Ուսումնական գործունեություն իրականացնող մանկավարժական աշխատողը այս կամ այն չափով, բայց անխուսափելիորեն առնչվում է սովորողի կատարած աշխատանքի տարբեր ձևերի հետ: Հաշվի առնելով այս կամ այն խմբին հատուկ հատկանիշներն ու որակները` նախագծերն առանձնացնենք ըստ իրականացման ժամանակահատվածի: Դրանք հիմնականում երեքն են.
- երկարաժամկետ խմբային նախագծեր
- միջնաժամկետ անհատական նախագծեր
- անհատական կամ խմբային կարճաժամկետ նախագծեր։
Երկարաժամկետ են այն նախագծերը, որոնք ձգվում են մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի, երբեմն՝ տարիներ: Օրինակ` «Առականի», «Շողակն», «Գրապտույտ», «Վիքիմեդիա», «Ֆիլմադարան», «Կանթեղ» նախագծերը գոյություն ունեն մեկից երեք տարի: Այս դեպքում թե՛ նախագծի ղեկավարից, և թե՛ մասնակիցներից լրացուցիչ ջանքեր, մտածված ելք-քայլեր են պահանջվում` սկսած գործը կիսատ չթողնելու համար: Քանի որ երկարաժամկետ նախագծերի բարդության և խնդիրների մասին արդեն խոսվել է, այդ պատճառով չեմ անդրադառնա դրանց: Միայն կասեմ, որ հենց երկարաժամկետ նախագծերն են, որ տևականության արդյունքում փոխանցում են ապահովում` կրթահամալիրին որակ բերելով և ինչ-որ բան թողնելով:
Միջնաժամկետ անհատական նախագծերը մեկ կիսամյակի ընթացքում իրականացվող նախագծերն են: Ինչ խոսք, սա օգտակար է սովորողի համար: Այն ինքնակրթության նախաշավիղ է՝ սեփական նախասիրությունների և հետաքրքրությունների բացահայտմանը նպաստող լավ միջոց: Սակայն, ի տարբերություն երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերի, անհատական նախագծային աշխատանքը հիմնականում չի ենթադրում փոխանցում և շարունակականություն:
Կարճաժամկետ նախագծերը կարող են լինել մեկօրյա, մեկշաբաթյա, մեկամսյա և այլն: Կարճաժամկետ նախագծերով, ի տարբերություն երկարաժամկետ նախագծերի, ավելի հեշտ է աշխատել. սովորողները չեն հասցնում ձանձրանալ, շարունակականությունը պահելու խնդիր դրված չէ: Միով բանիվ` կարճաժամկետ նախագծերը, որպես ուսուցման միջոց, շատ ավելի հարմար են և արդյունավետ:
Մի բան էլ կա, որի մասին ուզում եմ բարձրաձայնել: Ասելիքս վերաբերում է մեր նախագծերի ոչ միայն և ոչ այնքան որակին ու բովանդակությանը, որքան կատարած գործունեության արդյունավետությանը: Թե չէ կարելի է խոսել ու հայտարարել լիքը նախագծերի մասին, բայց իրականում ամիսներ շարունակ աշխատանքային մեդիատարածքներում որևէ թողարկում չանել կամ լավագույն դեպքում դա անել ամիսը կամ երկու շաբաթը մեկ: Եթե նախագիծ, ուրեմն՝ արդյունք: Եթե արդյունք, ուրեմն անպայման տեսանելի և շոշափելի:
Իսկ իմ աշխատանքում տեղ գտած թերությունների ու խնդիրների մասին ես, որպես կանոն, խոսում եմ բաց ու հրապարակային: Հենց նման քննական հայացքի արդյունքում նկատված թերացումների պատճառով այս կիսամյակ կամ դադարեցվեցին, կամ հնարավորության դեպքում միավորվեցին նախագծեր՝ որպես իմ ու սովորողների համատեղ աշխատանքում տեղ գտած թերությունները խմբագրել-սրբագրելու փորձ: Իսկ եթե քննադատություն, ապա առողջ ու հիմնավորված` ուղիղ և կոնկրետ օրինակներով:
Սպասենք, տեսնենք՝ մեր նոր նախագծերն ինչ զարգացում կապահովեն, ուր կտանեն…
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան