Կրթահամալիրի տնօրենի փետրվարյան օրագրից

Կրթահամալիրում ուսումնական կյանքի ամբողջական ներառմամբ կազմակերպումը, տեսե՛ք, ինքն իրեն գնում է, նոր բնագավառներ թափանցում, նոր ձևեր ընդունում, որ 2016-2017-ի անցումում հայտնի դարձավ որպես «Սովորող-սովորեցնող» նախագիծ․․․ Մենք մոլորակ ենք, որտեղ համատեղ ոչ թե սոսկ գրանցված են, այլ միասին ապրում-կենսական խնդիրներ են լուծում, այս անգամ չորրորդ և տասներորդ դասարանցիները․․

Մեր մանկավարժությանը ինտերնետ-մեդիայի հաղորդած ինքնաբավությունը շոշափելի փաստ դարձրեց մեր սեբաստացիական աշխարհը… Թե չէ՝ իրենք ու իրենց եթերը՝ կուզեն շուռ կտան քո վրա. թվում է՝ կաս, եթե անգամ կաս, կաս իրենց գույներով-փաթեթավորմամբ։ Կարող է և չլինես… Համարյա կենսաստեղծ Աստծո նման… Իսկ Դուք Լիանա Մկրտչյան, Լիլիթ Հովհաննիսյան դաստիարակչական զույգին նայեք, Արևելքի իրենց անկյունում իսկական ձմեռային հեքիաթի կյանքով ապրում են, մի ամենասովորական պլանշետով քաշում-անցնում օրվա վրայով ու գցում մեդիաաշխարհի իրական youtube… Շնորհակալ եմ, աղջիկներ, ինչքա՜ն ուրախություն ստացա…

Ինձնից լավ ընթերցողները մեզանում` շա՛տ… Որպես Տիար, ես կրթահամալիրը կազմակերպում եմ նաև որպես գրադարան, նրա յոթ հոմանիշներից մեկը, բազմահարթակ-կապակցված, անցումներով գրավիչ, բազմաձև ու բազմադեմ, մատչելի-ներառական յուրաքանչյուրին… Այս իմ գործն է ընթերցանության ապահովումը, նրա սկզբունքային-հետևողական կազմակերպումը: Շնորհակալ եմ բոլոր տարիների ու կարգավիճակի սեբաստացի գրադարանաստեղծներին, անխոնջությամբ միշտ Տիարին արժանի մրցակից Մարի Գաբանյանի շուրջ, հոգատար Մարիի ու կրթահամալիր-գրադարանի նկատմամբ: Ձեր յուրաքանչյուրի բլոգը գրադարան է, դուք ընթերցավար-ընթերցաստեղծ… Իսկ Բորխեսի հետ համաձայն եմ. որքան էլ որ մեր ստեղծած դրախտը  յոթ տիպի է…

Փետրվարն այս հենց կարդալու ամիս է. ուրիշ ի՞նչ անես. ձնե-ձնոտ թափառումներ, ֆոտոօբյեկտիվով Անիի ու իր ընկերների նման, կամ ձմեռային մարզական խաղեր՝ դահուկով-սահնակով… հետո վառարան-բուխարիկ իրական… կլանող ընթերցանություն… Ա՜յ, սա գործ է… Մյուս գործերի համար տարին երեք եղանակ ունի՝ գարուն, ամառ, աշուն. աշխատանքը գայլ չի, որ անտառ փախչի… Ահա ինչու՝ իմ գլխավոր գործը ընթերցողական անկյունները կարգի բերելն է. «Հարթակում» գեղարվեստի Կարո Մանդալյանի առաջին ակվարիումը եղավ, մնաց բուխարիկը… Հլը հաջորդ հունվար-փետրվարին կտեսնեք՝ քանի ընթերցողական ակումբ-անկյուն-հարթակներ եմ դեմ տալու՝ ամեն մեկին իր ճաշակով… միայն կարդա… ընկղմվիր քո Պրուստի-Տերյանի աշխարհն ու կարդա, նստած, կանգնած, նստած-կանգնած, մենակ-խմբով, ուրիշի թե ինքդ քո համար կարդա, կտրվիր այս ամեն խոհ-մտասուզում չորացնող ֆիզիկականից ու գնա մտածումների աշխարհ… որ միտքդ երկար պարապ չմնա…

Տերյանին թողեք ինձ, Թումանյան Հովհաննեսին վստահեք ընտանիքներին սեբաստացի… Ստուգենք ուրբաթ օրը՝ որպես ստուգատես, Մարմարյա սրահում՝ Կարդում ենք, երգում ենք, պարում ենք, ներկայացնում՝ խաղում ենք Թումանյան։ Ամեն տարի այս ժամանակ, կրկնելով-հաստատելով-շարունակելով Հրանտ Մաթևոսյանին, հիշեցնում եմ ձեզ, որ Թումանյանն էն է, որ չեն սովորում որպես դաս, իմանում են։ Իմանո՞ւմ ենք։ Իսկ Տերյան ընթերցումները, Տերյանի հետ ձեր սիրո խոստովանությունը թաքուն մի՛ արեք։ Մինչև մյուս փետրվար ամեն օր ժամանակ ու հարթա ունեք։ Դուք սկսեք չարենցյան թափառումը՝ իր խենթ ռիթմով-պատկերներով… Շո՜ւռ տվեք Երևանն այս, մաքրեք ցեխից…

Քնարիկ Ներսիսյանի աղջիկների ու տղաների «Իմ Տերյանը. երգ երգոց» ընթերցմանը՝ ժամը 14։30, ես ո՞նց չհասնեմ…. Ու հանդիպում եմ գեղարվեստի գծանկար-գունանկարի արվեստանոցների հարթակում Մարթա Ասատրյանին… Ավագ դպրոցի նկարիչ սաները հարթակից աջ-ձախ նկարում են. Գագիկ Չարչյանն ու Կարեն Մկրտչյանը խնամքի մանկավարժության իդիլա են ստեղծել, ի՜նչ երաժշտություն է հնչում արվեստանոցներում… Վերևից՝ պատուհանից, տեսնում ենք՝ ներքին բակում ձյան վրա մի խումբ սեբաստացի տղաներ ֆուտբոլ են խաղում, մի քանիսը Ատի նշանավոր շան ցանցի առաջ են… Ու այս անմեղ, ամենօրյա մեր սեբաստացիական աշխարհի մի անկյան համար սովորական առօրյայից հանկարծ պոկվեց-գծագրվեց մի կածան, գերանե քոթուկ աստիճաններով, որով Տերյանի ունկնդիր պատանիների շարանը Մայր դպրոցից սարալանջով, Գեղարվեստի հարավային մուտքով ձգվում է դեպի «Հարթակ գեղարվեստում» ակումբը…

Իսկ կարաոկե ընթերցանության հոմանիշը` կարդում ենք հրապարակում, երբ ընթերցումը շարժում է դառնում ու մեզ մասնակից դարձնում՝ պարտակվում որպես գեղարվեստ, որպես վարժություն։ Կրկնենք սա մինչև ապրիլի կեսեր ձգվող ընթերցողական ստուգատեսի ուրբաթներին, կրկնենք որպես մեր միասնականության ընթերցողական կարողությունը ձևավորող վարժություն, ստեղծագործաբար՝ իհարկե… Արմինե Գյոնջյանի, Սյուզի Մարգարյանի դասարանային-խմբային անցած ուրբաթյա ընթերցումներում այնքա՜ն միտք-լուծումներ կային, որ միայն կրկնությամբ կարող է կրթական-հեղինակային տեխնոլոգիա դառնալ ու կազմակերպում․․․

Գրադարանաստեղծների վերջին հավաքին ես խոստացա Միջին-Ավագ դպրոցի ուսումնական պլաններում տեղ հատկացնել նախակրթարանի սաների ամենօրյա ընթերցանության կազմակերպմանը․․․ Իրոք, քնելուց առաջ, ավագ տարիքի քույրեր-եղբայրները հատուկ ընտրված-պատրաստված ընթերցումներով թող քուն բերեն Մոցարտի երաժշտությանը հանձնվող իրենց երկուսից-չորս տարեկան քույր-եղբայրներին․․․

Մարդկայնացնենք կրթությունը սկզբունքորեն, որ յուրաքանչյուրինը դառնա․․․ որ հայրենիքը չմնա-չդառնա ամենագեղեցիկ հորինվածք, մայր․․․

Ուզում եմ հավատալ, որ երեկվա մեր ֆլեշմոբով  ովքեր չէին լսել մեր «Դպիր» էլեկտրոնային պարբերականի մասին, չէին ընթերցել նրա որևէ հեղինակի․․․ հանդիպեցին-հայտնաբերեցին մեզ հետ ապրողների, ասենք՝ Նելլի Արղությանին՝ իր «Միասին ապրելու կրթություն՝ խաղով, երգով ու պարով», կամ, էլի ասենք՝ Մարգարիտ Սարգսյանին՝ իր «Սովորող-սովորեցնող զարգացումը, անընդհատ ուսուցում-ինքնուսուցում-փոխանցում» հրապարակումներով, ինչպես մեծ խումբ Գեղարքունիքի մարզի դպրոցների մանկավարժական աշխատողներից շատերը՝ կրթահամալիրում իրենց հայտնվելով․․․

Գիտե՞ք, կրթահամալիրն իր սկզբնավորման շրջանում՝ 1989-1998թթ,  սեղանի-տրամաբանական խաղերով հիմնավոր է զբաղվել, հէ՜յ գիտի, օրեր… չենք թողնի, որ կորչեք… Թևան Դավթյանի շախմատը, շախմատի դպրոցը իր չորս՝ Հայաստան բռնած-կրթահամալիրում ծնված «Սովորում ենք շախմատ խաղալ» գրքերով, Ռոբերտ Հովսեփյանի «Տրամաբանական խաղեր» դասընթացը քոլեջում-մանկավարժական դասարանում, Արտեմ Ալեքյանի նախանձ շարժող խաղադարանը, խաղերի առաջնությունները… նաև ընտանեկան… Այնքա՜ն տաք ածուխ կա, որ սրանից չի կարող նոր կրակ չբոցկլտալ, որ նոր լիցք-ջերմություն-մտածում փոխանցի հեղինակային մեր մանկավարժությանը ու մեզանով-տարածումով ալամ աշխարհին հայոց… Ի՞նչ ավելացնեմ, ես՝ ձեզ ծառա, օգտագործեք լիուլի, Արամ Պետրոսյան ու ընտանիք սեբաստացի, կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարի իմ շրջանը։ Ռոդարիական ստուգատեսի շրջանում սեղանի-տրամաբանական խաղերի ստուգատեսի բաց առաջնության համար կրթահամալիրի օրացույցում տեղը ես պահել եմ… Այսպիսին է և մեր ուսումնական պլանը՝ մոբիլ-ներառող-բնական զարգացումների արձագանքող… այսպիսիք ենք մենք բնույթով…

Հա ուզում եմ, ջանում եմ, որ դդումի տեսքը (համից-հոտից-տեսքից ուշքս գնում է, բա՜ խելքն ու առողջությունը) մնա մեր աչքերում, հոտը՝ ամենախթանողը ստամոքսահյութը, մեր ռունգերում, որ գազարի պես մատչելի դառնա յուրաքանչյուրիս համար համեղ-խրթխրթան-մատչելի դդումը, ինչպես ինձ համար է: Չեմ սիրում, որ դդումը եփում ես. չեմ հիշում՝ եփած դդում, ինչպես և եփած չիր, կերած կա՞մ… Ձեր ընտրությունն է, իմը՝ ինչպես միշտ, այլընտրանքը ձեր ընտրությունը դարձնելը՝ որպես փաստ իմ ու ձեր համատեղ կյանքի: Դդումը լավ խորհրդանիշ է: Բա նրա բերած ծե՜սը… Ինձ համար ծեսը ծես է-տոն է իր ընթացքով, իր կենցաղով ծիսական-մինչծիսական…Ես տեսա լիուլի մեր դպրոց-պարտեզներում, մեր Միջին դպրոցում, Քոլեջում: Պատմեք ընտանեկան ծիսական-սեբաստացիական ներխուժումների-փոխազդեցությունների մասին… Այնքա՜ն սպասում եմ…

Իսկ իմ ճանապարհին ինձ բռնեցին Փիրուզ-Աղավնու վեց տարեկանները, որ իրենց ապակու աշխարհից տեսել են կածանով շտապող իրենց Տիարին, ու աշխարհի ամենահամեղ ադիբուդիով-փոխինձով որոշել են բռնել-հյուրասիրել… Ա՜յ քեզ մանկավարժություն… Ու սա տարածել կլինի՞… Ինչպե՞ս… Բացի նրանից, որ բաց ենք, ամբողջական ներառական… Հրես, այսօր ևս երկու գյուղից՝ Բագարան-Երվանդաշատից, շաբաթ օրը՝ տասնյակ, տարին՝ հարյուր, մեր գործընկերների հետ այս խնդրի առաջ ենք։ Ուրիշ ինչպե՞ս, բացի իրար հետ, նույն տպավորություններով, նույն կյանքով ապրելուց, տարածենք-արտահանենք մեր մանկավարժությունը, ասել է թե՝ մեր կյանքը իրենցը դարձնենք…

Երբ տնօրենին-տիարին պատասխան նամակը, որ մնացել էր սևագրում, հայտնվում է, շտապելուց, որ զայրացող տնօրենին շուտ հասնի, «կրթահամալիր»-ը դառնում է «կրթահամակիր», ու Ջանի Ռոդարին ուրախությունից՝ Ջա՜ն, թե Ջանի՜կ… Տես Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն», էջ 41, «Ստեղծագործական սխալը»։ Տեսնես՝ մի տարում այս մեթոդով քանի՛ սխալ է ստացվել, և ով պիտի հավաքի շաղ տված այս խուտուտուները՝ որպես թերապիա մեծերին։ 

***

Երբեմն շատ ենք փաթեթավորում և՛ ուսումնական նախագծի մեկնարկը, և՛ արդյունքները… Դե արի, հետևող, բացի-քանդի, որ հասնես շահառուին նախագծի`սեբաստացի սովորողին-ուսուցչին նախ և առաջ… Էն ֆիրմա, թանկ խանութից գնած փաթեթավորման նման… ափսոսդ գալիս է քանդես, բայց դե… չտեսնե՞ս՝ ինչ են բերել… ու հավանես-չհավանես… Իսկ այսպես ներխուժեց մեր սեբաստացիական աշխարհ մի 21 տարեկան իսկական թուրք ուսանող՝ Ահմեդ Թունչը, ապրեց մեր ուսումնական հունվարյան ճամբարում, ապրեց, լսո՞ւմ եք, իրական-բայց չփաթեթավորած-ոչ արհեստական կյանքով Բանգլադեշի մեր կենդանության մեջ… և արդյունքը որքա՜ն ուրախ-շոշափելի՝ տես-լսի-միտքդ զուլալի, TV Սեբաստացիում, Լուիզա Ավագյանի այս հարցազրույցում… Այսպիսի հեղինակային ծրագիր, որտեղ ոչինչ չի խանգարում, որ մարդ մարդուն գտնի, մարդ-մարդու մասին, իր գործի մասին պատմի, տարածի…

Դուք՝ ձեր հեղինակած մանկավարժությունը․ որևէ հիմնավորմամբ-փաթեթավորմամբ ես չեմ թողնի, որ մարդուն՝ երեխային մոռանանք․․․ Մնում է մինչև վերջ բաց գործենք-ապրենք, մոռացե՛ք ստվերը, լսո՞ւմ եք, ու քննարկումն ինքն իրեն կկայանա-առողջաբեր ազդեցություն կունենա շարունակ․․․ Ի՞նչ հավաքանի-հետազոտական գործունեություն՝ առանց շարունակական քննարկման․ չորեքշաբթիները մեր պահպանում ենք օրացույցով-ատամներով՝ որպես շարունակականության հարթակներ։

Իրականում սովորողի-ուսուցչի ուսումնական բլոգները, մեդիաուրբաթ համերգը՝ իր ցրվող-հավաքվող երգչախմբերով Նելիի, պարի խմբերով Ստեփանի-Ալեքսանդրի, հիմա նաև՝ Վաչեի, Արսենի, Արենի, մեր ութերորդցիների այս ասերգով, ասենք, Փարվանա դստեր մասին, թե Հիմնական դպրոցի Թումանյան-խաղերգով, ակումբային հարթակները կրթահամալիրով մեկ, այս օրերին՝ երևելի Գեղարվեստում, խաղերը՝ մարզական-ձմեռային թե կրթահամալիրի Բանգլադեշով մեկ այս օրերին լսելի Բարեկենդանով, կրթահամալիրի օրացույցով որոշված ուսումնական-ստուգատեսներով, այս օրերին ընթացքի մեջ մտնող տեխնոլոգիականով ու հասարակագիտականով, իրականում այս անպարտադրել՝ ինչ ուզում եմ, անում եմ, անհատից եկող ու անհատին ուղղված ամբողջական-ներառական սեբաստացիական մանկավարժության… հաղթարշավն է… Նելի Փիլոյանը կասեր՝ ծաղիկներն են դեռ…

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները, առարկայական օլիմպիադայի մասնակիցները ու ոչ միայն անգլերենի… Իսկ ովքե՞ր են կազմում առաջադրանքները, եթե դրանք ստեղածագործական բնույթի են՝ խնդիրներ հետաքրքիր, կարևոր չէ՝ լեզվական-բնագիտական-հասարակագիտական… Ուսուցիչնե՞ր են կազմողները… Կարևո՛ր է, որ լինեն գործող ուսուցիչներ, ու մենք, հասարակությունը ճանաչի իր ուսուցիչներին, ովքեր կարողանում են նաև սովորողների համար հետաքրքիր (օլիմպիական առաջադրանքներ) կազմել ինչ-որ մի փուլի՝ դպրոցական, տարածքային, հանրապետական… Ինչո՞ւ չեն կարող մրցույթ-ընտրություններ լինել, ու որպես ժողովածուներ հրապարակվեն հավաքված առաջադրանքները… Հիմա ովքե՞ր են ՀՀ ԿԳ նախարարության առարկայական հանրապետական օլիմպիադաների 2017թ. առաջադրանքները կազմող ուսուցիչները-մասնագետները. անունները հրապարակենք, ճանաչենք նրանց, ուսումնասիրենք նրանց փորձը։

Այո, թյուր կարծիք կա, որ ես ոտքի վրա, մեկ էլ հանկարծ բռնում ու միջավայր եմ շուռ տալիս՝ կաս-չկաս: Այդպես չէ. բացի նրանից, պատմել եմ, որ այս գործը՝ միջավայրի փոփոխությունը, սկսում եմ, երբ եղածը տանելի չէ… նաև նորի, փոփոխության պլանի կազմմանը, տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ կվկայեն, ներգրավում եմ հնարավոր շահառուների, նրանց հետ քննարկում առաջարկվող պլանը, հետո այդ նույնը, որպես պլանի առանձին դետալների մշակումներ՝ առանձին կամ փոքր խմբերով…

Այսպիսին է մեր mskh.am-ը՝ մեր մեդիան, մեր դասավանդողների և սովորողների բլոգային պատումներում, տեսանյութերում, ֆոտոշարերում… անմիջական, տպավորվող-հուզիչ, երախտագետ… 

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդցի Մոնիկա Օհանջանյանի այսպիսի տպավորում-փոխանցումների համար է նաև իր անհատական ուսումնական բլոգը. սեբաստացիները, լսու՞մ եք, այսպիսի հեղինակային տեքստերի քանի՜ մեդիա ժողովածուներ կարող են հրապարակել, յուրաքանչյուր դասավանդող, Մարի Միքայելյանի, թե Օլյա Մանդալյանի նման՝ տեսադարանի… Սրան գումարենք մեր միջոցով մանկավարժական-հեղինակային դարձած ֆեյսբուքը… Ասեք՝ ինչո՞ւ պիտի մենք կարոտենք պաշտոնական թե իբր անկախ TV-ԶԼՄ-ներին, ինչո՞ւ պետք է հիշենք նրանց, ձևեր գտնենք-համոզենք-բերենք, անհարմար զգանք, որ չեկան… Մենք՝ մեր սեբաստացիական աշխարհն իր անհատական ու համայնքային կյանքով, իր զլմ-լուսաբանումներով… Գրել սովորում են գրելով, կարդալով են ընթերցող դառնում, ու տեսողությունը հայացք է դառնում անհատական ֆոտոօբյեկտիվով…

***

Մայր դպրոցի ակումբային միջավայրն ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում, ազատ մարդկանց կարգապահ-ինքնավար աշխատանքը՝ տիրապետող… Եզակի է Մարմարյա սրահը՝ իր ամեն ուրբաթ-համերգներով, որպես ամենադեմոկրատական բաց-հանրային ուսումնական տարածքը աշխարհում, երաժշտության ուսումնական կենտրոնը՝ որպես ակումբային-համերգային-մշակութային տարածք առավոտից իրիկուն, նաև շաբաթ օրը, սննդի կազմակերպումը, ընդմիջումը Մայր դպրոցում՝ բաց դռներով, անհատական ճաշակի-քմահաճույքների այսքան մատչելի հաշվառմամբ: Տպավորիչ է, երբ 10-րդցիների տարբեր խմբերի հետ Թումանյանի Անուշը-Փարվանան նաև հրապարակում պատմելու-բեմելու խնդիր ես լուծում, երբ 6-8-րդ դասարանցիների երգեցիկ մեծ խմբի հետ հանկարծ սկսում ես Թումանյան կարդալ՝  էն էլ «Քրիստոսն անապատում», «Պատրանք», «Համերգ»… ու Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգում… 

Պետք էր, ժամանակն էր տեղում, ներխուժումով մասնագիտական արձանագրել-հաստատել, որ սեբաստացի դաստիարակների-դաստիարակ-ուսանողների, Մարինե Մկրտչյանի, Մարինե Ոսկանյանի, Սյուզի Մարգարյանի հեղինակային ջանքերով սկսված երգչախումբ լաբորատորիան կենդանի-քչքչան ընթացքի մեջ է, ինչը Մարիետ Սիմոնյանի, Բուշ Լուսինեի հետ մի առաձնակի սիրով մենք փաստեցինք երեկ Սեբաստիա համերգասրահում մեր, հերթական պարապմունքի ժամանակ: Քչախոս լինեմ, իմ օրագրում այդքան տեղ չկա, մենք պատրաստվում ենք երաժշտական մանկական խաղերի աղայանական-ռոդարիական՝ 2017-ի ապրիլյան ստուգատեսին…

***

Կեցցեն մեր ուսուցիչները-մարզիչները՝ դահուկներով, իրենց պատրաստած-հարթեցրած վազքուղու վրա… Արամազդ Ղալամքարյանը փետրվարի 2-ի նիստում այնքա՜ն վստահ էր, որ իր հինգերորդցի սեբաստացի Լևոն-Հրաչյա զույգը իր ուսումնական նոր գործիքով՝ դահուկներով այնքա՜ն կհաջողի, որ կկարողանա  իրեն էլ կանգնեցնել դահուկների վրա։ Քանի մարդ՝ հարյուր-հազարներ տարատարիք, երբևէ չի վայելել այս, թվում է՝ Հայաստանի համար բնական, փոխադրամիջոցը-մարզաձևը։

Փետրվարի օրերին իմ ուշադրության կենտրոնում սեբաստացի սահադաշտի-սառցադաշտի վերականգնումն է։ Այո, մենք այդպիսի մի փորձ ձախողել ենք, բայց ձեռք բերել վճռականություն՝ հիմա, փետրվարին, իրականացնելու այդ նախագիծը, այնպես որ մեր նոր մարզադաշտը լիարժեք գործի դեկտեմբեր-փետրվար ամիսներին։ 

***

Ինչպե՞ս արագ Մայր դպրոցը ծայրից ծայր, վերից վար, իր խորհրդային երկու-երեք հարկերով, մեր քրտինքով նվաճած նկուղային ու տանիքային տարածքներով, հաստատենք որպես ուսումնական «ուզում եմ»-ի ինքնավար հարթակ․․․ Մարգարիտ Սարգսյանի ու Կարինե Մացակյանի հետ մեր քայլ-քննարկումը, անցումը Միջին դպրոցով, արվածի այսպիսի հետևողական զարգացումներ է ենթադրում․․․ Այո, ջերմ-ինտիմ-խաղաղ-խնամված ուսումնական հարթակների ամբողջական մի ճաշակով ներկայացված ցանց… որ բռնում է պատանուն իր հետաքրքրությունների մեջ ու իր մտքով-ուշադրությամբ՝ կամավոր աշխատանքով պահում․․․ Էլ ո՜ւր գնա, իր ոտքով եկել-ընկել է ցանցը․․․ Եվ ինչո՞ւ խանգարես. եթե քո դուռը չէ, տեսնում ես, անցի․․․

Արհեստների կենտրոնի նորացվող-վերազինվող արհեստանոցներով պիտի անցնեն 5-12-րդ դասարանցի սեբաստացիների ավելի ու ավելի բազմաքանակ խմբեր. տեխնոլոգիական կարողությունները կիրառական զարդերի-միջոցների տեսքով պիտի ողողեն Սեբաստացի մոլը առաջիկայում, իսկական վերնիսաժի վերածեն այն… Ես Կարինե Մացակյանի շնորհքն ունենայի, ու ինձ նման հնարավորություններ ընձեռեին… ո՛չ քաղաքականությամբ կզբաղվեի, ո՛չ էլ այսպես … անմասնագիտություն, մրցույթից մրցույթ տնօրենի գործ կկպցնեի ստիպված… Կար ու ձևի արհեստանոցը՝ իր նոր բովանդակությամբ, գումարած թելի-գործվածքի գեղարվեստական մշակումը, արդյունքների կրում-ցուցադրումը կենտրոնում… այո, մշտական պոդիումը, բացումը՝ «Աիդա Պետրոսյան» սրահի հետ, որպես գարնան 1-ին օրվա ձնծաղիկ-նվեր մեր գործուն աղջիկներին, երիտասարդ-նախաձեռնող կանանց… Ջերմոց-լաբորատորիայի հետ նույն հարթակում… Մերի Խանջյանի, Թերեզա Թումանյանի, Շողիկ Պողոսյանի, Նվարդ Սարգսյանի, Կարինե Մացակյանի, Թամար Հարությունյանի, … մշտական աջակցությամբ դրախտի անկյուն կդառնա այս հարթակը նոր:

Նառա Նիկողոսյանի օրինակով մենք էլ՝ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավի դպրոց-պարտեզներում սկսում ենք 2017-2018 ուստարվա պատրաստությունը՝ որպես ամենաուսումնական նախագիծ՝ քանի՜ 2-4 տարեկանների խմբեր, 5-6 տարեկանների խմբեր-դասարաններ կարող ենք ընդունել… Ո՞վ է մեր դաստիարակ-դասվարներից մինչև 2017-2018-ի մեկնարկը գնում մայրիկական գործուղման, բարո՜վ գնաք, երկու տարեկան ձեր գառնուկի ձեռքը բռնած, հաշվեմ՝ 2020-2021 ուստարում վերադառնաք հայրական սեբաստացիական աշխարհ, ես էլ որպես Ձեր Տիար դիմավորեմ, ինչպես հիմա՝ Անահիտին, Սաթենիկին, Մանուշակին, Տաթևին… Ավետիսյան…

***

Երեկ, իմացա՞ք, աշխատանքային խմբով հասանք հայ-թուրքական սահման, Մարգարայի կամուրջ… Որքա՛ն ուրախություն-հույս փոխանցեցինք մեր նոր գործընկերներին։ Երասխահունի ու Մարգարյանի միջնակարգ դպրոցների մեր օրը մանկավարժության կենտրոնում ավարտեցինք մի քննարկումով, որը նախանձ-հիացմունքի է արժանի իր լրջությամբ-խորությամբ-կոնկրետությամբ։ Ես ներկայացնում էի 2018-2020թ.թ. միջնաժամկետ շրջանում մեր մանկավարժության զարգացումները՝ ամենուր կանգնած 2017-ի մեր ձեռքբերումների հարթակների վրա՝ տեսանելի-կառավարելի 2017-ի իրագործումներով… Մենք մտնում ենք վերջնական-գրավոր, յուրաքանչյուր սեբաստացու համար հասկանալի, գործողությունների մեր պլանի, ուղեցույցի ձևակերպումների շաբաթ… Պրծում չունեք: Հույսը հատածները՝ հեռու՜, մի կողմ քաշվեք. ես, ինչպես երբեք, խնայում եմ ժամանակ-նյարդեր, կենտրոնացնում ջանքերը խելամիտ-խնայող լուծումների համար…

Մերը՝ սեբաստացիներինը՝ սովորող թե ուսուցիչ, ուսումնական նոր կարողություններ փոխանցելն է, աջակցությունը հայրենիին-մայրենիին, նոր գյուղական դպրոցի կայացումը․․․ մի օրինակով․․․ Մերը հայրենին ընդարձակելն է՝ այս, շատ-շատերի համար արտասահմանի ճանաչում-յուրացումը,  հայ-թուրքական սահմանի ո՜ղջ երկայնքով սահման-բնակավայրի բնակչին՝ մեծով-պստիկով, ինքնավստահություն  փոխանցելը․․․ Մենք գալիս ենք-եկել ենք հիմնավոր, մեզ վստահում են, ահա ինչու՝ այնքա՜ն պատրաստված է թվում մեր առաջին այցը՝ որպես մի ընդհատված գործի շարունակություն․․․ Սիրելի գործընկեր բագարանցիներ, երվանդաշատցիներ, բարո՜վ եք գալիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ողջ 2017-ին՝ իր ուսումնական հավաքային փետրվարով, նախագծային-ուսումնական արձակուրդային մարտով և ճամբարային հունիսով։ Երվանդաշատի գյուղապետ Հովնանը մեզ հրավիրեց ուսումնական բերքահավաքի․ ճամբար՝ գյուղացիական՝ Արաքս-Ախուրյանի ընդարձակ-հմայիչ-գերող, մինչև Սուրմալուի դաշտ (Մասիացոտն գավառ) տարածվող խառնարան հովտում․․․ Քի՜չ էր մնացել, հա՜, բարձրանայինք սահմանի այն կողմի սարը… Սարն ամենքիս չէ՞ հավասար…

Խմբագիր՝ Արմինե Թոփչյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով