Նախաբանի փոխարեն
Այս փոքրիկ հոդված-վերլուծական գրելու ցանկությունն առաջացավ ապրիլյան մի դիպվածից հետո, որն ինձ պատահեց Կենտրոնական անձնագրային վարչությունում: Երկու տարի առաջ, երբ վարչության հին շենքում (Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հետնամասում) շփվել էի իմ մարզը սպասարկող բաժնի պետի հետ, տպավորությունները, մեղմ ասած, դրական չէին: Յուրաքանչյուր մարզ կամ համայնք սպասարկող բաժնի պետ ուներ իր առանձին փակ կաբինետը, որտեղ իրեն զգում էր տեր-տիրական: Հաճախորդների հետ վարվում էին համընդհանուր խոպանչիկների տրամադրությամբ: Որևէ իրավական կետով այդ դաշտում հարաբերվելն անհնար էր: Քեզ զգում էիր 19-րդ առաջին քառորդի ցարական Ռուսաստանում, երբ մի գուբեռնիայից մյուսը գնալու համար պետք է թույլ տար ճորտատերը. իսկ ճորտատերի դերում վերոնշյալ պետերն էին: Եվ ահա, այս տարի, ապրիլ ամսին, նորից հարաբերվեցի այդ կառույցի հետ:
Այս անգամ հանդիպեցինք նոր շենքում, նոր պայմաններում: Շենքը Դավիթաշեն համայնքում է: Նորամուծություններից մեկը այն էր, որ մարզեր սպասարկող անդամները չունեին կաբինետներ: Այսինքն` բոլորը նստած էին մեկ ընդարձակ սրահում, բոլորի աչքի առջև: Փոփոխությունն ակնհայտ էր: Սպասարկող կինը նույնն էր: Բայց 19-րդ դարի ճորտատերից նա վերածվել էր միջին վիճակագրական եվրոպական քաղծառայողի, որը հաճախորդի հետ հարաբերվում է շեշտված հարգանքով, սիրալիրության բոլոր նորմերը պահելով և պատրաստ է անել ամեն ինչ, որ հաճախորդը մեկ րոպե անգամ ավելի չսպասի: Փոփոխության պատճառը մեկն էր` բոլորը գործում էին բոլորի աչքի առաջ: Այս դիպվածից հետո որոշեցի անդրադառնալ մեր կրթահամալիրում տիրող վիճակին: Բայց դա հենց այնպես գրելու թեմա չէ: Ուստի պետք էր թեկուզ փոքրիկ, բայց հարցում, որ անցկացրել եմ անհատական և ֆոկուս-խմբային հարցման մեթոդներով: Հարցման մեջ ներառվել են կրթահամալիրի տնօրենը, Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարը, դասավանդողներ, Վարժարանի սովորողներ: Հոդվածի մեջ մասնակիորեն տեղ է գտել նաև համեմատություն. որը քննության առնում «Դպրոց առանց պատերի» քրիստոնեական շարժման թեզը և այլ կրթական համակարգերում առկա նմանատիպ բաղադրիչները:
***
Այսօր, որևէ մեկը չի կարող ժխտել, որ դպրոցական դասասենյակները, դրանց ձևավորումը, նախագծումը հսկայական ազդեցություն ունեն դասապրոցեսի արդյունավետության և սովորողների վրա: Դպրոցական ճարտարապետության և ներքին հարդարանքին ուղղված ժամանակակից հետազոտությունները հիմնվում են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են` ցերեկային լույսը, մաքուր օդը, ջերմաստիճանը, աղմուկի, փոշու աստիճանը: Հատկապես օդափոխությունը և ջերմաստիճանի որոշակի վիճակ պահպանելը կարևորագույն գործոններ են սովորողների տրամադրվածության հարցում [1]։ Մասնավորապես, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ օդափոխության լավ համակարգը ազդել է նախապատրաստական դասընթացների սովորողների հաճախելիության վրա, առաստաղի բարձրությունը թույլ է տալիս չնկատել սովորողների խտությունը կամ փոխում է այդ պատկերը: Այդ պայմանները դրական են ազդում նաև դասավանդողի մոտեցումների և գնահատականների վրա:Իսկ, օրինակ, նախադպրոցական տարիքային խմբերում պատկերը հակառակ է: Առավել լավ համագործակցային և խմբային աշխատանք է դիտարկվում ավելի ցածր առաստաղ ունեցող խմբասենյակներում[2]։
Նույնն է իրավիճակը պատերի ու միջավայրի գույների դեպքում: Նախադպրոցականներին ավելի շատ դուր են գալիս վառ գույները` մասնավորապես կարմիրը, իսկ ավելի բարձր դասարաններում (Ավագ դպրոց) սովորողներին գրավում են հանգիստ գույները, օրինակ` բաց կապույտը, բայց ոչ մեկ երանգով: Սրանք բոլորը գործոններ են, որ ազդում են կրթության որակի վրա:
Իսկ ինչպե՞ս է ազդում այդ որակի վրա թափանցիկ կամ բաց միջավայրը:
Մինչ կրթության մեջ սկանդինավյան հեղափոխությունը աշխարհում լավագույն կրթական համակարգ համարվում էր պրուսական մոդելը: Դրա հաջողության գրավական էր համարվում այն հանգամանքը, որ այդ մոդելը կայացել էր Գերմանիայում, ԽՍՀՄ-ում, Ճապոնիայում: Մոդելը հաջողակ էր թվում արդյունաբերական հասարակությունների համար: Սակայն կրթական այս համակարգը ենթադրում էր ոչ թե անհատականությունների ձևավորում, այլ համակարգի կամակատարների ստեղծում: Դա էր պատճառը, որ այս երկրները պատկանում էին ամենառազմականացվածների շարքին և հիշեցնում էին մեկական մեծ գործարան: Սա հասկացան Գերմանիայում 1960-ական թվականներին և գնացին կտրուկ փոփոխությունների: Ճապոնացիները սկսեցին փոփոխությունները 1990-ականներից, իսկ ռուսները դեռ չեն կարողանում շրջել ծանր թափանիվը. սա մեծավ մասամբ տարածվում է նաև մեր իրականության վրա:
Իսկ ահա շվեդական և ընդհանրապես սկանդինավյան կրթական համակարգը ներկայացնում է հետարդյունաբերական վիճակ: Այս կրթական համակարգի հաջողության գրավականն այն է, որը լայնորեն կիրառելով նորույթները, այս երկրները ոչ միայն չկորցրին արդյունաբերական տնտեսությունը, այլ զարգացրին նաև ծառայությունների ոլորտը:
Ահա համարձակ Ստոկհոլմում էր, որ առաջին անգամ կիրառվեց դպրոց առանց պատերի սկզբունքը: Վերջին փուլում այն կիրառություն գտավ նաև մեր կրթահամալիրում (իհարկե, առայժմ դեռ մասնակի): Կարծես երկու տարին բավական ժամանակ է որոշակի արդյունքների անդրադառնալու համար:
Պատերը հեռացնելն ի սկզբանե հարուցեց ինչպես հակասական վերաբերմունք` և́ դրական, և́ բացասական առումներով: Ի՞նչը ծառայեց հիմք փոփոխությունների համար: Այս հարցի կարճ պատասխանը տալիս է նախաձեռնողը` Աշոտ Բլեյանը, «2 տարի չորս ամիս, փակ տարածության վախի ազդեցությունը, զուտ մարդկային գործոն որպես: Ես տեսա, որ Ջանի Ռոդարիի ձևակերպումը, որ դպրոցները ուղղիչ տներ են, այդ սկզբունքով կառուցված մանկական գաղութներ են: Այստեղից առաջացավ պատերի փլուզման գործընթացը, մի քանի տարի տևեց վճիռը ընդունելու և կիրառելու փուլը: Ու ունեի իմ պատկերացումները` թափանցիկ, բաց, անվտանգ, հետաքրքիր միջավայրի առումով, որը նախատեսում էր զարգացում»: Այսինքն` այս պարագայում, բացի համակարգային փոփոխությունից էական դերակատարում ունի նաև անձի մոտիվացիան, նաև այն հանգամանքը, թե ինչքանով է պատրաստ անձը դեմ գնալու հասարակական կարծրատիպերին, որ գերիշխող են: Թե́ տնօրենը, թե́ ավագ դպրոցի ղեկավար Գևորգ Հակոբյանը նշեցին ծնողական համայնքի ըմբռնումով մոտեցումը փոփոխություններին[3]։ Զրուցակիցներս նշեցին նաև թափանցիկ կամ բաց միջավայրի այլ առավելություններ` պարտեզի միախառնումը շենքային տարածությանը և այսպիսով արհեստական միջնորմի հաղթահարումը, սովորողի ինքնուրույության աստիճանի բարձրացումը` սկսած նախադպրոցական տարիքից, նայելու տարածություն և հնարավորության ընձեռումը` հորիզոն ունենալը։ Ի դեպ, կա մի վարկած, համաձայն որի, հաջողակ են այն ազգերը և ժողովուրդները, որոնք ունեն տեսնելու, երազելու հորիզոն, բացառություն են միայն շվեյցարացիները։ Զրուցակիցներս կարևորեցին նաև փողոցի չօտարումը անհատից` սովորողից, բաց հարաբերությունները և ինքնահսկման մեխանիզմների առկայությունը:
Հայաստանում այս գործընթացը սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որովհետև զուտ իրավական տեսանկյունից կրթահամալիրը ունի ինքնուրույնության որոշակի աստիճան: Միջին վիճակագրական հայաստանյան դպրոցում չի կարող սկսվել նման գործընթաց, ելնելով մի շարք հանգամանքներից`
- նախաձեռնողականության բացակայություն
- միջոցների բացակայություն
- հիերարխիկ կառավարում
- հաշվետու օղակների ուռճացված քանակական աճ և այլն:
Հարցման մասնակից սովորողները մեծ մասամբ համաձայն էին, կամ իրենք ևս փաստում էին վերոգրյալ մտքերը:
Օրինակ` Սոնա Սահակյանը (Վարժարան, 10-րդ դասարան) նկատեց, որ երբ այլ դպրոցից տեղափոխվեց կրթահամալիր, շնչառությունը միանգամից բացվեց. եթե պատեր էլ լինեին, կրթահամալիրում չէր նեղվի, բայց այս միջավայրից հետո պատերով միջավայր չի ուզի վերադառնալ: Իսկ Հռիփսիմե Մելիքյանը (Վարժարան, 11-րդ դասարան) նկատեց, որ նման միջավայրը իսպառ կանխում է բռնության դեպքերը սովորողի նկատմամբ: Եվ զուգահեռ անցկացնելով իր և եղբոր դպրոցների միջև` կարևորագույն առավելություն համարեց այդ հանգամանքը:
Սակայն ամեն ինչ չէ, որ դուր է գալիս սովորողներին: Օրինակ` մի խմբի համար ընդունելի չէ այն հանգամանքը, երբ դասի ժամանակ ինչ-որ կարիքի համար դուրս ես գալիս դասարանից, բոլորը տեսնում են, թե ուր ես գնում կամ ինչի համար, այսինքն` այստեղ մասնակիորեն խախտվում է սովորողի անձի գաղտնիք ունենալու իրավունքը [4]։ Խնդիրներից կարևորագույնը հարակից աղմուկն է: Կա դասարան, որտեղ կամ բարձր է ինքնահսկման մեխանիզմը, կամ դասավանդողն է լիարժեք տիրապետում վիճակին: Սակայն ոչ բոլոր դասարաններում է այս իրավիճակը: Այստեղ կարծես թե պետք է գործեր միմյանց վերահսկելու գործոնը: Սակայն դա չի աշխատում: Ունի շատ պարզ պատճառ: Գործում է դասավանդողների կոլեգիալ ավանդութային հարաբերությունների սկզբունքը, որը հիմնված է գործընկերոջ հետ հարաբերությունները չփչացնելու կամ գործընկերոջը տհաճ վիճակի մեջ չդնելու մղումի վրա: Սա բնական է արդի հայաստանյան հասարակական ընկալումների պարագայում:
Ամփոփելով ասվածը, կարող ենք փաստել, որ առանց պատերի կամ թափանցիկ միջավայրը մեծապես հաջողում է: Այն ունի խնդիրներ, որոնք կապված են ինչպես ընկալումների, այնպես էլ տեխնիկական գործոնների հետ, բայց լուծելի են:
[1] G I Earthman, Prioritization of 31 Criteria for School Building Adequacy, 2004,
[2] K G Rosen and G Richardson, Would Removing Indoor Air Particulates in Children’s Environments Reduce the Rate of Absenteeism? A hypothesis, The Science of the Total Environment, 234, 1999.
[3] Վ. Թոքմաջյան, ԴԱՆ, Եր., 2015:
[4] Վ. Թոմաջյան, ԴԱՆ, Եր., 2015:
Հեղինակ՝ Վահրամ Թոքմաջյան