Այլոց փորձի ուսումնասիրում

Աշխարհի երևի բոլոր երկրների կրթական ծրագրերում կա անգլերենը, մարդիկ ձգտում են անգլերեն սովորել, որովհետև այն միջազգային հաղորդակցության լեզու է դարձել գրեթե բոլոր ասպարեզներում՝ գիտություն, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, միջմշակութային կապեր, կրթական փոխանակումներ, միջազգային ավիաուղիներ: Գրեթե բոլոր երկրներում կազմում են անգլերենի գիտելիքներն ու կարողությունները ստուգող առաջադրանքներ: Լավ կազմված առաջադրանքներում հաշվի է առնվում այն հանգամանքը, թե որքանով են այդ գիտելիքներն ու կարողությունները կիրառելի ուսման և աշխատանքային բնագավառներում, որքանով են դրանք մոտիվացված սովորողներին սովորելու դրդող, ներքին և արտաքին դրդապատճառներով:

Ներքին դրդապատճառները, որպես կանոն, սովորողների հետաքրքրություններն են, նախասիրությունները, որոնք այնքան տարբեր ու բազմազան են, որ գործնականում հնարավոր չէ առաջնորդվել ըստ յուրաքանչյուրի անձնական նախասիրությունների: Իդեալական կլիներ, եթե յուրաքանչյուր սովորողի համար առաջադրանքների մի առանձին փաթեթ կազմվեր ըստ իր նախասիրությունների:

Արտաքին դրդապատճառները կիսամյակային և տարեվերջյան քննություններն են, ամենօրյա հարցումներն ու գնահատականները: Հիմա Հայաստանում մեծաթիվ են այն դպրոցներն ու դասավանդողները, ովքեր հիմնվում են միայն արտաքին դրդապատճառների վրա՝ պատճառաբանելով, որ այդ կարողությունները պետք են գալու քննություններ հանձնելիս: Այդ պատճառով էլ ավագ դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կազմած` տարբեր ուսումնական առարկաների շտեմարանների հարցաշարերին: Սովորելու դրդապատճառներն այս կերպ ունենում են միայն արտաքին բնույթ: Դրան հակառակ, անգլերենի անգլիական և ամերիկյան քննական առաջադրանքները այնպես են կազմում, որ արտաքին դրդապատճառների բնույթը հնարավորին չափ համընկնի սովորողների ներքին դրդապատճառների բնույթին: Տարբեր երկրների, ինչպես նաև մեր երկրի անգլերեն դասավանդողները այդպիսի առաջադրանքների մեծ ընտրություն ունեն համացանցում՝ մի առավելություն, որից զրկված են նույնիսկ մեր կրթահամալիրի մայրենիի դասավանդողները, ովքեր այդքան շատ են համացանցով աշխատում:

Ընդհանրապես անգլիախոս երկրների շատ դպրոցներում «Գրել սովորեցնելը» (Teaching Writing) առանձին ուսումնական առարկա է համարվում, որը հաջողությամբ փոխարինում է լեզվի քերականության ավանդական դասընթացին: Այս առարկան դասավանդում են հատուկ որակավորում ունեցող դասավանդողները՝ գրավոր խոսքի դասավանդողները (Writing teachers): Գրել սովորեցնելով` երկու հիմնական կարողություն է ձևավորվում՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսք ստեղծելու կարողություններ: Այս երկու ուղղությունների հիմնական նպատակն է օգնել սովորողներին, որպեսզի նրանք՝

  • գրելով սովորեն
  • գրելով հասկանան
  • գրելով նոր գիտելիք կառուցեն
  • գրելով ուսումնասիրեն
  • գրելով հարցադրում անեն
  • գրելով հաղորդակցվեն
  • գրելով տեսակետ արտահայտեն։

Մեր իրականության մեջ մայրենիի դասավանդողները արդեն խոր արմատներ ունեցող և ավանդույթ դարձած սովորություն են ձեռք բերել` գրեթե միշտ աշխատելու գրավոր խոսքի` գեղարվեստական շարադրանքի ունակությունների ու կարողությունների ձևավորման վրա՝ աչքաթող անելով ոչ գեղարվեստականը, իմ կարծիքով, ավելի կարևոր ուղղությունը: Այս բացը լրացնելու համար առաջարկում եմ ստեղծական բնույթ ունեցող և գրավոր խոսքը զարգացնող առաջադրանքներ, որոնք վերցրել եմ անգլիալեզու աղբյուրներից, տեղայնացրել ու հաջողությամբ փորձարկել եմ իմ աշխատանքային գործունեության տարբեր տարիներին:

Ստեղծագործական բնույթ ունեցող, դասավանդողի կողմից ուղղորդվող առաջադրանքներ

  1. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս հրավերը այնպես, որ հրավիրողը չվիրավորվի։
    Հարգելի Ստեփանյաններ, խնդրում ենք ընտանյոք հանդերձ ներկա լինել Արայի և Աշխենի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին ժամը 16:00-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում:
  2. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս խնդրանքն այնպես, որ խնդրողը չվիրավորվի և չկորցնի հարգանքը Ձեր նկատմամբ։
    Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը գործում է արդեն 40 տարի առանց պետական հովանավորության: Մեր միավորման և երգչախմբի 32 անդամների անունից խնդրում ենք երգչախմբին տալ պետական կարգավիճակ համապատասխան բյուջետային հատկացումներով:
  3. Կարևոր է կարողանալ կարդալ, հասկանալ ու մեկնաբանել ոչ միայն բաց տեքստը`այլև մի որևէ երևույթի զարգացման գրաֆիկական պատկերը:
    Տեքստային ձևով մեկնաբանեք երեխաների ծնելիության զարգացման մոտավոր կորը 1987-2010 թվականների ժամանակահատվածում (աղյուսակի աղբյուրը՝ 168.am)՝ մեկնաբանելով անկման և բարձրացման պատճառները: Հաշվի առեք այդ պատմական ժամանակաշրջանի առանձնահատկությունները՝ Խորհրդային Միության փլուզում, պատերազմական տարիներ, կենսամակարդակի անկում, արտագաղթ և այլ հանգամանքներ:
  4. Ահա մեկ այլ տիպի պատկեր՝ աղյուսակ, որը ցույց է տալիս, թե մոտավորապես ինչ ուղղություններով են Հայաստանի ավագ դպրոցների շրջանավարտները ցանկանում շարունակել իրենց կրթությունը համալսարաններում: Վերլուծեք այդ աղյուսակը՝ արտահայտելով ձեր կարծիքները, պատճառաբանությունները և դրանց հիմնավորումները:
ՄասնագիտություններՎերջին տարիներին դիմորդների միջին թվի աճ կամ նվազում ըստ մասնագիտությունների
Տնտեսագիտությունաճ
Բանասիրություննվազում
իրավագիտությունՄնացել է նույն մակարդակին
Օտար լեզու (անգլերեն)Մնացել է նույն մակարդակին
Ռուսերեննվազում
Արևելագիտություննվազում
Ճարտարագիտություննվազում
Ֆիզիկոմաթեմատիկական, բնագիտականնվազում
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային տեխնիկաաճ
ՊատմագիտությունՈրոշակի աճ
ԳյուղատնտեսությունՇեշտակի նվազում
Բժշկություննվազում
Միջազգային հարաբերություններաճ
Փիլիսոփայություննվազում
  1. Հիվանդության կամ այլ պատճառով մի ամբողջ շաբաթ դպրոց չեք հաճախել և շատ առաջադրանքներ չեք կատարել, որովհետև չեք լսել դասավանդողի խոսքը, բացատրություններն ու պարզաբանումները, չեք կարողացել հարցեր ուղղել նրան: Նամակով դիմեք մի որևէ դասավանդողի և խնդրեք, որ նա օգնի ձեզ: Նամակը պետք է ունենա 100-150 բառ`իրավիճակի նկարագրությամբ և պարզաբանումներ ակնկալող հարցերով:
  2. Նկարագրեք, թե ինչպես եք դպրոց հասնում ամեն առավոտ՝ նշելով փողոցների անունները, աջ ու ձախ շրջադարձերը և այլ մանրամասներ:
  3. Մի որևէ մարզից առաջին անգամ Երևան եկած քո հասակակցին բացատրիր, թե ինչպես նա կարող է Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ոտքով հասնել մեր կրթահամալիրի Քոլեջը:
  4. Երբ գրանցվում եք մի որևէ սոցիալական կամ մասնագիտական ցանցում, ձեզնից պահանջվում է ստեղծել ձեր անձնական տեղեկատվական էջը (Personal profile): Կազմեք ձեր անձնական տեղեկատվական էջը`նշելով տեղեկություններ ձեր կրթական հաստատության, նախասիրությունների, անձնական աշխատանքային որակների, լեզուների և համակարգչային ծրագրերի իմացության մասին:
  5. Օգտվելով տեքստ-նմուշներից՝ գրեք ձեր սեփական տեքստը (դիմում, ինքնակենսագրություն, պայմանագիր, շնորհավորանք, բողոք, հրավեր, հարցում տեղեկատվություն ստանալու համար, տեղեկատվության տրամադրում, համագործակցության առաջարկ, եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) CV…):

Ազատ ստեղծագործական բնույթ ունեցող և դասավանդողի կողմից չուղղորդվող վիճահարույց թեմաներով առաջադրանքներ.

  1. Արդյո՞ք ճիշտ են վարվում գիտնականները՝ տարբեր տիպի փորձարկումներ անելով կենդանիների վրա:
  2. Բջջային հեռախոսների, սմարթֆոնների տված օգուտն է շա՞տ, թե՞ վնասը:
  3. Արդյո՞ք ավարտական և միասնական միօրինականացված հարցաշարերը բարելավել են կրթությունը Հայաստանում:
  4. Արդյո՞ք ուղիղ համեմատական է տեսախաղերի օգտագործման ծավալը և բռնության դրսևորումները պատանիների կյանքում:
  5. Կարծիք կա, որ տնային հանձնարարությունները չեն նպաստում կրթության բարելավմանը: Իսկ ի՞նչ է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:
  6. Կարծիք կա, որ գիտության և տեխնիկայի զարգացումը անխուսափելիորեն մարդկությանը դեպի կործանման է տանում: Կարո՞ղ եք ձեր կարծիքը հայտնել և որոշակի հիմնավորումներով պաշտպանել այն:
  7. Արդյո՞ք գողություն է առանց թույլտվության երաժշտություն կամ ֆիլմ ներբեռնելը:
  8. Դուք արդարացնու՞մ եք այն տեսակետը, որ սոցիալական զրկանքները հանցագործություն են առաջացնում:
  9. Արդյո՞ք կենդանիները նույնպես պետք է իրավունքներ ունենան:
  10. Կարծիք կա, որ ընդունելության քննությունների համար կրկնուսույցներին դիմելը վատ ավանդույթ է դարձել, որից պետք է հրաժարվել և ինքնակրթությամբ զբաղվել: Կհիմնավորե՞ք ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Աղբյուրներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով