Մեր  կրթական քաղաքականության մեջ ներառված նախագծային ուսուցումը հնարավորություն է ընձեռում ինքնուրույն, համակողմանի ուսումնասիրություններ կատարել:  Ըստ այդմ՝  «Պատմություն» առարկայի  նախագծային աշխատանքներում  սովորողներին ուղղորդում եմ  հնարավորինս համակողմանի  ուսումնասիրությունների:

Նախագիծն ուսումնաճանաչողական,  ստեղծական  գործունեություն է, որն ունի ընդհանուր նպատակ, համաձայնեցված միջոցներ, որոնք ուղղված են նախագծի՝ սովորողների համար նշանակալից ինչ-որ խնդրի լուծման  ընդհանուր  արդյունքի հասնելուն: Կարևորում եմ սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնելը, որի արդյունքում  սովորողները ձեռք են բերում  գիտելիք, կատարելագործում կարողությունները, հմտությունները, որի հիմքում սիներգետիկ գաղափարն է, կամ մաթեմատիկորեն` 1+1=3 : Այսինքն՝ «Պատմությունը» մեր սովորողներին մատուցել որպես հասարակագիտության , սոցիալ-հոգեբանության , քաղաքագիտության հետ շաղկապված մեկ ամբողջություն։

Համակողմանի աշխատանքի վառ օրինակ են «Հասարակագիտական ստուգատես»-ի շրջանակներում սովորողների կողմից կատարվող ուսումնասիրությունները: 8-րդ դասարանցուն  ծավալի ու խորության առումով գուցե ամբողջությամբ  ընկալելի չեն Տիգրան Հայրապետյանի ,  Գյուստավ Լը Բոնի կամ  Ռոբերտ Գրինի աշխատանքները, այդուամենայնիվ մի խումբ սովորողներ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ իրականացրել են հետազոտություններ նշված հեղինակների աշխատանքների վերաբերյալ։  

Գյուստավ Լը Բոն «Ամբոխի հոգեբանությունը»: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է  1895 թվականին, մինչ օրս արդիական է: Գիրք, որը կօգնի ցանկացած քաղաքական գործչի, լրագրողի, PR մասնագետի կամ պարզապես քարոզչության արդյունքում  զոհ դառնալ չցանկացող անհատի։ Կծանոթանաք, թե ինչպես են գաղափարներները, կրոնը զանգվածների վրա ազդելու միջոց հանդիսանում․ նույնիսկ ամենավնասակար ու կործանարար գաղափարներ սերմանելու եղանակներ է ներկայացնում:  Գյուստավ Լը Բոնը   հեղինակն է «Զանգվածները հարգում են միայն ուժը» և «Ամբոխը գնում է նրանց ետևից, ովքեր  տալիս են պատրանք, որը հրապուրում է» գրքերի :Կարդալով գիրքը՝ դուք կիմանաք թե ով և ինչպես է ձեզ մանիպուլացնում։ Եվ սա  ազատ մտածելու առաջին քայլը կլինի:

Ռոբերտ  Գրին «Պատերազմի 33 ստրատեգիաները»: Գիրք , որտեղ խոսվում  է ոչ միայն պատերազմներում ստրատեգիայի կարևորության մասին, այլև արդի կյանքում, տարբեր ոլորտներում տարբեր անհատների յուրահատուկ ռազմավարության մասին։ Կարդալով՝ կկարողանաք շրջապատում կատարվող իրադարձություններին հետևել այլ տեսանկյունից, նպատակներին հասնելու ռազմավարություն մշակելու կարողություն ձեռք կբերեք։

Ռազմավարական  արվեստին տիրապետելը ձեր կյանքն ավելի հանգիստ, խաղաղ և արդյունավետ կդարձնի, քանի որ դուք կիմանաք, թե որոնք են խաղի կանոնները և կկարողանաք հաղթանակներ տանել՝ առանց բռնության դիմելու։ Ռոբերտ Գրինը կօգնի ձեզ գտնել ցանկացած դժվար իրավիճակից ելք և ճիշտ որոշում կայացնել: Պատերազմում, ինչպես ցանկացած այլ հակամարտության ժամանակ, պայքարում և հաղթում է գրագետ ռազմավարությունը:

Ինչո՞ւ ստեղծվեց «Հետաքրքիր է իմանալ…» պատմական ամսագիրը․ սովորողների հետաքրքրությունները բազմատեսակ են, կարողությունները՝ անսահման արդի տեխնոլոգիական դարաշրջանում, երբ ամեն վայրկյան նոր գործիքներ են ստեղծվում, բազմազան:  Հետաքրքիր նյութեր կարող եք կարդալ պատմական ամսագրում․

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում սովորողները , դասավանդողները մեկ անգամ ևս անդրադառնում են Տիգրան Հայրապետյանի հոդվածներին, վերլուծություններին: Արդյունքում յուրաքանչյուրս մեր եզրակացություններն ենք ունենում:Հանգամանքների բերումով՝ Հայաստանի հանրակրթական համակարգում պատմությունը, հասարակագիտությունն ու քաղաքագիտությունը , որպես առանձին ուղղություններ են մատուցվել և մատուցվում:

Թերևս դա է  մերօրյա հայաստանյան քաղաքական դաշտի սնանկության, հանրության՝ քաղաքական առումով  տգիտության և քաղաքականության մեջ հավակնություն ներկայացնող խմբերի մոտ հասարակագիտական ու քաղաքագիտական  մտքի իսպառ բացակայության պատճառը:Մինչդեռ, ցավոք, ֆորմալ առումով գոյություն ունեցող  մեր պետականության կայացման համար առավել քան անհրաժեշտ է հասարակագիտական-քաղաքագիտական արդի մոտեցումների ընկալումը,  սեփական և այլոց փորձից բխող տրամաբանված եզրահանգումներ կատարելը, ներկայիս պատմական փուլի  վտանգների, հնարավորությունների ըմբռնումն ու ճիշտ գնահատումը:  Ի վերջո այդ աշխատանքը հավուր պատշաճի կարող են կատարել մարդիկ , ովքեր ի սկզբանե ճիշտ, համակարգված,  համակողմանի և փոխկապակցված   գիտելիքներ են ստացել պատմությունից, հասարակագիտությունից, քաղաքագիտությունից, քաղաքական սոցիոլոգիայից, հոգեբանությունից: Մարդիկ , ովքեր ինչպես  լավ ուսումնասիրել են նշածս ուղղությունների ակնառու ուսումնասիրողներին, այնպես էլ սովորել են ինքնուրույն տրամաբանված մտավոր ու գիտական աշխատանք կատարել, ցավոք, անապատացած, սակայն մեզ խիստ, օդի ու ջրի պես անհրաժեշտ հումանիտար գիտությունների դաշտում:

Դաշտում , որն ինչպես 90-ականներին , այնպես էլ հիմա ծայրահեղ անհրաժեշտություն ունի  լցվելու Տիգրան Հայրապետյանի պես մարդկանցով, թեկուզ  գոնե միայն մեկով: Հիրավի, համարում եմ, որ Տիգրան Հայրապետյանը 90-ականներին կատարած իր ահռելի աշխատանքով ՝ հոդվածներով, վերլուծություններով, հետազոտություններով ու կանխատեսումներով,  մեն-մենակ լցնում էր մեր նորաթուխ հանրապետության քաղաքագիտական դատարկությունը: Երբեմն անհնարին է թվում, որ խորհրդային տարիներին կյանք մտած  25, 30-ամյա երիտասարդը կարող էր այդքան  գիտելիքի ու խորաթափանցության պաշար ունենալ, որ նույնիսկ երեսնամյա հեռավորությունից  նրա մտքերը, գաղափարները, աշխարհաքաղաքական իրադարձությունների՝ մեզ համար ցավոտ, բայց իրականացող կանխատեսումները մարգարեություններ են թվում: Վստահ եմ, որ   նման անհատի ու մտածողի  ձևավորումը իր ընտանիքի  շնորհիվ է: Բայց համանման անհատ և մտածող ձևավորելու աշխատանքում գործ ունի անելու  նաև դպրոցը:

«Հայոց պատմությունն» ի վերջո պետք է դադարի ընդամենը  պատմական իրադարձությունների ու անցքերի ժամանակագրություն լինել: Ճիշտ է, պատմությունը « եթեներ » չի սիրում,  բայց այդ եթեներն անհրաժեշտ են վերլուծելու , հասկանալու համար մեր՝ նախկինում ունեցած պետությունների և ժողովրդի ծաղկունքն ու զարգացումը, իսկ ավելի հաճախ պատուհասներն ու աղետները, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել տվյալ պատմական փուլի քաղաքական , սոցիալ- հոգեբանական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական զարգացումների հետ՝ թե՛ աշխարհում, թե՛մշտապես եռացող մեր տարածաշրջանում: Այսօրվա մարդուն անհրաժեշտ է պատմությանը հենց այս տեսանկյունից և նորովի ծանոթանալ, որպեսզի հնարավոր լինի հաշվի առնել թվածս գործոնների փոխկապակցվածությունն ու ազդեցությունը սեփական պետության ու ժողովրդի վարած քաղաքականության վրա:

Հանդիպումների կազմակերպում տարբեր մասնագետների հետ.

«Հասարակագիտական ստուգատես»-ների շրջանակում  կազմակերպվում են տարբեր մասնագետների հետ հանդիպումներ տարբեր  թեմաների  շուրջ, որոնց արդյունքում սովորողները  ձեռք  են բերում ավելի խորացված գիտելիքներ, հետաքրքրություն տվյալ մասնագիտության հանդեպ:

Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով