Այն, ինչն անցնող տարիների ընթացքում ստեղծվել է կրթահամալիրում, հիրավի, արժեքավոր է ու բացառիկ` անկախ թերացումներից և բացթողումներից: Հեղինակային կրթական ծրագիրը, ըստ էության, իրականացրել և շարունակում է իրականություն դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության չորս հիմնասյուները, որոնք համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքներ: Դրանք են.
- Սովորել իմանալու համար։
- Սովորել իրականացնելու համար։
- Սովորել լինելու համար։
- Սովորել միասին ապրելու համար:
Կրթությունը, ինչպես ինքը` կյանքը, մարդը և լեզուն, անընդհատ ու շարունակական վերափոխվելու, զարգանալու խնդիր ունի: Դա չի կարող և չպետք է կանգ առնի: Կանգառ նշանակում է հետընթաց, արդյունքում` դեգրադացում:
Գերմանացի գրող Բրեխտի պատմվածքներից մեկում մոտավորապես այսպիսի մի երկխոսություն կա: Մի մարդու հարցնում են.
— Երբ սիրում եք որևէ մեկին, ինչպե՞ս եք վարվում:
— Ես նրա համար նախագիծ եմ մշակում,- պատասխանում է մյուսը:
— Նախագի՞ծ, իսկ հետո՞:
— Հետո հոգ եմ տանում, որպեսզի այդ երկուսն իրար համընկնեն:
— Ասացեք խնդրեմ, ո՞վ կամ ի՞նչը պետք է համընկնի մյուսի հետ. մարդը` նախագծի, թե՞ նախագիծը` մարդու:
— Իհարկե, մարդը պետք է համընկնի նախագծին:
Հեղինակային կրթական ծրագիրը մեգանախագիծ է, որում ընդգրկված են կրթահամալիրում բոլորը` մանկավարժներ, այլ աշխատանք իրականացնողներ, նախակրթանների սաներ, կրտսեր և միջին դպրոցների, ավագ դպրոց-վարժարանի սովորողներ և այլն: Յուրաքանչյուրը փորձում է անել այն, ինչ ցանկանում է ու կարողանում է անել: Անում է այն, ինչն իր ուժերի, համարձակության կամ ոգեշնչման տիրույթում է: Ու ոչինչ, որ հաճախ ինչ-ինչ բաներ այլ կերպ են ստացվում, քան ակնկալվում էր: Բոլոր նախագծերն էլ մեկ ընդհանուր՝ մեգանախագծի բաղկացուցիչներն են, որոնցից յուրաքանչյուրի շուրջ աստիճանաբար ձևավորվում է սովորողների այս կամ այն խումբը: Ընդ որում, ամեն խումբ ունի իր հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը: Օրինակ՝ «Գրապտույտ» և «Շողակն» նախագծերում ընդգրկված սովորողներն աչքի են ընկնում ստեղծագործելու և վերլուծելու կարողություններով, «Վիքիմեդիայի» և «Առականիի» սովորողները սիրում են թարգմանել, «Ֆիլմադարանը»՝ ֆիլմեր դիտելուց հետո իրականացնել խոսքի մշակման որոշակի աշխատանք, «Կանթեղն» էլ իր նյութերով փորձում է հետաքրքրություն առաջացնել հոգևոր-քրիստոնեական կրթության նկատմամբ:
Այլ հարց է` ինչպես կամ ինչու է ոմանց մոտ այդ աշխատանքը քիչ թե շատ լավ ստացվում, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան կամ չի ստացվում: Կարծում եմ` սրա պատասխանը առավել քան պարզ է: Նրանց աշխատանքն (նախագծային աշխատանքը` առավել ևս) է հաջողվում, ովքեր համարձակություն ունեն հավատելու իրենք իրենց և դիմացինին: Ովքեր իրենց և դիմացինին վստահորեն տալիս են ամենակարևորը` ազատություն, որը թույլ է տալիս բացելու սեփական հնարավորությունները, ըստ այդմ` կերտելով իր և կողքինների անհատականությունը:
Իսկ ի՞նչ ասել է հավատ սեփական անձի և դիմացինի հանդեպ: Ինքնավստահությո՞ւն, հազիվ թե, որովհետև ինքնավստահությունը հաճախ հիմնված է լինում չափազանցված ինքնագնահատականի վրա: Խոսքը վերանբերում է այն դեպքին, երբ հավատավոր մարդու ինքնագնահատականը կայուն է, ասել է թե` կարիք չունի գնահատականի: Նրա ինքնազգացողությունը, վերջին հաշվով, չի տուժում ո՛չ գովասանքից ու ո՛չ էլ` պարսավանքից: Նա ինքնաբավ և ինքնիշխան մեկն է, ով իր գործն է անում` անկախ ամեն ինչից:
— Ինչո՞ւ և ինչպե՞ս,- կհետաքրքվեն շատերը:
Դե, որովհետև նման մարդկանց ներսում կա ներքին մի ուժ, զորավոր մի բան, որը միշտ և բոլոր դեպքերում շարժում է ապահովում: Արտաքին միջավայրը կամ հանգամանքները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող խոչընդոտ լինել: Միայն մի բան և մի դեպքում կարող է այդ շարժումը կասեցնել` սեփական անհամարձակությունը: Մնացած դեպքերում այն գործում է անվրեպ և անվարան: Ի վերջո, հավատը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատություն տալը մեր ներսի ստեղծագործ ու անպարտելի անհատին:
Սեր և ազատություն, փառք Աստծո, կրթահամալիրում կա: Մնաց ամենակարևորը` հավատը: Իսկ սիրուց հավատ, ասել է թե` զգացմունքից և մտքից հոգևոր դաշտ ընդամենը մեկ քայլ է: Կունենա՞նք այդ քայլի կարևորության գիտակցումը` Կրթահամալիրի փոխարեն կունենանք Միաբանություն…
Իմ սիրուն կրթահամալիրին Հավատ եմ մաղթում:
Հետգրություն
Ամեն անգամ «միաբանություն» բառն ասելիս մի երազ է աչքիս դեմ հառնում: Չգիտեմ` այդ երազանքն իմ ստեղծածն է, թե՞ այն ինչ-որ տեղ եղել է ու ինձ փոխանցվել. Մայր դպրոցի հարևանությամբ` մոտիկ, շա՜տ մոտիկ, բարձրահարկ մի շենք, որտեղ ապրում են կրթահամալիրում աշխատող մարդիկ: Ու, ես ամեն անգամ վայելում եմ իմ ընկերների հարևանութամբ ապրելու երջանկությունը…