Քովիդը փոխեց մեր կրթական իրականությունը՝ նոր մարտահրավերներ առաջարկեց-նետեց կրթական համակարգին՝ պարտադրելով ճկունություն ու ցցուն դարձնելով կրթական բացերը։
Ինչ արեց հայաստանյան կրթական համակարգը. փորձեց ընդդիմանալ, հակադրվել համաճարակին՝ ընտրելով պայքարի ամենահեշտ տարբերակը՝ անգործությունը։
Մեր կրթական համակարգը, չգիտես ինչու, հեռավար ուսուցումը որակեց որպես ոչ արդյունավետ, ու հեռավար ուսուցման փուլը համարեց կորսված փուլ՝ փոխանակ կառուցողական ճանապարհով գնալու։ Կառուցողական ճանապարհ ասելով՝ ի նկատի ունեմ հասկանալ հեռավար ուսուցման կազմակերպման բացերը, ձախողումները, օգնել ու օժանդակել ուսուցչին, դպրոցին, սովորողին, որ հաջողեն։ Իսկ առկա ուսուցման մեջ բացեր չկա՞ն, թե՞ դրանք պակաս նկատելի են․ սա էլ լուրջ հարցադրում է։
Ժամանակակից աշխարհում կրթության կազմակերպման ձևերն էլ պետք է ճկուն, անընդհատ փոփոխվող ու մոբիլ լինեն։ Դրանք պետք է ուղղված լինեն անհատին: Անհատի իրական պատվերը պետք է կրթության կազմակերպիչը դառնա։ Կրթությունը չի կարող անհասցե մատուցվող ծառայություն լինել․ այն պետք է տեղավորվի ժամանակի մեջ, ժամանակի պահանջն ու շունչն արտացոլի։ Չենք կարող մատուցել կրթական ծառայություն, որն ուղղված չէ ժամանակակից երեխային, կրթություն, որը հաշվի չի առնում երկրում, աշխարհում տիրող իրավիճակը՝ պատերազմ, համաճարակ, տարածաշրջանային խնդիրներ, հաշվի չի առնում ժամանակի տեխնո զարգացումներն ու դրանց մուտքը մեր կյանք, օտարում և մերժում է այն իրականությունը, որը շրջապատում է մեզ, և որում ապրում է 21-րդ դարի երեխան՝ տվյալ երկրի քաղաքացին։
Արտակարգ պայմանները՝ համաճարակն ու պատերազմը, չէին կարող շրջանցել կրթությունը․ դրանք մտան կրթահամալիրի օրացույց՝ վերածվելով տարատեսակ ուսումնական նախագծերի, որոնք միավորվեցին մեկ անվան ներքո՝ «Հոգատարություն»։
Հեղինակային կրթական ծրագիրն այս փուլում ցույց տվեց իր կենսունակությունն ու ճկունությունը՝ անհատի կրթական պատվերն ու դրա իրագործումն առավել տեսանելի դարձրեց։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթության կազմակերպման բոլոր ձևերը սկսեցին զուգահեռ աշխատել՝ փոխարինելով, զուգակցելով միմյանց, առաջ եկան ընտանեկան դպրոցները, սովորողներն իրենց պահանջներով. կրթության կազմակերպումը դարձավ անհատի իրական կրթական պատվերի կատարում։ Հաշվի առնվեցին կոնկրետ սովորողի, ընտանիքի պահանջները, վախերը, հարմարությունը։
Մշակվեցին-լրամշակվեցին տարբեր ուղեցույցներ, կարգեր, որոնք կարգավորեցին կրթական գործընթացը՝
Ուսուցման կազմակերպման ձևերը կրթահամալիրում
Ուսումնական պարապմունքների կազմակերպման ուղեցույց
Ուսուցիչներին, ըստ կոնկրետ անհրաժեշտության ու պահանջի, մատուցվեց տեխնիկական աջակցություն, որը կազմակերպվեց՝ հիմա և այստեղ սկզբունքով։ Առաջադրված կոնկրետ խնդիրների լուծման ճանապարհին հանդիպած խոչընդոտները տեղում էլ լուծումներ գտան։ Շատ լուծումներ ծնվեցին նաև ուսուցիչ-սովորողներ համատեղ աշխատանքի արդյունքում։ Սովորեցինք այն, ինչ չգիտեինք։ Կրթահամալիրի դասավանդողները հեռավար ուսուցման փորձ, իհարկե, ունեին․ տարբեր ձևաչափերով ու տարբեր ծրագրերով կրթահամալիրում իրականացվել ու իրականացվում է հեռավար ուսուցում։ Ինչն էր նոր՝ մեծամասշտաբ անցումը հեռավար ուսուցման, համակցված ուսուցման մոդելի փորձարկումը։
Ստացվե՞ց, թե՞ ոչ…
Իհարկե ստացվեց։ Չի կարող չստացվել, եթե ուզում ես, որ ստացվի ու կոնկրետ ես աշխատում։ Եկեք փաստենք, որ հաճախ մենք ուղղակի չենք ուզում, որ ստացվի։ Սովորող-ուսուցիչ-ծնող կապը ամրապնդվեց ու դարձավ առավել տեսանելի, գործուն․ ծնողները, հատկապես կրտսեր դպրոցի դեպքում, ներառվեցին գործընթացում՝ ընտանիքներն ընտանեկան դպրոցներ դարձան։
Ընտանեկան դպրոցները զարմացրին իրենց գաղափարներով, համերաշխությամբ՝ նոր, հետաքրքիր կրթական նախագծերի ծնունդ տալով։
Ունեցանք նաև համակցված ուսուցման հաջողված փորձ ավագ դպրոցներում․ սա ևս դարձավ դասի կազմակերպման հետաքրքիր ու նորարար ձև։
Առաջ մղվեց սովորողը, ընտանիքը՝ իր ընտրությամբ, նախասիրություններով, օրվա խնդրով․ շատ դեպքերում նույն խմբում ուսուցումը և՛ առկա, և՛ հեռավար հարթակներում ենք կազմակերպում։
Ինչը չստացվեց:
Չստացվեց չաշխատելն ու ձևացնելը, թե ջանք ենք թափում ու չի ստացվում։ Դժվարություններ եղան ու լինում են. դրանք ամենօրյա ու հաղթահարելի են։ Դժվարություն, չստացված դետալներ չեն լինում միայն այնտեղ, որտեղ աշխատանք չկա։ Երբ մարդն աշխատում է, միշտ էլ թերություններ լինում են․ դրանք շտկելի են, որովհետև կա շարժում, կա զարգացում։ Չստացվեց ժամանակը կառավարելը․ շատ դեպքերում դարձավ շուրջօրյա աշխատանք։ Կարծում եմ՝ դա էլ հմտություն է, որ ժամանակի ընթացքում հաստատ կյուրացնենք։
Ինչ ենք առաջարկում:
Առաջարկում ենք ուսումնասիրել կրթահամալիրի հեռավար, համակցված ուսուցման փորձն ու դարձնել տարածելի։ Մենք ապրում ենք համաճարակային բարդ ժամանակաշրջանում, երբ կրթության կազմակերպումը չի կարող ու չպետք է նահանջի համաճարակի առջև։ Համաճարակը պետք է ավելի կենսունակ ու անհատակենտրոն դարձնի կրթության կազմակերպումը․ սա փաստ է, սրանից փախչել չենք կարող և չենք ուզում։
Ուսուցման կազմակերպումն ուղղված է անհատ սովորողին՝ նրա կրթական պատվերն է, սա պետք է հիշել՝ ելակետային դրույթ է, ու առաջ շարժվել։
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան