեղ մարմնի շարժմանը միանում են նաև հոգու, ոգու շարժումը, ոգևորությունը: Երեխային խրախուսելու փոխարեն, որ նա իրեն պահի վայելուչ, համեստ, առույգ, բայց զուսպ, խոհուն, արժանապատիվ և այլն, կարելի է դաստիարակել համապատասխան պարերի միջոցով՝ ազգային բնավորության գույներով: Կոմիտասը շեշտում էր մեր պարերի շարժումների բնավորությունը՝ արքայավայել, զուսպ, առույգ, նազանքով, լուրջ և այլն: Եվ այստեղ կան աղջիկների և տղաների առանձնահատկությունները: Միայն հիշեցնում ենք, որ խոսքը իրական ազգային պարերի մասին է, ինչը քչերն են տեսել: Եվ ոչ միայն պարի տեսակի հարց կա, այլ կա ինչպես պարելու հարցը: Եթե պարը լավն է, բայց սխալ են պարում, արդյունք չի լինի. սխալ ասելով նկատի ունենք հիմնարար բաները: Օրինակ՝ մեր պարը չունի ձգված ոտք, պետք է ոտքերը թույլ պահել (ինչպես որ լավ դաշնակահարի մատները ձգված չեն), դա հնարավորություն է տալիս մարմնի թեթևությունը զգալու, երկար պարելու և հասնելու աճող պարի գագաթնակետին: Պարի ժամանակ երեխան կրում է իր ազգային տարազը (գույնը, նախշը), աչքը տեսնում է գույնի ու գծի լեզուն, ականջը լսում է ազգային՝ իր արյան հնչյունը (դա իր ժառանգությունն է), մարմինը կատարում է իր հարազատ շարժումները, թոքերն ու սրտիկը տրոփում են հարազատ ռիթմերի թնդյունով, և դրանք ամենը իրենն են, ինքը հազարամյակներ ի վեր գենետիկորեն կրում է այդ բանը թաքնված, բավական է տալ իրեն իրենը, և ներքին ձայնը կճանաչի հարազատ ձայնը:
Այսօր խաթարվում են մեր երեխաների հոգիները մի «ժամանակակից» բառի համար, իսկ, ըստ էության, ո՞րն է ժամանակակիցը և ո՞րն է ժամանակին կցվածը: Այդ ժամանակակից կոչվածը աֆրիկյան հին պարերի աղավաղումներն են, քանզի չեն կարող Արևմուտքի «մեծ» պարողները պարել այն հնի նման: Նա, ով տեսել է աֆրիկյան ավանդապահ գյուղերում պարողներին, կծիծաղի ամերիկյան և եվրոպական էստրադային պարողների վրա, իսկ մերոնք ընդհանրապես կապ չունեն, փորձում են նմանվել և հայտնվում են ամենատխուր վիճակում: Նմանվում են, ոչ այն պատճառով, որ հաճելի է իրենց, այլ «ժամանակակից» երևալու, «չխայտառակվելու» մարմաջով: Նրանք տեղեկացված չեն, որ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում ամենահարգին մաքուր, անխաթար ազգային պարն է, երգն է, ծեսն է, և դա ամենաթանկ հաճույքն է (սա էլ ասում են, քանզի ամեն բան դրամով են չափում):
Այսօր աշխարհը մեզնից ուզում է մեր մաքուրը. սա հաստատ գիտի նա, ով ոչ միայն աշխարհն է ման եկել, այլև շփվել է աշխարհի բարձրակարգ կազմակերպությունների, աշխարհահռչակ մասնագետների հետ:
Կարելի է շարունակել, բացատրել, բայց հասկացողը մնացյալն էլ կհասկանա, և իմաստ էլ չունի բացատրելը (ես շատ եմ փորձել, իզուր է), այլ պետք է հանգիստ, առանց շեշտելու, թե ինչը ինչի համար ենք անում, մեր ազգային պարը «խաղաղ» բերենք դպրոց, իբրև հիմնական առարկա, և ամեն բան ինքն իրեն կկարգավորվի: Երեխան կընդունի այն, բավական է մեկ անգամ փորձի, քնից կարթնանա ներքին ձայնը, երեխան չի ցանկանա հեշտությամբ ընդունել վատ տարազը (սուտ տարազը, ինչ որ տեսնում ենք ամենուր), դհոլի ընդհանուր կովկասյան «լախ-տլա-տնքա»-ն (կոպալով թմբուկի ոգևորող ռիթմերի փոխարեն), կլկլացող եղանակներն ու նեյնիմ-նեյնիմ երգերը (ազգագրականի անվան տակ): Այո՛, այս կեղծիքն է վանում երեխային և թվում հետամնաց, և չի լինի ոչ մի արդյունք, եթե մենք չենք բերելու մեր տարազի, պարի, մեղեդու ռիթմի ազնվագույնը, արքայավայելը:
Մեր դպրոցական ծրագրերը ուղղված են գիտելիք տալուն, մենք չունենք դաստիարակության առարկա, չկա ծրագրում Մարդու առարկան, չէ՞ որ կարելի է լինել ակադեմիկոս և չլինել մարդ: Ավելի գործուն, իրականանալի և արդյունավետ ճանապարհ մարմնի և հոգու դաստիարակության համար քան մեր պարն է, չկա: Դա է մեր ամբողջությունը, քանզի նրա լավագույն նմուշները ամենահզոր ու անփոփոխ օրինակներն են մեր ամբողջ մշակույթի մեջ, որ հասել են մեզ մեր գոյատևման հնագույն շրջանից և մեր բուն էության ամենախոր և խորհրդավոր հայելին են:
Աղբյուրը՝ Մանկավարժություն, 1-2, 2004թ.