«Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամից տիրել մարդու բովանդակ գոյությունը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել ուր որ կամենա»։ Հովհաննես Թումանյան

Երաժշտությունն արվեստի տեսակ է, որն իրականությունն արտացոլում է մարդու վրա: Բազմադարյա զարգացման ընթացքում հասարակության երաժշտական պրակտիկայով ընտրված տոներից միավորվել են հնչյունային համակարգեր, որոնք կազմել են այդ հասարակության երաժշտության հիմքը:

Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմքը դրել է Կոմիտասը:

Երեխային, սկսած ամենափոքր տարիքից, մատչելի, հասկանալի, հետաքրքիր խաղերով համեմված բարձրարժեք երաժշտություն մատուցելը պատասխանատու և շնորհակալ գործ է:

Կրթահամալիրի բոլոր նախակրթարաններում հեղինակային երաժշտության ծրագիր իրագործելու համար ստեղծված միջավայրը՝ գունեղ, լուսավոր խմբասենյակներ` դաշնամուրով, հագեցված երաժշտական ինքնաշեն, խաղալիք գործիքներով, ոչ միայն նպաստում են, այլև պարտավորեցնող են:

Երաժշտություն ամենուր ու անընդհատ պիտի լինի` քնի թե խաղի ժամին, ոչ որպես պարապմունք: Երաժշտությունը ինքնադրսևորման ձև, միջոց պետք է լինի` բացահայտելու համար յուրաքանչյուր սանի անհատականությունը: Երեխան պետք է լսի, երգի բարձրաճաշակ, դասական երաժշտություն: Նա պետք է լսի և՛ Կոմիտաս, և՛ Բախ, և՛ Մոցարտ, և՛ Չայկովսկի: Հարկավոր է, որ նրա լսողությունն ընտելանա իսկական, լավ երաժշտությանը, դաստիարակվի դասական օրինակներով, ընդունի իր ամենօրյա հակաբացիլը, ինչպես Ա. Շահնազարյանի «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծն է ենթադրում:

Այս առումով նախակրթարանում դաստիարակների անելիքը շատ է: Երաժշտության դաստիարակի ղեկավարությամբ նրանք սաներին օգնում ես երգել, պարել, իսկ մնացած ամբողջ օրը երաժշտությունը ուղեկցում է թե՛ խաղի պահին, թե՛ լողի, թե՛ ուտելու կամ քնելու ժամանակ:

Երաժշտական զարգացման տարիքային առանձնահատկությունները

Երեխաների ընդունակություննեը զարգանում են երաժշտական ակտիվ գործունեության ընթացքում:

Կյանքի առաջին տարում փոքրիկն արձագանքում է ձայներին, հետո դադարում է շարժվելուց` ունկնդրելով ձայնը, հետաքրքրվելով երաժշտական գործիքով, այնուհետև սկսում է պատասխան վերաբերմունք ցուցաբերել հչյուններին: Իսկ մեկ տարեկան երեխան, լսելով մեծի երգը` գղգղանքով արձագանքում է:

Կյանքի երկրորդ տարում երեխաները տարբերում են բարձր և ցածր, ուժեղ և մեղմ հնչյունները: Ձայնակցելով մեծերին, կրկնում են երգի ֆրազների վերջավորությունը, ծափ տալիս, դոփում, պտտվում տեղում:

Կյանքի երրորդ և չորրորդ տարում մեծանում է զգայունակությունը, ավելի ճիշտ են զանազանում առարկայի, երևույթների հատկությունը, այդ թվում` նաև երաժշտությունը: Նրանք այս շրջանում ձգտում են ինքնուրույնության:

Կյանքի հինգերորդ տարում սկսում են գիտակցել երևույթի և շրջապատող իրականության կապը: Կարողանում են տարբերել` երաժշտությունն ուրախ է, զվարթ, հանգիստ, թե տխուր, հնչյունները բարձր են, ցածր, թե մեղմ:

Խաղը՝ նախակրթարանի սաների հիմնական գործոնն է, որտեղ տեղ են գտնում խմբային, ծրագրային երգերը, շարժական խաղերը: Երաժշտական ինքնուրույն գործունեությունը առաջանում է երեխաների նախաձեռնությամբ՝ խաղերի ընթացքում:

 Կոմիտասը կարևոր նշանակություն էր տալիս մանկական երաժշտությանը՝ ստեղծելով ժողովրդական երգերի մշակումների պարզեցված տարբերակներ՝ դրանք նախատեսելով պատանիների համար, նաև հորինում էր հատուկ մանկական երգեր։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մանկական երաժշտության ասպարեզում աշխատող հայ կոմպոզիտորներից շատերը նաև մանկավարժներ էին։ Նրանք ոչ միայն հորինում էին երգեր ու երաժշտական-թատերականացված կենդանի պատկերներ, այլև զբաղվում մանուկների երաժշտական դաստիարակության գործնական խնդիրներով։ Նրանք զգալիորեն ընդլայնեցին մանկական երաժշտության շրջանակները, հարստացրին այն նոր կերպարներով, նոր բովանդակությամբ և երաժշտա-արտահայտչական միջոցներով, մասնավորապես թատերականացված երաժշտության նոր ձևերով։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային երաժշտական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ուղղված է ոչ միայն նախակրթարանի սաներին և դպրոցականներին, այլև դասավանդողներին ու ծնողներին: Կրթահամալիրում երաժշտություն ունկնդրում, երգում ու պարում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Երաժշտության գործնեության ձևերը նախակրթարանում

  • Երգեցողություն
  • Ունկնդրում
  • Պար
  • Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
  • Ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ, երաժշտական և այլ խաղեր
  • Նվագակցություն «բնական», հարվածային և շրխկան նվագարաններով:

Մարմնամարզություն

Օրը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, նախավարժանքով՝ ծրագրային երաժշտության՝ դասական, ազգային ստեղծագործությունների հավաքածուի ուղեկցությամբ. Երաժշտության մասնագետի դերը նախակրթարանում շատ կարևոր է: Երգ, երաժշտությունը չի սահմանափակվում շաբաթը երկու անգամ երաժշտության դաստիարակի հետ հանդիպումով: Ողջ օրվա ընթացքում խմբի դաստիարակը կրկնում է, երգում, շարունակում մասնագետի տված նյութը, յուրովի հետաքրքիր լուծումներ գտնում:

 Պզզա՜ն, պզպզա՜ն

Երգը ներկայացնելու տարբեր ձևեր կան, դրանք ընտրում է դասավանդողը՝ ելնելով երգի բնույթից, բովանդակությունից: Կարելի է նախօրոք գտնել բովանդակության հետ կապված հեքիաթ, բանաստեղծություն, պատմություն և այլն, կապել երգի հետ, ստեղծել փոքրիկ թատերական ներկայացում, որտեղ երգն ու բանահյուսությունը միասին կներկայացվեն: Սովորողները ստեղծում են իրենց պատմությունը, ակտիվ մասնակցում այդ գործընթացին:

Մեղու

Շաբաթը երկու անգամ կրթահամալիրի նախակրթարանների բոլոր դաստիարակները մասնակցում են շրխկան համույթի սեմինարներին և այնտեղ սովորած հմտություններն ու մեթոդները իրականացնում են նախակրթարանի իրենց խմբերում:

Հախչա-հուխչա

Սեմինարների ժամանակ օգտագործում ենք տարբեր շրխկաններ, քարեր, փայտե և մետաղե գդալներ, ծափեր, դոփեր, լեզվով տկտկոցներ և այլն:

Ձեռք բերած փորձն ու հմտությունները խմբում լուսավոր ստեղծագործական միջավայր են դառնում: Աղմուկը, չխչխկոցը լիցքաթափում, ակտիվացնում են սաներին, այնուհետև աղմուկից գնում դեպի երաժշտություն:

Այս երաժշտական խաղերը, երգերը իրականացնում ենք խմբում, բակում, լողավազանում:

Ինքնաշեն երաժշտական գործիքներ

Անհրաժեշտ են թեթև, էկոլոգիապես մաքուր և անվնաս նյութերից պատրաստված երաժշտական գործիքներ` շրխկաններ:

Որոշ շրխկաններ սաների հետ միասին ենք պատրաստել. նրանք տեսնում են, թե ինչից կարելի է պատրաստել, ինչպես ձայն, երգ, երաժշտություն լսել, զգալ, ինչպես երաժշտություն ստանալու համար օգտագործել, օրինակ`ջրի ձայնը, մեքենայի, կենդանիների ձայները, ժամացույցի, լեզվով տկտկոցը, մատներով ճտտոցները և այլն… Այդպես կյանք առան մեր իսկ ձեռքով պատրաստված շրխկանները։

Նման աշխատանքները ռիթմի զարգացման հետ նպաստում են մատերի մանր մոտորիկայի զարգացմանը, մտածողության, ստեղծագործական երևակայության զարգացմանը, ինքնուրույն աշխատելու կարողությանը, ձևավորվում են բերվում խմբով աշխատելու ինքնակազմակերպման հմտություններ։

Օրինակ` որոշեցինք պատրաստել շրխկան, այս դեպքում` կաստանետ: Պատրաստման նյութերը վեցրեցինք համացանցից: Կաստանետ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ էին սոսինձ, խցաններ և ստվարաթուղթ: Քանի որ ունեինք պահանջվող նյութերը, սաների հետ միասին սկսեցինք աշխատանքը: Աշխատանքը շատ հետաքրքրեց սաներին, աշխատում էին շատ ուշադիր, որ ճիշտ կարողանան խցանները տեղադրել, որպեսզի իրար ճիշտ կպչեն ու չխկչխկան… Մի մասի մոտ ստացվեց, մի քանիսն էլ թարս կպցրին, իասին ուղղեցինք, բայց արդյունքում մենք ունեցանք երաժշտական անհատական գործիքներ` կաստանետ:

Որոշեցինք փորձարկել մեր իսկ ձեռքով պատրաստված երաժշտական գործիքը: Միացրեցինք դասական երաժշտություն, սկզբում լսեցինք, իսկ հետո արդեն փորձեցինք նվագակցել: Սաները շատ ոգևորված էին, քանի որ նվագում էին իրենց իսկ ձեռքով պատրաստած գործիքներով։

Կաստանետ

Ունկնդիրները

Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից երաժշտության ուղեկցումն է երաժշտա-ռիթմիկ խաղերով, շրխկան և բնական նվագարաններով գործիքային կատարումը, որն ուղեկցվում է նվագարանի հետ: Այս դեպքում ծանոթացանք դհոլի և դաշնամուրի հետ:

Կարևոր է, որ այդպիսի համերգների ընթացքում նրանք դառնան նաև մասնակից՝ ձերբազատվելով տարբեր բարդույթներից: Այդ պատճառով էլ ընտրված ստեղծագործություններից որոշ գործեր երաժշտա-ռիթմիկ վարժությունների համար են, ինչպես նաև պարելու, ռիթմական շարժումներ կատարելու համար:

Սաների ոգևորությունն անսահման էր, իրենք էլ փորձեցին նվագել:

Ճիշտ բռնել գործիքը կամ ճիշտ նստել գործիքի առջև` կարևոր հմտություններ են, որից հետո արդեն մշակվում է գործիքից ճիշտ օգտվելու կարողության ձևավորում։

Ազատ շարժում — ռիթմ,  տակտ

Երաժշտության ներգործությունը երեխաների ընդհանուր ֆունկցիոնալ գործունեության վրա առաջացնում է շարժողական ռեակցիաներ և ուղեկցվում է այս կամ այն շարժումով՝ շատ թե քիչ ճիշտ ուղղորդելով երաժշտության ժամանակային ընթացքը: Երաժշտության ուղեկցությամբ երեխաները խաղում են, արտահայտում տարբեր կերպարներ, պարում տարբեր շարժումներով ՝ արտահայտելով ներքին հոգեվիճակը, երաժշտությունն ընկալելու, զգալու հմտությունները:

Նպատակն էր պարզել, թե երաժշտություն լսելիս սանն ինչպես կարձագանքի, կպարի՞, կխաղա՞… Եթե հստակ շարժում կամ գործողություն է ենթադրվում, սակայն երեխաները այլ շարժումներ են հորինում, այլ կազմակերպում, մենք չենք ուղղում։ Դա աշխատանքային, ստեղծական ընթացք է: Երեխաները դա հաճախ են անում, որովհետև տեքստն ազատ է, իրենք արագ են յուրացնում, սկսում են այլ բան մտածել: Ռիթմը, պարզությունը, գրավում է երեխաներին, նրանք շատ արագ են սովորում դրանք, որն էլ նպաստում է նրան, որ բոլորն էլ մասնակից են դառնում խաղին-պարին, լինում՝ ակտիվ, անկաշկանդ:

Միացրինք դասական երաժշտություն, այդ պահին սաներն ազատ խաղում էին, լսելով երաժշտությունը սկզբում հարթակի վրա բարձրացավ Գոհարիկը, սկսեց երաժշտությանն հետ համընթաց շարժել ուսերը, թևերը….այդ պահին տեսնելով Գոհարիկին մոտեցավ Գագիկը: Նրանք սկսեցին միասին պարել. այնուհետև պար-խաղին աստիճանաբար մոտեցան մյուս սաները… Պարում էին, ով ինչպես զգում էր երաժշտությունը. արդյունքում ստացվեցին այս նյութերը.

Ամառային լողափերը հարուստ, հարմարավետ միջավայր է, որտեղ սաները ոչ միայն լողում են, այլև ջրային խաղեր են ներկայացնում:

Խաղիկներ ջրում

Ջուրը, լողավազանը, լողափը դառնում են յուրօրինակ միջավայր, որտեղ սաները զբաղվում են ցանկացած գործունեությամբ՝ սկսած մարմնամարզությունից մինչև երգ պար:

…Երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացվում է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով։ Ա. Շահնազարյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով