Կրտսեր դպրոցականի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Օրացույցում նշված ծեսը, տոնը դառնում են որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված ուսումնական նախագիծ՝ իրենց խնդիրներով ու սպասվող արդյունքներով:

Ղափամայի ծեսը՝ Դդմատոնը համընկավ Հանրակրթական Դիջիթեքի հետ: Նախագծով աշխատեցինք մեկ շաբաթ: Այն ներառում էր սովորողի գործունեության հետևյալ ձևերը՝ լեզվագործունեություն, ստեղծագործական աշխատանք, մեդիատեխնոլոգիա, կերպարվեստ: Այստեղ  «դաս»-ը փոխարինվեց ուսումնական պարապմունքով՝ կարևորելով դրա «պարապել-զբաղվել» հիմքը:

«Ղափամայի» ծես. ուսումնական նախագիծ

Խնդիրները։ Ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, ստեղծագործելու, անսովոր լուծումներ գտնելու, տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, ինքնուրույն և խմբով աշխատելու կարողությունների, մեդիահմտությունների զարգացում:

Նախագծի ընթացքում դդումը դառնում է ուսումնասիրության, հորինելու, ձևավորելու, երգ ու պարի, մեդիանյութեր ստեղծելու հիմնական նյութը՝ և՛ ուղիղ իմաստով, և՛ ստեղծագործական:

Դդմաուսումնասիրություններ

Դդումը ծանոթ էր մեզ դեռևս երրորդ դասարանից: Նախորդ ուսումնական տարվա նույն ժամանակահատվածում ուսումնասիրել էինք նրա հատկությունները, գիտեինք դդումի՝ որպես առողջարար հատապտուղի մասին: Ուսումնասիրել էինք ղափամայի պատրաստման եղանակը, հարցազրույց էինք վերցրել մեր տատիկ-պապիկներից: Ընթացքում սովորել էինք ձայնագրիչով աշխատելու մի քանի կանոններ, ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով ստանալ երկխոսություններ:

Չորրորդ դասարանում շարունակեցինք մեր սկսած գործը: Սկսեցինք հավաքել դդմային ուտեստների բաղադրատոմսեր: Դրանք թողարկեցինք կայքում մեր անհատական կայքէջերից:

Մանե Թոռունյան. Տապակած դդում

Մանե Գյոզալյան. Դդումով ապուր

Փափազյան Սոնա. Ղափամա

Թադևոսյան Աննա. Դդումով ուտեստ

Աննա Ղարիբյան. Սեխով, խնձորներով և դդումով աղցան

Սերգեյ Գալոյան. Ղափամա

Դդմակերպարներ

Դդումին անսովոր կերպարներով, ամենատարբեր իրավիճակներում տեսնելու ցանկությունը երեխաներին ոգևորելու լավագույն խթաններից մեկն է: Տարբեր դդմակերպարներն իրենց բնավորությամբ, մասնագիտությամբ ու տրամադրությամբ դարձան մեր նկարների հերոսները: Նկարեցինք գուաշով, ջրաներկով, ինչպես նաև paint նկարչական ծրագրում: Տես բլոգում:

Լեզվագործունեություն + մեդիաաշխատանք

Դասի սկզբնական՝ խթանման փուլում սկսեցինք կազմել անսովոր բառեր (բարդ բառեր), որտեղ բաղադրիչներից մեկը դդումն էր: Յուրաքանչյուրը կազմում էր այնպիսի երկու բառեր, որտեղ դդումը մեկում առաջին բաղադրիչն էր, մյուսում՝ երկրորդն էր: Ամենատարբեր ու անսովոր բառերն էին ստացվում, որոնք նույնքան զարմանալի ու անսպասելի էին իրենց բացատրություններով: Հաջորդ քայլն այդ բառերը պատմության առանցքում դնելն էր, դրանց կենդանացնելը: Մուտքագրվեցին տարբեր պատմություններ: Դրանք ընթերցելուց, սխալները ուղղելուց ու խմբագրելուց հետո յուրաքանչյուրն իր պատմությունը բաժանեց հատվածների, որպեսզի հատված-հատված նկարի դրանք paint նկարչական ծրագրով: Նկարելուց հետո սովորողները power point-ով դրանք հավաքեցին որպես էլեկտրոնային ընթերցարաններ, ինչպես նաև movie maker-ով որպես վիդեո-ընթերցարան:

Կարինե Մանասյան. Դդմամռութը

Աննա Ղարիբյան. Էլեկտրոնային ընթերցարան

Աննա Թադևոսյան. Դդմապատմություն

Սերգեյ Գալոյան. Դդմաջեռակն ու դմբոյադդումը

Սոնա Փափազյան. Դդմադպրոցն ու դատադդումը

Մնացածը բլոգում:

Մեր ստեղծած էլեկտրոնային ընթերցարանների առաջին ընթերցողները մենք էինք, մեր մայրիկները, և բոլոր նրանք, ում հետաքրքիր են ոչ սովորական պատմությունները: Դրանք հրապարակված են, և հասանելի են բոլոր ցանկացողներին:

Ընթերցարաններն իրենց բովանդակային մասով ունեն հուշում՝ մեթոդ, որը ընթերցողին կարող է մղել նմանատիպ, կամ ավելի հետաքրքիր ընթերցարան ստեղծելու:

«Ղափամա» ծեսի ամփոփումն ու արդյունքները

Ըստ ուսումնական տոնացույցի «Ղափամա» ծեսի տոնական ամփոփումը սկսվեց Մայր դպրոցում՝ շարունակվելով կրտսեր դպրոցներում: Մեկ շաբաթվա ընթացքում ստեղծած դդմաուտեստները, դդմակերպարներն ու դդմամեդիանյութերը, սովորած երգերն ու պարերը բոլոր մեծ ու փոքր սեբաստացիներիս հավաքեց Մայր դպրոցում՝ Դդմատոնի: Դդմատոնը կայացավ: Այն առանձնահատուկ ու միևնույն ժամանակ օրինաչափ էր իր միավորող նշանակությամբ: Մեկ սեղանի շուրջ հավաքվելու, միմյանց ամենատարբեր ու անսպասելի դդմաուտեստներով զարմացնելու հերթական առիթը՝ սովորույթը, առօրյան դարձնում է տոնական, անսովոր, անսպասելի, հետաքրքիր, ուրախ: Ծեսը, տոնը իր միավորող նշանակությամբ հավասարության նշան է դնում սովորողի (ծնողի, ուսուցչի) ուսումնական գործունեության ու առօրյայի միջև՝ նրան (մեզ) ու նրա (մեր) ընտանիքին փոխանցելով նոր հմտություններ, գիտելիքներ, տեղեկություններ, ինքն իրեն բացահայտելու ու նորովի տեսնելու հնարավորություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թողնում են իրենց ազդեցությունը նրանց (մեր) ամենօրյա կյանքում:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով