Դասարանային դասի երկդասյա կառուցվածքը (առաջին դասին` թեմայի բացատրություն, սովորողների առաջադրած հարցերի պարզաբանում և դասարանական առաջադրանքների կատարման մեկնարկ, երկրորդ դասին` դասարանական առաջադրանքների կատարման ավարտ և թվանշանային գնահատում 6 բալանոց համակարգով), տնային առաջադրանքների կատարման մեկամսյա ժամկետը, նախագծային և հետազոտական գործունեության կարևորումը գնահատման համակարգում այսօր սովորողների համար դարձել են սովորական, և շատերին թվում է, թե միշտ այդպես է եղել:

Այս նախաբանն ընթերցողը կենթադրի, թե շարունակությունը պարտադիր հանրակրթությանը նոր մոտեցման ներդրման ոդիսականի նկարագրությունը կլինի: Սակայն ինչպես ասել է Անանուն Իմաստասերը. «Երբ հաղթահարում ես ապառաժները, կարևորը ոչ թե նրանց, այլ կամքիդ ու ոտքերիդ ամրությունն է»: Այսօր մենք կարևորում ենք կիրառվող համակարգի դրական և բացասական կողմերի վերհանումն ուսումնական գործընթացի երկու կողմերի` ուսուցչի և աշակերտի, տեսանկյունից:

Ուսուցչի տեսանկյուն

Դրական կողմեր

  1. Սովորողի մոտ ուսումնական պայմանական ռեֆլեքսի ձևավորումը շաբաթվա նույն օրը, նույն ժամին նոր թեմայի հաղորդման և առաջադրանքների կատարման ճանապարհով:
  2. Դասարանական և տնային առաջադրանքների հստակ մակարդակային տարաբաժանումը:
  3. Դասարանական առաջադրանքների կատարման գործընթացում դասարանի ողջ համակազմի մասնակցությունը:
  4. Գնահատման համակարգի պարզությունը, «բավարար»-ի ցածր, հեշտ հաղթահարելի և «գերազանց»-ի բարձր, դժվար հաղթահարելի շեմերը:
  5. Սովորողի` նյութի ծավալի և մակարդակի ընտրության իրավունքի գործնական կիրառման հնարավորությունը:
  6. Ստեղծական-հետազոտական ներուժի բացահայտման հնարավորությունը:

Բացասական կողմեր

  1. Բանավոր և գրավոր խոսքի օգտագործման համամասնության խախտում:
  2. Խմբային աշխատանքի ժամանակ կեղծիքի հնարավորություն:
  3. Բացակա և ներկա սովորողների հնարավորությունների տարբերություն:
  4. Նոր թեմայի բացատրության մակարդակի խոցելիություն սովորողների մտային կարողությունների տարբեր մակարդակների պատճառով:

Աշակերտի տեսանկյուն

Արեգ Գալոյան, 9-րդ դասարան

Դրական կողմեր

  1. Սովորողները, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում շատ խորացված սովորել տվյալ առարկան, ստանում են գիտելիքի գոնե մինիմալը:
  2. Սովորողները սովորում են կատարել ճիշտ խմբային և անհատական աշխատանք:
  3. Սովորողները սկսում են ճիշտ կիրառել համացանցը:
  4. Սովորողները սովորում են արագ գտնել պետքական ինֆորմացիան:

Բացասական կողմ

Ենթագիտակցորեն սովորողի մոտ դասարանական աշխատանքը տպավորվում է որպես ավելի հեշտ տարբերակ, ինչը կարող է հանգեցնել տնային աշխատանքները կատարելուն:

Հուրի Իսկանյան, 9-րդ դասարան

Դրական կողմեր

  1. Բացատրությանն անմիջապես հաջորդող դասարանական աշխատանքը:
  2. Տնային աշխատանքների կատարման ժամետը:
  3. Տնային աշխատանքների տարբերակների ընտրության հնարավորությունը:

Բացասական կողմ

  1. Բարդ թեմաների բացատրության մեկ դասաժամ տևողությունը, որը զգալիորեն նվազենում է դասարանական առաջադրանքներին լիարժեք պատախանելու հնարավորությունը:

Ալբերտ Ղազարյան, 8-րդ դասարան

Դրական կողմեր  

  1. Ամսվա վերջում տնային առաջադրանքների գնահատումը, որը հնարավորություն է տալիս ամսվա ընթացքում ուղղել թույլ տրված սխալները:
  2. Դասի բացատրությանը զգալի ժամանակ դրամադրելը:

Բացասական կողմեր

  1. Դասարանական առաջադրանքների կատարման համար երբեմն չի հերիքում ժամանակը:
  2. Դասի ընթացքում պատմական ֆիլմեր կամ այլ ուսումնական նյութեր չեն ցուցադրվում:

Հարություն Ղազարյան, 8-րդ դասարան

Դրական կողմեր

  1. Թույլ սովորող աշակերտները մի քանի անգամ ավելի լավ են հասկանում շարադրվող նյութը, քանի որ 45 րոպեն բավարարում է դասին մոտենալ ըստ խորացվածության և բարդության տարբեր մակարդակների:
  2. Հնարավորություն կա առանձին-առանձին` անհատապես, պատասխանելու աշակերտների բոլոր հարցերին:
  3. Աշակերտներին հնարավորություն է ընձեռվում տանը մշակելու, համառոտագրելու և սովորելու այն դասը, որը նրանք պետք է պատմեն հաջորդ դասին:

Բացասական կողմ

  1. Եթե աշակերտը բացակայում է առաջին դասին, ապա բաց է թողնում թեմայի բացատրությունը` ուսուցչի կողմից (նույն թերությունը կար նաև դասավանդման նախորդ տարբերակում):

Սամվել Բալախչյան, 7-րդ դասարան

Դրական կողմեր

  1. Սովորում ենք ինքներս գտնել տեղեկություն:
  2. Առաջին դասի ընթացքում թույլտվություն ունենք գրելու դասարանական աշխատանքը:
  3. Կարող ենք բոլոր հարցերին պատասխանել բանավոր:
  4. Ուսուցչի բացատրությունները հետաքրքիր են:
  5. Իրավունք ունենք երաժշտություն լսելու:

Բացասական կողմեր

  1. Իրավունք չունենք աշխատել զույգերով:
  2. Տեղեկության համար պետք է համացանց:

Եզրակացություն

Դասի կազմակերպման քննարկված տարբերակը բացասական կողմերի վերացմանը միտված քայլերի դեպքում հնարավոր է կիրառել հասարակագիտալկան առարկաների դասավանդման ժամանակ բոլոր, հատկապես` 7-8-րդ, 10-11-րդ դասարաններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով