Մեզ մոտ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք»  ծրագիրն ուղղված է սովորողների հմտությունների բացահայտմանը և զարգացմանը, սեփական փորձի միջոցով նորը «հայտնաբերելուն», հայտնաբերածը կիրառելուն: Մեր ուսուցման հիմքում ընկած է սկզբունք՝ ամեն ինչ ձեռք բերել սեփական փորձի, գործունեության միջոցով: Դիտարկումը, զննումը, համեմատումը այն կարևոր հմտություններն են, որոնք ձեռք բերելով` սովորողը դառնում է ինքնուրույն, պրպտող, ինքնաբավ:

Ահա այս ամենը կիրառում եմ դասընթացի ժամանակ և օգնում սովորողներին բացահայտել մաթեմատիկան:

Սովորողը պիտի հմտություններ, կարողություններ ձեռք բերի շոշափելով, զննելով, ուսումնասիրելով, փորձելով: Պետք է ոչ թե գիտելիք լցնել նրա ուղեղը, այլ ցույց տալ ճանապարհը, որով նա կարող է հասնել որևէ բանի բացահայտման: Ուսուցչի դերը ուղղորդելն է, մատնանշելը և չխանգարելը: Հաճախ հանգում եմ այն մտքին, որ դասարանում մենք միմյանց հավասար սովորեցնում ենք, երբեմն սովորողներն այնպիսի մաթեմատիկական բացահատումներ են անում, որ իմ մտքով չէր անցնի:

Այս ուսումնական տարում իմ սովորողները 3-րդ դասարան են, և մաթեմատիկայի դասին «իմ դերը փոքրացել է». ինքնուրույն կարդում են խնդիրը, վերլուծում, քննարկում, խաղում և պատասխանը ներկայացնում:

Ահա այսպիսի հետաքրքիր խաղ առաջարկեցին սովորողներս՝ համեմատել իրենց քաշն ու հասակը նախորդ տարվա հետ․ ինձ մնում էր կազմակերպել:

Ստեղծվեց շուրջտարյա նախագիծը՝ «Խաղում ենք մաթեմատիկա»-ն։

Այս նախագծի շրջանակում որոշեցինք փնտրել և միջավայրում հայտնաբերել այն ամենը, ինչը կապված է մաթեմատիկայի հետ: Նախ՝ սովորողների հետ փորձեցինք հասկանալ՝ ուսումնառության երեք տարիների ընթացքում մաթեմատիկական ինչ խնդիրների են հանդիպել, ինչ հանգամանքներում և որտեղ,  և ինչպես են լուծել դրանք՝ օգտագործելով տարիների ընթացքում կուտակած մաթեմատիկական հմտությունները: Ահա այս մասին սկսեցին մտածել և ներկայացնել մաթեմատիկան իրենց կյանքում:

Ահա արդյունքը․

  • Առավոտյան արթնանում են և ստուգում ժամը, որպեսզի չուշանան։
  • Սովորողների մեծ մասը օգտվում է դպրոցական երթուղուց, որի վրա կա հերթական համար:
  • Հաշվում են, թե  իրենց փողոցից մինչև դպրոցի կայանատեղի որքան ժամանակում են հասնում։
  • Հաշվում են Մայր դպրոցից մինչև Հյուսիսային դպրոց հասնելու ժամանակահատվածը։
  • Հաշվում են դասարանում սովորողների թիվը։
  • Հաշվում են ներկաներին և գտնում բացակաների թիվը։
  • Հաշվում են, թե որքան ժամանակում կհասնի նախաճաշի իրենց հերթը։
  • Կարողանում են կշռվել և որոշել իրենց և ընկերների քաշը։
  • Կարողանում են չափել ընկերների հասակը և դասակարգել աճման և նվազման կարգով։
  • Չափում են տարածքի լայնությունն ու երկարությունը։
  • Կատարում են գնումներ և խանութում կարողանում են վճարումներ կատարել։

Որոշել ենք՝ կյանքում ամեն անգամ մաթեմատիկային հանդիպելիս այս շարքը համալրել: Սովորողների հայտնաբերած մաթեմատիկան բերեցինք ուսումնական գործընթաց և վերածեցինք խաղ-առաջադրանքների:

Ահա արդյունքը՝ Չափումներ․․․

Սովորողները որոշեցին չափել իրենց տան սենյակների լայնությունն ու երկարությունը և ստեղծել տան գծապատկերը: Չափումները կատարել են և՛ մետրի միջոցով, և՛ ոտնաչափերով՝ Հասակ,քաշ․․․

Այցելեցինք դպրոցի բուժկետ, որտեղ սովորողներն այս տարի առաջին անգամ կշռվեցին և չափեցին հասակը:

Նախորդ տարվա վերջում՝ հունիսյան ճամբարին, միասին կշռվել և գրանցել էինք տվյալները:

Այս տարի ևս գրանցեցինք արդյունքները: Դասարանում Word ծրագրով ստեղծեցինք աղյուսակ, որտեղ գրանցեցինք սովորողների տվյալները՝ անուն, ազգանուն, հասակ, քաշ: Հասակն ու քաշը դասավորեցինք աճման և նվազման կարգով:

Մաթեմատիկայի՝ նման մատուցումը սովորողների մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, որևէ լուրջ դժվարության չենք հանդիպել, մեծ ոգևորությամբ ենք խաղացել և հաջողել նախագիծը:

«Ուսումնական աշուն» նախագծի և հեռավար-առցանց  շաբաթների ընթացքում սովորողները տանը կշռվել են և գրանցել, հաշվել են ավելացրած գրամները՝ որոշելով ավելորդ քաշը:

Գրեթե բոլորն այս 2 շաբաթների ընթացքում 0.5-ից 1 կգ ավելացել էին, որը, մեր կարծիքով, ֆիզիկական պասիվության արդյունք է՝ Քաշի ավելացում 2 շաբաթում․․․

Որոշել ենք հաջորդ մաթեմատիկական խաղն ընտանիքի անդամների հետ անցկացնել:

Չափել, հաշվել, կշռել, համեմատել գործողությունները ձևավորում և զարգացնում են վերլուծական մտածողություն: Սովորողները կարողանում են ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կիրառել կյանքում: Այսկերպ մենք զարգացնում ենք սովորողի դիտողականությունը, հիշողությունը, ուշադրությունը…

Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան