2015-2016 ուստարում ներկայացրած նախագծերից մեկը «Պարապմունք-համերգ» է: Իրականացվել են նաև անընդհատ ու շարունակական այլ նախագծեր` «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին՝ նոր կյանք», «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում», «Ծրագրային երգերի կատարում, ձայնագրում»:
Պարապմունք-համերգի փորձեր եղել են դեռ 4 տարի առաջ, Գեղարվեստի Կրտսեր և Հիմնական դպրոցներում: Կայացած փոքրիկ համերգները պետք է շարունակական լինեին: Շարունակությունն անկանոն բնույթ կրեց՝ Կոմիտասյան օրերին՝ պարապմունք-համերգ Հիմնական դպրոցի նախակրթարանում, եղան պարապմունք-համերգներ, որոնք չտեսագրվեցին (տարված լինելով աշխատանքով՝ մոռանում էինք տեսագրել): Անցած ուսումնական տարվա սկզբին ձևակերպվեց նախագիծը, և սկսեցի աշխատել:
«Պարապմունք-համերգ» նախագծի նպատակն է սաների, սովորողների երաժշտական երաժշտական մշակույթի, երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորումը: Նախագծի խնդիրն է ձևավորել երաժշտություն ունկնդրելու մշակույթ, ստեղծել հանդիսատես – կատարող կապը, ձևավորել համերգային կանոններին գիտակ ունկնդիր, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային, համաշխարհային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը:
Առաջին պարապմունք – համերգների իրականացման ճանապարհը
Սովորողներին ուսուցանվում են ծրագրային երգեր, ազգային պարեր: Երգերը սովորողների օգնությամբ բեմականացվում, խաղարկվում, կատարվում են հարվածային, շրխկան, «բնական նվագարաններով»: Նախօրոք համապատասխան մարդիկտեղեկացվում են նախագծով իրականացվող պարապմունք-համերգի մասին, համատեղ աշխատանք է կատարվում դասարանի դասվարի, նախակրթարանի դաստիարակի հետ: Կազմած ծրագրով կատարվում են գործերը՝ հնարավորինս ներառելով հանդիսատեսին: Անկաշկանդ, անմիջական մթնոլորտ ստեղծելու համար հանդիսատեսը պետք է դառնա նաև կատարող: Դրա համար նախօրոք հանդիսատեսն էլ է պատրաստվում և կատարում իր տարիքին համապատասխան ծրագրային ստեղծագործություններ: Համերգի ծրագրում կատարվում են երգեր, պարեր, ունկնդրման համար նախատեսված ստեղծագործությունները ուղեկցում են շրխկաններով, հարվածային, «բնական նվագարաններով», մանկական ճվիկներով, խաղիկներ- ասիկներով (նախակրթարանի սաներ, 5 տարեկաններ), փոքրիկ բեմադրություններով, բանաստեղծություններով (համագործակցում դաստիարակի, դասվարի, առարկայական դասավանդողի հետ), մնջախաղով Դպրոցում կան սովորողներ, ովքեր ստանում են լրացուցիչ կրթություն երաժշտությունից՝ վոկալ, դաշնամուր, կիթառ, ջութակ և այլն: Համաձայնեցնելով սովորողի և նրան դասավանդող մասնագետի հետ՝ կազմվում է կատարվող ստեղծագործությունների համերգային ծրագիրը: Այն խումբը, դասարանը, որի սաների, սովորողների համար կազմակերպվում է համերգը, նույնպես նախապատրաստվում է՝ ընտրելով այն ստեղծագործությունները՝ երգ, պար, բանաստեղծություն, որոնք կատարվելու են: Թե կատարողները, թե ունկնդիրները նախապես ծանոթանում են համերգի կանոններին: Պարապմունք-համերգի ընթացքում երաժշտության դասավանդողը, դասվարը, դաստիարակը, առանց հրահանգի, ծափահարելով, ունկնդիրներին «հուշում են»՝ ծափով ցուցադրեք ձեր վերաբերմունքը կատարողին: Եթե ստեղծագործությունը պարային է, ունկնդիրը կարող է թեթև ծափերով կամ համապատասխան պարային շարժումներով ուղեկցել կատարումը: Երկար ունկնդրումը կարող է հոգնեցնել փոքրերին, դրա համար ծրագրը պետք է լինի կարճ՝ այդ տարիքային խմբի համար հետաքրքիր: Մի քանի կատարում ունկնդրելուց հետո դերերը փոխվում են. կատարողը դառնում է ունկնդիր, իսկ ունկնդիրը՝ կատարող: Եթե կատարողները գիտեն կատարվող երգերը, պարերը, բանաստեղծությունները, անպայման միանում են: Ողջունելի է ազատ, անկեղծ, անմիջական միջավայրը, քանի որ պարապմունք-համերգի խնդիրն է ունենալ ուշադիր, երաժշտությունը սիրող, գնահատող, հասկացող ունկնդիր, ինչպես նաև՝ ազատ, անկաշկանդ կատարող: Կարևոր է, երբ սովորողը, սանը կարողանում է ներկայանալ, կատարել իր իմացած երգերը, լինել ուշադիր ունկնդիր:
Առաջին պարապմունք-համերգը կարծես ստացվեց որոշ թերություններով, կազմակերպչական բացթողումներով: Երկրորդն ավելի կազմակերպված էր՝ Նախակրթարան և 1-ն դասարան, դրան հաջորդեցին մյուսները` 2-րդ դասարան և 5 տարեկաններ, 5 տարեկաններ և նախակրթարան, Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3-1 դասարան և նախակրթարան, Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3-2 դասարան և 6 տարեկաններ:
Ամեն պարապմունք-համերգից հետո մասնակիցները արտահայտում են իրենց կարծիքը, նշում հաջողված և չհաջողված պահերը, գնահատում, ցանկություններ հայտնում: Նրանց կարծիքները շատ ուշադիր է լսվում, դա ամենամեծ ու կարևոր դասն է: Այդ քննարկումներում երևում են սովորողների մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Որպես կանոն առկա է մանկական գերակայության սկզբունքը. որպես կատարող՝ խիստ են դատում ունկնդրին, բայց, որպես հանդիսատես՝ չեն նկատում իրենց թերությունները:
Տարվա ընթացքում «Պարապմունք – համերգների» կազմակերպման ձևերը, միջավայրը, ընթացքը քիչ-քիչ փոխվեցին: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:
Դպրոց-պարտեզի երաժշտության դասավանդող Սոֆյա Գրիգորյանի հետ կազմակերպեցինք հանդիպում՝ Դպրոց – պարտեզի և Հիմնական դպրոցի ուսումնական երգչախմբեր–ի հետ: Յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր իր նախագիծը. Դպրոց-պարտեզը՝ «Երգ և հաց», Հիմնական դպրոցը՝ «Հայկական ժողովրդական պարերգեր»: Միասին երկու նախագծերը կարողացան համախմբել բոլորին և ներկայանալ ամբողջական: Իհարկե, կային նաև երգեր, որոնք կատարվեցին համատեղ, որոշ երգեր էլ գտան իրենց նոր կատարողներին, ովքեր արագ կարողացան կողմնորոշվել, ընթացքում «վերցնել» կրկնվող տողերը և կատարել:
Հետաքրքիր իրագործվեց Գեղարվեստի և Հիմնական դպրոցի ուսումնական երգչախմբերի պարապմունք – համերգը: Առաջին անգամ Գեղարվեստի տրիատլոնի մասնակիցները հեծանիվներով կարողացան անցնել Գեղարվեստից Հիմնական դպրոց տանող իրենց համար բավական երկար ճանապարհը և իրագործել համատեղ պարապմունք – համերգը: Տեսնել էր պետք նրանց հոգնած, բայց գոհունակ դեմքերը: Մի պահ թվաց, թե բավական ժամանակ է պետք, որ ճանապարհ կտրած երգիչները հանգստանան և կարողանան երգել, բայց սպասումը շատ կարճ տևեց: Արագ իրենց կարգի բերելով, միասին օրը տոն դարձրեցին: Այս գործում համագործակցությունը շատ կարևոր էր, յուրաքանչյուրն իր տեղում իր գործը հստակ կատարեց, ինչն էլ տվեց իր արդյունքը:
Ի՞նչն է առանձնահատուկ պարապմունք – համերգներին.
- սովորողներն անկաշկանդ ներկայանում են իրենց գիտելիքներով, կարողություններով՝ ստեղծագործելով, իրադրության մեջ արագ կողմնորոշվելով,
- ուսումնական պարապմունքի ընթացքում ուսուցանված նյութերը կատարում են ոչ միայն նվագակցությամբ, այլև ակապելլա՝ ցանկացած միջավայրում և պայմաններում (բակում, բնության գրկում, տարատարիք հանդիսատեսի ներկայությամբ),
- ծիսական պարապմունք-ծես-համերգին կատարում են ազգային, ծիսական երգեր, պարերգեր՝ ծիսական, ազատ գործողություններ կատարելով, պարելով, ստեղծագործելով, նոր ու հետաքրքիր ձևերի մեջ ներկայացնելով,
- ունկնդրվող երաժշտության ուղեկցությամբ ստեղծում են ռիթմիկ նվագակցություն՝ ներքաշելով կատարման մեջ ունկնդիրներին,
- պարապմունք – համերգները կազմակերպվում են ոչ ստանդարտ ձևի մեջ՝ հետաքրքիր դարձնելով ուսումնական գործընթացը և հնարավորություն տալով բոլորին ինքնադրսևորվելու, ինքնարտահայտվելու, ազատ լինելու. անկախ նրանից կատարող է, թե ունկնդիր:
Պարապմունք — ներկայացում – համերգ կարելի է իրականացնել նաև լողավազանում: Ամառային ճամբարի ընթացքում կատարվեց այդպիսի փորձ, որից մենք բավական դասեր քաղեցինք ու հետևություններ արեցինք: Իհարկե, երբ առաջին անգամ է կատարվում որևէ գործ, կարող է լիարժեք չլինել: Բայց միշտ այն ունի իր դրական ու կարևոր դերը: Կփորձենք լողավազանն իր միջավայրով օգտագործել համատեղ պարապմունք — ներկայացում — համերգ իրականացնելու համար: Ուսումնական տարին առջևում է…