Կարևորելով թանգարանների դերը` որպես ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչ, ինչպես նաև ուսումնական գործունեության հարթակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է «Հայաստանի թանգարանները» նախագիծը:
Նպատակը՝ կրթամշակութային դիվանագիտությունն է՝ թանգարանների պատասխանատվության բարձրացումը կրթական-մշակութային միջավայրում, մեծացնելով, նորացնելով այդ լանդշաֆտը՝ մշակութային ժառանգության փոխանցման պահպանման գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև ամրացնելով այցելու-թանգարան-աշխատակից կապը, համատեղ իրականացնելով ուսումնական պարապմունքներ, նախագծեր, հաղորդակացման համակարգը՝ դարձնելով ավելի ներառական:
Նախագիծը նախապատրաստված է. կրթահամալիրի դպրոցների դասարանները, խմբերը անցած տարիներին ուսումնական օրացույցով նախատեսված մի շարք ուսումնական պարապմունքներ, ուսումնական նախագծեր են իրականացրել երևանյան, հայաստանյան թանգարաններում, ցուցասրահներում, համերգասրահներում, ինչպես նաև կրթական փոխանակումների տարբեր ծրագրերով տարվա ընթացքում տարբեր դասավանդողների և սովորողների խմբեր ենք ընդունել Հայաստանի մարզերից, Արցախից, Վրաստանից: Կարևորելով թանգարանների դերը՝ որպես ճանաչողական-ժամանցային ուսուցողական գործոն, այցելու խմբերի ընդունելության ծրագրերում ներառվել են առանձին թանգարաններ: ՀՀ մշակույթի նախարարության գործուն աջակցությամբ կարող ենք մշակել և իրականացնել «Հայաստանի թանգարանները` հաղորդակցման համակարգ, ուսումնական ոչ ֆորմալ միջավայր» ուսումնական նախագիծը: Նախագիծը կունենա իր բլոգը, որը նախագծի իրականացմանը զուգընթաց կդառնա ավելի ու ավելի ամբողջական ուսումնական ռեսուրս Հայաստանի թանգարանների մասին։
Նախագծի բովանդակությունը
- Հայաստանյան թանգարանների տնօրենները «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուր։ Սովորողները ոչ միայն որպես թանգարանների շահառուներ, հենց առաջին դեմքից կիմանան թանգարանի խնդիրներն ու ձեռքբերումները, կծանոթանան թանգարանի նոր առաջարկներին, այլև տեղում` հանդիպման արդյունքում կստեղծվեն թանգարանի հետ համագործակցության նոր ուսումնական նախագծեր։
- Ուսումնական պարապմունք թանգարանում։ Դասընթացի ծրագրի որևէ բաժնով, իրականացվող ուսումնական նախագծով կլինեն նաև թանգարային պարապմունքներ, այդ թվում` նաև որպես նախագծի ամփոփում և հանրայնացում։
- Հետազոտական անհատական խմբային նախագիծ թանգարանում։ Ավագ դպրոցի սովորողի, խմբի ուսումնական փորձառություն թանգարանում։ Սովորող կարող է փորձառու զբոսավարի ղեկավարությամբ մշակել և իրականացնել խմբի ընդունելությունը թանգարանում, նրա որևէ հատվածում (բաժնում)։
- Մշակութային-հայրենագիտական ուսումնական արձակուրդ Երևանում։ Հանրապետության մարզերի հանրակրթական հաստատությունների դասարանները, ուսուցիչների-սովորողների խմբերը, օգտվելով մեր հարմար և մատչելի կացարաններից, կարող են և´ ծանոթանալ հեղինակային կրթական ծրագրերին, ուսումնական պարապմունքների, երաժտական-պարային, մարզական հանդիպումների մասնակցել կրթահամալիրի դպրոցներում, և´ իրենց նախագծերով այցելել երևանյան թանգարաններ կամ մասնակցել թանգարաններում իրականացվող կրթահամալիրային նախագծերին, և´ համատեղ թափառումներ իրականացնել քաղաքում` որպես ամբողջական ներառական մշակութային ծրագիր։
- Հայաստանի մարզերի թանգարանները։ Մարզերում կրթական փոխանակումների նախագծերում հայրենագիտական-ազգագրական բովանդակության մեջ կներառվեն նաև մարզի թանգարանները։
Այս նախագծերի մասնակիցը մեր միջոցով կդառնան Երևանի, մարզերի հանրակրթական հաստատությունների դասարաններ, խմբեր, անհատ սովորողներ, իսկ թանգարանները կունենան իրենց նվիրված նյութերի փաթեթներ, սովորողներին հետաքրքրող կողմերով կներկայանան մեդիայում, տարատարիք սովորողների տեսանկյունից կլուսաբանվի նրանց աշխատանքը։
Ծրագրի ծախսերը կբաժանվեն բոլոր շահառուների միջև.
- ուսուցման ծախսերը կհոգան կրթահամալիրը և թանգարանը (կրթահամալիրի ուսուցիչների, թանգարանի աշխատողների աշխատավարձ, ուսուցման` խմբային նյութեր և միջոցներ, թանգարանի),
- մարզից Երևան, Երևանից մարզ ճանապարհածախսը` ՀՀ մշակույթի նախարարությունը,
- նախագծի իրականացմանն առնչվող այլ ծախսերը` գիշերակաց, սնունդ, ուսումնական անհատական նյութեր և միջոցներ` սովորողների ծնողները։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան