Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտական կրթական ծրագրի նոր կազմակերպում
1-ին մաս
Նախաբանը հենց այնպես չգրվեց
Երկար փորփրեցի համացանցը, ԲՈՒՀ-երի կայքերը, այդպես էլ չկարողացա գոնե մոտավոր տեղեկություն իմանալ ուսուցչի, դաստիարակի որակավորում ստացող շրջանավարտ ուսանողների մասին: Միայն մանկավարժական համալսարանի կայքում գտա 2016-2017 ուստարում առաջին կուրս ընդունվածների թիվը 1180` չհաշված մարզային մասնաճյուղերը: Կարելի է ենթադրել, որ մոտավորապես այդքանն էլ ավարտում է: Կայքում ուսանողը չկար` իր մասնագիտական–փորձառական զարգացմամբ, կրթական խնդիրներով:
Ինչևէ: Դա գուցե այնքան կարևոր չլիներ, եթե համոզված լինեինք, որ նորավարտ մասնագետները պատշաճ կրթություն են ստացել, որ ապահովված են մասնագիտական աշխատատեղով: Չկա նման տեղեկատվություն: Բայց մենք գիտենք, չէ՞, որ քչերն են ճարում այդ աշխատանքը: Կրթությունն էլ իրական խումբ-դասարանից կտրված է և առանձնապես գործնական-փորձառական չէ: Ուսանողը ժամեր շարունակ դասախոսություն է լսում կրթության զարգացման, կրթական տեխնոլոգիաների, առաջադեմ մեթոդների մասին` առանց դրանց իրագործումը տեսնելու, առանց դրանց իրականացմանը մասնակցելու: Հետո, երբ հայտնվում է դպրոցում կամ նախակրթարանում, անում է այն, ինչ կարողանում է, ինչ հիշում է իր դպրոցական կյանքից, ինչ անում են իր նոր գործընկերները: Եվ մենք վերարտադրում ենք մեզ: Անկախ ամեն ինչից` ժամանակներն ու տեխնոլոգիաները փոխվում են, բայց իրե´նք պատրաստ չեն լինում այդ փոփոխություններին:
Պատճառաբանե՞մ…
Կրթահամալիրի քոլեջի ուսանողների բախտն իհարկե, բերել է, չես համեմատի այլոց հետ, բայց…
Նախորդ տարիներին ուսումնական 36-40 շաբաթներից ուսանողը խմբում կամ դասարանում լինում էր 17 շաբաթ, որից ընդամենը 4 շաբաթն էր լիարժեք, տեսական ուսուցումից կտրված: Ի՞նչ ասել է մանկավարժության տեսական ուսուցում` գործուն միջավայրից դուրս, դրանից անկախ:
Կրթահամալիրի կրթական տարածքները հարուստ են, բազմազան, հետաքրքիր, փորձառու դասվար-դաստիարակներ, կրթական ծրագրեր… էլ ի՛նչ է պետք կրթությունը բազմակողմանի, փորձառական դարձնելու հանար: Մեկ է, մենք էլ մեր ունեցածն էինք թերի օգտագործում: Եվ արդյունքում, շրջանավարտի մասնագիտական հմտություններն ու կարողությունները թերի էին մնում: Դիպլոմային աշխատանքը չէր կապվում ամբողջական կրթության իրականացման հետ: Ուսանողը մշակում էր մի թեմա. լավ է, դրանք ավելի գործնական էին, իրականացվում էին խումբ-դասարաններում: Բայց, ինչքան էլ ուզես, նման աշխատանքը լիարժեք չի լինի, ո՛նց ես ամբողջից անջատում մասը և ուզում ամբողջական պատկերացում ներկայացնել:
Ծրագիրը
Ծրագրին մասնակցում է Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժնի 15 ուսանող`
- 8-ը` առկա ուսուցման խմբից
- 4-ը` հեռավար ուսուցման խմբից
- 3-ը` մեկամյա կրթության:
Ավարտող ուսանողներին նախորդ ուստարում էլ դասավանդել եմ… ու չի ստացվել այն, ինչ ուզել եմ` ազատ, անկաշկանդ, նախաձեռնող անհատ ու թիմ, ինքնուրույն, ինքնակազմակերպվող, նպատակային, գրագետ աշխատող` սովորող-ոգևորվող, սովորածը զարգացնող, նոր ու անսովոր, ստեղծական լուծումների ունակ, խաղացող-խաղացնող ու ճաշակով:
Կատարյա՞լ կլիներ: Է, հա´, բա մարդը կատարելության չի՞ ձգտում: Ո՛ւր հասավ` հասավ. ամեն մեկն իր չափով: Փորձով են փորձ ձեռք բերում։
Ներառում
Իսկ չորս շաբաթում բոլորովին այլ միջավայրից եկած, կրթահամալիրի լսարան-դասարաններում դասացուցակով սովորած ուսանողն ի´նչ փորձ պիտի ձեռք բերեր: Չեմ թերագնահատում, մանավանդ, որ հաճախ են մասնակցել կրթահալիրյան անց ու դարձին, բայց` ո՛չ համակարգված, ո՛չ կենտրոնում, ո՛չ որպես հեղինակ-նախաձեռնող-համակարգող, ոչ դասվար-դաստիարակի գործընկեր:
Եվ այսպես…
Ուսանողները մասնակցեցին ծրագրի մշակմանը, առաջարկություններ արեցին: Նրանք լավ էլ գիտեին, իրենց ինչ է պետք:
Նոր կազմակերպմամբ նրանք խմբում լինում են ամեն օր` որպես
ուսանող-դաստիարակ: Անվանումը պատահական չէ` ուսանող-դաստիարակ: Դիտող չէ, հետևող չէ, թելադրվող-կատարող չէ, դաստիարակ է, որ ակտիվ աշխատում է ավագ գործընկերոջ կողքին, նրա աջակցությամբ:
Մեկ-երկու շաբաթ սայլը տեղից չէր շարժվում: Ապրեն մեր դաստիարակները, սիրով, փորձով ներառեցին, այո´, ներառեցին ուսանողներին: Գայանե Կարապետյանի նման լռակյացը դարձավ լավ հեքիաթասաց: Տաթև Ժամհարյանը աննկատ դարձավ խմբի անդամ և հրճվանքով, իր ֆիրմային քրքիջով սկսեց պատմել սաների «տարօրինակությունների» մասին, Միհրանյան Շուշոն ու Օլյան համարյա ընկերացան… Գեղարվեստում թիմ ստեղծվեց կամ առաջացավ. երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը Շուշոյին խաղացրեց… Պատումների շարք առաջացավ` «Ներկայացնում է ուսանող–դաստիարակը»:
Անհատական կրթության մի տարբերակ, որի արդյունքում զարգանում են սովորողի անհատական որակները, հաղթահարվում են բարդույթները: Ամանորյա ծեսին նախապատրաստվելիս աղջիկներից մեկը կուրսի մասին ասաց` մենք հիմա կուրսով թիմ ենք: Մյուսն ավելացրեց` կուրսով չէ, բոլոր դաստիարակներով, նկատի ուներ նաև իրենց ավագ գործընկերներին:
Սա կարևոր է` ներառվող, թիմով աշխատելու ունակ դաստիարակ:
Այս ճանապարհին ուսանողները դարձան ավելի ազատ-անբռնազբոս, (այսպիսի թերապիա), ավելի պատասխանատու-պարտաճանաչ: Ինչպես են այս խնդիրները լուծում այլք, և կարևորո՞ւմ են դրանք մանկավարժական կրթություն իրականացնողները: Հո դեկլարացիա-լոզունգներով, տնական խրատներով կամ պարտադրանքով չէ…
Աշխատանքի կազմակերպման հմտություն։ Աշխատանք նախագծով
Որքան ուզում ես` ասա, որ ուրիշի արածը կրկնելը, ուրիշի թևի տակ ապրելը լավ բան չէ, մեկ է, մարդը հեշտին է վազում: Հավաքվում էինք, քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, նայում էինք ամսվա օրացույցը… էս աղջիկներն էլի նախագիծ չէին կազմում. լավագույն դեպքում գործընկեր-դաստիարակի նախագիծն էին տեղադրում բլոգներում: Որքան ակտիվանում էր նրանց գործունեությունը, ավելի ինքնավստահ էին դառնում, հաճախ էինք անդրադառնում անելիքին, օրվա կազմակերպմանը, այնքան նախագիծ ասվածի անհրաժեշտությունն ակնհայտ էր դառնում: Հիմա ուսանողների գործունեության ծավալը մեծացել է, գործունեության տեսակները շատացել: Օրը ճիշտ կազմակերպելու, ժամանակը դասավորելու, անելիքը հստակեցնելու համար նախագիծն անհրաժեշտություն է դարձել: Չեմ ասի` բոլորն են նախագիծ տեղադրում բլոգում. 2-3 հոգի դեռ գլուխ է պահում: Հավատացած եմ, որ այդ կուլտուրան, բոլորի գործիքը կդառնա շուտով: Տեսեք Աղավնու, Նազենիի, Տաթևի, Աստղիկի օրինակը։
Սեպտեմբերից հունվար ուսանողներն անմիջականորեն մասնակցեցին նախակրթարաններում, կրթահամալիրում իրականացվող ստուգատեսներին, տոներին, ծեսերին (Թթուդրիկ, Դեկտեմբերիկ)։
Առաջին ինքնուրույն նախագիծը, սկսեցին «Աղվես» երգով: Պարզապես սովորում էին Տաթև Ստեփանյանի հետ: Երրորդ օրն այնպես ստացվեց, որ միացան նաև Նոր դպրոցի 5-րդ դասարանցիները: Դե, խաղի տուտը բացվեց, ինչպես ժողովուրդն է ասում:
Գեղարվեստ, տեխնոլոգիա. Աղվեսը` փազլ։ Աղվեսը եղավ նախակրթարանի բոլոր խմբերում, անգամ 5 տարեկանների տոնին… Առաջին ինքնուրույն փորձը, առաջին ոգևորությունը: Նախաձեռնեցին, մշակեցին և իրականացրին «Աղվեսագիրք», «Ճնճուղ», «Ամանորյա խաղեր», «Հունվարիկ» «Ձմեռային պարտեզ»:
Ձայնագրման է պատրաստ «Ճնճղկներ» երգ-խաղը, որն առաջին անգամ է երգվում կրթահամալիրում:
Կամաց-կամաց նախագծերն ավելի հետաքրքիր, ամբողջական են դառնում, ավելի համարձակ: Ավելի մասնագիտական: Փորձի քսակը քիչ-քիչ լցվում է ինքնավստահությամբ, ներքին արգելքի հաղթահարումով:
Հավելված
- Ծրագրի ներկայացումը 2017թ. հունվարյան գիտագործնական հավաքի կլոր սեղանին։
- Կլոր սեղանից ուղիղ եթերը` Նվարդ Սարգսյանի։
Խմբագիր՝ Աիդա Պետրոսյան