Հայացք «դրսից» և «ներսից». հեսսեաբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին կարծիքները հակասական են: Ոմանք այն  համարում են «օազիս համատարած գորշության մեջ», ոմանք գտնում են, որ կրթահամալիրում, բացի զուտ ակադեմիական գիտելիքից, ստանում են կյանքի համար անհրաժեշտ ամեն հմտություն, որ կրթահամալիրը զավթել է տարածքներ: Փորձենք «ներսից» հայացք գցել՝ հասկանալու խնդիրները և վեր հանելու այլ մարտահրավերներ սկսնակ դասավանդողի համար:

Առաջին կարծիքի ճշմարտացիությանը կարելի է համոզվել անմիջապես՝ կրթահամալիր մուտք գործելու պահից: Կրթահամալիրը թափանցիկ է աշխատում բառի բուն իմաստով: Այստեղ ոչ միայն պատերն են ապակեպատ և թափանցիկ, այլև սովորողի և դասավանդողի աշխատանքային տարածքը՝ բլոգավարության շնորհիվ. ցանկացած ոք կարող է մտնել ցանկացած բլոգ և կարդալ: Կրթահամալրը անզանգ է, անպահակ, անճաղ և անպարիսպ: Ամեն հարց լուծվում է ինքնակարգավորման միջոցով: Այստեղ աշխատանքի ես ընդունվում կայքում զետեղված հայտ լրացնելով՝ մուտքի ճամբար հաճախելու արդյունքում: Եվ անմիջապես ականատեսն ես լինում, թե ինչպես է ոտքիդ տակի հողը օր օրի բարեկարգվում, ինչո՞ւ չէ, հնարավոր է նաև քո աշխատանքով, իսկ անցուղիները պատվում են տրավերտինե սալիկներով: Ընդ որում՝ ամեն ինչ արվում է ճաշակով: Դե ինչպե՞ս ճաշակով չարվի: Չէ՞ որ այստեղ աշխատել և աշխատում են ժամանակակից արվեստի անվանի ներկայացուցիչներ, որ սովորողներին ուղղորդելով, իրենց դրոշմն են թողնում դպրոցում՝ դառնալով հեղինակային մանկավարժության կարևոր առանցքներից, մեխերից մեկը: Անգամ մեխի քանդակ կա հանրային վայրում: Գեղարվեստի դպրոցից վար Գրիգոր Խաչատրյանի հեղինակած «Մեխ-Վեներայի» քանդակի բացմամբ՝ կրթական պարտեզը Բլեյան ցանցի մեխերից մեկն է հռչակվել՝ միտում ունենալով տարածվել հանրապետությունով մեկ որպես համայնքաստեղծ աշխատանք:

Մուտքս տեղի է ունեցել Հայաստանի, անգամ աշխարհի համար ծանր՝ Կովիդ 19-ի շրջանում: Սակայն, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը, առողջ ապրելակերպ վարելը, համակցված՝ ֆիզիկական միջավայրում և ՏՀՏ հարթակի լիարժեք օգտագործման միջոցով իրականացված հեռավար դասերը հնարավորության են տվել, որ կրթահամալիրը ճգնաժամից հնարավորինս անցնցում դուրս գա: Մուտքս կրթահամալիր համընկել է նաև 2020թ. Հայ-ադրբեջանական կամ Արցախյան երկրորդ՝ ամենաարյունալի պատերազմի ժամանակահատվածին: Կրթահամալիրն, անշուշտ, կարևոր դեր ունի հայաստանյան հանրակրթության կայացման գործում, այդ թվում՝ իր գաղափարախոսությամբ: Այն քաղաքականությունը, որը 30 տարվա մեջ հասցրել է ցավագին պարտության, պետք է փոխարինել «հարևանների հետ համակեցության և ոչ առճակատման» ոչ պոպուլիստական, հետևաբար, դժվար ձեռք բերվող ճանապարհով, որը ենթադրում է ճիշտ հաղորդակցություն, թշնամությունը վերածել մեզ հետ հաշվի նստելու և հարևանություն անելու քաղաքականության՝ տնտեսությամբ, մշակույթով, սպորտով ուժեղանալու միջոցով: Սա նշանակում է մինչև վերջ անկեղծ լինել, խիզախել ասելու դառը ճշմարտությունը: Սակայն, լինելով այս քաղաքականության հետևորդը, կրթահամալիրն ամենևին չի շրջանցել պատերազմը: Մյուսների նման ունեցել է շրջանավարտների, հարազատների կորուստ, վիրավորներ, անհայտ կորածներ, խեղված կյանքեր, անգամ ճակատամարտի մասնակից դասավանդողներ: Բայց չի հուսահատվել, այլ անցել է Հայաստան-Արցախ նոր համակեցության՝ ապահովելով ամուր թիկունք: Հայաստան-Արցախ նոր համակեցության շրջանակում կրթահամալիրը 70 արցախցու կեցության հնարավորություն է տվել: Կրթահամալիրը նաև Արցախից եկած 200 աշակերտ է ընդունել: Նույնն անում է այլ վայրերից, ասենք Սիրիայից փախածների նկատմամբ: «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում կազմակերպվել են բարեգործական համերգներ և ցուցահանդեսներ: Կրթահամալիրն իր ուժերով հավաքած ավելի քան 2.7 միլիոն դրամը նվիրաբերել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման և սոցիալական աջակցության խնդիրներին: Սեբաստացիները խանդավառված և մեծ սիրով են մասնակցել միջոցառումներին, ներկայացրել սեփական աշխատանքները՝ գիտակցելով, որ օգնում են հոգատարության կարիք ունեցող զինծառայողներին:

Երբ «ներսում» ես և ծանոթանում ես սովորողակենտրոն, նորարար մեթոդներով աշխատող դասավանդողների հետ, որ իրականացնում են կարճաժամկետերկարաժամկետշուրջտարյահամագործակցայինսովորող-սովորեցնողընտանեկան նախագծեր (աղբյուրը՝ անգլերենի մասնախմբի ղեկավար Յուրա Գանջալյանի բլոգ), տեսնում ես, որ նրանք աներկբա ունեն անհրաժեշտ բոլոր որակավորումները և փորձառությունը լիարժեք և ներդաշնակ քաղաքացի դաստիարակելու հարցում, իսկ սովորողը հնարավորություն ունի ստանալ պատշաճ ակադեմիական կրթություն, ավելին՝ այն սահմանափակված չէ, ինչպես այլ դպրոցներում, այլ տալիս է հավելյալ պատրաստվածություն: Իսկ դասավանդողին օգնում են ինտեգրվել մանկավարժության լաբորատորիանզանազան ակումբները: Այլ կերպ ասած՝ կյանքի է կոչված առողջ ապրելակերպին միտված՝ «առողջ հոգին՝ առողջ մարմնում» դրույթը՝ հայրենագիտական արշավների և բարձունքի նվաճման, ինտելեկտուալ զանազան հնարավորությունների օգտագործման, ինչպես նաև զանազան սպորտաձևերով, այդ թվում՝ հնգամարտով զբաղվելու միջոցով: Նաև հաճելի է, որ կոմիտասյան երաժշտությունը թևածում է շուրջբոլորդ և «հակաբացիլ» տարածելով՝ դառնում ինքնությանդ մաս: Իհարկե, կան մի շարք այլ սովորողակենտրոն դպրոցներ, որտեղ ևս իրականացվում է որակյալ այլընտրանքային ուսուցում՝ նախագծային ուսումնառության միջոցով: Բայց դրանցում վճարն անհամեմատ բարձր է և հասանելի չէ ամենքին:

Ինչ վերաբերում է տարածքներ զավթելուն, կրթահամալիրն իրոք ունի բազմաթիվ դպրոցներ, սակայն համոզվում ես, որ գործատուն բարեկարգել է տարածքը և ակնհայտորեն առավել նպաստավոր պայմաններ է ապահովել աշխատողների և առավել ևս՝ սովորողների համար: Այլապես այդքան մարդ չէր ցանկանա սովորել կրթահամալիրում:

Տեսությո՞ւն, թե՞ պրակտիկա

«Նորությունը շուտ փչացող ապրանք է, որի հրապարակումն անգամ կարճ ժամանակով ուշացնելը կարող է այն զրկել արժեքից և հետաքրքրությունից»: Թեպետ այս դրույթն իմ՝ ժամանակին թարգմանած մի գրքի ամենահիշարժան տողերից է, մի բան է իմանալ այդ մասին, այլ բան՝ կյանքի կոչել: Այժմ խոսքը վերաբերում է Ավագ դպրոցում իրականացրած մի նախագծի՝ «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» խորագրով հարցազրույցների շարքին, որի՝ մինչև փաթեթով հրապարակվելը շատ բան է փոխվել: Ստիպված այդ մասին ավելացրել ենք նախաբանում, սակայն, որքան էլ որ պարադոքսալ թվա, այս հանգամանքը մյուս կողմից ապացուցում է, որ այնքա՜ն արժանի մարդկանցից ենք հարցազրույցներ վերցրել, որոնք հասցրել են մինչև նախագծի հրապարակումը նորանոր բարձունքներ նվաճել: Կարծում եմ՝ սա դաս կլինի հետագայի համար, ասել է թե փորձ ձեռք կբերեմ: Ըստ Օսկար Ուայլդի՝«Փորձը պարզապես այն անունն է, որը տալիս ենք մեր սխալներին»: Ի՞նչ արած, ստացվում է, որ բավականին փորձառու եմ:

Սովորակա՞ն, թե՞ հատուկ

Էլ ի՞նչ կրթահամալիր առանց ճամբարի և վերելքի հաղթահարման՝ այն զարմանահրաշ մարդկանց օգնությամբ, որոնց ընկեր ենք համարում: Չէ՞ որ վերելք հաղթահարելը սովորեցնում է ականջալուր լինել սարերի կանչին, լինել համբերատար, հետևողական, և երախտագետ, սիրել և պաշտպանել շրջակա միջավայրը, գնահատել կյանքի փոքրիկ վայելքները, հաղթահարել մարտահրավերները և պատրաստ լինել փոփոխության: Մուտքի  ճամբարի սովորողների համար հատուկ գրավչություն ունի Արատեսի դպրական կենտրոնըՕգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Լեզուների ճամբարն անց եմ կացրել Արատեսում, և «Գիտելիքի օրը» հաղթահարել եմ բարձունքում իմ անգնահատելի ուղեկից դասավանդողներ Իրինա Ապոյանի և Ժաննա Հակոբյանի հետ, մարդիկ, որոնց կարող ես վստահել ամեն ինչ: Իրինա Ապոյանի հետ ճանապարհ գնացողը և՛ վերելք կհաղթահարի, և՛ անվնաս հետ կգա, անկախ դժվարություններից. քաղցա՞ծ ես՝ կկերակրի իր պատրաստած համեղ ուտեստներով, հիվա՞նդ ես՝ կբուժի, չե՞ս կարողանում բարձրանալ՝ ձեռքիցդ բռնած առաջ կտանի, պայմաններ կստեղծի, որ մոտիվացվես և ինտեգրվես: Պատահական չէ, որ սովորողներն այնքան էին մտերմացել, որ չէին ուզում բաժանվել միմյանցից՝ հաղորդակցվելով անգլերեն և ռուսերեն, փոխանցելով գիտելիքներ և փորձ:  

Այսպիսով՝ կրթահամալիրը բոլորից՝ սովորող, թե դասավանդող, պահանջում է սպորտային մարզավիճակ, բարձունքի նվաճում, հնգամարտ: Միանշանակ լավ է, անգամ շատերի համար անհասկանալի, թե ինչպես կարող է նման հաճելի պահանջը դժվար լինել ոմանց համար: Այո՛, լավ է, եթե մանկությունից սովոր ես և կոփված: Ուրեմն երիցս ճիշտ է կրթահամալիրի դասավանդման մեթոդը, որ 2 տարեկանից սովորեցնում են ինքնուրույնության: Երեխան պետք է անպայման խաղա բակում, շփվի հասակակիցների հետ, ապա թե ոչ՝ ինչ-որ տարիքում զգացնել կտա, կմեկուսանա, շփման, սոցիալական հմտությունների պակաս կզգա: Ու բոլորովին նշանակություն չունի, որ կարող է այդ անձն ուրիշներից շատ ավելի կարդացած լինել կամ դյուրությամբ բարդ խնդիրներ լուծել: Այդ մասին է պատմում 2021թ. հունվարին ցուցադրված «Օժտվածը» ֆիլմը, որը ներկայացրել է Գայանե Պողոսյանը՝ նախքան իր հասակակիցների կողմից ֆիլմը դիտելը: Ֆիլմն օժտված երեխայի մասին է, ով բարդ մաթեմատիկական խնդիրներ է լուծում: Երեխայի մայրը, որ ևս տաղանդավոր էր, ինքնասպանություն է գործել, իսկ կենսաբանական հորը չի հետաքրքրում երեխայի գոյությունը: Քեռին, որ նախկինում փիլիսոփայության դասախոս էր, անցնում է նավակ վերանորոգողի աշխատանքի, որպեսզի երեխան սովորական միջավայրում ներդաշնակ մեծանա՝ շփվի իր տարեկիցների հետ: Այլընտրանքը՝ մեծահասակների հետ համալսարանում սովորելն է, ինչն առաջարկում էր երեխայի մորական տատը: Վերջում հաղթում է բանականությունը: Երեխան պայքարում է, որ ապրի քեռու հետ և հասակակիցների հետ շփվի: Իսկ մաթեմատիկայով մեծահասակների հետ զբաղվելն իրականացնում է որոշ օրերի՝ ոչ մշտապես:

Կրթահամալիրում բնապահպան են: Մյուս դպրոցների սովորողները ողնաշարի խնդիրներ են ստանում ծանր ուսապարկեր կրելով: Տետրերի և գրքերի համար անտառներ են հատվում, մինչդեռ կրթահամալիրի սովորողների աշխատանքային գործիքները համակարգիչն են, պլանշետը կամ բջջային հեռախոսը, իսկ տետրի գործառույթն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Ավելորդ է ասել, որ յուրաքանչյուրն այս միջավայրում պարտավոր է մեդիագրագետ լինել: Դասավանդողն ու սովորողն ավելի շատ են շփվում բնության հետ, հող են փորում, ծառ են տնկում, կատարում պարտիզպուրակային այլ աշխատանքներ: Այստեղ աղբավայրը վերածել են կանաչ տարածքի: Դպրոց-պարտեզներում մանկահասակները պարտադիր լողում են մաքուր, ախտահանված ջրավազաններում: Առանց պարիսպների տարածքը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին կարճ ճանապարհներ կտրելով՝ շրջել ողջ համալիրում: Համալիրի հիմնադիրը, որը հեղինակային մանկավարժության և ընդհանրապես կրթության ոլորտում ահռելի ներդրում ունի, օրինակ է ծառայում՝ քայլքով կամ հեծանվով շրջայցեր կատարելով: Այստեղ կա այն ամենը, ինչի մասին խոսում և գովազդում է բրիտանական մամուլը: Մի խոսքով՝ ստեղծված է ուժեղ համայնք, որը ուժեղ պետության հիմքն է:

Պեդագոգիա, թե՞ անդրագոգիա

Պեդագոգիան մանկավարժությունն է՝ երեխաների դաստիարակությունը և կրթությունը,  անդրագոգիան՝ մեծահասակների կրթությունը: Ժամանակակից աշխարհում ոչ միայն երեխան, այլև մեծահասակը կարիք ունի պարբերական կրթության և կատարելագործման: Հաճախ ծնողն է, մեծահասակն է կախված երեխայից, որ իրեն ուսուցանի տեխնոլոգիական գիտելիքներ, հասու դարձնի ծրագրերի, քանի որ երեխաներն ավելի արագ են սովորում և տիրապետում ՏՀՏ ոլորտին և հարթակներին: Երեխան կարող է նաև օրակարգային հարց բարձրացնել և լուծել: Պետք է ամեն րոպե սովորել ամեն առումով կյանքից հետ չմնալու համար: Խորհրդային պետությունը խիստ տարբերվում էր նրանից, ինչ ունենք հիմա: Այն մեծ էր և փակ: Ժամանակակից երեխան մեծանում է փոքր, բայց բաց աշխարհում: Այն ժամանակ անհատական ազատությունները ճնշվում էին, փոխարենը կար սահմանների ապահովություն: Հիմա երեխաները մի տեսակ հակված են դեպի արևելյան մշակույթ, ասենք՝ կորեական, ճապոնական: Գուցե պետք է մեծերն էլ ծանոթանան այդ մշակույթին փոքրերին ավելի լավ հասկանալու համար: Նաև պետք է երեխային փոքրուց պարտադրել ասենք լսել դասական երաժշտություն, որ սովորություն դառնա և ճաշակ ձևավորվի, կամ ասենք, որևէ գործիք նվագի և երգի, որպեսզի մեծ հասակում կարողանա բարդ հաճույք ստանալ, ինչն ամեն մեկին տրված չէ: 

Սովորել սովորեցնել

Ժամանակակից հարափոփոխ աշխարհում կարևոր է ոչ թե ինչ գիտես, այլ թե ինչ կարող ես անել նրանով, ինչ գիտես: Գիտելիքն, անշուշտ, դռներ է բացում, բայց այն նաև հնանում է, և ստիպված ես անընդհատ նոր հմտություննռր ձեռք բերել: Դասավանդողը պետք է ուղղորդի ուսումնական գործընթացը՝ օգնելով սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել բանալին, ձեռք բերել այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որ անհրաժեշտ են ուսումնասիրվող նյութը հասկանալու համար: Այլ կերպ ասած՝ պետք է սովորեցնի սովորել: Ասենք՝ բրիտանացի գրող, գրաքննադատ Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» նորարարական վեպը հասկանալու համար սովորողը պետք է ծանոթ լինի «գիտակցության հոսքի» մեթոդին, իսկ ամերիկացի գրող և լրագրող Հեմինգուեյի ստեղծագործությունները հասկանալու համար՝ «այսբերգի տեսությանը»: Դա վերաբերում է բոլոր առարկաներին: Պատահական չէ, որ դրան են անդրադարձել ՝ «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» նախագծի շրջանակում հարցազրույց տված սովորողները՝ Տիգրան ՍերոբյանըԱրամ ՊետրոսյանըԻլոնա Սահակյանը: Նաև կարևոր է, որ դասավանդողը մոտիվացնելով՝ փորձի, որ սովորողը ձգտի հնարավորինս շատ պաատումներ ներկայացնել՝որպես ինքնաարտահայտման ձև:

Ներգրավել բոլորին

Չգիտեմ որքանով է հաջողվել, ձգտել եմ նախագծեր իրականացնելիս՝ ներգրավել բոլորին: Օրինակ՝ Իններորդցիները ներկայացնում են. աշխարհի ժողովուրդների հերոսներ, 10-րդցիները ներկայացնում են. ՏՏ և գյուտեր, որ փոխել են աշխարհըԸնթերցանության ակումբ նախագծով 10-րդցիներն ընթերցել են «Երիտասարդ աղջկա օրագիրը» գիրքը, գրել նամակ Աննա Ֆրանկին և կատարել թարգմանություն: Լիլիթ Պետրոսյանն իր նախաձեռնությամբ կատարել է վերլուծություն՝ համեմատելով Աննա Ֆրանկի՝«Աննա Ֆրանկի օրագիրը» (The Diary of Anne Frank) և իռլանդացի գրող Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ( The Boy in the Striped Pyjamas) ֆիլմերը և գրքերը: «Սովորում ենք ներկայացնել» նախագծով 11-րդ դասարանցիները ներկայացրել են «Մեծ Բրիտանիայի մասին՝ համառոտ» վերտառությամբ պատումներ:

Փազլ. կոգնիտիվ դիսոնանս

Երբեմն, երբ տեղեկատվության չես տիրապետում կամ մասնակի ես տիրապետում, առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, երբ փորձում ես բացերը լրացնել այլ աղբյուրներից տեղեկության հայթայթմամբ: Եվ եթե հաջողվում է՝ փազլը լուծվում է: Օրինակ՝ լսել էի, որ տեղի է ունենալու Լեզուների տոնավաճառ, բայց բավարար տեղեկացված չէի, թե ինչին է այն ուղղված: Հարցը լուծվեց սովորողներիս՝ Լուիզա Արտենյանի և Մերի Երեմյանի միջոցով, երբ վերջիններս այդ մասին ներկայացրեցին իրենց պատումներում: Մեկ այլ դեպքում Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ին, կրթահամալիրի փառատոնային պուրակում տեղի ունեցավ «Բռնության մշակույթը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Ինձ համար պարզ չէր, թե ինչու է Եվրասիա համագործակցության հիմնադրամն իր հրապարակած վերոնշյալ գրքի շնորհանդեսն անցկացնում կրթահամալիրում: Հարցի պատասխանը ստացա, երբ դիտում էի «ԿԱԶԱ» հիմնադրամի հոլովակը նախագծային ուսուցման մասին: Տեղեկացա, որ ժամանակին եղել է նման ծրագիր, և ամեն ինչ պարզ դարձավ:

Միով բանիվ՝ բազմաթիվ են մարտահրավերները, չլուծված կամ անպատասխան՝ հարցերը: Պետք է ուժ գտնել այդ ամենը, առաջին հերթին՝ ժամանակի կառավարման հիմնախնդիրը հաղթահարելու համար: Չէ՞ որ հասկացա մի կարևոր բան, որ սիրում եմ սովորողներին:

Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով