Լավ է, երբ մարդ հնարավորություն է ունենում վերանայելու, վերաիմաստավորելու, վերագնահատելու իր արածը: Հաճախ սրընթաց, գլխապտույտ արագությամբ թռչող առօրյայիդ մեջ ժամանակ չես ունենում գնահատելու, արժևորելու ձեռքբերածդ, վերլուծելու բացթողումներդ, հստակեցնելու դժգոհություններդ ու գոհություններդ:
Այս անգամ անցածս ճանապարհը վերաիմաստավորելու առիթ դարձավ ընկերներիս կողմից ինձ «Տիգրան Հայրապետյան» մրցանակի ներկայացնելը:
Առաջին բանը, որ մտածեցի, այն էր, թե, տեսնես, ես համապատասխանո՞ւմ եմ այս մրցանակին, թե՞ ուղղակի գործընկերներիս բարի կամքի արտահայտությունն է եղել առաջադրումը։
Բացում եմ «Տիգրան Հայրապետյան» մրցանակին ներկայացվող պահանջները․ «Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար»։
Ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ եմ հասկանում քաղաքացիական բառի նշանակությունը։ Բացում եմ Արդի հայերենի բացատրական բառարանը և նայում եմ բառի բացատրությունը։ Այն նշանակում է նաև՝ «հասարակության բարօրության, հասարակության շահերին վերաբերող»։
Փորձեմ այս տեսանկյունից ներկայացնել իմ վարած Գրական ակումբի, Մանկավարժական ակումբի գործունեությունները, «Դպիր» մանկավարժական ամսագրում հրապարակված, գործընկերներիս կողմից արված իմ հոդվածների թարգմանությունը։
Ինչքանո՞վ են սրանք համապատասխանում հասարակության բարօրությանն ու հասարակության շահերին:
Կրթահամալիրի Գրական ակումբը բացվեց իմ նախկին ուսանողների առաջարկով․ նախկին ուսանողներ, որ հիմա արդեն մեր կրթահամալիրի դասավանդողներն են: Կրթահամալիրի մանկավարժական քոլեջում տարիներ առաջ դասավանդել եմ գրականություն: Պարզվում է, ուսանողներս, որ հիմա արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իմ ուսուցիչ-գործընկերներն են, սիրել են մեր գրականության պարապմունքները և հիմա կարոտով են հիշում դրանք: Ինչո՞ւ չշարունակենք գրականության շուրջ մեր զրույցները, ինչո՞ւ չվերականգնենք մեր գրական քննարկումները, ինչո՞ւ չունենանք մեր գրական ակումբը: Երիտասարդ գործընկերներիս առաջարկն ինձ էլ ոգևորեց: Եվ 2016 թվականի օգոստոս ամսից սկսվեցին գրական ակումբի մեր պարապմունքները։
Ակումբը շուրջտարյա է՝ առանց արձակուրդների, առանց հանգստյան և տոն օրերի։
Արդեն 5-րդ տարին է, որ ամեն շաբաթ համացանցից բարձրարվեստ գրական գեղարվեստական ստեղծագործություն եմ հրապարակվում ակումբի բլոգում, դնում եմ ֆեյսբուքյան իմ և ակումբի անդամների էջերում (յուրաքանչյու անգամ նշվում է ակումբի մասնակցի մոտ 30 անուն՝ նյութի տարածումը հնարավորինս տարածելու համար)։
Գրական ակումբի մասնակիցներն են կրթահամալիրի դասավանդողները՝ դասվարներ, օտար լեզվի ուսուցիչներ, կազմակերպիչներ, մաթեմատիկոսներ, հասարակագետներ, մայրենիի ուսուցիչներ․․․
Ակումբը բաց է, մուտքը ազատ է, և շատ դասավանդողներ տարբեր տարիների եղել են ակումբի քննարկումներին․․․ Երբ Գրական ակումբը ներկայացվեց դասավանդողներին առաջարկվող ակումբների շարքում, պարզվեց, որ ամենաշատ հայտ ստացած ակումբներից է։
Առցանց քննարկումներին ֆեյսբուքում միանում են նաև այլ ընթերցողներ։ Ակումբի միջոցով ձեռք բերեցի ֆեյսբուքյան նոր, հետաքրքիր ընկերներ։ Շատերն էլ մնացին ուղղակի ընթերցող, առանց ընկերության հայտ ուղարկելու։
Հիմա արդեն ակումբի քննարկումներին միանում են Գեղարքունիքի մարզի՝ «Գագարին» նախագծում ներառված համայնքներից շահառուներ՝ դասավանդողներ, համայնքի բնակիչներ։
Գրական ակումբն ունեցավ նաև մի շարք արտագնա հանդիպումներ տարբեր մանկավարժական, ստեղծագործական հավաքանիների հետ՝ Արագածոտնի մարզ, Սևան, Հացավան, Չանախչի, Ոսկեհատ, Գյումրի․․․
Ի՞նչ եմ ես կարևորում Գրական ակումբի գործունեության մեջ։
- Նախ՝ այն գեղարվեստական գրականությունը, որը մի քանի օր ամենայն բծախնդրությամբ ընտրում եմ, և դրա արդյունքում ակումբի բլոգում հավաքված է մոտ 230 բարձրաժեք գրականություն, որը կարդում են ոչ միայն ուսուցիչներ։ Դրանք դառնում են ուսումնական նյութ նաև սովորողների համար։
- Այն միջավայրի ստեղծումը, որտեղ մարդիկ կարող են ազատ, հանգիստ, ինքնավստահ ինքնարտահայտվել, և որը դառնում է յուրօրինակ վերապատրաստում ուսուցիչների համար։
- Տարբեր մասնագետների վերլուծությունները հնարավորություն են տալիս ստեղծագործության առավել բազմակողմանի դիտարկմանը, որն առավել կենդանի և հետաքրքիր են դարձնում գրական ակումբի քննարկումները։
- Մի առանձին փուլ եմ համարում նաև ֆեյսբուքյան քննարկումները։ Այստեղ ընթերցողները հիմնականում առանձնացնում են այն հատվածները, որոնք իրենք կարևորել են։ Դա էլ մի ինքնատիպ վերլուծության, կարևորն առանձնացնելու ձև է։
- Գրական ակումբի նյութերը ակումբի անդամ-դասավանդողները ուսումնական նյութեր են դարձնում նաև սովորողների համար: Գրական ակումբին առցանց պարապմունքներին մասնակցում են նաև Ավագ դպրոցի սովորողներ:
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գրականության տարածման, քննարկումների խթանման աշխատանքները համակարգել։ Սա ես համարում եմ իմ, գործընկերներիս և այլոց ինքնակրթությանն ուղղված կարևոր գործ, որը անում եմ ոգևորված և հավեսով։
Մանկավարժական ակումբի աշխատանքները ղեկավարել եմ նաև 2018-2019, 2019-2020 ուսումնական տարիներին։ Այդ աշխատանքները տես Ուսուցչի լաբորատորիայի «Մանկավարժական ակումբ» էջում։
Սակայն 2020-2021 ուստարում մանկավարժական ակումբը, Գևորգ Հակոբյանի առաջարկով, ստացավ նաև նոր ուղղվածություն։ 2020-2021 ուստարում կրթահամալիր ընդունված դասավանդողները ստեղծեցին նոր մանկավարժական ակումբ, որի աշխատանքները սկսեցի համակարգել ես։ Նոր ընդունված դասավանդողների ակումբի աշխատանքի համակարգումը ինձ համար դարձավ իր տեսակով նոր մենթորական աշխատանք, որն ուղղվեց.
- առաջին տարին դասավանդող սեբաստացի դասավանդողների ներառմանը, նրանց՝ մանկավարժական նյութերի կարդալու, քննարկելու միջոցով մանկավարժական մեթոդներին, մոտեցումներին ծանոթացմանը,
- դրանց քննարկման միջոցով առավել հեղինակային մանկավարժության առավել արագ և արդյունավետ յուրացնելուն,
- մանկավարժական նյութերի «Կարծիքներ» բաժնում տարբեր կարծիքների ընթերցմանը, իրար, ինչպես նաև մանկավարժական նոր աշխատակիցներին ճանաչելուն։
Ամեն անգամ այս աշխատանքների կազմակերպումը (նյութի ընտրություն, քննարկման անցկացում) իմ առաջարկով կատարում է մեր երիտասարդ դասավանդողից մեկը, ում համար էլ դա դառնում է կարևոր փորձառությունև հնարավորություն՝ «Դպիրը» կարդալու, նյութերը ընտրելու, դրանց քննարկումը կազմակերպելու հմտությունների ձեռքբերում ու զարգացում։
Սա էլ իմ երիտասարդ մանկավարժ գործընկերների կայացմանն ուղղված մենթորական գործունեություն է, որը կատարում եմ ամենայն սիրով ու պատասխանատվությամբ։
«Դպիր» մանկավարժական ամսագրում իմ հոդվածների թարգմանությունները
Երբ նայում էի «Դպիրի» իմ հեղինակային էջը, սիրով փաստեցի, որ իմ գործընկերները, իրենց ընտրությամբ, բավականին շատ են թարգմանել իմ հոդվածները։ Դրանք 20-ից ավելի անգլերեն, ռուսերեն, վրացերեն արված թարգմանություններ են։ Ուրախ եմ, որ իմ հմուտ մանկավարժ գործընկերները այդքան կարևորել են դրանցում արտահայտված մանկավարժությունը և ցանկացել են դրանք հասանելի դարձնել նաև մեր օտարալեզու գործընկերներին։
Հուսով եմ, որ մեր օտարալեզու, վրացախոս, ռուսախոս, անգլախոս մանկավարժ-գործընկերների համար դրանք նույնպես հետաքրքիր և օգտակար կլինեն։
Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան