Հեղինակային կրթական ծրագրի 2012 թվականի հոկտեմբերյան ստեղծագործական բաց հավաքին իբրև շարունակական նախագիծ՝ առաջարկել էի տարաբնույթ աշխատանքների մի փաթեթ՝ նվիրված Վահան Տերյանին:
Հենց սկզբից անհրաժեշտ ու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նախագիծն իրականացնելու համար: Առաջին քայլը աշնանային արձակուրդին դեպի Գանձա կատարած ուսումնական ճամփորդությունն էր: Ճամփորդություն, որն իսկական ներշնչանքի աղբյուր եղավ թե´ ինձ և թե´ մասնակից սովորողների համար:
Տերյանական հարազատ միջավայրը, գյուղը՝ իր երկու միջնակարգ դպրոցներով, գյուղի մարդիկ, Տերյանի տուն-թանգարանը, Սուրբ Կարապետ եկեղեցին, ամեն-ամեն ինչ մեր հայացքի առջև էր, և հենց Գանձայից մեկը մյուսին էին հաջորդում հոդվածների շարքը, որ տեղ էր գտնում կրթահամալիրի գլխավոր կայքում:
Ճամփորդությունն ավարտվեց, և իբրև ամփոփում այդ հրաշալի ուղևորության՝ հաջորդեցին ճամփորդության և հաստատված նոր բարեկամության մասին պատմող ֆիլմերն ու իմ հաշվետվությունը:
Ապա նախագծի աշխատանքները շարունակվեցին արդեն ուսումնական պարապմունքների ժամանակ: «Աշուն» մեդիաօլիմպիադայի՝ իմ կազմած առաջադրանքներից մեկում առաջարկել էի ստեղծել ուսումնական տեսանյութ՝ Գանձայի բնապատկերների վրա հնչեցնելով Տերյանի՝ Գանձային, սիրելի ծնողներին, հարազատ միջավայրին նվիրված բանաստեղծությունները: Տեսանյութը ստեղծվեց հենց դասի ժամանակ ավագ դպրոցի 10-4 դասարանի աշակերտների անմիջական մասնակցությամբ ու ջանքերով: Սովորողներն իրենք էին ձայնագրում, դասավորում, երաժշտություն ընտրում, մոնտաժում, ունկնդրում, հետո շտկումներ անում ու դարձյալ ունկնդրում իրենց աշխատանքը: Մեդիաօլիմպիադայի մյուս առաջադրանքով առաջարկել էի Գանձայում գտնել Տերյանի գերդաստանի շառավիղներին և նոր մանրամասներ ներկայացնել հանրությանը մեծ բանաստեղծի ընտանիքի ու ժառանգների մասին: Վահան Տերյանի տուն-թանգարանի անմխիթար վիճակի մասին պատմող տեսանյութը կոչ է Վրաստանի, Հայաստանի իշխանություններին, Գանձայի գյուղական համայնքին և սովորողներին` հոգատարությամբ շրջապատելու այն ամենը, ինչ կապված է մեծ բանաստեղծի անվան հետ: Այսօր այս երեք ֆիլմերն էլ որպես ուսումնական նյութեր՝ ներկայացված Դիջիթեք 2013-ին:
Որպես դասավանդող՝ իմ իսկ առաջարկած նախագծում ինձ շատ հետաքրքիր աշխատանք էր ներկայանում Տերյանի՝ որպես հասարակական-պետական գրծչի գործունեությունը 1918-1920 թթ: Ուրախ եմ, որ այդ աշխատանքի ծանրությունն իր վրա վերցրեց ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Բլեյանը, ով մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ աշխատեց, կարդաց, համադրեց փաստերը, զրույցներ ունեցավ իր պատմության ուսուցիչների հետ, և աշխատանքը հաջողությամբ պսակեց: Նրա պատրաստած նյութը նույնպես «ուսումնական նյութ» անվանակարգում ներկայացվել է Դիջիթեք 2013-ին:
Վահան Տերյանի նամականին. այս աշխատանքն իրականացնելու համար հենց սկզբից ակնկալում էի ավելի լուրջ ու հասուն հայացք, ավելի կազմակերպված մոտեցում: Ահա թե ինչու այն ձեռնարկեցի քոլեջի առաջին կուրսի ուսանողների հետ: Չեմ սխալվել, որովհետև այս պահին տեսնում եմ նրանց ոգևորությունն ու պատրաստակամությունը: Ուսանողների կողմից արդեն ընտրվել են ընթերցվելիք նամակները, կատարվել է ձայնագրությունների մի մասը, ընտրվել երաժշտությունը: Աշխատանքն ավարտին հասցնելը օրերի խնդիր է:
«Վահան Տերյան» նախագծի շարունակականությունը առիթ է այն այսօր էլ համալրելու նոր առաջադրանքներով: Այսպես՝ «Ձմեռ» մեդիաօլիմպիադայի համար Արմինե Բաբայանի հետ կազմեցինք «Սալոմեի կերպարը Վահան Տերյանի՝ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի թարգմանության մեջ և համաշխարհային արվեստում» առաջադրանքը։ «Կրթահամալիրը Տերյան է արտասանում» տեսանյութի գաղափարը, որ այս պահին իրականացնում են իններորդ դասարանցիները, նույնպես նոր մտահաղացումներից մեկն է:
Ես ուրախ եմ, որ նախագծում տեղ գտած առաջադրանքներ են այսօր իրականացնում նաև օտար լեզուներ դասավանդող իմ գործընկերները (վրացերեն, անգլերեն և այլն):
Հեղինակ՝ Թամար Ղահրամանյան