«Ես կարողանում եմ» նախագիծ

Այժմ առաջարկների, դիտարկումների փուլն է…

Նախագծի իրականացման համար պետք է կարևորել-առանձնացնել մեր ծրագրի հիմնադրույթները, որոնք տարբեր կամ փոփոխված ձևակերպումներով առկա են մեր բոլոր ծրագրերում.

  • խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական
  • կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
  • ընթերցելու, լսելու կաարողությունների զարգացումը.
  • գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
  • հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).

Ամբողջականը՝ ծրագրում:

Այս հիմնադրույթներից ելնելով էլ պետք է կազմակերպվի «Ես կարողանում եմ» նախագիծը: Այժմ խոսեմ նախագծի բովանդակային կողմի մասին:

Նախ հիշենք, որ նախագծային գործունեությունը, հատկապես սույն նախագծի շրջանակներում, պետք է կազմակերպվի այնպես, որ հաշվի առնվեն սովորողների հետաքրքրությունները, հնարավորություն տրվի սովորողին ընտրել-որոշելու և իր հնարավորությունների ու պատկերացումների, հմտությունների ու լեզվական կարողությունների շրջանակներում առավելագույնս ներկայանալ-ներկայացնելու: Ինչ ենք հասկանում ներկայանալ-ներկայացնել ասելով. ստուգատեսին մասնակից սովորողը պետք է ունենա տեսանելի և հրապարակված աշխատանք ֆիլմի, տեքստի, ձայնագրության տեսքով: Աշխատանք, որը հնարավորություն կտա տեսանելի դարձնել կամ մեկ անգամ էլ ընդգծել սովորողի ձեռքբերումները:

Մեր փորձից:

Անցյալ տարի այս ստուգատեսը կազմակերպեցինք այսպես. սովորողը լրացնում էր հարցաթերթիկ՝ պատասխանելով յուրաքանչյուր  առարկայից քանակային հարցադրման՝ ինչ է կարդացել, ինչ հրապարակումներ ունի, ինչ է կարողանում անել: Ի՞նչ ունեցանք. մեխանիկորեն լրացված հարցաթերթերի փունջ: Սովորողներից շատերն այդպես էլ չկարողացան հիշել կարդացածի ողջ ցանկը, քիչ կարդացող շատ սովորողներ այնպիսի ցանկ էին նշել, որ ապշեցի. բանաստեղծություն-բանաստեղծություն առանձնացրել էին: Կարդացողները՝ նշել էին միայն հեղինակների անունները: Պատկերը տեսանելի չէր. արվածի տեսանելի մասը հենց սովորողի բլոգում է: Հմտությունների թվարկման մասում բոլորը նույն կետերն էին նշել: Հղումների վայրում՝ դրել ընդհանուր էջի հղումը ու վերջացրել:

Ի՞նչ տվեց նման հարցաթերթի լրացումը՝ ասել չեմ կարող (իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչինչ), այդպես էլ համապատասխան ուսումնասիրություն չարվեց… Հետադարձ կապը թույլ է գործում, իմ դիտարկմամբ՝ չի գործում (առաջարկում եմ շտկել-սկսել): Նախորդ տարվա ձեռբերումների, թերացումների, չստացվածի հետազոտությունը կարող է խիստ օգտակար լինել հատկապես տոնացուցային նախագծերի զարգացման համար: Ընդհանուր ուսումնասիրություն՝ առանց անունների, միմյանց մատնանշման, կիրթ, գրագետ դիտարկումներով, որը կարող է դառնալ հենց «Դպիրի» համար ամփոփիչ ուսումնասիրություն, որին հղում անելով էլ հնարավոր կլիներ գրել, ասենք, հենց իմ այս տեքստը:

Ի՞նչ եմ առաջարկում այս տարի:

Առաջարկում եմ կազմել-ունենալ «Ես կարողանում եմ» հարցաթերթերի փաթեթ, որոնցից մեկը, իր ընտրությամբ կարող է լրացնել սովորողը:

Ի դեպ, առաջարկում եմ հարցաթերթերը կազմել ոչ թե ըստ դասարանների, այլ՝ որոշակի տարիքի համար, ասենք`10-12-րդ դասարանի սովորողների:

Ի՞նչ կտա մեզ նման հարցաթերթիկային հարցումը:

Կունենանք ամբողջական փաթեթով աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան տեսնելու տվյալ սովորողի հմտությունները տվյալ առարկայից, անձի ընդհանուր զարգացումը, նաև՝ առարկայի պահանջին հատուկ մեդիահմտությունները: Կունենանք և՛ հրապարակելի նյութերի առարկայական փաթեթներ, և՛ ուսումնասիրության համար հետաքրքիր նյութ, և հնարավորություն կտանք սովորողին ստեղծագործելու ու ինքնադրսևորվելու՝ չկտրվելով իր համար արդեն առօրյա դարձած ուսումնական գործունեության ձևերից: Ստուգատեսը կկարողանանք դարձնել նաև դիջիթեքյան՝ հարցաթերթերում ներառելով տեսանյութերի պատրաստում, դիջիթեքյան հարցադրումներ ու անվանակարգեր: Կարծում եմ՝ հետաքրքիր է…

Ստորև կներկայացնեմ մի քանի անմշակ մոդել, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի նյութ՝ առաջադրանքների փաթեթ, եմ ենթադրում: Կարծում եմ, որ որոշակի մշակման ենթարկվելով, որոշակի ու կոնկրետ բովանդակություն առանձնացնելով, կարելի է մշակել ու ստանալ թերթիկների հետաքրքիր փաթեթ:

Մոդել I

Ժամանակակիցների լավագույն հնգյակ՝ նկարիչներ-արվեստնգետներ, գրողներ, երաժիշտներ, քանդակագործներ, մարզիկներ, թարգմանիչներ, քաղաքագետներ, տնտեսագետներ և այլ ոլորտի գործիչներ…

Պատրաստել ցուցադրություն՝  սեփական կարծիքով, հիմնավորումներով: Պատրաստ լինել բանավոր ներկայացնել  աշխատանքը:

Մոդել II

I փուլ

Առաջարկվող թեմաներից ընտրեցեք մեկը կամ առաջարկեք թեմա.

  • Իմ սիրելի գրողը
  • Իմ սիրելի ստեղծագործությունը
  • Որևէ վերացական հասկացության մասին (սեր, ատելեություն, վրեժ…)
  • Հասարկական անհանգստացնող խնդրի մասին (տրանսպորտ, թանկացում…):

Ընտրեցիք: Անհրաժեշտ տեղեկատվություն փնտրել այդ թեմայով։ Եթե Ձեր զեկուցման համար անհրաժեշտ է, կատարեք թարգմանություն-փոխադրում, պատրաստեք գրավոր տեքստով ներկայացում:

II փուլ

Արդեն պատրաստ գրավոր տարբերակը վերածեք բանավոր խոսքի՝ զեկուցման կամ հաղորդման ձևաչափով: Անհրաժեշտ է, որ խոսքը լինի հստակ, գրագետ, հասկանալի, ունենա սկիզբ և վերջ: Ուշադրությո՛ւն դարձրեք ճիշտ շեշտադրության, նախադասությունների կառուցվածքի վրա:

Պատրաստի աուդիո- կամ տեսանյութը ներբեռնեք ձեր բլոգում:

Աշխատանքը կարող է նաև խմբային լինել, եթե խմբի բոլոր անդամների գործունեությունը նյութում տեսանելի-լսելի լինի:

Մոդել III

Թարգմանական նախագիծ. տևողությունը՝ 3 ուսումնական պարապմունք:

Անհրաժեշտ տեղեկատվություն։ Ես նշել եմ ռուսալեզու աղբյուրներ, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է փոխադրեք հենց տվյալ լեզվից: Գտեք նմանատիպ (բովանդակություն) նյութ ձեր նախընտրած որևէ այլ լեզվից:

Թեմաներ` գիտություն, արվեստ, նորարարություն:

Տվածս հղումներից թարգմանելը նույնպես պարտադիր չէ. կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող որևէ այլ նյութ:

Պարտադիր է՝

  • ուշադրություն դարձնելը հայերեն գրավոր խոսքին.
  • մտքի ճիշտ փոխադրմանը.
  • բառարանից (ըստ անհրաժեշտության) օգտվելը.
  • սեփական թարգմանությունը վերանայելը`խմբագրում, խոսքի մշակում
  • բլոգում աշխատանքի հրապարակումը:

Մոդել IV

Խորխե Լուիս Բորխես։ Մտորում:

Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ: Բայց իմ տպավորությունն է դա:

Մարդիկ չեն զգում իրենց շրջապատող աշխարհը, նրանք լսում և կրկնում են խոսքերը, բայց նույնիսկ չեն ջանում պատկերացնել այն, թե ինչ են այդ բառերը նշանակում, և եզրահանգումներ չեն անում: Մարդիկ հիմա ապրում են, իհարկե, ընկալելով շրջապատող աշխարհը, բայց ընկալելով այն մակերեսորեն, ասես ոչ ոք ոչ մի բանի մասին չի խորհրդածում, կարծես բանականությունը վտարված է մարդկանց շրջապատող միջավայրից, ուր նրանք կորսված են: Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…

Հարցարան

  • Համամի՞տ ես, ինչո՞ւ է այսպես. «Իմ տպավորությունն այն էոր մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այնշուրջը ոչինչ չտեսնելովասես… ասես նրանց զգացմունքները բթացել ենես ճիշտ չե՞մ»:
  • Ե՞րբ է մարդը եզրահանգում անում, ի՞նչ է եզրահանգումը:
  • Բացատրիր՝ շրջապատող աշխարհը մակերեսորեն ընկալել. ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, դու մակերեսորե՞ն ես ընկալում։
  • Վերջին անգամ ինչ թեմայով և ի՞նչ նյութի առիթով ես խորհրդածել. ներկայացրու խորհրդածությունդ մի քանի նախադասությամբ և, եթե հնարավոր է, հղումով:
  • «Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…». մտորում այս թեմայով (word-ի ստանդարտ կես էջ)
  • Բորխեսի մտքերի ծաղկաքաղ՝ իմ թարգմանությամբ:

Մոդել V

Խորխե Լուիս Բորխես, Օսվալդո Ֆերարի

Նոր հանդիպում (Չհրատարակված զրույցներ)

Հարցարան

  • Կարդա հատվածը, ընտրիր քեզ հետաքրքրող մտքերից երկուսը՝ հակադրվիր, համաձայնիր (գրավոր մտորման տեսքով)։
  • Շարունակիր հարցարանը…

Մոդել VI

Բառային աշխատանք

  • Գտիր բառագործածության սխալներ հայկական մամուլում։
  • Գտիր նորաբանություններ հայկական մամուլում։
  • Ամենաշատ հանդիպող օտարաբանությունները համացանցում։
  • Շտեմարանի բառագիտության բաժնի հոմանիշների հատվածից առանձնացրու քեզ անծանոթ քսան բառ և բացատրիր բառարանի օգնությամբ։ Գտիր այնպիսի բառեր, որոնք երբևէ չես լսել, չես հանդիպել կարդացածդ տեքստերում:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով