Բլոգային ուսուցումը (բլոգավարությունը) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն տարիների իրողություն է: Այն անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար:
2016-2017 ուստարվա մեկնարկին, որպես նախորդ տարիների փորձի ամփոփում, հրապարակվեցին ուսուցչի ու սովորողի բլոգին ներկայացվող ճշգրտված պահանջները: Եվ այսպես, նոր ուսումնական տարի, նոր առաջին դասարան ու նոր բլոգ: Բլոգը, որը ներկայացնելու եմ, թվով երրորդն է՝ սկսած 2010 թվականից:
Առաջին դասարանում դասավանդող ուսուցչի բլոգն ուղղված է ծնողին, սովորողին, մանկավարժական աշխատողներին ու այն մարդկանց, ում հետաքրքիր է վեց տարեկանի ուսումնական առօրյան:
Բլոգ տանող-բերող հիմնական (հայտնի) ճանապարհներն են՝
- էլեկտրոնային փոստը
- ֆեյսբուքյան դասարանական էջը
- կայքը, ենթակայքը
- այլ հարթակներ։
Օգոստոս-սեպտեմբերին նոր բլոգի ստեղծմանը զուգահեռ` սովորողների համար բացվեցին էլեկտրոնային հասցեներ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց դասարանական էջ, որոնք ապահովում էին ամենօրյա ակտիվ կապ սովորողների ծնողների հետ: Բոլոր հարցերի պատասխանները, անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել ուսուցչի բլոգում, որը ներկայացնում է դասարանի գրեթե ամբողջական գործունեությունը:
Բլոգն արտացոլում է ուսուցչի գործունեության գրեթե ամբողջական պատկերը, տեսանելի դարձնում մասնագիտական աճն ու զարգացումը: Ուսուցչի բլոգ՝ նույնն է, թե ուսուցիչ վիրտուալ աշխարհում: Եվ, որքան հրապարակային (հասանելի) ու մատչելի (յուրացված) է ուսուցչի մասնագիտական գործունեությունը, նույնքան պաշտպանված է այն:
Բլոգում ստեղծվեցին անհրաժեշտ բաժիններ իրենց ենթաբաժիններով, հավաքվեցին ու հրապարակվեցին վեց տարեկանին անհրաժեշտ ուսումնական նյութերի, առաջադրանքների փաթեթները, ուսումնական նախագծերը, տեսանելի ներկայացվեցին ուսուցչի մասնագիտական գործունեության ժամանակագրությունն ու բովանդակությունը: Այն ամենօրյա խմբագրմամբ, լրացումներով, հրապարակումներով հանրությանը, շահառուներին է փոխանցում ամեն օր ստեղծվող ու իրականացվող հեղինակային մանկավարժությունը:
Բլոգում հրապարակվեց դասարանական ուսումնական օրացույցը, որտեղ ներառված էին յուրաքանչյուր ամսվա (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար) ընթացքում իրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական ճամփորդությունները, սովորողների ծննդյան տոները: Յուրաքանչյուր ամիսն ամփոփվում է, հավաքվում են անհրաժեշտ հղումները:
Դասարանական ուսումնական օրացույցի հիման վրա հրապարակվում են ուսումնական նախագծերն ու արդյունքները: Յուրաքանչյուր շաբաթվա համար հրապարակվում են շաբաթական աշխատանքային նախագծեր՝ օրվա անելիքով: Ուսումնական օրը համառոտ ամփոփվում է:
Այս ամենից զատ, իմ բլոգում կառանձնացնեի ուսուցչի օրագիրը, որտեղ հրապարակված են օրվա մանրամասնություններ, վերլուծություններ, մեթոդական անդրադարձներ, նախագծային ընթացիկ ու ամփոփող պատումներ, սովորողներից մեջբերումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ձայնագրություններ: Օրվա պատումներից կառանձնացնեի մի քանիսը, որոնք հավանում եմ՝
- Ամեն մեկը մի արև ու օրը՝ արևի լույսով լեցուն…
- Օրը՝ որպես ճամփա անցանք մեծի-փոքրի խինդով…
- Ծուղրուղո՜ւ, օրը բացվեց լույսով, գույնով…
- Կա գույնն ու ծիծաղը, որ ցրվի տխրությունը…
- Անհաղթ, ծիծաղելի ու բարի, ինչպես հեքիաթում…
- Վաչեի ծննդյան տոնը…
Ծնողները սպասում են այս պատումներին, և իրենց գոհունակությունը հայտնում են սոցիալական ցանցերում կամ բանավոր զրույցների ընթացքում:
Բլոգում ներկայացված են բոլոր սովորողներն իրենց ընտանեկան նախագծերով: Հեռավար ուսուցումը «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» նախագծերի տեսքով սովորողին, ընտանիքին դարձնում է ուսումնական գործունեության ակտիվ մասնակից:
Զարգացման հեռանկարում սովորողների անհատական բլոգների ստեղծումն է:
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան