Ուզում ենք հավատալ, որ Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխությունների նախագծում կրթահամալիրի «լավագույն փորձը» կարևորված է, թեկուզ առանց հատուկ նշումի։ Մեր ուսումնական պլաններում արտացոլված մոտեցումները, կրթահամալիրում գործող, իրականացվող մանկավարժական մոտեցումների մի մասը, որոնք նաև տարիների ընթացքում լրամշակվել են, բերվել կազմակերպման ձևերի, արտացոլված են չափորոշչում։ Նորից հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերապատրաստումներ իրականացնելու, մեր փորձը փոխանցելու մասով։ Առաջարկում ենք։ 

  1. Երկարացնել նախագծի քննարկումը՝ նկատի ունենալով, որ քննարկման ժամանակը համընկել է տարեվերջի, տոնական-արձակուրդային օրերի հետ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կան տեխնիկական խնդիրներ, կայքը անհասանելի է եղել։ 
    Անհրաժեշտ է ժամանակ տալ, որ ուսուցիչները ծանոթանան, ընկալեն ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման շրջանակում կարգավորումների հստակեցումը, ավագ դպրոցում անհատական ուսումնական պլանի ձևավորման կարգավորումները,  հնարավորություն ունենան արտահայտվելու, առաջարկներ անելու քննարկման փուլում։ Կրթահամալիրում այդ քննարկումը կազմակերպվում է. դրան կանդրադառնա նաև «Դպիրը»։ 
  2. Առաջարկում ենք «չորս տարին մեկ անգամ իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա» չափորոշիչը վերանայելու գործընթացը հստակեցնել՝ 6.1 կետը լրացնելով վերլուծության կազմակերպմանը վերաբերող կարգավորմամբ։  Չորս տարին կարևոր ժամանակ է նոր փոփոխություններից առաջ  հանրապետության լավագույն փորձի վերհանման հաշվառման համար։
  3. Հանրակրթական ծրագրերի ընդհանրական ուսումնական պլանում և ուսումնական բնագավառների առարկայացանկերում, կազմակերպման մեջ, ինչպես նաև նախագծերի պահանջներում չի կարևորվում ուսուցման ճամբարային կազմակերպումը՝ որպես․
  • նախագծային ուսուցման միջավայր, 
  • արտակարգ իրավիճակներում վարքականոնների յուրացման, գոյատևման հնարների տիրապետման միջավայր, 
  • չափորոշչով որոշված այլ վերջնարդյունքների ձևավորման միջավայր։ 

Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական տարվա ձմեռային և ամառային դպրոց-ճամբարների, Արատեսի դպրոց բնության գրկում շուրջտարյա ճամբարային գործունեության, ամառային վրանային լողափնյա ճամբարների, ռազմամարզական ճամբարների կազմակերպման՝ հինգ ուսումնական շրջանով շուրջտարյա դպրոցի մեր  փորձը կարող է օգտակար լինել։  

  1. Կարևորելով ԲՏՃՄ բնագավառի միջոցով ձևավորվող ուսումնական կարողություններն ու հմտությունները՝ չափորոշչով տրվող առարկայացանկերում անտեսված է ճարտարագիտությունը՝ ուսուցման միջավայրով։ Ճարտարագիտական դասընթացների, ուսումնական նախագծերի կազմակերպման մեր հեղինակային փորձը՝ նաև համակարգչային նախագծման, վեբ դիզայնի, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, կարող է օգտակար լինել։ 
  2. Փոփոխությունների ներդրման փուլում օգտակար ենք համարում ավագ դպրոցում սովորողի հետազոտական աշխատանքի կազմակերպման մեր հեղինակային փորձը։ 
  3. ԲՏՃՄ բնագավառի դասընթացների, նախագծերի կազմակերպման  մեջ նաև բնագիտական մտածողության և աշխատանքի կապը ապահովելու համար օգտակար ենք համարում կրթահամալիրի ուսումնական ագարակի կազմակերպման փորձը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով