Անկախացումից հետո, բավականին երկար ժամանակ, դասավանդողները, ծնողական համայնքը, սովորողները և շատ մասնագետներ դժգոհում են դասագրքերի որակից։ Ժամանակին եղան դրանք փոխելու փորձեր, սակայն մի շարք պատճառներով վերջնական արդյունքի չհասան։ Իսկ դասագրքերի վերաբերյալ դժգոհություններն ունեն ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Մեր խնդիրն է քննարկել պատմության դասագիրքը որոշ ասպեկտներից։ Այստեղ բովանդակային վերլուծության հիմք չենք դնում, քանի որ դրա համար պետք կգան հատորներ։ Միայն փաստենք, որ դասագիրք գրողները հիմնականում կատարում են քաղաքական պատվեր և իրականում ուղիղ առչնություն չունեն դպրոցական մանկավարժության հետ։ Միայն այն հանգամանքը, որ դասագրքերում հաշվի չի առնվում սովորողի իրական և սոցիալական տարիքը, արդեն բավարար է որոշ եզրահանգումներ անելու համար։ Այսպես, կրթական համակարգի տարբեր փոփոխությունների արդյունքում ստացվեց, որ այսօր 10-րդ դասարանում սովորողի տարիքը տատանվում է 13-15-ի սահմանագծում։ Դեռահասության տարիքում, ի՛նչ կարևորություն և դեր ունի անգամ մեկ տարին՝ ես չէ որ պետք է մեկնեմ։ Սակայն զարմանալիորեն, այդ տարիքային խմբի սովորողի դասագրքում տեղ են գտնում տեքստեր, որոնք թեև նախատեսված են եղել նաև 16-17 տարեկանի համար, բայց նրանց համար էլ բարդ են։ Վիճակն ավելի վատթար է կրտսեր տարիքային խմբերում։ Չնայած հռչակված այն հանգամանքին, թե պատմության դասավանդման հիմքում պետք է լինի քաղաքակրթական մոտեցման սկզբունքը, հարկավոր է փաստել, որ պատասխանատուների ներկայացրած գրքերը շատ հեռու են այդ ամենից և որևէ աղերս չունեն այդ սկզբունքի հետ։ Քաղաքակրթություն ասելով՝ չգիտես ինչու, նրանք միայն հասկանում են քաղաքական պատմություն և էջերը սևացնում թվերով և անուններով։ Սա էլ իր հերթին, ի սկզբանե ատելի է դարձնում դասագիրքը սովորողի համար։ Նույն անհասկանալի մոտեցնումն է նաև նախնադարյան հասարակության մեջ խորանալը և անհասկանալիորեն այնտեղ մնալը՝ ամեն տարի փոխելով փուլաբաժանումները։ Սա թերևս խորհրդային ժառանգության արդյունքն է։ Սակայն դժգոհողները չեն կարող այլընտրանք առաջարկել՝ ելնելով բազմաթիվ տեխնիկական և ֆինանսական բարդություններից, ինչպես նաև ոլորտի մոնոպոլացման աստիճանից։ Նկատի ունենալով այս ամենը՝ մենք, նախաձեռնեցինք այլընտրանք մեդիա հարթակում։ Այլընտրանքի գաղափարն այն է, որ ստեղծում ենք էլեկտրոնային դասագիրք, որը չի պահանջում ֆինանսական ռեսուրսներ, թուղթ, և մոնոպոլ դաշտում մրցակցելու իրավունք, բայց պարունակում է առարկայի վերաբերյալ որոշակի գիտելիքների և նյութերի համակարգված շարադրանք, ունի գիտականություն, կապ՝ փորձի և տեսության միջև։ Ունի համպատասխան բաժիններ։ Նյութերն ավելացնելուց հետո, կունենանք նաև պատկերազարդում։
Դասագրքի հիմքում դրված է հենց քաղաքակրթական մոտեցման սկզբունքը։ Մեթոդական և բովանդակային օգնություն ցույց է տալիս դասավանդողը։ Թեման մշակում է սովորողը և ավելի լավ գիտե, թե ի՞նչն է իր հասակակցին ավելի հասկանալի և հետաքրքրիր։ Նյութը չի խեղդվում անուններով և թվերով։ Յուրաքանչյուր թեմա դառնում է մի մեդիափաթեթ, որն ունի փոքրիկ նկարագիր։ Եթե սովորողին հետաքրքրեց Թզուկների կամ Դելֆինների վարկածային քաղաքակրթությունները, նա հանգիստ կարող է անցնել դրա տակ եղած ակտիվ հղումներով և ավելի ամբողջական պատկերացում կազմել։ Իսկ եթե չհետաքրքրեց, ապա եղածը բավական է, որպեսզի իմանա նման քաղաքակրթությունների գոյության մասին։ Նույնը վերաբերվում է նաև իրական քաղաքակրթություններին և պատմության տարբեր իրադարձություններին։ Շատ թեմաներ այժմ մշակման փուլում են, և հրապարակվում են ըստ հերթականության։
Գաղափարին միացավ սովորողների ունակ խումբ, որն իր վրա վերցրեց ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային զգալի մաս։ Առաջինը այսօր 12-րդ դասարանցի Նարե Ղալամքարյանն էր, որ ոչ միայն բացեց բլոգը, այլ նաև աշխատում է տեքստերի հրապարակման, օգտակար հղումների և այլ տեխնիկական ուղղություններով։ Առաջնային թեմաներում հսկայական բովանդակային աշխատանք է կատարել Էմմա Իսախանյանը։ Իսկ աշխատանքային խմբի մյուս անդամներ են ավագ դպրոցի սովորողներ Սիրուշիկ Սահակյանը, Վանուհի Ազատյանը, Սոնա Բեզիրգանյանը, Էրիկ Թելունցը, Միքայել Սաքունցը, որ հիմա աշխատում են ամենատարբեր թեմաների ուղղությամբ։ Դասագիրք ստեղծելը դառնում է սովորողի համար անհատական ստեղծագործական աշխատանքի խթան։ Յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելիս և այնուհետ այն վերջնական տեսքի բերելիս սովորողը ձեռք է բերում տեքստի հետ աշխատելու բազմաթիվ հմտություններ, խորքային գիտելիքներ այդ թեմաների վերաբերյալ, յուրացնում է բովանդակության մատուցման նոր ձևեր և այլն։
Այընտրանքային դասագրքի հիմնական մոտեցումներից է նաև այն, որ դրա հիմքում դրված չէ այն սովորական փուլաբաժանումը, որը մենք կարող ենք գտնել պատմության գրեթե բոլոր դասագրքերում։ Այն կարող է լինել նաև հանրամատչելի ձեռնարկ ՝ պատմությամբ, մշակույթով, քաղաքակրթություններով, ազգագրությամբ և այլ հասարակագիտական ուղղություններով հետաքրքրված շահառուների համար։ Եթե այս ձեռնարկը հաջողի, և մենք նույն ինտենսիվությամբ կարողանանք յուրաքանչյուր ամիս հրապարարակել 5-6 թեմա, ապա ուսումնական տարվա վերջում կունենաք պատրաստի ձեռնարկ, որը կարող է մրցակցել դաշտում եղած թղթային ու պարտադրված գրքերի հետ։ Մյուս կողմից, բովանդակային թեմաներում աշխատում ենք տուրք չտալ քաղաքական տարաբնույթ պարտադրանքներին, այլ պարզապես, նյութ մատուցելով, մտորելու, քննարկելու, համադրելու տեղիք տալ հենց դրա ընթերցողին։ Սրանով պատմությունն ազատվում է խիստ քաղաքական լինելու չակերտներից և ավելի շատ վերադառնում է ուսումնական դաշտ։
Ուսումնական պարապմունքների ձևերը կարող են լինել շատ տարբեր։ Սկսած առցանց, հեռավարից, վերջացրած տեղում ֆիզիկական միջավայրում ընթերցանություն-քննարկումներ, նախընտրելի թեմաների ներկայացում, անհատական ցուցադրություններ և այլն։