Օրեր առաջ «Դպիր» մանկավարժական ամսագրում հրապարակվեց Փոլ Լոկհարտի «Մաթեմատիկոսի ողբը։ Ակնարկ դպրոցում մաթեմատիկայի դասավանդման մասին» հոդվածը։ Հոդվածի նյութն ինձ հոգեհարազատ էր ու շատ արդիական։ Այն մասին, որ պետական առարկայական ծրագրերը կապ չունեն սովորողի, նրա կյանքի, կենցաղի հետ, նրան՝ որպես քաղաքացու, հմտություններ ու կարողություններ չեն փոխանցում, վաղուց ենք ասել ու շատ ենք խոսել։ Այն, որ դրանք նեղ մասնագիտական խնդիրներ են լուծում ու որպես հանրակրթություն մատչելի չեն, գաղտնիք չէ: Այդ մասին արդեն ոչ միայն մենք ենք խոսում, այլև գնալով ավելի ու ավելի շատ ծնողներ ու ուսուցիչներ են բարձրաձայնում։ Փոլ Հոկարտի այս հոդվածն էլ դրան էր ուղղված և հանգիստ կարող էր կոչվել ոչ թե մաթեմատիկոսի, այլև հանրակրթություն իրականացնող ցանկացած ուսուցչի, այդ թվում նաև՝ բանասերի ողբ։

Սակայն այս անգամ այս հոդվածի ընթերցումը համընկավ հենց իմ՝ բանասեր-ուսուցչիս խոհերի, անհանգստութունների, մտորումների հետ։ Ինչպես գիտենք, ցավը սովորաբար վերացարկված և խոհափիլիսոփայական է լինում, եթե այն անմիջապես քեզ հետ չի առնչվում։

Մեր մայրենի լեզվի հեղինակային ծրագրերում հայոց լեզվի  քերականության ուսուցումը գործնական է՝ գործնական քերականություն: Ընդ որում՝ երկրորդ դասարանից սկսած մեր գործնական քերականության ուսումնական նյութերը սովորողի ուշադրությունը հրավիրում են իր տարիքին համապատասխան լեզվական երևույթների վրա: Հայերենի լեզվակիր սովորողի համար երկրորդ դասարանում արդեն դժվար չէ տրված բառախմբում նույն արմատը գտնելը՝ դասասենյակ, դասագիրք, դասացուցակ, դասարանային, դասամիջոց և այլն: Ընդամենը նրա ուշադրությունն ենք հրավիրում լեզվական այդ երևույթի վրա: Եվ այդպես՝ յուրաքանչյուր տարիքային խմբին առաջարկում ենք ուսումնասիրել, գտնել, համադրել-հակադրել այն լեզվական երևույթները, որոնք իրեն մատչելի են ինքնուրույն հայտնագործելու, դասակարգելու, օրինաչափություններ տեսնելու համար: Սա լեզվական աշխատանք է, որը արդյունավետ է, որովհետև կարևոր հմտություններ և կարողություններ, լեզվամտածողությունն է  զարգացնում: Ասեմ նաև, որ սովորողները ցանկացած տարիքում սա սիրով և հետաքրքրությամբ են անում: Եվ դա հասկանալի է՝ իրենց լեզուն է, որն ուսումնասիրում են արդեն այլ՝ իրենց համար մատչելի մակարդակում:

Մյուս լեզվական աշխատանքները, որ կարևորվում են մայրենիի մեր ծրագրում, սովորողների մտքերի շարադրանքներն են, նրանց հետաքրքրող թեմաների թարգմանությունները, գրական ստեղծագործությունների գրավոր վերլուծությունները, տարբեր նախագծերում բանավոր ու գրավոր խոսքի կիրառումը… Այսինքն՝ գրավոր ու բանավոր խոսքի ամենօրյա, ըստ անհրաժեշտության, հետաքրքությունների գործածում․ էլ ի՞նչ է պետք հանրակրթական մակարդակում մայրենիի ուսուցման համար:
Կարծում եմ՝ մայրենիի հեղինակային ծրագիրն այս տեսանկյունից անխոցելի է և այլընտրանք չունի։ Այն ամբողջովին բավարարում է պետական չափորոշիչներով հայոց լեզու, գրականության առաջ դրված խնդիրները։

Սա հանրակրթության պետական չափորոշիչներում ներկայացված «Հայոց լեզու և գրականություն» բնագավառի բովանդակությանն ուղղված հատվածն է:

1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրւյթ է, որն ապահովում է սեփական մտքերը
հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտել, ազատ հաղորդակցվել,
հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ
ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության,
քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում:

Սա էլ նույն չափորոշչից ծրագրի՝ շրջանավարտից ակնկալվող վերջնարդյունքներն են.

 Ծրագրի շրջանավարտը պետք է՝
1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը
2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ»:

Թվում է՝ ամեն ինչ լավ է: Մեր մայրենիի հեղինակային ծրագիրը լիովին համապատասխանում է այս պահանջներին, լիովին ապահովում է դրա կատարումը: Այս առումով՝ սեբաստացի 9-րդ դասարանցին մայրենիից չափորոշչային որևէ խնդիր չպետք է ունենա։
 
Իսկ հիմա ձեզ եմ ներկայացնում 2020-2021 ուստարվա 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը:

Սրանո՞վ ենք ստուգելու 9-րդ դասարանցու մայրենիի իմացությունը: Իսկ ի՞նչ եղան հանրակրթության չափորոշիչները: Այս թեստերում հիմնականում հայոց լեզվի քերականության տեսական մասն է՝ իր տերմինաբանությամբ: Ո՞ւր մնացին «…սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտել»-ը, կամ «ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք կառուցելը»…

Այս առաջադրանքներն ուղղված են բառակազմական, ձևաբանական և շարահյուսական վերլուծություններին,որոնց համար բավականին լուրջ քերականական գիտելիքներ են պահանջվում:

Այս տարի ես դասավադում եմ իններորդ դասարաններում: Այս սովորողների հետ աշխատում եմ 6-րդ դասարանից: Աշխատել ենք ամենատարբեր նախագծերով, հաճախ նաև՝ անհատականացված, թարգմանություններ ու վերլուծություններ, տեսանյութեր և ձայնագրություններ ենք արել, գործնական քերականության նյութերով ենք աշխատել,… Մի խոսքով՝ լեզվի և գրականության հետ կապված ամենատարբեր աշխատանքներ ենք կատարել: Որևէ լարում չենք ունեցել: Աշխատել ենք հաճույքով: Ես հետևել եմ քննարկվող չափորոշիչներին: Շատ բան նաև առաջադիմական եմ համարել: Մտածում էի նաև, որ այս տարի ի վերջո այս անհեթեթ քննությունները կվերացվեն: Բայց ցավոք…

Փետրվարին հայտարավեց 9-րդ դասարանի ավարտական քննությունների մասին․ և հրապարակվեցին թեստի նմուշները: Ցավով տեսա, որ այս թեստերը ոչ մի կապ չունեն պետական չափորոշիչների հետ: Նույնիսկ նախորդ տարիների այն փոքր շարադրանքը, որ պահանջվում էր, այս տարի, դուրս է եկել, թողնվել են քերականական առաջադրանքները և տեքստի հետ կապված 1-2 հարց:

Այ, էսպիսի իրավիճակ 2021թ․ մարտի մեկին։ Սա կոնկրետ իրավիճակ է, որի հետ չենք կարող հաշվի չնստել: Ի՞նչ է պետք անել: Իմ այն մոտեցումը, որ քննությունը այնքան էլ կարևոր բան չէ և կարելի է նրան պատրաստվել այնքան, որ ընդամենը դրական գնահատան ստանան, սեբաստացի սովորողների մի մասին չբավարարեց։ Կարելի է հասկանալ։ Սեբաստացի ընդունակ-պարտաճանաչ սովորողը հոգեբանորեն պատրաստ չէ ցածր գնահատական ստանալուն։ Ինքը սովորել է իր ընդունակությունների ողջ ծավալով հանդես գալուն։ Ինքը գիտի, որ ինքը կարող ուժ է, և իր համար անհասկանալի է, թե ինքը ինչո՞ւ պետք է ցածր գնահատական ստանա։ Սա սովորողների մի խումբը։

Ուսումնատենչությամբ առանձնապես չփայլող սովորողների մի խումբ էլ դրական գնահատական ստանալու խնդիրը ունի։ Ի վերջո՝ քերականությունը հանրակրթական առարկա լինել չի կարող։ Այն հատուկ հետաքրքրություն և լեզվի տեսության նկատմամբ նաև հատուկ հակումներ է պահանջում։
Ի՞նչ անել այս իրավիճակում։ Խնդիր է, որը լուծում է պահանջում։

Իրավիճակը քննարկում ենք սովորողների հետ։ Ունենք երեք ամիս ժամանակ։ Պետք է  մեր սովորողներն իրենց առաջ դրված խնդիրը լուծեն։ Ինչպե՞ս․ գործնական քերականությամբ, լեզվական աշխատանքներով  ձեռք բերած ողջ հմտություններն ու կարողությունները ի գործ դնելով, իրենց կամային, հետևողական աշխատանքի ողջ ներուժը կենտրոնացնելով խնդրի լուծման վրա։

Ունենք մեր առաջ դրված խնդիր՝ պատրաստվել քերականական-թեստային աշխատանքին։ Եվ յուրաքանչյուր սովորող իր ուժերի չափով, իր աշխատանքի շնորհիվ պիտի հասնի իրեն ցանկալի արդյունքին։ Իրենց գործիքը ինքնակրթությունն է, ես այդ ինքնակրթության աշխատանքը համակարգողն եմ։ Այսպիսի իրավիճակներ էլի են հանդիպելու կյանքում։ Դե, ինչ, սա էլ է հմտություն։ Այս երեք ամիսը ուժերի գերլարման շրջան թող լինի։ Փորձությունները հաղթահարելու համար են տրվում։ Պատվով ենք դուրս գալու։

Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով