Այսօր գրքի աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Նորագույն տեխնոլոգիաներն ու մեդիան թափանցել են նաև այս ոլորտը ու շատ առումներով հեշտացրել գիքի տպագրությունը: Մյուս կողմից էլ գործընթացների կատարելագործման հետ մեկտեղ ակնհայտորեն կրճատվել են գրքի հրատարակման տպաքանակները: Սա, անշուշտ, իր բացատրությունն ունի.
- երկիր մոլորակի վրա թուղթ ստանալու պաշարներն անսահմանափակ չեն, ուրիշ ո՞վ, եթե ոչ հե՛նց մարդը, պետք է մտածի այդ պաշարները խնայողաբար օգտագործելու մասին
- գիրքը թանկ արժե, ուստի այն ձեռք բերելը միշտ չէ, որ հասանելի է ընթերցասեր մարդու գրպանին: Ուրեմն ինչո՞ւ շատ տպագրել, եթե չկա անհրաժեշտ սպառողը:
Սակայն կրթության ոլորտն ու մասնավորապես՝ ինքնակրթությունը առանց գրքի պատկերացնելն ուղղակի անհնար է: Երևույթներն այսկերպ վերլուծելով՝ հասկանալի է դառնում, թե մեդիադաշտն ինչու է օրեցօր համալրվում նորանոր էլեկտրոնային գրադարաններով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիագրադարանը այսօր մեր մեդիադաշտում եղած գրադարաններից մեկն է, որի ռեսուրսները համալրելու գործին մասնակից են թե՛ սովորողները և թե՛ դասավանդողները: Մեդիագրադարանը կրթահամալիրի հեղինակային կրթության ծրագրում կարևոր բաղկացուցիչ է: Դասավանդողն ու սովորողը ոչ միայն մեդիագրադարանի ստեղծողներն են իրենց աշխատանքով, այլև իրացնողն ու ամենօրյա օգտագործողը:
Ինձ բախտ է վիճակվել ավելի մոտիկից մասնակից դառնալու այս գործընթացին, և արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված եմ Բակունցի ստեղծագործությունների սրբագրման աշխատանքներով: Հասցրել եմ հրատարակության հանձնել մեծ գրողի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը», ժողովածուները, այլ պատմվածքներ, ինչպես նաև «Կյորես», «Որդի որոտման», «Հովնաթան Մարչ» վիպակները, «Կարմրաքար» վեպն ու մեծ գրողի` Վ. Այգեկցու առակների հիման վրա կազմած «Աղվեսագիրքը»:
Աշխատանքների իրականացման ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ հրապարակում եղած մեդիագրադարանների նյութերը, որոնցից օգտվում էի, մեղմ ասած, անթերի չեն. հաճախ են հանդիպում վրիպակներ, պարբերությունների բացթողումներ, իրար կպած՝ առանց բացակի արտահայտություններ: Բակունցի ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները ընտրվել են Արևակ-ի էլեկտրոնային գրադարանից: «Հովնաթան Մարչ» և «Որդի որոտման» ստեղծագործությունները համեմատվել են Ա. Բակունցի ակադեմիական քառահատոր հրատարակության չորրորդ հատորի հետ, իսկ մյուս բոլոր ստեղծագործությունները` Ա. Բակունցի` վերջերս հրատարակված «Ընտրանի» ժողովածուի հետ (Երևան, «Հայագիտակ» — «Նաիրի», 2009թ.):
Իմ կատարած սրբագրական աշխատանքից մի քանի դիտարկումներ եմ ուզում անել: Ահա դրանք.
- իր ստեղծագործություններում Բակունցը նախընտրում է գործածել մանիշակ, մանիշակագույն, (նաև Մանիշակ հատուկ անունը), ծղնոտներ, ոտնաշոր, ճղներ, լեղակ, ճումեր և այլ բարբառային ձևեր, որոնք էլեկտրոնային տարբերակներում հանդիպում են, չգիտես ինչու, գրական ձևերով: Հարկ եմ համարել ուղղել դրանք էլեկտրոնային տարբերակում` հարազատ մնալով բակունցյան ոճին ու բարբառին:
- Երբեմն հանդիպում են վրիպակներ, որոնք առնչվում են Զանգեզուրի տարածաշրջանի հատուկ անուններին: Այս կարգի սխալները շտկելիս ինձ շատ օգնում է ոչ միայն Գորիսի բարբառի, այլև այդ տարածքի տեղանունների իմ իմացությունը: Ահա այդ վրիպակներից երկուսը` Լուս Խաչեր («Կարմրաքար» վեպում, այս մատուռ-սրբավայրը գտնվում է Քարահունջ գյուղի մոտ` մոտակա ձորում) և Նովավոր աղբյուր («Եղբայրության ընկուզենիները» պատմվածքում, նով գուռ է նշանակում): Համացանցում հանդիպում են «Լուս Աչեր» և «Նավավոր աղբյուր» սխալ ձևերը:
Էլեկտրոնային տարբերակներում կան վրիպակներ, որոնց սխալ գրությունը սովետական շրջանի տպագիր գրքից օգտվելու արդյունքն է: Մեդիագրադարանի մեր տարբերակը ստեղծելիս շտկվել են նաև այդ սխալներն ու վրիպակները: Այսպես` Աստված բառը այսուհետ գրվում է մեծատառով, կողք կողքի, մեջք մեջքի և նմանատիպ բառերը` առանց գծիկի` առաջնորդվելով այսօրվա ուղղագրական կանոններով:
Համացանցում հանդիպում են սխալներ, որոնք գուցե թե չիմացության արդյունք են: Այսպես` «Բրուտի տղան» պատմվածքում «դորակ»-ների փոխարեն տպված են դարակներ, այնինչ դորակը ջրի փոքրիկ անոթն է, կուլան: Կամ «օղտն ոչ անցնի ասղի ծակովն» արտահայտության մեջ օղտը (ուղտ) գրված է օխտը, որն արդեն ուրիշ բացատրություն ունի (յոթ, կամ ուխտ):
Ինչպես ասացի, մեդիագրադարանի աշխատանքներին մասնակցում են նաև սովորողներ։ Եթե նրանք չիմանան, որ կարող են վրիպակներ առաջանալ նաև բառը չհասկանալուց կամ սխալ հասկանալուց, ինչպե՞ս պիտի սրբագրեն։ Չպիտի՞ կարծեն, թե գրվածը ճիշտ է։ Ինչո՞ւ պիտի կասկածեն։ Արդյո՞ք միայն Բակունցն ունի յուրահատուկ բառեր, որոնք կարող են չհասկացվել և փոխարինվել «հասկացած» բառով։ Կարծում եմ՝ խնդրի լուծումը սովորողներին հանձնարարություն տալուց առաջ տվյալ հեղինակի ոճի ու բառապաշարի մասին ամփոփ տեղեկություն տալն է, նաև հնարավոր վրիպակների տեսականուն ծանոթացնելը։ Ընդ որում, սրբագրումը այս պայմանով է, որ կարող է ուսումնական աշխատանք դառնալ։
Այս աշխատանքի մեջ թերևս ամենադժվարը կետադրության տարբերությունները հաղթահարելն էր: Այսպես` հայտնի է, որ Բակունցը բացահայտիչ-բացահայտյալը սիրել է տրոհել ստորակետերով: Այսօր փոխել դա, նշանակում է փոխել գրողի հեղինակային կետադրությունը: Աշխատանքի ընթացքում նմանատիպ խնդիրների էլի եմ բախվել: Ամեն դեպքում հարկ եմ համարել հարազատ մնալ մեծ գրողի ոճին ու տառին:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան