Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Սույն դիտարկումները  ներկայացվում է որպես կարծիք՝ հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագծի վերաբերյալ։ Վերլուծությունը հիմնված է՝

  • ՀՀ կառավարության 04.02.2021թ․ N 136-Ն որոշում /ARLIS/
  • Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների նախագիծ /E-DRAFT/
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

Համեմատական վերլուծության  նպատակն է  գնահատել փոփոխությունների իրավաչափ ընթացակարգը,  տեսնել, արձանագրել հիմնավորումները, դրանց իրատեսությունը, հնարավոր ռիսկերը և դրանց ազդեցությունը հանրակրթության, այդ թվում՝ այլընտրանքային և հեղինակային մանկավարժության վրա։

Հանրային քննարկում

Հանրային քննարկումը ենթադրում է ոչ միայն առաջարկվող փոփոխությունների բովանդակային գնահատում, այլ նաև՝

  • փոփոխությունների հիմնավորման առկայություն,
  • իրավական ընթացակարգի պահպանում,
  • ներդրման պատրաստվածություն (մարդկային, ֆինանսական, մեթոդական ռեսուրսներ),
  • ազդեցություն կրթական համակարգի տարբեր դերակատարների վրա։

Իրավական հիմքեր և ընթացակարգ

Չափորոշչի փոփոխությունը ենթաօրենսդրական ակտի փոփոխություն է և ենթակա է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին՝ հիմնավորում, հանրային քննարկում, ազդեցության գնահատում և անցումային դրույթներ։ Նոր նախագծում այդ փաթեթը ամբողջական ներկայացված չէ։

Նախագծին կցված չէ գործող չափորոշչի ներդրման (2021–2024) մոնիթորինգի ամփոփ հաշվետվություն, ինչը սահմանափակում է փոփոխությունների հիմնավորվածության գնահատումը։

Իրավական հիմք

  • ՀՀ Սահմանադրություն, հոդված 42՝ քաղաքացիների մասնակցություն պետական որոշումների կայացմանը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 9՝ նորմատիվ ակտերի նախագծերի պարտադիր հանրային քննարկում՝ դրանց իրավական, սոցիալական, ֆինանսական և գործնական ազդեցությունների բացահայտմամբ
  • «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 6 և 38՝կրթական քաղաքականության փոփոխությունների իրականացում հանրային մասնակցությամբ՝ հաշվի առնելով համակարգի կարողություններն ու կրթական գործընթացի մասնակիցների շահերը
      

Խութեր, ռիսկեր

Նախագիծը մի շարք ուղղություններով տրամաբանական շարունակություն է գործող չափորոշչի, սակայն փոփոխությունների փաթեթը ամբողջությամբ չի ուղեկցվում մոնիթորինգի տվյալներով, ազդեցության գնահատմամբ և անցումային մեխանիզմներով։ Առկա են կրթական անհավասարության խորացման, ուսուցչի աշխատանքային իրավունքի խախտման և իրավական անորոշության ռիսկեր։ Փոփոխությունը կարող է ընկալվել որպես ոչ բավարար հիմնավորված վարչարարություն։ 

Մոնիտորինգի տվյալների բացակայություն՝

Նախագծում չի ներկայացվում, թե գործող չափորոշչի ներդրման /2021–2024/ ընթացքում ինչ կոնկրետ խնդիրներ են արձանագրվել, ինչ տվյալների հիման վրա են ընտրվել փոփոխությունների ուղղությունները։ Ստացվում է, որ փոփոխությունները չեն կապվում փաստացի խնդիրների հետ, այլ դառնում են կամայական։

Անցումային դրույթների բացակայություն՝

Նախագծում գրեթե բացակայում են անցումային դրույթները՝

  • ուսումնական պլանների վերանայման ժամկետներ
  • ուսուցիչների բեռնվածության վերաձևում
  • ֆինանսական հաշվարկներ

Դպրոցները հայտնվում են իրավական և կազմակերպական անորոշության մեջ։

       Ուսուցչի աշխատանքային ծանրաբեռնվածության անորոշություն

Նոր նախագիծը ընդլայնում է նախագծային ուսուցումը, անհատական բաղադրիչը, մոդուլային մոտեցումները, սակայն չի հստակեցնում՝

  • ինչն է պարտադիր աշխատանք
  • ինչն է հավելյալ
  • ինչպես է դա հաշվարկվում և վճարվում

Իրավական ռիսկ՝ աշխատանքային իրավունքի խախտում, բողոքի հնարավոր ալիք։

         Գնահատման համակարգ՝

Ձևավորող գնահատմանը ուղղված այս կենտրոնացումը դրական է, սակայն /10-միավորանոց սանդղակում անբավարար գնահատականի բացակայությունը/ պահանջում է իրավական հստակ կապ՝ առաջադիմության հաշվառման, կրկնության կանոնների հետ։ Էստեղ ռիսկային է գործնական հակասությունները։ Նախագիծը ներմուծում է ձևավորող գնահատման շեշտադրում և «անբավարար գնահատականի բացակայություն»։

Սա պահանջում է հստակ իրավական կապ՝

  • առաջադիմության հաշվառման
  • կրկնության
  • ատեստավորման կարգերի հետ։

Հակառակ դեպքում կարող է առաջանալ գնահատման արժեզրկման հանրային ընկալում։

             Արտաքին գնահատում

Պետության կողմից արտաքին գնահատման կազմակերպումը կարող է բարձրացնել վերահսկողությունը, սակայն անհրաժեշտ է հստակեցնել՝

  • ձևաչափերը
  • հաճախականությունը
  • տվյալների պաշտպանությունը
  • կրկնվող գործառույթների բացառումը

             Այլընտրանքային և հեղինակային մանկավարժություն

Թեև պահպանվում է «այլ գնահատման կարգի» հնարավորությունը, նախագիծը չի արձանագրում այլընտրանքային և հեղինակային մանկավարժությունը որպես համակարգային արժեք։

Առաջարկվում է հստակեցնել, որ նման ծրագրերը կարող են ունենալ կառուցվածքային և մեթոդաբանական առանձնահատկություններ՝ պայմանով, որ ապահովում են վերջնարդյունքներ։

Ուսումնական պլան․ 3 բաղադրիչ մոդել

Գործող չափորոշիչը նախատեսում էր պետական և դպրոցական բաղադրիչներ։
Նոր նախագիծը ներմուծում է նաև անհատական (ընտրովի) բաղադրիչ։

Թեև այս մոտեցումը համահունչ է կրթության անհատականացման սկզբունքին՝ ամրագրված
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածներով, ինչպես նաև ընտրովի բաղադրիչների ներառման հնարավորությանը՝ սահմանված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով, անհրաժեշտ է հստակեցնել՝

  • անհատական բաղադրիչի իրավական կարգավիճակը
  • ժամաքանակի հաշվառման կարգը
  • վերահսկողության և որակի ապահովման մեխանիզմները

Առանց անհրաժեշտ մարդկային, ֆինանսական և մեթոդական ռեսուրսների ապահովման՝ նման փոփոխությունը կարող է հակասել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված կիրառելիության և կանխատեսելիության պահանջներին և խորացնել դպրոցների միջև անհավասարությունը։

Սովորողի ծանրաբեռնվածություն

Դրական է 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ծանրաբեռնվածության նվազեցման գաղափարը։ Սակայն անհրաժեշտ է համաժամեցում քննությունների, ուսուցիչների բեռնվածության և ֆինանսավորման հաշվարկների հետ։Անցումային դրույթների բացակայությունը կարող է առաջացնել գործնական խնդիրներ։ 

Առարկայական փոփոխությունների վերլուծությու

Հայոց լեզու և գրականություն՝

  • Պարտադիր գրական բովանդակության սահմանները հստակ չեն։
    Ռիսկ՝ բովանդակային անհամաչափություն։

Մաթեմատիկա՝

  • Կիրառական շեշտը պետք է հավասարակշռված լինի տեսական հիմքերի պահպանմամբ։

Բնագիտական առարկաներ՝

  • Ինտեգրման մոդելը պահանջում է վերապատրաստված մասնագետներ և մեթոդական փաթեթներ։

Պատմություն և հայրենագիտություն՝

  • Անհրաժեշտ է հստակ սահմանել ազգային պարտադիր բովանդակությունը։

Օտար լեզուներ՝

  • Երկու օտար լեզվի պահանջը իրատեսական է միայն ռեսուրսների հաշվարկով։

Արվեստ և տեխնոլոգիա՝
 

  • Նյութատեխնիկական և ֆինանսավորման երաշխիքները բացակայում են։

Ֆիզիկական կուլտուրա և առողջ ապրելակերպ՝

  • Պահանջվում է պատասխանատվության և որակավորման հստակ կարգավորում։

Առաջարկ՝

  • Նախագծին կցել գործող չափորոշչի ներդրման մոնիթորինգի հաշվետվություն
  • Ներկայացնել ազդեցության գնահատում և ռեսուրսների հաշվարկ
  • Սահմանել հստակ անցումային դրույթներ և ճանապարհային քարտեզ
  • Իրավական հիմքով հստակեցնել գնահատման և այլընտրանքային կրթության կարգավորումները։

Չափորոշչի փոփոխությունների նախագծի ընդունումը նպատակահարմար է միայն լրացուցիչ հիմնավորումների, մոնիտորինգի հրապարակման և անցումային մեխանիզմների սահմանման պարագայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով