Կրթահամալիրի տարբեր կրթական աստիճանների դպրոցների ղեկավարները ներկայացրեցին հանրակրթության պետական չափորոշչում արծարծված հանրակրթության կազմակերպմանը վերաբերող հարցերի մասին իրենց դիտարկումները: Մարթա Ասատրյանն էլ իրավացիորեն առաջարկեց մասնախմբերի ղեկավարներին իրենց դիտարկումները անել ուսումնական բնագավառների մասին, քանի որ նրանք ավելի լավ կարող են տեսնել այդտեղի խութերը:
Կրթական նոր պետական չափորոշչի նախագծի քննարկման ժամանակ 2021-ի փետրվարի 23-ին ես իմ բլոգում հրապարակել եմ «Օտար լեզվի դասընթացն ու նրա ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքներն ու լեզվի իմացության գնահատումը» հոդվածը, որտեղ մանրամասնորեն և հիմնավորված անդրադարձել եմ հենց այդ խութերին: Ներկայացնում եմ այդ խութերին վերաբերող հատվածը. «Հայաստանում հանրակրթության միջնակարգ աստիճանի (ավագ դպրոցում) օտար լեզվի իմացության վերջնարդյունքը՝ մակարդակը միշտ էլ սահմանվել է B1-ը: Նոր համակարգով առաջարկվում են հետևյալ մակարդակները ըստ կրթական աստիճանների՝
Տարրական դպրոց
4-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են A1 մակարդակին:
6-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են A2 մակարդակին: (Դեռ չփոխված չափորոշիչներով և գործող առարկայական ծրագրով A2 մակարդակին սովորողները հասնում էին միջին դպրոցի վերջում և այդ մակարդակով 9-րդ դասարանի վերջում ավարտական քննություն էին տալիս: Ի՞նչ հրաշքով պետք է հիմա կրթական տարրական աստիճանում հասնեն օտար լեզվի իմացության A2 մակարդակին: Երևի հարցի միակ լուծումը կլինի ստիպողաբար կամ ճարահատյալ դիմել կրկնուսույցների գործառույթին, որը սխալ կլինի:
Միջին դպրոց
9-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են B1 մակարդակին: Այժմյան չափորոշիչներով և գործող ծրագրերով սովորողները B1 մակարդակով ավագ դպրոցի ավարտական և համալսարանների ընդունելության քննություն են տալիս 12-րդ դասարանում:
Ավագ դպրոց
12-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են լեզվական B2 մակարդակին: Կարծում եմ, որ B2 մակարդակը տրամաբանական կլիներ, եթե միջնակարգ կրթությունը պարտադիր չլիներ (ավագ դպրոցում սովորելը պարտադիր չլիներ): B2 մակարդակը անգլերենի AELTS միջազգային քննության 6 միավորն է (կամ էլ TOEFL-ի 90-ը), որով ընդունվում են աշխարհի ցանկացած համալսարան: Համեմատության համար ասեմ, որ Բրյուսովի անվան համալսարանի ավարտական կուրսի ուսանողների մեծ մասը հենց այդ մակարդակն ունի: Մեր կրթական օրենքը պահանջում է, որ միջին դպրոցն ավարտողը սովորի նաև ավագ դպրոցում՝ անկախ այն բանից, թե արդյոք ինչ մոտիվացիա ունի սովորելու. ուզու՞մ է կրթությունը շարունակել համալսարանում, թե՞ ոչ: Այս պայմաններում ուտոպիա է բոլորին պարտադրել օտար լեզվի B2 մակարդակը: Նույնիսկ շատ դիպլոմավոր մասնագետներ չունեն բոլոր բաղադրիչներով B 2 մակարդակի իմացությունը:
Առաջարկություն
Առաջարկում եմ դիմել ԿԳՍՄ նախարարությանը վերանայել հանրակրթության բոլոր աստիճաններում օտար լեզվի իմացության նվազագույն վերջնարդյունքները՝ մի մակարդակ ներքև իջնելով:»
Դառնալով մեր ժամանակներին ու այսօրվա սովորողների անգլերենի իմացության ներկա մակարդակին՝ կարող եմ վստահաբար ընդունել և համաձայնվել այն մտքի հետ, որ պետք էր անփոփոխ թողնել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն, 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները: Այս անցնող 5 տարիների մեր աշխատանքային փորձառությունը՝ կյանքը, ցույց տվեց, որ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառում լավ են ձևակերպված կրթական երեք աստիճաններում ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, որոնց հիման
վրա էլ առաջարկվում են ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը իրենց բովանդակությամբ: Ավելին՝ այժմ մեր ձեռքի տակ ունենք «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչ և առարկայական ծրագրեր մեծածավալ ուղեցույցը, որտեղ մանրամասն տրված են ոչ միայն կրթական երեք աստիճանների, այլև բոլոր դասարանների ակնկալվող վերջնարդյունքներն ու առարկայական ծրագրերը: Այժմ կրթահամալիրի դպրոցների օտար լեզուների առարկայական ծրագրերը կազմված են ըստ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և հեղինակային կրթական ծրագրի պահանջների:
Առաջարկում եմ միայն փոխել գնահատման սկզբունքը՝ «օտար լեզուներ» բնագավառի համար:
Գնահատման մասին
Գնահատման առումով հանրակրթության բոլոր ուսումնական առարկաներից առանձնանում է օտար լեզուն: Կարծում եմ, որ օտար լեզվի իմացությունը գնահատելիս պետք է հրաժարվել թվանշանային գնահատումից կրթական բոլոր աստիճաններում, քանի որ հստակ սահմանված են օտար լեզվի իմացության միջազգայնորեն ընդունված մակարդակները՝ A1, A2, B1, B2, C1, C2.
